01.12.2020 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի նոյեմբերի 6-ին
i
ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների (այսուհետ` բանկեր, եթե «բանկեր» բառի օգտագործման կոնկրետ դեպքից չի բխում, որ խոսքը միայն բանկերի մասին է) անվճարունակության և սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակության և սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև բանկերի սնանկության հետևանքով նրանց լուծարման, սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարման ընթացակարգը: Սույն օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով գրանցումից չհանված բանկերի լուծարային հանձնաժողովների (կառավարիչների) գործունեությունը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին:
2. Բանկերի անվճարունակության և սնանկության գործերի վարույթի կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) իրավական ակտերով:
(1-ին հոդ. փոփ. 29.05.02 ՀՕ-368-Ն, 09.04.07 ՀՕ-181-Ն, 11.10.07 ՀՕ-198-Ն, 22.12.10 ՀՕ-287-Ն օրենքներ)
i
Հոդված 2. |
Բանկի անվճարունակությունը |
1. Բանկը համարվում է անվճարունակ, եթե`
ա) սույն օրենքի 4.1 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ`
բ) ի վիճակի չէ բավարարել իր պարտատերերի օրինական պահանջները, կամ`
գ) բանկի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի չափից, կամ`
դ) պարբերաբար խախտում է օրենքով սահմանված պարտադիր պահուստավորման նորմատիվը: Խախտման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը, և պետք է միևնույնը լինի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար:
2. Բանկի անվճարունակությունը ճանաչվում է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում` բացառապես Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված անվճարունակության հիմքերից որևէ մեկը բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը երկշաբաթյա ժամկետում կարող է`
i
ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ` նաև ադմինիստրացիա) ղեկավար և հիփոթեքային կառավարիչ, եթե բանկը ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկող է` «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, կամ
բ) բանկի սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան:
4. Պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած այն պարտավորությունները, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների, ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:
5. Բանկի անվճարունակության մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ինչպես նաև բանկի սնանկության մասին դատարան դիմում ներկայացնելը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:
(2-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն, 22.12.10 ՀՕ-287-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 3. |
Բանկի սնանկությունը |
1. Բանկի սնանկությունը` Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքում բանկը ենթակա է լուծարման` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկը կարող է սնանկ ճանաչվել բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա` ելնելով սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկից:
3. Բանկը սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև բանկը սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը չի կարող սահմանափակել զուտացման համաձայնությամբ նախատեսված զուտացման իրականացումը:
(3-րդ հոդ. փոփ. 27.10.16 ՀՕ-191-Ն օրենք)
Հոդված 4. |
Բանկի աուդիտն իրականացնող կազմակերպության միջնորդությունը |
1. Բանկի աուդիտն իրականացնող կազմակերպությունը, սույն օրենքով սահմանված` բանկի անվճարունակության հիմքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում, պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով Կենտրոնական բանկին անմիջապես տեղեկացնել դրա մասին` կցելով բոլոր փաստաթղթերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պարտավորությունը չկատարելը հիմք է աուդիտ իրականացնող կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար: Նման միջնորդությամբ աուդիտային գործունեությունը լիցենզավորող պետական իրավասու մարմին է դիմում Կենտրոնական բանկը:
(4-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
i
Հոդված 4.1. |
Հիմնական կապիտալի սպառումը |
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի կիրառման նպատակով բանկն իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառած է համարում, եթե անվճարունակ համարվելու պահին նրա հիմնական կապիտալի մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ բանկի հիմնական կապիտալի կեսից:
(4.1-ին հոդ. լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2.
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՆ
i
Հոդված 5. |
Ադմինիստրացիայի խնդիրները |
1. Ադմինիստրացիան բանկի կառավարման հատուկ մարմին է, որի ղեկավարին և անդամներին նշանակում է Կենտրոնական բանկը` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ադմինիստրացիայի գործունեության խնդիրն է`
ա) բանկի վերակազմակերպման միջոցով նրա ավանդատուների ու բանկային հաշվի անվանատերերի պահանջների բավարարումը, և (կամ)`
բ) բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ դրանք ամբողջությամբ վաճառելը (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների), և (կամ)`
գ) բանկի ակտիվները (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) հնարավոր կարճ ժամկետում հավաքագրելու (իրացնելու) միջոցով բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
դ) բանկի կանոնադրական կապիտալն ավելացնելու կամ սույն օրենքով սահմանված կարգով փոխառությունների միջոցով ներդրումների ներգրավմամբ բանկի ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
ե) բանկի ստանձնած պարտավորությունները (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի փոխանցելու միջոցով նրա ֆինանսական կայունության վերականգնումը, և (կամ)`
զ) (զ ենթակետն ուժը կորցրել է 12.06.2004 թվականից` 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
է) բանկի ֆինանսական առողջացմանն ուղղված օրենքով չարգելված այլ միջոցառումների իրականացումը:
3. Ադմինիստրացիան գործում է ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատում է Կենտրոնական բանկը: Ադմինիստրացիան կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություններ:
4. Ադմինիստրացիան գործում է սույն օրենքով, այլ օրենքներով և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
5. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման բոլոր մարմինների լիազորություններն ամբողջությամբ անցնում են ադմինիստրացիայի ղեկավարին:
6. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում արգելվում է բանկի մասնակցի (բաժնետիրոջ) պահանջի բավարարումը բանկի կանոնադրական կապիտալում նրա ունեցած բաժնի (ավանդի) առանձնացման մասով` կապված բանկի հիմնադիրների կազմից նրա դուրս գալու հետ, արգելվում է նաև բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով բանկի կանոնադրական կապիտալում մասնակցի (բաժնետիրոջ, փայատիրոջ) բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով այդ բաժնեմասն առանձնացնելը կամ բաժնեմասին համապատասխան բանկի միջոցներից վճարում կատարելը (այդ թվում` բնեղենով):
Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում հակընդդեմ պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների զուտացման դեպքում) հաշվանցներ կարող են կատարվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դրանք նախատեսված են բանկի ֆինանսական առողջացման ծրագրով:
Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի նկատմամբ պահանջները (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների) կարող են զիջվել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ, եթե դա նախատեսված է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ` հիփոթեքային կառավարչի համաձայնությամբ:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները կարող են հաշվանցվել բանկի այլ ակտիվների հետ` հիփոթեքային կառավարչի և ադմինիստրացիայի համաձայնությամբ:
Արգելվում է այլ պարտավորությունների հաշվանց ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ:
(5-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի նշանակումը |
1. Կենտրոնական բանկն իրավասու է նշանակել ադմինիստրացիա (միանձնյա կամ կոլեգիալ և հիփոթեքային կառավարիչ)` սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:
2. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկօրյա ժամկետում ենթակա է հրապարակման` մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով: Ադմինիստրացիա նշանակելու մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է միաժամանակ հաստատել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված` բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը:
3. Հիփոթեքային կառավարչի նշանակման և ազատման կարգը սահմանվում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(6-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն օրենքներ)
Հոդված 7. |
Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը |
1. Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը սահմանվում է բանկի ֆինանսական առողջացման ծրագրով` մինչև մեկ տարի ժամկետով: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքով Կենտրոնական բանկի կողմից բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելիս, բանկի ադմինիստրացիայի գործունեությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից լուծարային կառավարիչ նշանակելը:
2. Ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո Կենտրոնական բանկը կարող է այն երկարաձգել ևս մեկ տարով: Ադմինիստրացիայի գործունեության ժամկետը երկարաձգելիս Կենտրոնական բանկը համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ է կատարում ֆինանսական առողջացման ծրագրում:
(7-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
Հոդված 8. |
Ադմինիստրացիայի ղեկավարը |
1. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարն իրականացնում է անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գույքագրումն ու գնահատումը` Կենտրոնական բանկի կողմից հաստատված անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների) գնահատման հատուկ կարգին համապատասխան:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գույքագրումը և գնահատումն իրականացնում է հիփոթեքային կառավարիչը:
2. Ադմինիստրացիայի ղեկավարն անվճարունակ բանկի ակտիվների և պարտավորությունների գնահատման և սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրագործման նպատակով կարող է իր կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավել իրավաբաններ, աուդիտորներ, հաշվապահներ և այլ մասնագետներ:
3. Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է բանկի առանձին ոլորտների կառավարման լիազորությունները վերապահել ադմինիստրացիայի անդամներին:
4. Ադմինիստրացիայի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նշանակվում է ադմինիստրացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված կարգով և պայմաններով:
5. Սույն հոդվածով սահմանված գնահատման արդյունքում ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշմամբ սահմանված ժամկետում (բայց ոչ ուշ, քան բանկն անվճարունակ ճանաչվելու պահից հաշված վեցամսյա ժամկետը) Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում կարճ ժամանակահատվածում բանկի կողմից կապիտալի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման, չաշխատող ակտիվների վերականգնման, ակտիվների և պարտավորությունների ամբողջական կամ մասնակի վաճառքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բանկային և ֆինանսական համակարգերի վրա բանկի լուծարման հնարավոր ազդեցության մասին եզրակացություն:
6. Գնահատման արդյունքների հիման վրա ադմինիստրացիայի ղեկավարը մշակում է անվճարունակ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը, կցելով նաև`
ա) ադմինիստրացիայի անդամների թեկնածուների անձնական տվյալները.
բ) համապատասխան հիմնավորումներ անձանց` որպես ադմինիստրացիայի անդամների թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ.
գ) ադմինիստրացիայի անդամների ցուցակը.
