17/11/2008 - 29/02/2016
320.0054.030507
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 05 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2007 թվականի N 54-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 1 կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները» համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 10-ի
թիվ 54-Ն հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները (այսուհետ` կանոններ) սահմանում են Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և/կամ Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից շահագործվող առևտրային ինքնաթիռների և ուղղաթիռների (այսուհետ` օդանավ), ընդհանուր նշանակության ավիացիայի ինքնաթիռների շահագործման պահանջները և չափանիշները:
2. Հայաստանի Հանրապետությունում առևտրային ավիափոխադրումներ իրականացնող օդանավերի շահագործման կանոններն են`
1) Օդանավ շահագործողի կողմից թռիչքի նախապատրաստման ժամանակահատվածում ստացված տվյալների հիման վրա հավաստիացումը, որ թռիչքը իրականացվում է` համաձայն օդանավի շահագործողական պահանջների.
2) Օդանավի թռիչքային և սպասարկող անձնակազմի օգտագործման համար օդանավ շահագործողի թռիչքների կատարման կանոնակարգը.
3) Օդանավ շահագործողը թռիչքների կատարման կանոնակարգը ներկայացնում է շահագործողի պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի հաստատմանը.
4) Օդանավի թռիչքը չի սկսվում, եթե լրացված չեն նախաթռիչքային պատրաստվածության փաստաթղթերը և եթե օդանավի հրամանատարը բավարարված չէ օդանավի նախաթռիչքային ստուգման արդյունքներով.
5) Օդանավ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավ նախագծողի կողմից օդանավի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը շահագործման ընթացքում.
6) Օդանավ շահագործողը ապահովում է օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար անհրաժեշտ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթերի առկայությունը օդանավում: Անհրաժեշտության դեպքում կախված շահագործվող օդանավի տեսակից և շահագործման պայմաններից օդանավում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Օդանավում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից.
7) Օդանավը շահագործվում է թռիչքային պիտանիության սերտիֆիկատի դրույթներին համապատասխան և տվյալ օդանավի թռիչքային կանոնակարգում հաստատված շահագործական սահմանափակումներին համապատասխան.
8) Օդանավը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են`
ա. երկկողմանի կապ` աերոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով.
բ. թռիչքի ընթացքում ցանկացած ժամանակ օդերևութաբանական տեղեկատվության ընդունում.
գ. երկկողմանի կապ` թռիչքի ընթացքում ցանկացած ժամանակ առնվազն մեկ ավիացիոն կայանի հետ և այնպիսի ուրիշ ավիացիոն կայանների հետ և այնպիսի հաճախականություններում, որոնք կարող են կարգադրված լինել համապատասխան լիազոր մարմնի կողմից.
9) Օդանավը հագեցվում է այնպիսի նավագնացական սարքավորումներով, որոնք ապահովում են թռիչքի կատարումը` թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսողական թռիչքների կանոններով թռիչքի և նավագնացական սարքերի թռիչքի ընթացքում նավագնացությունն իրականացվում է վերգետնյա կողմնորոշիչների հետ տեսողական կոնտակտի օգնությամբ.
10) Օդանավերի տեխնիկական սպասարկումը իրականացվում է օդանավի գրանցման պետության քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան:
Օդանավ շահագործողի օդանավի տեխնիկական սպասարկումը և շահագործումը ապահովող անձնակազմը որպես հրահանգչական փաստաթուղթ օգտագործում է օդանավ շահագործողի կողմից մշակված և օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի հետ համաձայնեցված օդանավի տեխնիկական սպասարկման կարգավորման կանոնակարգը: Նշված կանոնակարգերը մշակվում են` հաշվի առնելով մարդկային գործոնը.
11) Օդանավ շահագործողի կողմից օդանավը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է օդանավի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին: Թռիչքային անձնակազմի թվաքանակը թռիչքային շահագործման կանոնակարգում կամ թռիչքային պիտանիության վկայականին առնչվող այլ փաստաթղթերում նշված նվազագույն անհրաժեշտ թվաքանակի համեմատ ավելանում է այն դեպքերում, երբ դա պահանջում է օգտագործվող օդանավի տիպը, կատարվող թռիչքի տեսակը և երկու կետերի միջև թռիչքի տևողությունը, որտեղ տեղի է ունենում թռիչքային անձնակազմի հերթափոխ.
12) կախված օդանավի տիպից թռիչքների ապահովման աշխատակիցը (կարգավար), (ըստ օդանավ շահագործողի հայեցողության) հետևում և վերահսկում է թռիչքների իրականացումը օդանավ շահագործողի քաղաքացիական ավիացիայի ադմինիստրացիայի կողմից հաստատված թռիչքների կատարման ուղեցույցին համապատասխան.
13) Օդանավ շահագործողը ապահովում է հետևյալ փաստաթղթերի առկայությունը`
ա. թռիչքների կատարման կանոնակարգ,
բ. օդանավի տեխնիկական սպասարկման կարգավորման շահագործողի կանոնակարգ,
գ. օդանավի տեխնիկական սպասարկման ծրագիր,
դ. օդանավային մատյան,
ե. օդանավային վթարափրկարարական սարքավորումների հաշվառման մատյան,
զ. օդանավային ինքնագրիչների մատյան.
14) Օդանավը ապահովվում է սպասարկող անձնակազմի անդամներով, որոնց օդանավում գտնվելու թվաքանակը յուրաքանչյուր տիպի օդանավի համար սահմանվում է օդանավ շահագործողի պետության կողմից` ելնելով ուղևորատարողականությունից կամ փոխադրվող ուղևորների թվից, ինչպես նաև վթարային իրավիճակում ուղևորների անվտանգ և արագ տարհանման նպատակից.
15) Օդանավ շահագործողի կողմից մշակվում է ավիացիոն անվտանգության ծրագիր, որն իր մեջ ներառում է օդանավի զննման ընթացակարգերի վերահսկողական ցանկը, անօրինական միջամտության գործողությունների վերաբերյալ հաղորդումները և ուսուցման ծրագրերը:
3. Ընդհանուր նշանակության ավիացիայի ինքնաթիռների (այսուհետ` ինքնաթիռ) շահագործման կանոններն են`
1) Ինքնաթիռ շահագործողը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաստատմանն է ներկայացնում ինքնաթիռների թռիչքների կատարման կանոնակարգը.
2) Ինքնաթիռ շահագործողը կիրառում և պահպանում է օդանավ նախագծողի կողմից ինքնաթիռի շահագործողական թռիչքատեխնիկական սահմանափակումների բնութագրերը ինքնաթիռի շահագործման ընթացքում.
3) Ինքնաթիռ շահագործողը ապահովում է ինքնաթիռը այնպիսի սարքերով և սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են ինքնաթիռի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի տրման համար, անհրաժեշտության դեպքում կախված շահագործվող ինքնաթիռի տեսակից և շահագործման պայմաններից ինքնաթիռում տեղակայվում կամ գտնվում են լրացուցիչ սարքեր, սարքավորումներ և թռիչքային փաստաթղթեր: Ինքնաթիռում տեղադրվող լրացուցիչ սարքերի ու սարքավորումների ցանկը, ներառյալ դրանց տեղակայման աշխատանքների կատարման գործընթացը, հաստատվում է գրանցման պետության կողմից.
4) Ինքնաթիռը հագեցվում է այնպիսի կապի միջոցներով, որոնք ապահովում են երկկողմանի կապ` աերոդրոմի կարգավարական սպասարկման նպատակով.
5) Ինքնաթիռը հագեցվում է այնպիսի նավագնացական սարքավորումներով, որոնք ապահովում են`
թռիչքի կատարումը` թռիչքի աշխատանքային պլանին և օդային երթևեկության սպասարկման պահանջներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ (եթե դա չի արգելվում համապատասխան լիազոր մարմնի կողմից) տեսողական թռիչքների կանոններով թռիչքի և նավագնացական սարքերի թռիչքի ընթացքում նավագնացությունն իրականացվում է վերգետնյա կողմնորոշիչների հետ տեսողական կոնտակտի օգնությամբ առնվազն ամեն 110 կիլոմետրի վրա.
6) Ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը իրականացվում է ինքնաթիռի գրանցման պետության կողմից հաստատված տեխնիկական սպասարկման ծրագրին համապատասխան.
7) Ինքնաթիռ շահագործողի կողմից ինքնաթիռը ապահովվում է այնպիսի թռիչքային անձնակազմով, որն ըստ թվաքանակի ու կազմի բավարարում է ինքնաթիռի թռիչքների կատարման կանոնակարգի պահանջներին կամ այլ փաստաթղթերի պահանջներին, որոնք առնչություն ունեն թռիչքային պիտանիության վկայականի հետ:
i
4. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված և/կամ Հայաստանի Հանրապետության օդանավ և ինքնաթիռ շահագործողների կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերը և ինքնաթիռները շահագործվում են համաձայն ԻԿԱՕ-ի 6-րդ Հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, ԻԿԱՕ-Միջպետական Ավիացիոն Կոմիտեի համատեղ ԱՊ-ԷԿՍ 1 և 3, Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ - ՕՊՍ 1 (JAR - OPS 1), ՋԱՌ - ՕՊՍ 3 (JAR - OPS 3) փաստաթղթերի և դրանց հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ծրագրերով:
(4-րդ կետը փոփ. 28.10.08 թիվ 152-Ն հրաման)