01.01.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 7-ին
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.
«10) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
11) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
12) «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քարոզչության ֆինանսավորման հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողության իրականացումը:»:
i
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-34-րդ կետերով.
«30) ստուգում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.
31) ստուգում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված` քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.
32) ստուգում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված` քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանումը, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը.
33) քննում և լուծում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.
34) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
i
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.3-րդ հոդվածով.
«Հոդված 40.3. |
Նախընտրական հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը |
1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով ստուգում է թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին:
2. Նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն Հանձնաժողովում կարող է նշանակել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նշանակված աուդիտորները վարձատրվում են երկու ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի եռապատիկի չափով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 5-րդ օրը:
3. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչև 5 մասնագետ:
4. Հանձնաժողովը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման նպատակով իրականացնում է նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի համադրում, դրանց օրինականության, հայտարարագրում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Այդ նպատակով Հանձնաժողովն իրավասու է`
1) ստանալու համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ` թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում` էլեկտրոնային հարցման եղանակով) թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների` իրենց նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ.
3) ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու և ստանալու համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների և իրականացված վճարումների վերաբերյալ, այդ թվում` անհատույց ձեռք բերված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ:
5. Հայտարարագրերի ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող թեկնածուի կամ կուսակցության հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաև բանկային պահատուփերի առկայության վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով թեկնածուի կամ կուսակցության տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:
6. Հանձնաժողովը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ, ստուգում և ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն: Հանձնաժողովը եզրակացությունն անհապաղ հրապարակում է իր համացանցային կայքում:
7. Եթե նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ստուգման արդյունքով արձանագրվել են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների խախտումներ, ապա Հանձնաժողովը հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
8. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:
9. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետևության, որ կատարված արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն` ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում: Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու, քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը: ↩
10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին` կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը: ↩
11. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրերի էլեկտրոնային ձևը սահմանում է Հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի և ժամկետների մասին:»:
(3-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-164-Ն օրենք)
i
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.4-րդ հոդվածով.
«Հոդված 40.4. |
Հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության նպատակով կատարված նվիրատվությունների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողությունը |
1. Հանձնաժողովն ստուգում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված` հանրաքվեի և տեղական հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ ներկայացված հայտարարագրերի համապատասխանությունը համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանված պահանջներին: Հանձնաժողովը քարոզչության հիմնադրամներ կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման նպատակով իրականացնում է նախընտրական հիմնադրամի մուտքերի և ծախսերի համադրում, դրանց օրինականության, հայտարարագրում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Այդ նպատակով Հանձնաժողովն իրավասու է քարոզչության կողմերից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից պահանջելու և ստանալու (այդ թվում` էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարագրերի ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:
2. Հայտարարագրերի ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով Կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող քարոզչության կողմերի հաշիվների առկայության, հաշվի համախառն մուտքի և համախառն ելքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
3. Հանձնաժողովը քարոզչության կողմերի ներկայացրած հայտարարագրերն ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հանրաքվեի կամ տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում և ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն: Հանձնաժողովը եզրակացությունն անհապաղ հրապարակում է իր համացանցային կայքում:
4. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին` կցելով համապատասխան փաստաթղթի պատճենը: ↩
5. Սույն հոդվածով նշված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի և Հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:
6. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրերի էլեկտրոնային ձևը սահմանում է Հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի և ժամկետների մասին:»:
(4-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-164-Ն օրենք)
Հոդված 5. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: ↩ ↩
2. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է նախընտրական հիմնադրամներ կատարած նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևանմուշը և հայտարարագիրը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը: ↩ ↩
3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված` քարոզչության կողմերի կողմից ներկայացվող հայտարարագրերի ձևանմուշը և հայտարարագրերը կազմելու ու ներկայացնելու կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույցը: ↩ ↩
4. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով նախատեսվող` 40.3-րդ և 40.4-րդ հոդվածներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը և ձևաչափը հաստատելու մասին»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի` 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 91-Ն և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հունիսի 12-ի թիվ 04-Ն համատեղ որոշման մեջ: ↩ ↩
(5-րդ հոդ. փոփ. 24.11.22 ՀՕ-446-Ն, 22.12.23 ՀՕ-415-Ն օրենքներ)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-208-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մայիսի 2021 թվական: