Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀՀ-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻ ...

 

27.09.2024 -

 

040.0777.270612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2012 թվականի N 777-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը 26.09.2024 թիվ 1505-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 26.09.2024 թիվ 1505-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 22-ի

N 777-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 26.09.2024 թիվ 1505-Ն որոշում)

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի (այսուհետ` պետական սահմանի) անցման կետերում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ` կանոններ) գործադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի (այսուհետ` արտակարգ իրավիճակ առաջացնող դեպք) ներբերման, միջազգային տարածման կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջոցառումների, ինչպես նաև հանրային առողջապահության մակարդակում` արագ արձագանքման և պատասխան միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որոնք լրացուցիչ խոչընդոտներ չեն հարուցում միջազգային առևտրի և փոխադրումների համար:

(1-ին կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

2. Պետական սահմանի անցման կետերում կանոնների գործադրման և արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի հայտնաբերման ժամանակ գործողությունները կանոնակարգում են կանոնների գործադրման և արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ` կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին սահմանված (այսուհետ` ազգային համակարգող մարմին) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և պետական սահմանի անցման կետերում պետական սահմանային հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև փոխտեղեկատվությունը և առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումների կազմակերպման գործընթացը:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Պետական սահմանի անցման կետերում «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող յուրաքանչյուր մարմին նշանակում է կանոնների հարցերով պատասխանատու` կանոնների ներդրման, այդ թվում` արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերին արագ արձագանքման նպատակով, ազգային համակարգող մարմնի և իրավասու այլ մարմինների հետ համագործակցությունն ապահովելու համար:

(3-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության պետական պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմիններն իրենց գործունեության ընթացքում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպք հայտնաբերելիս դրա մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաղորդում են այդ ոլորտի պետական լիազոր մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման N 2 հավելվածի:

(4-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

 

III. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ծրագրի նպատակն է`

1) Պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների համագործակցության բարելավման արդյունքում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման ու տարածման կանխարգելումը, հանրային առողջապահության մակարդակում արագ արձագանքման և առողջապահական միջոցառումների (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) ժամանակին և արդյունավետ կազմակերպումը և իրականացումը.

2) ազգային համակարգող մարմնի և պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև փոխգործակցության ապահովումը:

(5-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

6. Ծրագրի խնդիրներն են`

1) պետական սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների (այսուհետ` անձանց և ապրանքների) և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումների իրականացումը.

2) պետական սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորինս արդյունավետ պատրաստվածության ապահովումը.

3) պետական սահմանի անցման կետերի իրավասու մարմինների և պետական սահմանում օրենքով սահմանված կարգով հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցության ապահովումը:

 

IV. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

7. Պետական սահմանի անցման կետերում կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերն են`

1) կասկածելի վարակիչ հիվանդության դեպքերի արձանագրումը, որոնք կարող են առաջացնել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակներ.

2) կենսաբանական գործոնով աղտոտված բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտնաբերումը:

8. Պետական սահմանի անցման կետերում կենսաբանական վտանգով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով պետական սահմանի անցման կետերում գործող մարմինները կենսաբանական գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացվում են օրենքով սահմանված կարգով` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որպես Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին, իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշմամբ սահմանված լիազորությունները:

(9-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

9.1. «Պետական սահմանի մասին օրենքի» 14-րդ հոդված համաձայն` Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը`

1) ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է հետևյալ բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումները`

ա. վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող անձանց, բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների (բացառությամբ սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների), փոստային ծանրոցների, տրանսպորտային միջոցների (այդ թվում` օդանավի և երկաթուղային տրանսպորտի սրահի, խոհանոցի, աղբի և ջրի պահման տեղերի, բեռնախցիկի, ծառայողական շենքերի), մարդկային աճյունների տեղափոխման նկատմամբ` մարդու առողջության համար հավանական վտանգ ներկայացնող արտադրանքի (ապրանքների) ներմուծումը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) ներբերումը, առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով,

բ. կազմակերպում է հիվանդ անձանց զննումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող զննման սենյակում, անհրաժեշտության դեպքում` նրանց մեկուսացումը, հոսպիտալացումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հիվանդության ախտորոշման նպատակով արագ թեստավորումը,

գ. կազմակերպում է հիվանդ անձանց առաջնային բժշկական օգնությունն ու սպասարկումը` սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների միջոցով,

դ. կազմակերպում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշմամբ հաստատված` «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտի» լրացումը, կամ ազգային համակարգող մարմնի կողմից առաջարկվող այլ ձևաչափով հասցեական քարտի լրացումը,

ե. ստուգում է անձանց բժշկական զննության, պատվաստումների կամ այլ կանխարգելիչ միջոցառումների փաստերի առկայությունը, իրազեկում է պատվաստումներ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ,

զ. իր իրավասության շրջանակներում կազմակերպում է ժամանած ուղևորների կամ կասկածելի հիվանդների նկատմամբ հայտարարված կարանտինի կամ այլ առողջապահական (բժշկասանիտարական) միջոցառումների կիրառումը,

է. վերահսկողություն է իրականացնում բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների, տրանսպորտային միջոցների, դրանց կայանատեղիների, պետական սահմանի անցման կետի տարածքի ցանկացած ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման կամ ապաբաղարկման (դեկոնտամինացում) աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև ստուգում է դրանք հավաստող փաստաթղթերը,

ը. անհրաժեշտության դեպքում պետական սահմանի անցման կետերում ստուգում է ապրանքատրանսպորտային բեռնագիրը, իսկ օդային սահմանի անցման կետերում` նաև օդանավի գլխավոր հայտարարագրի առողջապահական մասը,

թ. վերահսկողություն է իրականացնում մարդկային աճյունների անվտանգ պահպանման և տեղափոխման նկատմամբ,

ժ. անհրաժեշտության դեպքում կազմակերպում է բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, փոխադրամիջոցների մեկուսացումը և իր իրավասության շրջանակներում հայտարարված կարանտինային միջոցառումների կիրառումը,

ժա. վարակի կամ աղտոտման, ինչպես նաև փոխանցողների և պահոցների (ռեզերվուարների) վերացման նպատակով առաջարկություն է ներկայացնում բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, մարդկային աճյունների, փոխադրամիջոցների մշակման վերաբերյալ,

ժբ. առաջարկություն է ներկայացնում վարակված բեռների, ուղեբեռների, կոնտեյներների, ապրանքների, փոստային ծանրոցների, փոխադրամիջոցների բռնագրավման և ոչնչացման վերաբերյալ.

2) վերահսկողություն է իրականացնում աղտոտված ջրի, մարդկային կամ կենդանական կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի և այլ ցանկացած աղտոտված նյութի հավաքման անվտանգ հեռացման նկատմամբ.

3) իրազեկում և համապատասխան խորհրդատվություն է տրամադրում մեկնողներին և ժամանողներին, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինների անձնակազմին` սպառնացող առողջապահական վտանգների մասին.

4) առաջարկություն է ներկայացնում պետական սահմանի անցման կետերում հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին` ապահովելու անձնակազմի պաշտպանությունը` անհատական պաշտպանիչ միջոցներով:

(9.1-ին կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

10. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն`

1) հսկողություն է իրականացնում մաքսային սահմանով տեղափոխվող տրանսպորտային միջոցների, բեռների և ապրանքների կենսաբանական վտանգի ռիսկեր պարունակող նյութերի նկատմամբ.

2) ապահովում է հիվանդների և կոնտակտավորների ուղեբեռի մաքսային ձևակերպումների արտահերթ իրականացում.

3) պետական սահմանի ցամաքային անցման կետերում, անհրաժեշտության դեպքում, ապահովում է մասնագիտացված կազմակերպությունների կողմից սույն ծրագրի 9.1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ սահմանված ախտահանման, միջատազերծման, կրծողազերծման կամ ապաբաղարկման աշխատանքների իրականացումը:

(10-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացնում է սահմանային պետական վերահսկողությունը` ձեռնարկելով հետևյալ կանխարգելիչ միջոցառումները.

1) ներմուծվող, արտահանվող, տեղափոխվող, վերաարտահանվող և տարանցիկ փոխադրվող սննդամթերքի, անասնաբուժական, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ վերահսկողության իրականացում.

2) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումների կազմակերպում և իրականացում` այդ ուղղությամբ ընդլայնելով պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ համագործակցությունը.

3) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքում առողջապահական մարմինների հետ համատեղ հակահամաճարակային միջոցառումների իրականացում և տեղեկատվության փոխանակում:

(11-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

12. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

2) անհրաժեշտության դեպքում աջակցում է շրջակա միջավայրի մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության աշխատանքներին.

3) կազմակերպում է բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունը.

4) իրականացնում է արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին ազդարարումը:

(12-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

13. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը`

1) իրականացնում են միջոցառումներ արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի հայտնաբերման ժամանակ սահմանային վերահսկողությունից խուսափելու դեպքերը բացառելու նպատակով.

2) ապահովում է պետական սահմանի «Բագրատաշեն» նշանակված անցման կետում անձանց կողմից կենսական նշանակության օգտագործվող միջոցների` սանիտարական բավարար պայմաններում պահպանումը և վարակի կամ աղտոտման աղբյուրներից զերծ պահումը (ներառյալ վարակիչ հիվանդությունների փոխանցողները և պահոցները):

14. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`

1) աջակցում է բնակչության ազդարարմանը և իրազեկմանը.

2) ուժեղացնում է հսկողությունը հասարակական կարգի պահպանման նկատմամբ.

3) ապահովում է հիվանդների և կոնտակտավորների մուտքի վիզաների ձևակերպման արտահերթ իրականացումը:

15. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն`

1) համակարգում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, օդանավ շահագործողների և պետական սահմանի «Զվարթնոց» նշանակված անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող մարմինների աշխատանքները.

2) համակարգում է կանոնների հարցերով իրավասու մարմնի կողմից օգտագործվող սարքավորումների առկայության ապահովումը, ինչպես նաև վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի անվտանգ տեղափոխումն օդանավ և (կամ) ժամանակավոր մեկուսացման համար նախատեսված տարածք.

3) համակարգում է հիվանդների հետ շփում ունեցող անձանց (կոնտակտավորների) անվտանգ տեղափոխումը` Հայաստանի Հանրապետության պետական պետական սահմանի անցման կետերի առաջին գծում գտնվող բժշկական զննման սենյակ.

4) համակարգում է աղտոտված ջրի, մարդկանց կամ կենդանիների կենսագործունեության արգասիքի, կեղտաջրերի և այլ ցանկացած աղտոտված նյութի վերցման և անվտանգ հեռացման աշխատանքների ապահովումը.

5) համակարգում է պետական սահմանի «Զվարթնոց» նշանակված անցման կետում անձանց կողմից կենսական նշանակության օգտագործվող միջոցների` սանիտարական բավարար պայմաններում պահպանման և վարակի կամ աղտոտման աղբյուրներից զերծ պահման ապահովումը (ներառյալ վարակիչ հիվանդությունների փոխանցողները և պահոցները).

6) համակարգում է բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկացած ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման կամ ապաբաղարկման (դեկոնտամինացիա) աշխատանքների ապահովումը.

7) համակարգում է իր աշխատողների մասնակցությունը կանոնների հարցերով իրավասու մարմնի կողմից առաջարկված առողջապահական (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող) միջոցառումներին.

8) համակարգում է ախտահարված օդանավի կայանման ապահովումը սանիտարական կանգառում:

(15-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

 

V. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

16. Պետական սահմանի անցման կետերում ճառագայթային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերն են`

1) սուր ճառագայթային հիվանդության ախտանշաններով անձանց հայտնաբերումը.