դ) սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված եզրակացությունը:
7. Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիայի անդամներին և հաստատում է բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե`
ա) ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացրած եզրակացությամբ և ֆինանսական առողջացման ծրագրի նախագծով հիմնավորվում է բանկի ֆինանսական առողջացման հնարավորությունը, և (կամ)
բ) բանկի լուծարմամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը չեն պահպանվի, և (կամ)
գ) ժամանակավոր ադմինիստրացիայի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված խնդիրների իրագործման միջոցով հնարավոր է առավելագույնս բավարարել բանկի պարտապանների պահանջները և (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը, և (կամ)
դ) հնարավոր է սույն օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված միջոցառման (միջոցառումների) իրականացման միջոցով ֆինանսապես առողջացնել բանկը կամ վարկային կազմակերպությունը: Ընդ որում, բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները պետք է իրականացվեն բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից եռամսյա ժամկետում կամ այդ ժամկետի ընթացքում պետք է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների և (կամ) այլ անձանց և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերվի համաձայնություն` ֆինանսական օգնության և (կամ) լրացուցիչ միջոցների ներդրման մասին, որի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքի հիման վրա հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետը:
8. Ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանատվություն է կրում ադմինիստրացիայի գործունեության համար` օրենքով սահմանված կարգով:
9. Ադմինիստրացիայի ղեկավարը գործում է բանկի անունից` առանց լիազորագրի: Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է ադմինիստրացիայի անդամներին տալ լիազորագրեր:
(8-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն օրենքներ)
i
Հոդված 9. |
Ադմինիստրացիայի ղեկավարի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքները |
1. Ադմինիստրացիայի ղեկավարն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի նկատմամբ կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Ադմինիստրացիայի ղեկավարի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը`
ա) ժամանակավորապես կամ անժամկետ ազատում է նրան բանկի ադմինիստրացիայի ղեկավարի պարտականությունների կատարումից, և (կամ)`
բ) ուժը կորցրած է ճանաչում ադմինիստրացիայի ղեկավարի որակավորման վկայականը:
Կենտրոնական բանկի վերոհիշյալ որոշումն ադմինիստրացիայի ղեկավարի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով, եթե միայն այն կայացվել է սույն օրենքով սահմանված ընթացակարգերի խախտմամբ: Որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
3. Ադմինիստրացիայի ղեկավարն անձնական գույքային պատասխանատվություն է կրում իր ոչ օրինաչափ և (կամ) ռիսկային գործողությունների հետևանքով բանկին պատճառած վնասի համար:
Հոդված 10. |
Ադմինիստրացիայի ղեկավարի իրավունքները և պարտականությունները |
1. Ադմինիստրացիայի ղեկավարը, գործելով սույն օրենքի և բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա`
ա) իրականացնում է բանկի կառավարման մարմինների` օրենքներով և հիմնադիր փաստաթղթերով սահմանած լիազորությունները.
բ) Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները.
գ) միջոցներ է ձեռնարկում բանկի գույքի և փաստաթղթերի պահպանության ուղղությամբ.
դ) պարզում է բանկի պարտատերերին, նրանց պահանջների չափը.
ե) միջոցներ է ձեռնարկում բանկի վարկային և դեբիտորական պարտքերի գանձման ուղղությամբ.
զ) դիմում է Կենտրոնական բանկ` բանկի պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) միջնորդությամբ.
է) բանկի կառավարման մարմիններից բանկի գործունեության վերաբերյալ ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր.
ը) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված լինելու դեպքում վաճառում է բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ ամբողջը, ընդ որում, բանկի ակտիվների և պարտավորությունների մասնակի վաճառքի ժամանակ ակտիվների և պարտավորությունների վաճառքի հերթականությունն ու չափը որոշում է Կենտրոնական բանկի խորհուրդը.
թ) բանկի անունից հայցով դիմում է դատարան և արբիտրաժային տրիբունալ.
ժ) բանկի տարածքային ստորաբաժանումներում և բանկի դուստր ընկերություններում նշանակում է ադմինիստրացիայի ներկայացուցիչներ.
ժա) բանկի անունից կնքում է ծրագրից բխող պայմանագրեր, կարող է բանկի ղեկավարներին և աշխատակիցներին ազատել աշխատանքից և միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի վճարումը.
ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկի ավանդային, ինչպես նաև բանկային կամ վարկային կազմակերպության գործունեությունից բխող այլ պայմանագրերով ստանձնած դրամական պարտավորություններով սահմանված տոկոսադրույքները.
ժգ) իրականացնում է օրենքով չարգելված այլ լիազորություններ:
1.1. Ադմինիստրացիայի ղեկավարի` սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
2. Ադմինիստրացիայի գործունեության աշխատակարգը սահմանում է ադմինիստրացիայի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ադմինիստրացիայի անդամները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի` օրենքից, այլ իրավական ակտերից և ֆինանսական առողջացման ծրագրից բխող հանձնարարականները:
3. Ադմինիստրացիան ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) անվանական արժեքը նվազեցնելու միջոցով, բայց ոչ պակաս, քան բանկի զուտ ակտիվների չափը: Ընդ որում, կանոնադրական կապիտալի չափը չի կարող ավելի պակաս լինել, քան օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը հիմք չէ բանկի պարտատերերի կողմից պարտավորությունների վաղակետ կատարում, դադարում կամ վնասի հատուցում պահանջելու, բանկը լուծարելու, ինչպես նաև բանկի մասնակիցների մասնակցության անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի նվազեցման հետևանքով ձևավորված նոր անվանական արժեքի տարբերությունը բանկի մասնակիցներին երբևէ հատուցելու համար:
Ադմինիստրացիան բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը: Ընդ որում, բանկի մասնակիցները, որոնց լիազորությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցված են, չեն օգտվում բաժնեմասերի (բաժնետոմսերի) կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքից:
(10-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 25.12.06 ՀՕ-58-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն օրենքներ)
Հոդված 11. |
Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման մարմինների լիազորությունների կասեցումը և դադարեցումը |
1. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների լիազորությունները կասեցվում են, իսկ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունները` դադարեցվում:
2. Ադմինիստրացիայի գործունեության ընթացքում բանկի կառավարման մարմիններն իրավունք չունեն ընդունել որոշումներ` օրենքով, բանկի հիմնադիր և ներքին փաստաթղթերով իրենց իրավասությանը վերապահված հարցերով:
3. Բանկի կառավարման մարմիններն ադմինիստրացիայի նշանակման պահից պարտավոր են ադմինիստրացիայի հետ համաձայնեցված ժամկետներում ադմինիստրացիայի ղեկավարին հանձնել բանկի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բանկի նյութական և այլ արժեքները:
4. Բանկի ղեկավարները և այլ աշխատակիցները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի օրինական հանձնարարականները:
(11-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 19.03.12 ՀՕ-64-Ն օրենքներ)
Հոդված 12. |
Ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությունը |
1. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման անհնարինության դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և բանկի նկատմամբ սնանկության վարույթ սկսելու միջնորդությամբ դատարան դիմելու անհրաժեշտության մասին:
2. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կամ դրանց իրականացման ընթացքում բանկի ֆինանսական առողջացման դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր միջնորդություն` ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցնելու և բանկը մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) կառավարմանը վերադարձնելու մասին:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը` 15-օրյա ժամկետում, քննարկում է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված միջնորդությունը և կայացնում որոշում` այն մերժելու կամ բավարարելու մասին:
Հոդված 13. |
Ադմինիստրացիայի գործունեության հետ կապված վեճերը |
(13-րդ հոդ. ուժը կորցրել է 12.06.2004 թվականից` 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
Հոդված 14. |
Բանկի պարտատերերի պահանջների սառեցումը |
1. Ադմինիստրացիա նշանակելու դեպքում Կենտրոնական բանկը` ադմինիստրացիայի ղեկավարի միջնորդությամբ կամ իր հաստատած ծրագրով, իրավունք ունի ադմինիստրացիայի գործողության ամբողջ (կամ անհրաժեշտության դեպքում` կարճ) ժամանակահատվածով սառեցնել բանկի պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Մորատորիումի գործողությունը տարածվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վրա, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պարտավորությունների և գործողությունների վրա (բացառությամբ սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող պարտավորությունների կամ գործողությունների զուտացման), եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված չէ, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում սույն մասում նշված պարտավորությունների և գործողությունների վրա:
2. Մորատորիումի գործողության ընթացքում`
ա) կասեցվում է դրամական պարտավորությունների և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.
բ) չի թույլատրվում կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով որևէ բռնագանձում կամ գանձում կամ արգելանքի կիրառում.
