Սեղմել Esc փակելու համար:
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

24.11.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «30» մարտի 1993թ. Հ.Ն-0773-I

 

i

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

 

i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

(1-ին հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-162-Ն օրենք)

 

Հոդված 1.1. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական լեզվաքաղաքականություն` լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն` ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.

պետական լեզու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.

պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.

պաշտոնական խոսք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.

լեզվավիճակ` համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն.

լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում.

գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.

լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.

լեզվական պարտականություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.

գործավարություն` փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.

ցուցանակ` կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի և (կամ) ապրանքանշանի և (կամ) տվյալ աշխարհագրական և (կամ) վարչական և (կամ) քաղաքաշինական և (կամ) տնտեսական և (կամ) հասարակական և (կամ) միավորի անվանման և այլնի մասին.

պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ.

ժեստերի լեզու` լեզվական ինքնատիպ համակարգ, որը դրսևորվում է ձեռքերի իմաստավորված շարժումներով` դիմախաղի, շրթունքների շարժումների և մարմնի դիրքի համակցմամբ:

(1.1-ին հոդ. լրաց. 23.05.11 ՀՕ-162-Ն, 26.10.22 ՀՕ-406-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Կրթության լեզուն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություններն ու ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացվում են հայերեն ժեստերի լեզվով:

(2-րդ հոդ. փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն, 22.12.10 ՀՕ-31-Ն, 28.04.14 ՀՕ-8-Ն օրենքներ)

 

Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

 

Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը:

(3-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-162-Ն օրենք)

 

i
Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները և պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են.

ա) գործավարությունը կատարել գրական հայերենով` ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը.

գ) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

(4-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-91-Ն, 23.05.11 ՀՕ-162-Ն օրենքներ)

 

i
Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

 

Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակչությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

(5-րդ հոդ. փոփ. 03.05.05 ՀՕ-95-Ն օրենք)

 

Հոդված 6. Լեզվի կոմիտեն

 

1. Լեզվի կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

2. Լեզվի կոմիտեն`

1) մասնակցում է լեզվի բնագավառում քաղաքականության մշակմանը և ապահովում այդ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը.

2) ապահովում է`

ա. սույն օրենքի պահանջների կատարումը և լեզվական քաղաքականության պետական ծրագրի իրականացումը,

բ. հայերենի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում դրա լիակատար գործածությունը,

գ. ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը.

3) աջակցում է`

ա. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացմանը,

բ. հեռուստառադիոընկերությունների` մշակութային, տեղեկատվական, տեղեկատվական-վերլուծական, հասարակական-քաղաքական, գիտահանրամատչելի, կրթական և մարզական հաղորդումների լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարմանը.

4) իրականացնում է լեզվաքարոզչություն, լեզվական փորձաքննություն, լեզվավիճակի մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, կանխարգելիչ միջոցառումներ, գնահատումներ, ինչպես նաև կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ.

5) լեզվական պարզաբանումներ է տալիս հայերենի կանոնարկման և կիրառման, անձնանունների, հայրանունների և ազգանունների, աշխարհագրական տեղանունների, ինչպես նաև առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների վերաբերյալ.

6) նպաստում է`

ա. Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը,

բ. ոչ հայախոսների համար լեզվական ուսուցման հատուկ ծրագրերի մշակմանը:

(6-րդ հոդ. լրաց. 23.03.18 ՀՕ-305-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
17 ապրիլի 1993 թ.
ՀՕ-52

 

pin
ՀՀ 17.04.1993
N ՀՕ-52 օրենք