2) բարձր ճառագայթային ակտիվությամբ բեռների, ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտնաբերումը, որոնք հանրային առողջության համար վտանգ կարող են ներկայացնել:

17. Պետական սահմանի անցման կետերում ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի դեմ պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացնում են պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմինները` յուրաքանչյուրն իր լիազորությունների շրջանակներում:

18. Սահմանի անցման կետերում ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը`

1) ճառագայթային հիվանդության ախտանշաններ ունեցող անձանց հայտնաբերման ժամանակ իրականացնում է սույն ծրագրի 9.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գործողությունները.

2) իրականացնում է սույն ծրագրի 9.1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված գործողությունները.

3) մասնակցում է ճառագայթային նյութերով աղտոտված գոտուց ժամանող անձանց, բեռների, ապրանքների ապաակտիվացմանը, ինչպես նաև անձանց նկատմամբ սանիտարական մաքրման աշխատանքների իրականացմանը:

(18-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

19. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն`

1) կազմակերպում և իրականացնում է հսկողություն մաքսային սահմանով տեղափոխվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ճառագայթային անվտանգության նկատմամբ.

2) կազմակերպում է ճառագայթային անվտանգության տեսակետից վտանգավոր բեռների, ապրանքների կամ տրանսպորտային միջոցների անվտանգ վայր տեղափոխման և դրանց պահպանության գործընթացը` մինչև Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից համապատասխան միջոցառումների կազմակերպումը.

3) հնարավոր ճառագայթահարման նախնական ախտանշաններ ունեցող անձանց, բեռների, ապրանքների նկատմամբ իրականացնում է սույն ծրագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գործողությունները:

20. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը`

1) իրականացնում է սույն ծրագրի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործողությունները.

2) ապահովում է ճառագայթային նյութերով աղտոտված գոտուց ժամանող անձանց, բեռների, ապրանքների ապաբաղարկումը (դեկոնտամինացիա), ինչպես նաև անձանց նկատմամբ սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպումը.

3) կազմակերպում է շրջակա միջավայրի ճառագայթային դիտարկում և հսկողություն.

4) իրականացնում է սույն ծրագրի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունները:

21. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն իրականացնում են սույն ծրագրի 13-րդ կետով սահմանված գործողությունները:

22. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ճառագայթահարման նախնական ախտանշաններ ունեցող անձանց հայտնաբերման դեպքում իրականացնում է սույն ծրագրի 14-րդ կետով սահմանված գործողությունները:

23. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրականացնում է սույն ծրագրի 15-րդ կետի 1-ին, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված գործողությունները:

(23-րդ կետը փոփ. 23.07.2020 թիվ 1222-Ն որոշում)

24. Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ճառագայթային գործոնով պայմանավորված դեպքերի ժամանակ պետական սահմանի անցման կետերում հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմիններին տրամադրում է խորհրդատվություն ճառագայթային իրավիճակի գնահատման, ճառագայթային իրավիճակի փոփոխման մասին կանխատեսումների իրականացման ու անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների վերաբերյալ:

 

VI. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

25. Պետական սահմանի անցման կետերում քիմիական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերն են`

1) սուր քիմիական թունավորման ախտանշաններով անձանց հայտնաբերումը.

2) քիմիական այրվածքով անձանց հայտնաբերումը.

3) վտանգավոր քիմիական նյութերի հայտնաբերումը, որոնք հանրային առողջության համար վտանգ կարող են ներկայացնել:

26. Պետական սահմանի անցման կետերում սահմանային հսկողություն իրականացնող մարմինների կողմից քիմիական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի դեմ պայքարի առաջնահերթ գործողություններն իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը և քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունները հաստատելու մասին» N 861-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 23.07.2020 թիվ 1222-Ն որոշման 1-ին կետի 3-րդ կետը, 5-րդ

կետի 1-ին ենթակետը, 9-րդ, 11-րդ և 18-րդ կետերը

շարադրվել են նոր խմբագրությամբ, սակայն նոր խմբագրությամբ

կետերն ու ենթակետը չունեն համարակալումներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի

3-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտում կատարվող

փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է

համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին

(տեսքին): ԻՐՏԵԿ-ը վերականգնել է համարակալումները:

------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2012
N 777-Ն
Որոշում