ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՎԱՐԴԱՆ ՑՈԼԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 477-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 մարտի 2020 թ. |
Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Վարդան Ցոլակյանի ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
i
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
i
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:
Օրենսգրքի «Վաճառողի պատասխանատվությունը գնորդից ապրանքն առգրավվելիս» վերտառությամբ 477-րդ հոդվածը սահմանում է.
«1. Մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին:
2. Երրորդ անձանց կողմից գնորդի ձեռք բերած ապրանքը պահանջելու դեպքում վաճառողին պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատասխանատվությունը սահմանափակելու մասին կողմերի համաձայնությունն առոչինչ է»:
Գործի քննության առիթը Վարդան Ցոլակյանի` 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի դրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Վկայակոչելով Սահմանադրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք միջազգային փաստաթղթերի դրույթները` դիմողը գտնում է, որ զրկվել է իր իրավունքների պատշաճ պաշտպանության հնարավորությունից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում դրույթ, որով կպաշտպանվեն գնորդի իրավունքները նաև այն դեպքերում, երբ գնորդից ապրանքի առգրավման և այնուհետև վերադարձման ժամանակահատվածում վերջինս ստիպված է լինում կատարել որոշակի ծախսեր, որոնց կատարման անհրաժեշտությունը անմիջականորեն պայմանավորված է ապրանքի առգրավմամբ:
Ըստ դիմողի` օրենսդրական բացի պայմաններում տուժել է անձը` չկարողանալով պատշաճ կերպով պաշտպանել իր խախտված իրավունքները, այլ կերպ ասած` ի թիվս այլնի` խախտվել է անձի դատական պաշտպանության իրավունքը:
i
Անդրադառնալով Օրենսգրքի 477-րդ հոդվածի վերաբերյալ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը` համաձայն որի` «....բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ նշված նորմը, մասնավորապես, վերաբերում է երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավված լինելու դեպքին, այսինքն` միայն ապրանքն առգրավված լինելու դեպքում է մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքերի մասին գնորդի տեղյակ չլինելը համարվում գնորդի կրած վնասները հատուցելու միակ պայմանը, իսկ սույն դեպքում առգրավված գույքը երրորդ անձանց կողմից արդեն իսկ հետ է վերադարձվել հայցվորին...», դիմողը գտնում է, որ նման մեկնաբանումը ակնհայտ կերպով խախտում է անձի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ դատարանը որպես պատճառված վնասի հատուցման պայման է դիտում գույքի` երրորդ անձանց տիրապետման տակ գտնվելու հանգամանքը: Ըստ դատարանի տրամաբանության` եթե գույքն առգրավվել, այնուհետ վերադարձվել է, իրավունքի խախտում առկա չէ, իսկ դրանով պայմանավորված` անձին պատճառված վնասը ենթակա չէ հատուցման: Մինչդեռ, գույքի առգրավման և տևական ժամանակ պահելու համար դիմողից գանձվել է 1475 վրացական լարիի չափով գումար:
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածում գույքի առգրավման և վերադարձման ընթացքում գնորդին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դրույթի բացակայությունը հանգեցնում է անձի` Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և մի շարք այլ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների խախտման:
i
Հղում կատարելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումների` դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ առկա է օրենսդրական բաց, քանի որ իրավակիրառական պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ն մասի կիրառելիությունը սահմանափակվում է միայն ապրանքի` երրորդ անձանց կողմից առգրավված լինելու հանգամանքով, և որևէ իրավական գնահատական չի տրվում այն դեպքերին, երբ ապրանքն առգրավված լինելուց հետո վերադարձվում է գնորդին, սակայն ապրանքի` առգրավված լինելու ընթացքում գնորդի կողմից կատարվում են ծախսեր (վերջինս կրում է վնաս): Ըստ դիմողի` գնորդի կողմից կրած վնասների հատուցում ստանալու իրավունքը չի պաշտպանվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որևէ նորմով:
Ինչ վերաբերում է Օրենսգրքի 17-րդ հոդվածին, դիմողը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, նշում է, որ այդ հոդվածի կիրառելիության համար անհրաժեշտ և պարտադիր նախապայման է պարտապանի ոչ իրավաչափ վարքագիծը, ինչպես նաև վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը:
Բացի դրանից, դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով խախտվում է իր` Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքը, մասնավորապես` «նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը»:
i
Ելնելով վերոգրյալից` դիմողը խնդրում է Օրենսգրքի 477-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն այնքանով, որքանով դրանք չեն նախատեսում ապրանքը երրորդ անձանց կողմից առգրավվելու և վերադարձնելու ընթացքում և/կամ կապակցությամբ գնորդին պատճառված վնասը փոխհատուցելու իրավակարգավորում` ճանաչել Սահմանադրության 1-ին, 3, 60, 61, 63, 75, 78, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Անդրադառնալով սեփականության իրավունքին վերաբերող սահմանադրաիրավական դրույթներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներին` պատասխանողը նշում է, որ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը` ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, այն է` առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի, երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար: Ընդ որում` «սեփականության իրավունքը սահմանափակելը որպես կանոն ունենում է ժամանակավոր բնույթ, իսկ սեփականությունից զրկելը այնպիսի իրավիճակ է, երբ սեփականատերը փաստացի կամ իրավաբանորեն լրիվ զրկվում է իր տիտղոսից, կորցնում է իրի հետ կապը» (Հայաստանի Հանրապետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության համառոտ պարզաբանումներ):
i
Վկայակոչելով Օրենսգրքի 17 և 1058-րդ հոդվածները` պատասխանողը նշում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման:
Հղում կատարելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածին` համաձայն որի` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից, պատասխանողը նշում է, որ վիճարկվող հոդվածի «բովանդակային համապարփակ վերլուծությունից պարզ է դառնում, որ վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե`
- հիմքերը ծագել են մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը,
- ապրանքը գնորդից առգրավվել է երրորդ անձանց կողմից,
- և եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին:
Այսինքն` վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե առկա են վերը նշված երեք վավերապայմանները, այլ կերպ ասած` գնորդը վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունի ցանկացած այն դեպքում, երբ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից ապրանքն առգրավվելիս վերջինս կկրեր վնասներ` առանց շեշտը դնելու հատուցման պահանջ ներկայացնելիս ապրանքի` երրորդ անձանց տիրապետության տակ գտնվելու հանգամանքի վրա»:
i
Բացի դրանից, հղում կատարելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներին` պատասխանողը գտնում է, որ դիմողի պնդումները, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի նախատեսում երրորդ անձանց կողմից ապրանքը առգրավվելու և վերադարձնելու ընթացքում և/կամ կապակցությամբ գնորդին պատճառած վնասը փոխհատուցելու իրավակարգավորում, և տվյալ իրավակարգավորմամբ առկա է օրենսդրական բաց, անհիմն են, քանի որ դիմողի բարձրացրած հարցերն ավելի շուտ վերաբերում են նորմի մեկնաբանման ձևին, այլ ոչ թե դրա հակասահմանադրականության հարցին:
Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով այն, որ դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, որի արդյունքում իր կարծիքով խախտվում են անձի` Սահմանադրությամբ նախատեսված` սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
արդյո՞ք առկա է այնպիսի օրենսդրական բաց, որի պատճառով Օրենսգիրքը չի նախատեսում գնորդից առգրավված գույքի վերադարձման դեպքում վերջինիս վնասների փոխհատուցման հնարավորություն, ինչի արդյունքում սահմանափակվում է անձի սեփականության իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունը:
i
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով աշխատակարգային որոշմամբ գործն այդ մասով կարճել է (10.03.2020 թ. ՍԴԱՈ-53):
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Գույքի ձեռքբերման օրինական հիմքերից է, ի թիվս այլնի` առուվաճառքի պայմանագիրը: Օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը)»:
Օրենսգրքի` առուվաճառքի պայմանագրին նվիրված ընդհանուր կարգավորումների համալիր վերլուծությունը վկայում է, որ առուվաճառքի պայմանագրով, ի թիվս այլնի` վաճառողն ունի երկու հիմնական պարտավորություն` գնորդին հանձնել համապատասխան որակի գույք և ապահովել, որ հանձնվող գույքն ազատ լինի այլ անձանց իրավունքներից:
Մասնավորապես, Օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնվել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը: Վաճառողի կողմից այդ պարտականությունը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե վաճառողը չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար տվյալ ապրանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին»:
Միաժամանակ, Օրենսգրքի կարգավորումների համաձայն` ապրանքը առգրավվելուց հետո գնորդն իրավասու է պաշտպանել իր իրավունքները օրենսգրքի 477-478 հոդվածներով սահմանված կարգով: Մասնավորապես, Օրենսգրքի 478-րդ հոդվածի համաձայն` «Եթե երրորդ անձը, մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքով, գնորդի դեմ հայց է հարուցում ապրանքն առգրավելու մասին, գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է այդ գործին մասնակցել գնորդի կողմից»:
Միևնույն ժամանակ, «գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է գնորդի առջև պատասխանատվությունից, եթե վաճառողն ապացուցում է, որ, մասնակցելով գործին, կարող էր կանխել վաճառված ապրանքի առգրավումը գնորդից: Գնորդի կողմից գործին մասնակցելու հրավիրված, սակայն գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գնորդի կողմից գործը ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից»:
Հարկ է նշել, որ վերոհիշյալ դրույթներով վաճառողի շահերը ապահովվում են` ոչ թե հաշվի առնելով նրա մեղքի առկայությունը, այլ նրանով, թե կարո՞ղ է արդյոք վերջինս դատավարության ընթացքում ներկայացնել իր հակափաստերը գույքի առգրավման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև նրանով, որ հետագայում կարող է պահանջներ ներկայացնել այն անձին, ումից ձեռք է բերել վիճելի գույքը: Այս իրավակարգավորումը հնարավորություն է տալիս, ի վերջո, վնասների հատուցման պատասխանատվությունը դնել օտարումների շղթայում մեղավոր անձի վրա:
i
4.2. Սահմանադրության 61-րդ հոդվածն ամրագրում է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի օրենսդրական երաշխավորումը, ելնելով Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված պահանջից, պետք է կատարվի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի շրջանակներում:
i
Օրենսդրության համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը, վնասի հատուցման պահանջը դիտարկելով որպես անձի քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկը (Օրենսգրքի 14-րդ հոդված), սահմանել է «վնաս» հասկացության բովանդակությունը` ամրագրելով հետևյալը. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը (Օրենսգրքի 17-րդ հոդված): Միաժամանակ, նույն հոդվածով նախատեսվել է, որ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Ընդ որում` օրենսդիրն ամրագրել է, որ վնասի հատուցման պարտականությունը, որպես կանոն, դրվում է վնասը պատճառած անձի վրա:
i
Ի լրումն վերոգրյալ կարգավորումների` օրենսդիրը որպես ընդհանուր մոտեցում սահմանել է նաև, որ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Միաժամանակ, օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնասը պատճառողի մեղքի բացակայությամբ, ինչպես նաև` օրենքով վնասի հատուցման պարտականությունը կարող է ծագել օրինաչափ գործողությունների արդյունքում պատճառված վնասի համար (Օրենսգրքի 1058-րդ հոդված):
i
Վնասի հատուցման ինստիտուտի վերաբերյալ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 17-րդ հոդվածի 1-ին մասի և 1058-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների համատեքստում վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ «... վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը» (տե՛ս նաև Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ 3/0016/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թ. որոշումը): «.... ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետևում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
- վնաս պատճառող անձի առկայությունը,
- պատճառված վնասի առկայությունը,
- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
i
- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև»: (թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թ. որոշումը):
Սակայն հարկ է նշել, որ պայմանագրային հարաբերություններում Օրենսգրքով նախատեսվել են վնասի հատուցման հետ կապված պարտավորությունների առաջացման հատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սույն գործով վիճարկվող դրույթի համաձայն` մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին:
Նշված դրույթի վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 30.11.2018 թ. որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... Բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ նշված նորմը, մասնավորապես, վերաբերում է երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավված լինելու դեպքին, այսինքն` միայն ապրանքն առգրավված լինելու դեպքում է մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքերի մասին գնորդի տեղյակ չլինելը համարվում գնորդի կրած վնասները հատուցելու միակ պայմանը, իսկ սույն դեպքում առգրավված գույքը երրորդ անձանց կողմից արդեն իսկ հետ է վերադարձվել հայցվորին, հետևաբար նման պայմաններում վաճառողը` «Յումակս» ՍՊԸ-ն, սույն պարագայում պարտավորություն չի կրում գնորդին` Վարդան Ցոլակյանին, հատուցել վերջինիս կրած վնասները, ուստի նման վնասի հատուցման պահանջ կարող էր ներկայացվել ընդհանուր հիմունքներով»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ ստացվում է, որ վիճարկվող հոդվածը կարգավորում է բացառապես այն իրավիճակը, երբ մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից ապրանքն առգրավվում է գնորդից և այլևս չի վերադարձվում նրան, ինչի հետևանքով գնորդը կրում է վնասներ: Մինչդեռ, այն պարագայում, երբ երրորդ անձանց կողմից ապրանքը գնորդից առգրավվում է որոշակի ժամանակահատվածով, ապա այդ ժամանակահատվածում գնորդի կրած վնասները ենթակա չեն հատուցման վաճառողի կողմից:
4.3. Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկվող դրույթում կիրառված «առգրավել» հասկացությանը: Ինչպես օրենսդրական մի շարք ակտերում, այնպես էլ Օրենսգրքում կիրառվող «առգրավել» հասկացությունը չի ենթադրում, որ այն չի կարող ունենալ ժամանակավոր բնույթ: Մասնավորապես, Օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`
i
1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281).
i
2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282).
i
3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218).
i
4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284).
i
5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285).
i
6) կատարվում է բռնագրավում (հոդված 288).
i
7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ).
i
8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում»:
Այսինքն, ըստ Օրենսգրքի` գույքի առգրավումը սեփականության իրավունքի հարկադրաբար դադարեցման ինքնուրույն հիմք չէ: Առաջին հերթին` այն գույքի տիրապետումից զրկելուն ուղղված գործողություն է: Մասնավորապես, չեն բացառվում դեպքեր, երբ, օրինակ, բռնագանձման գործընթացի դադարման պատճառով առգրավված գույքը վերադարձվի սեփականատիրոջը:
Այդ առումով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթում կիրառված «առգրավել» հասկացությունը պետք է վերաբերի նաև այն առգրավումներին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ:
Հակառակ պարագայում ստացվում է, որ անձի սեփականության իրավունքը ժամանակավոր առգրավման դեպքում սահմանափակվում է, անձը կրում է վնասներ, մինչդեռ դատարանի տված մեկնաբանությամբ` այդ վնասը ենթակա չէ վաճառողի կողմից հատուցման:
4.4. Հաշվի առնելով դիմողի դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը հարկ է համարում վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում դիտարկել օրենսդրական բացի առկայության խնդիրը:
i
Մասնավորապես, Սահմանադրական դատարանն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի` «... օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը» (14.09.2010 թ. ՍԴՈ-914):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները» դրույթը պետք է մեկնաբանվի և կիրառվի դրա նպատակին և սեփականության հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ամրագրելու սահմանադրական պահանջի լույսի ներքո: Այն է` մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի ցանկացած առգրավում` և՛ ժամանակավոր, և՛ մշտական, իսկ «վնասներ» եզրույթն իր բովանդակության մեջ պետք է ներառի ժամանակավոր կամ մշտական առգրավման հետ կապված վնասը, մասնավորապես` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է խախտված իրավունքը վերականգնելու համար:
i
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի` մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից առգրավված գույքը վերադարձնելու դեպքում վաճառողը պարտավոր չէ գնորդին հատուցել առգրավման հետևանքով առաջացած վնասները, համահունչ չէ Սահմանադրության 60, 61 և 75-րդ հոդվածների պահանջներին:
i
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը:
i
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
i
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
10 մարտի 2020 թվականի
ՍԴՈ-1514
Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 12 մարտի 2020 թվական: