Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

03.08.2024 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` քննչական կոմիտե)` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) քննչական կոմիտեում ծառայություն` պետական ծառայության տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով.

2) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ` քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը և նրանց տեղակալները, բաժնի պետերը, բաժնի պետի տեղակալները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները, որոնք «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համարվում են ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք:

(2-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 3. Քննչական կոմիտեում դիմումների (հաղորդումների), միջնորդությունների և բողոքների քննարկումը

 

(3-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.07.2022 թվականից` 09.06.22 ՀՕ-184-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները

 

1. Քննչական կոմիտեում քննչական կոմիտեի գործունեության վերաբերյալ վարվում է վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

2. Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Կառավարությունը:

(4-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 5. Քննչական կոմիտեի ներկայացուցչի մասնակցությունը գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին

 

1. Քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, իսկ նրանց հանձնարարությամբ` քննչական կոմիտեի այլ ծառայողներ գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների` հանցավորության հարցերին վերաբերող նիստերին կարող են մասնակցել այդ մարմինների հրավերի հիման վրա:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 6. Քննչական կոմիտեի լիազորությունները

 

1. Քննչական կոմիտեի լիազորություններն են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված` ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս քննչական կոմիտեն կարող է ձևավորել տվյալների բազա, որը օգտագործում է բացառապես իր լիազորություններն իրականացնելիս` օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելով, որի վարման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(6-րդ հոդ. լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենք )

 

Հոդված 7. Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը, նրա ծառայողների գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է:

(7-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 8. Քննչական կոմիտեի գործունեության հրապարակայնությունը

 

1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին` ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

2. Քննչական կոմիտեն յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:

3. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, Կառավարություն է ներկայացնում գրավոր հաղորդում` քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

(8-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.03.23 ՀՕ-72-Ն օրենքներ)

 

Հոդված 9. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջների կատարման պարտադիրությունը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորություններից բխող պահանջները ենթակա են կատարման:

2. Հանրային ծառայողի կողմից քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորություններից բխող պահանջները չկատարվելու դեպքում քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը տվյալ ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է նման լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին:

(9-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն(օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 10. Քննչական կոմիտեում ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

(10-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

ԻՐՏԵԿ 10-րդ հոդվածը լրացվելու է` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` համաձայն 12.06.24 ՀՕ-275-Ն օրենք:

 

 

Հոդված 10.1. Շահերի բախումը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չպետք է թույլ տա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել քննչական կոմիտեի նախագահին:

(10.1-ին հոդ. լրաց. 07.12.22 ՀՕ-554-Ն օրենք)

ԳԼՈՒԽ 3
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 11. Քննչական կոմիտեի համակարգը

 

1. Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները:

2. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները և կենտրոնական մարմնի բաժինները, աջակցող մասնագիտական վարչությունները և աջակցող մասնագիտական բաժինները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են Երևան քաղաքի քննչական վարչության բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները և վարչական շրջանների քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչության տարածքային բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները: Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումներն են գլխավոր վարչությունների վարչությունները:

3. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության պետերն ի պաշտոնե քննչական կոմիտեի նախագահի տեղակալներն են:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.01.2021թվականից` 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )

5. Քննչական կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողները և գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը:

i

6.  (6-րդ մասն ուժը կորցրել է 09.01.2021թվականից` 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

(11-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 12. Քննչական կոմիտեի նախագահը

 

1. Քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման համար:

2. Քննչական կոմիտեի նախագահը`

1) սահմանում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում` դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

3) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).

4) ներկայացնում է քննչական կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հարաբերություններում.

5)  հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.

6) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, պարգևատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց. 

6.1) դիմում է գլխավոր դատախազին` դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ.

7) քննչական կոմիտեի խնդիրների իրականացման, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ` սահմանելով դրանց գործունեության կարգը.

8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 13. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը

 

1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը`

1) համակարգում է քննչական կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները.

