600.0224.240715
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 07 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60015297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2015 թվականի N 224-Ն
ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հետ համաձայնեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունների և 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված հաշվարկի արդյունքների տրամադրման ձևաչափը:
2.1 Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն էլեկտրական էներգիայի բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների հաշվարկ 2018 և 2019 թվականների համար չի իրականացվում:
(2.1-ին կետը լրաց. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի օգոստոսի 1-ից:
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշումը հրապարակվել է միայն 2015 թվականի
օգոստոսի 3-ին և չի կարող սույն որոշման 3-րդ կետի համաձայն
ուժի մեջ մտնել 2015 թվականի օգոստոսի 1-ից:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի համաձայն
սույն որոշումն ուժի մեջ կարող է մտնել միայն պաշտոնական
հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը, որը և նշել է ԻՐՏԵԿ-ը:
------------------------------------------------------------------
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2015 թվականի հուլիսի 8-ի
N 224-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցերում (այսուհետ` հաղորդման և բաշխման ցանց) էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման ընթացակարգը:
2. Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկումն իրականացնում է Շուկայի օպերատորը` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 19-ի «110 կՎ և բարձր լարման ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» N 60 և 2002 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, սեփական և տնտեսական կարիքների համար օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվարկի մեթոդիկաները հաստատելու մասին» N 65-Ա որոշումների:
(2-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Բաշխող` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
3) Հաղորդող` էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
4) Շուկայի օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:
(3-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
2. ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
4. Հաղորդողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը Շուկայի օպերատորին տրամադրել նախորդ ամսվա` հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման համար տեղեկատվություն:
(4-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
5. Շուկայի օպերատորը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հաղորդողին տրամադրել նախորդ ամսվա` հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքները:
(5-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
6. Հաղորդողը պարտավոր է իր առևտրային հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի իրավունք տրամադրել Շուկայի օպերատորին:
(6-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
3. ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
7. Բաշխողը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Շուկայի օպերատորին տրամադրել նախորդ ամսվա` բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման համար տեղեկատվություն:
(7-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
8. Շուկայի օպերատորը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը Բաշխողին տրամադրել նախորդ ամսվա` բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքները:
(8-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
9. Բաշխողը պարտավոր է իր առևտրային հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի իրավունք տրամադրել Շուկայի օպերատորին:
(9-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
4. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
10. Շուկայի օպերատորի կողմից Հաղորդողին կամ Բաշխողին տրամադրված տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի արդյունքների շուրջ վեճի դեպքում իրականացվում է էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի աուդիտ: Աուդիտն իրականացնում են Հաղորդողի կամ Բաշխողի կողմից ընտրված և Շուկայի օպերատորի հետ համաձայնեցված փորձագետները (փորձագիտական խումբը):
(10-րդ կետը փոփ. 27.12.17 թիվ 580-Ն որոշում)
11. Աուդիտի արդյունքի վերաբերյալ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով: