Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-7-Ո-Կ-02

05 ապրիլի 2021 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(1-ին մաս)

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

նախագահությամբ`

 

    Բարձրագույն դատական խորհրդի անդամ           Ա. Մխիթարյանի,

 

    մասնակցությամբ`                             Գ. Բեքմեզյանի,

    անդամներ                                    Դ. Խաչատուրյանի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ս. Միքայելյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Գ. Ջհանգիրյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

Արդարադատության նախարարի

    առաջին տեղակալ                              Վ. Դանիելյանի,

 

Արդարադատության նախարարի

    ներկայացուցիչ                               Դ. Գասպարյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հունվարի 27-ի N-6Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Գագիկ Գրիգորյանի կողմից 01.09.2020 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը:

Արդարադատության նախարարի 27.11.2020 թվականի թիվ 114-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Կարինե Պետրոսյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 27.01.2021 թվականի N-6Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Դատավորը թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ` Գործ) ըստ առարկայական ընդդատության սնանկության դատարանին հանձնելու մասին միջնորդությունը մերժել է` ղեկավարվելով տվյալ միջնորդության քննության ժամանակ ոչ կիրառելի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ:

Մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

i

12.12.2019 թվականին ընդունված և 15.04.2020 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սնանկության գործերի ենթակայությունը (...)

3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր) (...):»»:

i

Նույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:

i

Նշված կարգավորումներից բխում է, որ 15.04.2020 թվականից (ՀՕ-294-Ն ՀՀ օրենքը մտել է ուժի մեջ) հետո հարուցված սնանկության գործերի առնչությամբ քաղաքացիական գործերի ենթակայության (տվյալ գործը սնանկության դատարանին փոխանցման ենթակա լինելու) հարցը որոշելիս կիրառելի է գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը: Նույն տրամաբանությամբ, մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը կիրառելի է մինչև ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերի առնչությամբ քաղաքացիական գործերի` սնանկության դատարանին փոխանցման ենթակա լինելու հարցը որոշելիս:

Քննարկվող դեպքում Կոնստանտին Օրբելյանի` «Բուրգեր Արմ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` «Բուրգեր Արմ» ՓԲԸ) սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ դիմումի հիման վրա թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործը հարուցվել է 28.07.2020 թվականին, այսինքն` ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Դատարանի կողմից 17.08.2020 թվականին վարույթ ընդունված Գործով (ըստ հայցի «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ի ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին) պատասխանողի կողմից ներկայացված` գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի հիմքով Գործը թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործը քննող դատարան ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի 18.08.2020 թվականի որոշմամբ մերժվել է` առաջնորդվելով մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ, թեև 15.04.2020 թվականին ուժի մեջ մտած` ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման ուժով սնանկության գործը 24.07.2020 թվականին հարուցված լինելու պայմաններում կիրառելի էր գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը:

Այսպիսով, վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Դատարանի կողմից քննարկվող որոշման կայացմամբ թույլ է տրվել ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում:

Տվյալ դեպքում գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի խախտումն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:

i

Գործը սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին Դատարան միջնորդություն ներկայացնելով` դատավարության մասնակիցը ձևավորում է իրավաչափ ակնկալիք, որ Դատարանի կողմից միջնորդությունը քննության կառնվի` հիմք ընդունելով այդ պահին գործող իրավակարգավորումները, և կկայացվի կոնկրետ իրավական կարգավորման մեկնաբանության վրա հիմնված և դրանից բխող իրավաչափ որոշում: Սույն Գործով միջնորդության մերժման փաստական հիմքում դրվել է այն հանգամանքը, որ սնանկության գործով պարտապան «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ն Գործով պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ չէ /հայցվոր է/, հետևաբար առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հիմքը` քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով սնանկության դատարանի քննությանը հանձնելու համար: Ակնհայտ է, որ որոշումը կայացնելու պահին գործող կարգավորման կիրառման արդյունքում Դատարանը չէր կարող նման հիմնավորմամբ մերժել դատավարության մասնակցի միջնորդությունը: Ավելին` կիրառելի նորմի մեկնաբանման արդյունքում որոշում չկայացնելու պարագայում դատավարության մասնակցի մոտ կարող է առաջանալ, և ամենայն հավանականությամբ առաջացել է համոզմունք, որ առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ դատարանն այլ որոշում կարող էր կայացնել, ինչն էլ իր հերթին, խտրականության տպավորություն է ստեղծում և նվազեցնում է վստահությունը դատարանի անաչառության վերաբերյալ: Արդյունքում, նշվածը հանգեցրել է դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ կողմնակալության կամ խտրականության տպավորություն ստեղծելուց զերծ մնալու վարքագծի կանոնների խախտման:

Ինչ վերաբերում է բացատրությամբ Դատավորի հայտնած դիրքորոշմանը, ապա դրանում նշված փաստարկները հերքվում են սույն միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով:

Միևնույն ժամանակ, Դատավորը բացատրությամբ նշել է, որ այն պնդումը, թե միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացնելիս ղեկավարվել է մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ, իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրավանորմի բառացի մեջբերում կամ հղում որոշման մեջ առկա չէ, այլ կա ընդհանրական ամփոփում` սնանկության գործի շրջանակներում քննվող հնարավոր գործերի վերաբերյալ: Մինչդեռ, քննարկվող որոշման ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Դատավորը, մեջբերելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի կարգավորումները, նշել է, որ վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործով պարտապան «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ն սույն քաղաքացիական գործով պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ չէ /հայցվոր է/, հետևաբար առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հիմքը` քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով սնանկության դատարանի քննությանը հանձնելու համար:

Բացատրությամբ մեջբերելով միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացնելու պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը` Դատավորն արտահայտել է այն դիրքորոշումը, համաձայն որի` գործերի առարկայական ընդդատությունը պայմանավորված է պարտապանի արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սնանկ ճանաչված լինելու հանգամանքով: Հարկ է արձանագրել, որ նման դիրքորոշումը, իբրև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման վերաբերյալ Դատարանի մեկնաբանություն, կարող էր կիրառելի լինել այն պարագայում, երբ միջնորդությունը քննության առնելիս Դատավորը ղեկավարվեր նշված կարգավորմամբ և մեկնաբաներ կիրառելի նորմը` այդ թվում հաշվի առնելով օրենսդրի նպատակը և որոշում կայացներ` ղեկավարվելով գործող իրավակարգավորմամբ: Սույն դեպքում Դատավորը ղեկավարվել է միջնորդության քննության ժամանակ ոչ կիրառելի` մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ: Ավելին` մեկնաբանելով որոշումը կայացնելու պահին կիրառման ենթակա օրենսդրական կարգավորումը` Դատարանը պետք է մեկնաբաներ նույն հոդվածի նույն մասում տեղ գտած «սնանկ ճանաչված պարտապան» և «պարտապան» եզրույթները և միայն այդ մեկնաբանության արդյունքում հնարավոր կլիներ որոշել, թե արդյո՞ք պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործը ենթակա է սնանկության դատարանի քննությանը:

Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Կարգապահական վարույթի առնչությամբ տրված բացատրության վերլուծությունից հետևում է, որ վերոնշյալ դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները Դատավորը կատարել է կոպիտ անփութությամբ, այսինքն` չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Այսպիսով, առկա է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին, որի շրջանակներում հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշմամբ նշված փաստական հանգամանքները և դրանց կապակցությամբ արված հետևությունները չեն բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վկայակոչված նորմերից հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ գործերի առարկայական ընդդատությունը պայմանավորված է պարտապանի` արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սնանկ ճանաչված լինելու հանգամանքով: Այսինքն` սնանկության գործը վարող դատավորը քննում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը: Օրենսդրի նման սահմանումն ունի իր իրավաչափ տրամաբանությունը և հիմնավորվածությունը, քանի որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննությունը կարող է ավարտվել նաև մերժման վերաբերյալ դատական ակտով, որի ուժի մեջ մտնելու պարագայում դատավորը սնանկության գործը վարող չի հանդիսանա և հետևաբար նշված դատավորի մոտ պարտապանի մասնակցությամբ գործերի կենտրոնացումը կդառնա իմաստազուրկ:

Տվյալ դեպքում Գործն ըստ առարկայական ընդդատության սնանկության դատարան հանձնելու մասին միջնորդություն է ներկայացվել Դատարան` կից ներկայացնելով Սնանկության դատարանի 28.07.2020 թվականի թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով որոշման պատճենը` «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին Կոնստանտին Օրբելյանի դիմումը վարույթ ընդունելու և ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ, ինչպես նաև սնանկ ճանաչելու դիմումի օրինակը: Նշված միջնորդությունը Դատարանի 18.08.2020 թվականի որոշմամբ մերժվել է, քանի որ դեռևս առկա չի եղել «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Ստացվում է, որ Դատարանը չի քննել իր իրավասության շրջանակներից դուրս մի գործ, հետևաբար դրա քննությամբ կողմերի արդար դատաքննության իրավունքը չի խախտվել:

Հաղորդմամբ Դատավորին վերագրվել է նաև Գործով կողմնակալ կամ աչառու վերաբերմունքի դրսևորում, որի վերաբերյալ որևէ փաստ առկա չէ: Ավելին, Դատարանը Գործով ըստ էության քննություն չի իրականացրել, քանի որ «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ն ներկայացրել է հայցից հրաժարվելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն, որի քննության արդյունքում Դատարանը 17.12.2020 թվականի որոշմամբ կարճել է քաղաքացիական գործի վարույթը: Ըստ հաղորդման Դատարանը միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացրել է` ղեկավարվելով մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչն իրականությանը չի համապատասխանում, քանի որ իրավանորմի բառացի մեջբերում կամ հղում որոշման մեջ առկա չէ, այլ կա ընդհանրական ամփոփում` սնանկության գործի շրջանակներում քննվող հնարավոր գործերի վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության պատասխանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, այն է` 17.03.2021 թվականին, և չի ներկայացրել միջնորդություն` պատասխան ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Կոնստանտին Օրբելյանի կողմից 24.07.2020 թվականին դիմում է ներկայացվել Սնանկության դատարան «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, որը Սնանկության դատարանի 28.07.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործ):

2) «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի կողմից 10.08.2020 թվականին հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ քաղաքացի Կոնստանտին Օրբելյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի 17.08.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործ):

3) Բարձրագույն դատական խորհրդի 04.03.2021 թվականի որոշմամբ Դատական դեպարտամենտից պահանջվել է թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործն ամբողջությամբ:

4) Գործի շրջանակներում Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցչի կողմից 11.08.2020 թվականին քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության սնանկության դատարանին հանձնելու մասին ներկայացվել է միջնորդություն հետևյալ բովանդակությամբ. «(...)28.07.2020թ. հարուցված թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը` ըստ Կոնստանտին Գարիի Օրբելյանի դիմումի ընդդեմ «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարվում է ՀՀ սնանկության դատարանի կողմից:

Նշված սնանկության գործով ներկայացված դիմումի հիմքում դրված է 16.07.2019թ. կնքված Փոխադարձ պարտավորությունների և պարտապանների պարտավորության ապահովման վերաբերյալ պայմանագիրը, որի անվավեր ճանաչման վերաբերյալ է թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումը:

Նշված փաստերի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համադրումից պարզ է դառնում, որ թիվ ԵԴ/24011/02/20 գործով բերված հայցադիմումի քննությունը ենթակա է քննության թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը վարող դատարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթները խնդրում ենք Ձեզ թիվ ԵԴ/24011/02/20 գործը կամ դա կազմող հայցադիմումն ու կից փաստաթղթերը հանձնել թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործը քննող ՀՀ սնանկության դատարան:»:

5) Դատարանի 18.08.2020 թվականի որոշմամբ մերժվել է Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը հետևյալ հիմնավորմամբ. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվում է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի ու իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակներում:

Վերոգրյալի համատեքստում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործով պարտապան «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ն սույն քաղաքացիական գործով պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ չէ /հայցվոր է/, դատարանն արձանագրում է, որ առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հիմքը` քաղաքացիական գործը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով Սնանկության դատարանի քննությանը հանձնելու համար:»:

6) Դատարանի 17.12.2020 թվականի վճռով թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ի ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է` հայցվորի կողմից պահանջից հրաժարվելու հիմքով:

7) Ըստ www.datalex.am դատական տեղեկատվական համակարգի` Սնանկության դատարանի 23.02.2021 թվականի վճռով հաստատվել է Կոնստանտին Օրբելյանի և «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնությունը և թիվ ՍնԴ/1782/02/20 սնանկության գործի վարույթը կարճվել է:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումն առերևույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ,

3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով ունի այնպիսի կարևորություն, որով կասկածի տակ է դրվում դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ կարող է հեղինակազրկել դատական իշխանությունը:

i

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատավորի և դատարանի անկախության երաշխավորը Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովման պահանջն ամրագրված է նաև միջազգային իրավական փաստաթղթերում: Դրանց մեջ կարևորվում են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված` «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելվածը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 13-ի «Դատավորների անկախության, արդյունավետության ու դերի մասին» թիվ R(94)12 և 2010 թվականի նոյեմբերի 17-ի` «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականները, ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ` «Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականները», Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցները, ԵԴԽԽ-ի 2001թ. եզրակացությունը և այլն:

Նշված միջազգային իրավական փաստաթղթերում ազդարարվում է, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ թե նրա իրավունքը, այլ հասարակության երաշխիքը` օրինական և հիմնավորված արդարադատության ապահովման համար:

Նմանապես Վճռաբեկ դատարանը հատուկ ընդգծել է, որ դատավորի անկախությունը, լինելով վերջինիս սահմանադրաիրավական կարգավիճակի բաղկացուցիչ տարր, կոչված է ապահովելու դատական իշխանության ինքնուրույնությունը. այն հանրային շահերի, այդ թվում` արդարադատության շահի կարևորագույն նախապայման է /Վճռաբեկ դատարանի 20.10.2011 թվականի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, կետ 34/:

Վերոգրյալի համատեքստում դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը: ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ` «Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականների» 25-րդ կետի համաձայն. «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներով պետք է լուծվեն ենթադրյալ մասնագիտական խախտումների այն դեպքերը, որոնք կոպիտ են, աններելի և խարխլում են դատական իշխանության հեղինակությունը: Դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում` տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար»:

Քննարկվող պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը, հանդիսանալով դատավորի և դատական իշխանության սահմանադրաիրավական երաշխավորը, որին վերապահված է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, պարտավոր է այդ լիազորությունն իրականացնել այն հաշվով, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը որևէ կերպ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջի ապահովումը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`

1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը` խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը:

«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) իր մի շարք կարծիքներում անդրադարձել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին: Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ այն օրենսդրությունը, որը կարգավորում է դատավորի կարգապահական պատասխանատվության և կարգապահական որոշում կայացնող մարմինների հետ կապված իրավահարաբերությունները, պետք է ձևակերպվի հստակ: Երկրները հաճախ դժվարությունների են հանդիպում, երբ կարգապահական գործողությունների հիմքերը բավարար չափով մանրամասնված չեն: Հստակ սահմանված կանոնների բացակայությունը վտանգավոր է, քանի որ կարգապահական իրավախախտումների դեպքում հնարավոր է սկսվի կամայական հետապնդում դատավորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) դատական համակարգի անկախության մասին իր` 2001 թվականի Կարծիք թիվ 1-ի մեջ առաջարկել է սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնք կկանխորոշեն (...) բոլոր այն արարքները, որոնք կարող են հանգեցնել կարգապահական տույժի կամ կարգավիճակի փոփոխության (CDL-AD(2007)009, կետ 6-րդ):

Վենետիկի հանձնաժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և որոշ այլ օրենքների վերաբերյալ 2019 թվականին ընդունված Կարծիք N 963/2019 CDL-AD(2019)024 համաձայն` Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է. «...Անշուշտ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմքեր ձևակերպված են շատ անորոշ. «դատական իշխանությունը հեղինակազրկել» կամ «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները` ամրագրված 69-րդ հոդվածում, դրանց թվին են պատկանում: Այնուհանդերձ, որոշ չափով անխուսափելի է, որ օրենսդիրն օգտագործի անորոշ ձևակերպումներ ապահովելու համար ճկունություն...:»:

Այն դեպքում, երբ օրենսդրի կողմից օգտագործվում են նման ձևակերպումներ, շատ կարևոր է, թե կոնկրետ ինչ մարմին է նշանակված այդ ձևակերպումների մեկնաբանման և կիրառման համար: Հայաստանում այդ խնդիրը դրված է Բարձրագույն դատական խորհրդի վրա, որն ունի բավարար ինստիտուցիոնալ անկախություն և առաջարկում է արդար դատաքննության հիմնարար երաշխիքներ (տես` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 14-րդ գլուխը):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս` բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:

Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:

Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության` առերևույթ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պարունակող արարքը կարող է գնահատել որպես նվազ կարևորություն ունեցող, եթե այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերը ներկայացված իրավական վերլուծության արդյունքում, անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:

Մինչև 15.04.2020 թվականի խմբագրությամբ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

12.12.2019 թվականին ընդունված և 15.04.2020 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Սնանկության գործերի ենթակայությունը (...)

3. Սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր) (...):»»:

Նույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ 15.04.2020 թվականից հետո հարուցված սնանկության գործի շրջանակում են քննվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցված քաղաքացիական գործերը և այլ դատարաններում հարուցված քաղաքացիական գործերը սնանկության դատարան փոխանցման ենթակա լինելու հարցը որոշելիս կիրառելի է 15.04.2020 թվականից գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում ընդգծել այն փաստը, որ ինչպես մինչև 15.04.2020 թվականը, այնպես էլ դրանից հետո գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը քաղաքացիական գործերի քննությունը համապատասխան սնանկության գործի շրջանակներում հնարավոր է համարում այնպիսի բացառիկ հանգամանքի առկայության դեպքում, ինչի արձանագրումից հետո միայն կարող են գնահատման առարկա դառնալ քաղաքացիական գործերի փոխանցման օրենսդրական այլ հիմքեր, այն է` սնանկության վարույթում պետք է լինի սնանկ ճանաչված պարտապան, անկախ օրենսդրական հիմքերի տարբերությունից:

Գործերի առարկայական ընդդատությունը որոշելու առաջնային հիմքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սնանկ ճանաչված պարտապանի առկայությունը դնելու օրենսդրի տրամաբանությունը կարևորվում է այն բանով, որ սնանկության վարույթի ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննությունը կարող է ավարտվել նաև մերժման մասին վճռով, որպիսի պարագայում ինքնանպատակ կդառնա նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը:

Քննարկվող պարագայում Դատարանը 17.08.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել «Բուրգեր Արմ» ՍՊԸ-ի կողմից 10.08.2020 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումն ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (թիվ ԵԴ/24011/02/20 քաղաքացիական գործ): Դատարանը 18.08.2020 թվականի որոշմամբ մերժել է պատասխանողի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը` քաղաքացիական գործն ըստ առարկայական ընդդատության սնանկության դատարանին հանձնելու մասին` ղեկավարվելով մինչև 15.04.2020 թվականին ուժի մեջ մտած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն ուժը կորցրած օրենքով, մինչդեռ պետք է ղեկավարվեր տվյալ միջնորդության քննության ժամանակ գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ, քանի որ Կոնստանտին Օրբելյանի կողմից ներկայացված դիմումը «Բուրգեր Արմ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին Սնանկության դատարանն ընդունել է վարույթ 28.07.2020 թվականի որոշմամբ:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ գործն ըստ առարկայական ընդդատության սնանկության դատարան հանձնելու մասին միջնորդությանը կից Կոնստանտին Օրբելյանի ներկայացուցիչը ներկայացրել է փաստաբանին տրված լիազորագիր, փաստաբանական գործունեության արտոնագրի և նույնականացման քարտի պատճեններ, թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով 28.07.2020 թվականի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման և նույն գործով ներկայացված դիմումի պատճեններ, և չի ներկայացրել պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թեև Դատավորի գործողություններում առկա է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչն իր հերթին հանգեցրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների առերևույթ խախտման, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ նույնիսկ արձանագրված խախտումը չլինելու և ճիշտ իրավական նորմը կիրառվելու դեպքում կողմի համար չէր կարող վրա հասնել ակնկալվող իրավական հետևանքը, այն պատճառով, որ Դատավորի կողմից արարքի կատարման պահին նրան հասանելի չի եղել միջնորդությամբ պահանջվող հետևանքն առաջացնող էական իրավական հիմքը, այն է` թիվ ՍնԴ/1782/04/20 սնանկության գործով պարտապանի սնանկ ճանաչված լինելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը նպատակահարմար է գտնում Դատավորի արարքը գնահատել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի քննարկվող արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել, վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել հիմնավորում արարքը Դատավորի կողմից չարամիտ նպատակով կամ շարժառիթով կատարված լինելու վերաբերյալ, հաշվի առնելով Դատավորի մեծ փորձառությունը նաև սնանկության գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի` տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իր նվազ կարևորության պատճառով դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքը կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը:

Ուստի, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Կարինե Պետրոսյանի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:

Վերոգրյալներից ելնելով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նիստը

    Նախագահող                              Ա. Մխիթարյան

 

    Անդամներ                               Մ. Մակյան

                                           Ս. Միքայելյան

                                           Ս. Չիչոյան

 

Հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ.

 

Գ. Բեքմեզյան

Դ. Խաչատուրյան

Վ. Քոչարյան

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 ապրիլի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
05.04.2021
N ԲԴԽ-7-Ո-Կ-02
Որոշում