1.1) կատարում է աշխատանքի բաժանում իր համակարգման ներքո գտնվող քննչական ստորաբաժանումներում` քննիչների միջև.

2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).

3) միջնորդություններ է ներկայացնում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

4) քննչական կոմիտեի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է քննչական կոմիտեի նախագահին: Նման հրամանի բացակայության դեպքում քննչական կոմիտեի նախագահին ժամանակավորապես փոխարինում է քննչական կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը.

5) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

(13-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն(օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 14. Ծառայողական և քրեադատավարական վերադասությունը

 

1. Քննչական կոմիտեի նախագահը վերադաս է քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ներքո գտնվող քննչական կոմիտեի բոլոր ծառայողների համար:

3. Քննչական կոմիտեի ստորաբաժանման պետը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր ծառայողների համար:

4. Քննչական կոմիտեում ծառայողական վերադասության մյուս հարաբերությունները կարգավորվում են քննչական կոմիտեի կանոնադրությամբ:

5. Քննչական կոմիտեում քրեադատավարական վերադասության հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

 

Հոդված 15. Քննչական կոմիտեի կարգապահական և որակավորման հանձնաժողովները

 

1. Քննչական կոմիտեում գործում են կարգապահական և որակավորման հանձնաժողովներ:

2. Կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի` վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել որակավորման հանձնաժողովի անդամներ: Կարգապահական հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:

3. Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:

4. Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

4.1. Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը` անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, քննչական կոմիտեի 4 քննիչ, 4 իրավաբան-գիտնական:

6. Որակավորման հանձնաժողովի անդամներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը` 3 տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովի նոր անդամներին քննչական կոմիտեի նախագահը նշանակում է որակավորման հանձնաժողովի գործող անդամների լիազորությունների դադարեցման օրը:

7. Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:

(15-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(4-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 16. Քննչական կոմիտեի պաշտոնները

 

1. Քննչական կոմիտեի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն պաշտոններ.

2) գլխավոր պաշտոններ.

3) առաջատար պաշտոններ.

4) կրտսեր պաշտոններ:

2. Քննչական կոմիտեի պաշտոնների յուրաքանչյուր խումբ դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի:

3. Քննչական կոմիտեի պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քննչական կոմիտեի բարձրագույն խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի` ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի նախագահի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետում նշված պաշտոնների), հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

5. Քննչական կոմիտեի գլխավոր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի` ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային քննչական վարչության պետ.

2) 2-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալ (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ), Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ, մարզային քննչական վարչության քննչական բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

6. Քննչական կոմիտեի առաջատար պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի` ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային քննչական վարչության բաժնի պետի տեղակալ.

3) 3-րդ ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, մարզային քննչական վարչության ավագ քննիչ:

7. Քննչական կոմիտեի կրտսեր պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի` ընդգրկելով հետևյալ պաշտոնները.

1) 1-ին ենթախումբ` զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, մարզային քննչական վարչության քննիչ.

2) 2-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ.

3) 3-րդ ենթախումբ` մարզային քննչական վարչության քննչական բաժնի քննիչ:

(16-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 17. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող հիմնական պահանջները

 

i

1. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է հայերենին.

3) չունի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը).

4) ընդգրկվել է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում, բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների:

2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:

3. Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում` մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.

4) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

5) որի նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:

4. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը:

5. Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը համապատասխանաբար Կառավարության և վարչապետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:

(17-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20  ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ)  օրենքներ)

 

Հոդված 18. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը` առնվազն տարին մեկ անգամ:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 09.02.2021 թվականից` 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )

3. Որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին` նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր և բանավոր քննության օրերը, համալրման ենթակա տեղերի քանակը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.

3) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

5) քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելուն խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

5. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

6. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որից դրական գնահատական ստանալուց հետո` նաև բանավոր քննություն:

Գրավոր և բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք լրացնում են հարցաթերթիկ:

Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը, հարցաթերթիկում ներառվող հարցերի շրջանակը և լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

Քննություններից դրական գնահատական և հարցաթերթիկը լրացնելուց հետո դրական եզրակացություն ստացած հայտատուներն ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում` որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, երեք տարի ժամկետով ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում: Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածում անձը երկու անգամ ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստանալու և դրանից հրաժարվելու դեպքում հանվում է թեկնածությունների ցուցակից:

Թեկնածությունների ցուցակում ընդգրկված ժամանակահատվածի ավարտին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու առաջարկ չստանալու դեպքում անձը կարող է դիմել որակավորման հանձնաժողով` իր գործնական և տեսական ունակություններն ստուգելու համար: Դրական եզրակացություն ստանալու դեպքում անձը ևս երեք տարի ժամկետով շարունակում է ընդգրկված մնալ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:

i

9. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն: Ուսումնառությունը չանցած անձը հանվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից` որակավորման հանձնաժողովի որոշմամբ:

10. Անձն ազատվում է ուսումնառությունից, եթե`

1) ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 2 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ

2) իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ

3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

11. Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

12. Որակավորման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան` որոշումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը կազմելու` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկում է որակավորման հանձնաժողովը:

(18-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն  (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 15.06.22 ՀՕ-251-Ն, 07.02.24 ՀՕ-47-Ն օրենքներ)

 

Հոդված 18.1.  Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:

(18.1-րդ հոդ. լրաց. 09.06.22 ՀՕ-184-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 19. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակը ձևավորում է որակավորման հանձնաժողովը`

1) Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հերթական ատեստացիայի ժամանակ.

2) արտահերթ կարգով, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսում նրան առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով համապատասխան ծառայողական բնութագիր: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ընդգրկվում է ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.

3) այն դեպքերում, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ: 

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է հինգ տարի ժամկետով:

(19-րդ հոդ. լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )

 

Հոդված 20. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը

 

1. Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` վեց տարի ժամկետով:

2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:

3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը` անկախ վերանշանակման հանգամանքից, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է վարչապետը:

5. Կառավարությունը և վարչապետը համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին և նրա տեղակալներին պաշտոնից ազատում է սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

6. Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների և բաժինների, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունների, բաժինների և կայազորային քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների բաժինների կազմում գործող քննիչներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքով սահմանված կարգով ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակից:

7. Քննչական կոմիտեի մյուս ծառայողներին նշանակում է քննչական կոմիտեի նախագահը` քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը քննչական կոմիտեի նախագահի կողմից հանվում է քննչական կոմիտեում ծառայողական առաջխաղացման ցուցակից:

8. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում նշված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատում է սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

(20-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն  (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ- 494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 21. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի երդումը

 

1. Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(21-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 22. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվում է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) իր գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.

4) հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվում է`

1) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում.

2) եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

4) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

5) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում.

6) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.

7) նրա` սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում:

(22-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձիք գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, քննչական կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանումների լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց` կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված` քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում` մինչև երկարաձգված ժամկետը լրանալը:

4. Եթե քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձն իր դիմումի համաձայն հանվում է ռեզերվից, ապա նրա ստաժը հաշվարկվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:

5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երկու ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` իր դիմումի հիման վրա երկու ամսից շուտ կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է քննչական կոմիտեի նախագահը:

(22.1-ին հոդ. լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 23. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

i

1) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

3) արդարադատության առաջին դասի խորհրդական.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

5) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

6) առաջին դասի խորհրդական.

7) երկրորդ դասի խորհրդական.

8) երրորդ դասի խորհրդական:

i

2. Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի և արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մյուս դասային աստիճանները շնորհում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

5. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարող է զրկվել քննչական կոմիտեում ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

(23-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 24. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի:

2. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության առաջին դասի խորհրդականի:

3. Բարձրագույն պաշտոնի երրորդ ենթախմբի և գլխավոր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երկրորդ դասի խորհրդականի:

4. Գլխավոր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` արդարադատության երրորդ դասի խորհրդականի:

5. Առաջատար պաշտոնի առաջին և երկրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի դասային աստիճանն է:

6. Առաջատար պաշտոնի երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնի առաջին ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

7. Կրտսեր պաշտոնի երկրորդ և երրորդ ենթախմբի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

8. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) ամապատասխանեցվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի)համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:

(24-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն(օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 25. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետները

 

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:

2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 2 տարի.

2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 3 տարի.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` 4 տարի.

5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար` 5 տարի:

5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է:

8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին շնորհվում է հերթական դասային աստիճանը:

(25-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենքներ )

 

ԳԼՈՒԽ 5
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(5-րդ գլխի վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 26. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի  իրավունքները

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն  իրավունք ունի`

1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.

2) սահմանված կարգով ստանալու պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.

4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.

5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.

6) ներկայացնելու առաջարկություններ քննչական կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ:

(26-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 27. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է`

1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.

4) իր գործունեության ժամանակ պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը.

5) պահպանել ծառայողական կարգապահությունը.

6) պահպանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու համար սահմանված պահանջները, այդ թվում` պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.

7) քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով իրականացնել հերթապահություն:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի օրենքով սահմանված այլ պարտականություններ:

(27-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 01.03.23 ՀՕ-72-Ն օրենքներ)

 

Հոդված 28. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները

 

1. Երկարամյա պաշտոնավարման, ինչպես նաև պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

6) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերի:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսման միջոցը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը: 

5.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք վարչապետի կողմից կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և կոչումների:

i

6. Եթե արտահերթ շնորհվող դասային աստիճանը կամ օրենքով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հանրապետության նախագահը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած մարմինը կամ պաշտոնատար անձը:

8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(28-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 28.1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրումը

 

1. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք քննչական կոմիտեի նախագահի կողմից կարող են պարգևատրվե շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ, մեդալով կամ կրծքանշանով:

2. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(28.1-ին հոդ. լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ )

 

Հոդված 29. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կարգապահական պատասխանատվության հիմքերը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

2) սույն օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անհամատեղելիության կանոնները խախտելու դեպքում:

4) սույն օրենքի 10.1-ին հոդվածով սահմանված դեպքում:

(29-րդ հոդ. փոփ. 07.12.22 ՀՕ-554-Ն օրենք)

 

Հոդված 30. Կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) զգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը: 

2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են միայն ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

2.2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձից: Եթե բացատրությունում կարգապահական խախտում թույլ տված` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ընդունում կատարված խախտման մեջ իր մեղավորությունը, ապա անցկացվում է ծառայողական քննություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի  նկատմամբ չի կիրառվում:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-311-Ն օրենք)

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 09.04.2018 թվականից` 23.03.18 ՀՕ-311-Ն օրենք)

(30-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցոումային դրույթներ)օրենքներ)

 

Հոդված 31. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով` քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն, որի փուլերն են` նախնական ուսումնասիրություն և կարգապահական վարույթ:
  Կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ` քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ: 

1.1. Քննչական կոմիտեում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

2. Եթե կարգապահական վարույթը հարուցվել է կարգապահական հանձնաժողովի անդամներից մեկի նկատմամբ, ապա նրա մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին կասեցվում է մինչև համապատասխան որոշում ընդունելը: 

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:

4. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այն կատարելու օրվանից 12 ամիս հետո:

5. Կարգապահական վարույթի տևողությունը չի կարող գերազանցել 3 շաբաթը, բացառությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բացակայության ժամանակահատվածով:

6. Եթե մինչև կարգապահական վարույթ հարուցելը կամ կարգապահական վարույթ հարուցելուց հետո պարզվել է, որ առկա է քննչական կոմիտեի տվյալ քննիչի մասնակցությամբ կամ նրա կատարած ենթադրյալ հանցագործության դեպք, ապա կարգապահական վարույթի հարուցումը հետաձգվում է, իսկ հարուցված կարգապահական վարույթը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը:

7. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

8. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, քննչական կոմիտեի նախագահը հարցը ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի քննարկմանը:

9. Կարգապահական հանձնաժողովը կարգապահական խախտման հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մեղավորության հարցը, իսկ համապատասխան միջնորդության դեպքում` նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը:

10. Կարգապահական տույժի մասին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իրազեկվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

11. Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե քննչական կոմիտեի նույն քննիչը կատարել է մի քանի կարգապահական խախտում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

12. Եթե քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:

13. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարանում:

14. Կարգապահական տույժի ենթարկված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

(31-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.06.22 ՀՕ-184-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 32. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվում են`

1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

2) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:

5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն, իսկ դրա անհնարինության դեպքում` սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձանց կողմից մինչև համապատասխան հիմքի վերացումը:

Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ արդարացման որոշման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում, իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:

Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց, ապա ընդգրկվում է կադրերի ռեզերվում:

(32-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 25.03.21 ՀՕ-128-Ն օրենքներ)

 

Հոդված 33. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դիմումի հիման վրա.

2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է որպես կարգապահական տույժ.

3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 35-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված որոշման հիման վրա.

4) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատվելիս քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի դիմումի հիման վրա:

(33-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 34. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին գործուղելը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել այլ քննչական մարմին, քննչական կոմիտեի կենտրոնական կամ տարածքային ստորաբաժանում, վերջինիս կազմում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ժամանակավոր բացակայության, ծանրաբեռնվածության կամ թափուր հաստիքների պատճառով կամ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր աշխատանքի փոխադրելը կատարվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գրավոր համաձայնությամբ գործուղումը կարող է երկարաձգվել:

3. Քննչական կոմիտեի գործուղված քննիչի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացածը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը գործուղման ավարտից հետո` երկու տարվա ընթացքում, կրկին առանց իր համաձայնության չի կարող գործուղվել, բացառությամբ քննչական խմբում ընդգրկվելու նպատակով այլ քննչական մարմին կամ մարզային քննչական ստորաբաժանման ներսում գործուղվելու դեպքերի:

(34-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )

 

Հոդված 35. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորումը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում: 

2.1. Որակավորման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մեկ տարի վեց ամիս հաճախականությամբ ստուգվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործնական և տեսական ունակությունները, որն անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ստուգման արդյունքները հիմք են հանդիսանում արտահերթ ատեստավորման համար:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արտահերթ ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները.

2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների պետերը և նրանց տեղակալները.

3) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև քննչական կոմիտեի ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ծառայողական բնութագիրը:

11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

12. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ատեստավորման արդյունքների վրա:

14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` ներառելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

15. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք քննչական կոմիտեի նախագահին:

16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է քննչական կոմիտեի նախագահին:

17. Քննչական կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ դասային աստիճան շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում քննչական կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:

18. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

(35-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 36. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վերապատրաստումը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ անցնել վերապատրաստում:

2. Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(36-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )

 

Հոդված 36.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցությունը կրթական ծրագրերին

 

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը համապատասխան թույլտվության առկայության դեպքում կարող է մասնակցել կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև երկու օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է քննչական կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն տալիս է քննչական կոմիտեի նախագահը:

2. Կրթական ծրագրերին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնակցության կապակցությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի  բացակայությունը համարվում է հարգելի. այդ ընթացքում նրա հիմնական և լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է:

(36.1-ին հոդ. լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն,  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

(6-րդ գլխի վերնագիրը փոփ.  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 37. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության, ներառյալ` հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(37-րդ հոդ. փոփ  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք )

 

Հոդված 38. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային և սոցիալական ապահովությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(38-րդ հոդ. փոփ.  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 23.03.22 ՀՕ-82-Ն, 07.02.24 ՀՕ-77-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ )

 

Հոդված 39. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պարտադիր պետական ապահովագրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու (բացառությամբ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից:

2. Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

(39-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ),  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-77-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 40. Գույքային վնասի հատուցումը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

(40-րդ հոդ. փոփ.  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 41. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի առողջական վիճակի հետազոտումը

(41-րդ հոդ. ուժը կորցրել է 25.11.2017 թվականից` 25.10.17 ՀՕ-148-Ն օրենք)

 

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին բնակելի տարածությամբ ապահովելը

 

1. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր աշխատանքի նշանակմամբ կամ գործուղմամբ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ապահովվում է բնակելի տարածությամբ: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափերով:

(42-րդ հոդ. փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ),  09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 43. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի այլ սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համար երաշխավորում է`

1) պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

4) պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

(43-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 07.02.24 ՀՕ-77-Ն  (օրենքն ունի անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 44. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի արձակուրդը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, և լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանում է Կառավարությունը:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի ամենամյա հերթական վճարովի արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ այն չխոչընդոտի քննչական կոմիտեի բնականոն գործունեության իրականացմանը:

(44-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենքներ)

 

Հոդված 45. Քննչական կոմիտեի խորհրդանիշը, ծառայողի համազգեստը, վկայականը և կնիքը

 

1. Քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը և նկարագիրը սահմանում է Կառավարությունը:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, իսկ զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին` նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների կրման համար նախատեսված դաշտային (ամառային և ձմեռային) համազգեստ:

3. Քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են քննչական կոմիտեի նախագահի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ քննչական կոմիտեում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

(45-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենքներ )

 

Հոդված 46. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անվտանգությունը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:

2. Զենքը և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու և կրելու կարգը սահմանվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով:

3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

4. Զենքի և անձնական պաշտպանության հատուկ միջոցների գործադրման հիմքերի և կարգի նկատմամբ կիրառվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի նորմերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ և չեն հակասում սույն օրենքին:

5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի , նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի, նրա ընտանիքի անդամների և նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

(46-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ), 05.10.22 ՀՕ-386-Ն օրենքներ )

 

ԳԼՈՒԽ 7
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 47. Քննչական կոմիտեի ֆինանսավորումը

 

1. Քննչական կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

2. Քննչական կոմիտեի բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում և ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով և քննչական կոմիտե է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

3. Քննչական կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների աշխատավարձի միասնական ֆոնդի երկու տոկոսին:

4. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ:

(47-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 8
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 48. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարձատրությունը անցումային փուլում

 

i

1. Մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից:

3. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափին:

4. Բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը:

5. Բարձրագույն պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսը:

6. Գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը:

7. Գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսը:

8. Գլխավոր պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսը:

9. Առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսը:

10. Առաջատար պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսը:

11. Առաջատար պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսը:

12. Կրտսեր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսը:

13. Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափից ելնելով` կոչումների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ.

1) արդարադատության գեներալ-լեյտենանտ` 80 տոկոսով.

2) արդարադատության գեներալ-մայոր` 75 տոկոսով.

3) արդարադատության գնդապետ` 65 տոկոսով.

4) արդարադատության փոխգնդապետ` 60 տոկոսով.

5) արդարադատության մայոր` 55 տոկոսով.

6) արդարադատության կապիտան` 50 տոկոսով.

7) արդարադատության ավագ լեյտենանտ` 45 տոկոսով.

8) արդարադատության լեյտենանտ` 40 տոկոսով:

14. Կոչում ունեցող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ստանում է հավելավճար` դատախազի, դատավորի, քննիչի և հետաքննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված կոչման նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կոչման համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել տվյալ ծառայողի պաշտոնային դրույքաչափը:

15. Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնի նշանակված դատավորների, դատախազների, քննիչների կամ հետաքննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս:

(48-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենք)

 

Հոդված 49. Ծառայության ստաժը հաշվարկելը

 

1. Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչներին և հետաքննիչներին քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում նրանց ունեցած ծառայության ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում ծառայության ստաժի մեջ:

(49-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 49.1.  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքի անցնող անձանց սոցիալական երաշխիքները

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից:

2. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված երաշխիքից օգտվող անձինք, որոնք աշխատանքի կանցնեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կպահպանեն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տվյալ աշխատողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում զբաղեցրած հաստիքին համապատասխան: Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:

(49.1-ին հոդվածը լրաց. 11.07.24 ՀՕ-307-Ն օրենք)

 

Հոդված 50. Նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները), կիրառված կարգապահական տույժերը

 

1. Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ քննչական կոմիտեում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց սույն օրենքով համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

3. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են: Սույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը հաշվվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժի նշանակման օրվանից:

5. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման կամ աշխատավարձի չափի նվազեցման:

(50-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենք )

 

Հոդված 51. Քննչական կոմիտեի կառուցվածքի հաստատումը և ծառայողների նշանակման կարգը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը 20-օրյա ժամկետում նշանակում է քննչական կոմիտեի նախագահ:

2. Քննչական կոմիտեի նախագահը`

1) պաշտոնի նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը.

2) քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո`

ա. 5-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին` նշանակման նպատակով ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները,

բ. մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:

3. Կառավարությանն առընթեր ոստիկանության և պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինների քննիչները քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվում են քննչական կոմիտեում պաշտոնի` սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Պաշտոնի նշանակելիս պահպանվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ ծառայողի զբաղեցրած պաշտոնի խումբն ու ենթախումբը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված նշանակումները կատարելուց հետո քննչական կոմիտեում թափուր պաշտոններում նշանակումները կատարվում են քննչական կոմիտեի նախագահի կողմից` սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մինչև սույն օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի կազմումը:

(51-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենքներ)

 

Հոդված 52. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց տասնութ ամիս հետո:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետային պարբերականությամբ` երեք փուլով, յուրաքանչյուր փուլում առաջին ատեստավորում է անցնում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մեկ երրորդը:

(52-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենք)

 

Հոդված 53. Քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովները

 

1. Քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովները կազմավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո:

 

Հոդված 54. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակների կազմումը

 

1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները կազմելու և դրանցում ընդգրկման` սույն օրենքով սահմանված կարգը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կողմից առաջին շրջանավարտները տալուց հետո` սույն օրենքով սահմանված կարգով:

(54-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենք)

 

Հոդված 55. Քրեական վարույթները փոխանցելը

 

1. Մինչև քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները շարունակում են նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել` հանդես գալով համապատասխանաբար որպես ոստիկանության կամ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներ:

2. Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի նախկին քննիչները շարունակում են իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում այդպիսի լիազորություն իրենց վերապահված է: Հակառակ դեպքում քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները հանձնում են ըստ քննչական ենթակայության:

(55-րդ հոդ. փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենք)

 

Հոդված 56. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում առկա քրեական գործերի արխիվը հանձնվում է քննչական կոմիտեի պահպանությանը:

3. Սույն օրենքի 38-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

4. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնից ազատված ծառայողին նշանակվում է կենսաթոշակ, եթե նա քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակվել է սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերած առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ:

Սույն մասով սահմանված ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են զինվորական ծառայության ժամանակահատվածը և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014 թվականի հունիս ամսվա համար պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելը աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը: Սույն մասով սահմանված դրամական բավարարման չափը որոշվում է պաշտոնային դրույքաչափի, զինվորական կոչման դրույքաչափի, զինվորական ծառայության ստաժի համար տրվող հավելման գումարի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով: Կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Սույն մասով սահմանված կենսաթոշակը վճարվում է, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

(56-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-95-Ն, 31.05.17 ՀՕ-92-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 09.12.20 ՀՕ-494-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ ) օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. հունիսի 10
Երևան
ՀՕ-25-Ն

 

 

 

 

pin
ՀՀ 19.05.2014
N ՀՕ-25-Ն օրենք