Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին իրավական տեղեկատվական աջակցության ծրագիր

Իրավական Տեղեկատվական Կենտրոնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին իրավական տեղեկատվական աջակցության Ծրագիր։


Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին իրավական տեղեկատվական աջակցության ծրագրի նպատակը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ապագա մասնագետներին որակյալ և հավաստի իրավական տեղեկատվության տրամադրումն է, ինչպես նաև նրանց մոտ իրավական տեղեկատվության հետ աշխատելու հմտությունների ուսուցանումը և պրակտիկայում այդ հմտությունների ամրապնդումը և կիրառումը։


Ծրագրի շրջանակներում իրավական տեղեկատվական աջակցության տրամադրման կարգը

Ծրագրի իրականացման շրջանակներում Իրավական Տեղեկատվական Կենտրոնը

1. Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին անվճար տրամադրում է ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական որոնողական համակարգի ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարբերակի օգտագործման իրավունքը՝ ներդնելով համակարգն ուսումնական հաստատությունների գրադարանի համակարգիչներում.

2. ՈՒսումնական հաստատության կողմից ուսումնական ծրագրում «Իրավական ինֆորմատիկա, ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ» դասընթացը ներառելու դեպքում՝

2.1. ուսումնական հաստատությանը տրամադրում է ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական որոնողական համակարգի ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարբերակի օգտագործման իրավունքը՝ ներդնելով համակարգը դասընթացի անցկացման լսարանում գտնվող համակարգչում և դասընթացը վարող դասախոսի համակարգչում.
2.2. տրամադրում է ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական որոնողական համակարգի ուղեցույց և դասընթացի անցկացման հետ կապված այլ գրականություն.
2.3. կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ ուսումնական հաստատություններում «Իրավական ինֆորմատիկա, ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ» դասընթացը վարողների համար։

Ծրագրին մասնակցելու կարգը և պայմանները

1. Ծրագրի մասնակից կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

2. Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է Իրավական Տեղեկատվական Կենտրոն ներկայացնել կամ [email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկել հայտ։ Հայտի ձևը տրված է այստեղ։

3. Ծրագրի շրջանակներում իրավական տեղեկատվական աջակցության տրամադրման հայտը քննարկվում է Իրավական Տեղեկատվական Կենտրոնի կողմից հայտն ստանալու պահից եռօրյա ժամկետում, որից հետո հայտատու ուսումնական հաստատության և Իրավական Տեղեկատվական Կենտրոնի միջև կնքվում է տեղեկատվական աջակցության մասին պայմանագիր։