գ) կասեցվում է գույքային բռնագանձումներով կատարողական փաստաթղթերի կատարումը (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված` գումարների բռնագանձման մասին կատարողական փաստաթղթերի), եթե դրանց վերաբերյալ կայացված դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտել մինչև ադմինիստրացիայի նշանակումը:
3. Սույն հոդվածով նախատեսված` բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո չեն հաշվարկվում, վճարվում, գանձվում կամ բռնագանձվում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար օրենքներով կամ պայմանագրերով նախատեսված տուժանքները կամ ֆինանսական այլ պատժամիջոցները: Բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետի ավարտից հետո դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով պարտավորությունների գումարի վրա ենթակա են հաշվեգրման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու հետ կապված տոկոսները, եթե դրանք չեն գերազանցում օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսների չափը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, դրամական պարտավորություններով կամ պարտադիր վճարումների գծով օրենքով կամ պայմանագրով սահմանված տոկոսները գերազանցելու դեպքում, հաշվեգրվում են օրենքով կամ պայմանագրով նախատեսված տոկոսները:
Սույն կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են միայն բանկի պարտատերերի պահանջների սառեցման ժամկետից հետո ընկած ժամանակահատվածի համար: Նշված տոկոսները չեն հաշվեգրվում պարտավորության գումարի վրա հաշվեգրված տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև տոկոսների գումարների վրա:
4. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`
ա) քաղաքացիների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետևանքով առաջացած պահանջների,
բ) արձակման նպաստների և աշխատավարձերի (բացառությամբ բանկի հետ կապված անձանց) վճարման, հեղինակային պայմանագրերով պարգևատրումների հետ կապված քաղաքացիների պահանջների,
գ) բանկի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ ծախսերի վճարման գծով պահանջների վրա,
դ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման վրա:
5. Սույն հոդվածով նախատեսված բանկի պարտատերերի պահանջների բավարարման մորատորիումը վերացվում է (ապասառեցում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերում և կարգով, կարող են ապասառեցվել և կատարվել բանկի պարտատերերի պահանջներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:
(14-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 15. |
Բանկի կնքած պայմանագրի կատարումից միակողմանիորեն հրաժարվելը |
Ադմինիստրացիայի ղեկավարը, 30 օր առաջ տեղյակ պահելով իր մտադրության մասին, իրավունք ունի միակողմանիորեն լուծել բանկի կնքած այն պայմանագրերը, որոնք ուղղակիորեն կապված չեն բանկի բանկային գործունեության հետ, եթե դրանք ակնհայտորեն ոչ շահավետ պայմաններ են ստեղծել բանկի համար կամ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը կբերի բանկի ակտիվների էական նվազմանը: Սույն հոդվածով սահմանված կարգով բանկի կնքած պայմանագրերի լուծման դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը չի ազատվում մինչև պայմանագրի լուծման մասին մյուս կողմին ծանուցելը պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսական առողջացման ծրագրով դրանց կատարման վրա սահմանված է մորատորիում: Մորատորիումի առկայության դեպքում պարտավորությունները կատարվում են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 16. |
Բանկի գործարքների անվավերությունը |
1. Ադմինիստրացիայի ղեկավարի դիմումի հիման վրա դատարանը կարող է անվավեր ճանաչել`
ա) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող երեք տարվա ընթացքում բանկի կնքած այն գործարքները, որոնցով բանկի ղեկավարը, մասնակիցները (բաժնետերերը, փայատերերը) կամ նրանց հետ փոխկապակցված անձինք բանկից անհատույց կամ ակնհայտորեն շահավետ պայմաններով ստացել են որոշակի գույք.
բ) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող երեք տարվա ընթացքում բանկի մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին) բաշխված շահութաբաժինները, նրանց կամ այլ անձանց օգտին անհատույց օտարված գույքը.
գ) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող երեք տարվա ընթացքում կատարված այն գործարքները, որոնց արդյունքում բանկի կողմից տրամադրված գույքի իրական շուկայական արժեքն էականորեն գերազանցել է փոխարենն ստացված գույքի իրական շուկայական արժեքը, կամ այն գործարքները, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել բանկի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է հանդիսանում այլ բանկ, և գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի այլ կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էապես կվատթարանա.
դ) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող իննսուն օրվա ընթացքում բանկի` նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց բանկի կատարած վճարումները կամ գույքի օտարումը, բացառությամբ բանկի բնականոն գործունեության համար ընթացիկ վճարումների և այն դեպքերի, երբ գործարքի կողմ է հանդիսանում այլ բանկ, և գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի այլ կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էապես կվատթարանա.
ե) ադմինիստրացիայի նշանակմանը նախորդող իննսուն օրվա ընթացքում կնքված զուտացման համաձայնությունը և (կամ) ապահովության պայմանագիրը, եթե`
1) կնքման պահին պարտապան բանկի համար սնանկությունը կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր, և
2) այդպիսի զուտացման համաձայնություն և (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում բանկի շահերից և հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ:
2. Սույն հոդվածով նախատեսված գործարքներն անվավեր ճանաչելու հայցով ադմինիստրացիայի ղեկավարը կարող է դատարան դիմել իր նշանակումից հետո` մեկ տարվա ընթացքում:
(16-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 16.1 |
Ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների հետ կապված առանձնահատկությունները |
1. Սույն օրենքի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված գործարքները:
2. Սույն օրենքի իմաստով ապահովության պայմանագրեր են համարվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերի հետ կապված`
ա) հետևյալ ապահովված իրավունքները.
1) արժեթղթերի և դրամական միջոցների նկատմամբ ապահովված իրավունքը,
2) երաշխավորությունը և երաշխիքը,
3) մարժայի և նույնաբնույթ այլ պայմանագիրը,
4) գրավչության գործիքները.
բ) այն գործարքները, որոնց պարտադիր բաղկացուցիչ մաս է կազմում որպես ապահովման միջոց արժեթղթերի կամ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը, ներառյալ` ռեպո գործարքները, արժեթղթերի փոխառության գործարքները, արժեթղթերը գնելու և հետ վաճառելու հետ կապված գործարքները:
3. Սույն օրենքի իմաստով զուտացման համաձայնություն է հանդիսանում կողմերի գրավոր համաձայնությունը`
ա) որը նախատեսում է գլխավոր համաձայնագրի շրջանակներում կնքվող մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող վճարման կամ մատակարարման ներկա կամ ապագա իրավունքների կամ պարտավորությունների զուտացման իրավունք.
բ) որը նախատեսում է զուտացման իրավունք երկու և ավելի գլխավոր համաձայնագրերի միջև.
գ) սույն մասի «ա» և «բ» կետերով նախատեսված համաձայնագրերի հետ կապված կամ դրանց մաս կազմող ապահովության պայմանագիրը:
4. Սույն հոդվածի կանոնները տարածվում են զուտացում նախատեսող համայնությունների և ապահովության պայմանագրերի վրա բացառապես այն մասով, որը վերաբերում է ֆինանսական գործարքներին:
5. Սույն օրենքի իմաստով զուտացում է համարվում`
ա) զուտացման համաձայնության ներքո մեկ կամ մի քանի ֆինանսական գործարքներով և ապահովության պայմանագրերով վճարման կամ մատակարարման պարտավորությունները վաղաժամկետ կատարելը կամ վաղաժամկետ դադարեցնելը, և
բ) սույն մասի «ա» կետով նախատեսված յուրաքանչյուր վճարման կամ մատակարարման պարտավորության կատարման այդպիսի դադարեցման և (կամ) վաղաժամկետ կատարում պահանջելու ուժով առաջացած արժեքի, շուկայական արժեքի, լիկվիդացիոն արժեքի կամ այդ պարտավորությունը փոխարինելու արժեքի գնահատումը և հաշվարկը, և (կամ),
գ) սույն մասի «բ» կետով հաշվարկված կամ գնահատված արժեքների փոխարկումը մեկ արժույթի, և
դ) սույն մասի «բ» կետով հաշվարկված, ինչպես նաև «գ» կետով նույն արժույթի փոխարկված արժեքների զուտ հաշվեկշռի որոշումը` հաշվանցի կամ այլ միջոցներով:
6. Սույն օրենքի 14-րդ հոդվածով և սույն օրենքի այլ կանոններով նախատեսված պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հաշվանցի իրականացման սահմանափակումը չեն տարածվում պարտապան բանկի մասնակցությամբ զուտացման համաձայնության վրա:
7. Ադմինիստրացիան իրավասու է միակողմանիորեն պահանջելու իրականացնել զուտացումը, եթե զուտացման համաձայնության կողմը պարտատերերի պահանջների բավարարման սառեցման պահից 45 օրվա ընթացքում չի իրականացրել զուտացման համաձայնությամբ վերջինիս տրված իրավունքները, եթե կողմերի միջև պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ:
8. Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված` ադմինիստրացիայի ղեկավարի իրավունքները (բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով նախատեսված իրավունքների) չեն տարածվում սույն հոդվածով սահմանված զուտացման համաձայնության շրջանակներում պարտապան բանկից պահված կամ պարտապան բանկի փոխանցած գումարների կամ ապահովության առարկայի վրա, ինչպես նաև ֆինանսական գործարքների վրա:
(16.1-ին հոդ. լրաց. 27.10.16 ՀՕ-191-Ն օրենք)
i
Հոդված 17. |
Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի հաշվետվությունը |
Ադմինիստրացիան և հիփոթեքային կառավարիչը հաշվետու է Կենտրոնական բանկին:
Ադմինիստրացիայի և հիփոթեքային կառավարչի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը, պայմանները, այդ թվում` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ներկայացման հաճախականությունը, կարգը և պայմանները, սահմանում է Կենտրոնական բանկը:
(17-րդ հոդ. փոփ. 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 18. |
Ադմինիստրացիայի գործունեության դադարեցումը |
1. Ադմինիստրացիայի գործունեությունը դադարեցվում է Կենտրոնական բանկի կողմից, եթե`
ա) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին իրականացվել են ծրագրով նախատեսված նպատակները, և Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում, կամ`
բ) ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից հետո կամ դրա գործողության ընթացքում ցանկացած պահին Կենտրոնական բանկի դիմումի համաձայն` դատարանը որոշում է կայացրել բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկի կառավարման մարմինների և ղեկավարների լիազորությունները համարվում են վերականգնված, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի լիազորությունների, որոնք վերականգնման ենթակա չեն:
ԳԼՈՒԽ 3.
ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
i
Հոդված 19. |
Բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը |
1. Բանկի ֆինանսական առողջացման ծրագիրն ադմինիստրացիայի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
2. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագիրը պարտադիր կարգով պետք է պարունակի`
ա) բանկի ֆինանսական վիճակի գնահատականը.
բ) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց մասնակցության եղանակները բանկի ֆինանսական առողջացմանը.
գ) բանկի պահպանության ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումները.
դ) լրացուցիչ եկամուտների ստացմանն ուղղված միջոցառումները.
ե) տարաժամկետված վարկերի և դեբիտորական պարտքերի վերադարձմանն ուղղված միջոցառումները.
զ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխության ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները.
է) ընթացիկ իրացվելիության և հիմնական կապիտալի բավարար մակարդակի, այլ տնտեսական նորմատիվների վերականգնման հետ կապված միջոցառումները.
ը) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված բանկի կանոնադրական կապիտալի նվազեցման և ավելացման դեպքերը, կարգը, պայմանները և ժամկետները:
3. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրում կարող են ներառվել հետևյալ միջոցառումները`
ա) բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները բանկի կանոնադրական կապիտալի ավելացման, վարկերի, փոխառությունների տրամադրման, ինչպես նաև պարտատոմսերի, այլ արժեթղթերի, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների գնման ձևով.
բ) բանկի ակտիվների և պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) կառուցվածքի փոփոխությունը, ինչպես նաև բանկի, որպես միասնական ամբողջության, կամ դրա մի մասի վաճառքը.
գ) բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը.
դ) բանկի վերակազմակերպումը.
ե) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:
4. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի ձևը, դրանում ներառվող պարտադիր այլ դրույթները սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Բանկի ֆինանսական առողջացման միջոցառումների ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը` իր սահմանած կարգով:
6. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից բանկը դուրս է գալիս «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տնտեսական նորմատիվների կարգավորման դաշտից: Կենտրոնական բանկը կարող է անվճարունակ բանկի համար սահմանել հիմնական և հատուկ տնտեսական նորմատիվների այլ սահմանաչափեր, հաշվարկման կարգ և հաշվարկում ընդգրկվող տարրերի կազմ:
(19-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 20. |
Բանկի մասնակիցների և այլ անձանց ֆինանսական օգնությունը, լրացուցիչ ներդրումները |
1. Բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները կարող են իրականացվել հետևյալ ձևերով`
ա) բանկում բանկային ավանդի (դեպոզիտի) ներդրում, ընդ որում, բանկային ավանդի (դեպոզիտի) ներդրման պայմանները սահմանվում են ծրագրով.
բ) երաշխիքի տրամադրում բանկի վարկային պարտավորությունների համար, վարկերի, փոխառությունների տրամադրում, ինչպես նաև ստորադաս պարտատոմսերի գնում.
գ) վճարման հետաձգման կամ կետանցի տրամադրում.
դ) բանկի պարտքի փոխանցում` նրա պարտատերերի համաձայնությամբ.
ե) լրացուցիչ ներդրում բանկի կանոնադրական կապիտալում.
զ) բանկի պարտքի ներում.
է) օրենքով չարգելված այլ ձևերով:
2. Բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցները, Կենտրոնական բանկի համաձայնությամբ, բանկի պարտատիրոջ կողմից կարող են ուղղվել բանկի կանոնադրական կապիտալի մեծացմանը:
3. Բանկին ցույց տրվող ֆինանսական օգնության ձևերի և պայմանների մասին որոշումներն ընդունվում են բանկի և ֆինանսական օգնություն ցույց տվող անձի կողմից: Այդ որոշումներն ադմինիստրացիայի ղեկավարը պարտավոր է նախապես համաձայնեցնել Կենտրոնական բանկի հետ:
Հոդված 21. |
Բանկի ակտիվների և պարտավորությունների կառուցվածքի փոփոխությունը |
1. Բանկի ակտիվների կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել`
ա) վարկային պորտֆելի որակի բարելավում.
բ) ակտիվների կառուցվածքի փոփոխում ըստ ժամկետների` համապատասխանեցնելով դրանք համապատասխան պարտավորությունների կատարումն ապահովող ժամկետների հետ.
գ) բանկի ծախսերի, այդ թվում` պարտքերի սպասարկման և նրա կառավարման գծով իրականացվող ծախսերի կրճատում.
դ) շահույթ չբերող ակտիվների, ինչպես նաև այն ակտիվների վաճառք, որոնց օտարումը չի խոչընդոտում բանկի կողմից բանկային գործառույթների պատշաճ իրականացմանը.
ե) ակտիվների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ:
զ) (զ ենթակետն ուժը կորցրել է 12.06.2004 թվականից` ՀՕ-64-Ն օրենք)
2. Բանկի պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) կառուցվածքի փոփոխությունը կարող է նախատեսել`
ա) ընդհանուր և (կամ) կանոնադրական կապիտալի չափի մեծացում.
բ) պարտավորությունների ընդհանուր կառուցվածքում ցպահանջ և կարճաժամկետ պարտավորությունների տեսակարար կշռի կամ չափի իջեցում.
գ) պարտավորությունների ընդհանուր կառուցվածքում երկարաժամկետ և միջին ժամկետայնության պարտավորությունների տեսակարար կշռի մեծացում.
դ) պարտավորությունների կառուցվածքի այլ բնույթի փոփոխություններ:
(21-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 22. |
Բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը |
Բանկի կազմակերպական կառուցվածքի փոփոխությունը կարող է իրականացվել`
ա) բանկի աշխատակիցների թվաքանակի և կազմի փոփոխությամբ.
բ) բանկի կառուցվածքի փոփոխությամբ.
գ) տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարմամբ.
դ) այլ միջոցներով, որոնք կարող են նպաստել բանկի ֆինանսական առողջացմանը:
Հոդված 23. |
Բանկի վերակազմակերպումը |
1. Բանկի վերակազմակերպումն իրականացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի ֆինանսական առողջացման ծրագրով կարող է նախատեսվել բանկի կազմակերպական-իրավական ձևի փոփոխություն, որն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3.1.
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(3.1-ին գլուխը լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 23.1. |
Հիփոթեքային կառավարիչը |
«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո նրան է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների և դրանց ապահովման միջոցների կառավարումը:
(23.1-ին հոդ. լրաց 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 23.2. |
Հիփոթեքային կառավարչի պարտականությունները, իրավասությունները |
1. Հիփոթեքային կառավարչի պարտականությունն է ապահովման միջոցների կառավարումը և հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարմանն ուղղված գործողությունների իրականացումը, այդ թվում` ապահովման միջոց հանդիսացող ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները` որպես ամբողջություն այլ թողարկողի փոխանցելուն ուղղված գործողությունների իրականացումը:
2. Հիփոթեքային կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները` ելնելով հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից, իրականացնում իր իրավունքները և կատարում ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):
3. Հիփոթեքային կառավարչի նշանակման օրվանից նրան են փոխանցվում որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների կառավարման և տնօրինման իրավունքները, ինչպես նաև որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների հետ առնչվող համապատասխան փաստաթղթերը:
4. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները համարվում են հիփոթեքային կառավարչի կառավարման և տնօրինման ներքո գտնվող ակտիվներ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ակտիվների գումարային մեծությունն ավելին է, քան սույն օրենքով հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար սահմանված ապահովման միջոցների անհրաժեշտ մակարդակը:
5. Թողարկողի կողմից ռեգիստրում գրանցված ակտիվների հետ կապված բոլոր գործարքները, որոնք իրականացվել են հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո, համարվում են անվավեր: Եթե թողարկողի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ գործարքներ են իրականացվել հիփոթեքային կառավարչի նշանակման օրը, ապա դրանք համարվում են կնքված նրա նշանակումից հետո:
6. Հիփոթեքային կառավարիչն իրավասու է`
ա) հավաքագրելու ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների հետ կապված գումարները` համաձայն պայմանագրերով սահմանված ժամկետների.
բ) ներկայացնելու թողարկողին իր իրավասությունների հետ կապված հարցերով դատարանում և այլ անձանց հետ հարաբերություններում.
գ) ինչպես իր նշանակման ժամանակ, այնպես էլ դրանից հետո ապահովման միջոց հանդիսացող ակտիվները` հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններին սույն օրենքով սահմանված կարգով համարժեք չլինելու դեպքում իրականացնելու ապահովման միջոցների, այդ թվում` գրավի առարկայի ողջամիտ գնով իրացման համար անհրաժեշտ բոլոր իրավական գործողությունները` հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու նպատակով:
7. Հիփոթեքային կառավարչի նշանակման և նրա կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարման կապակցությամբ առաջացող ծախսերը, այդ թվում` վարձատրությունը, կատարվում են ռեգիստրում գրանցված ակտիվներից ստացված միջոցների հաշվին` առաջնահերթության կարգով:
(23.2-րդ հոդ. լրաց 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 23.3. |
Հիփոթեքային կառավարչի անկախությունը |
1. Հիփոթեքային կառավարիչն օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և գործում է ինքնուրույն:
2. Ժամանակավոր ադմինիստրացիան և (կամ) լուծարային կառավարիչը և (կամ) լուծարային հանձնաժողովը պարտավոր են`
ա) չխոչընդոտել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը.
բ) օժանդակել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը.
գ) ձեռնպահ մնալ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների իրացման կապակցությամբ որևէ գործողություն ձեռնարկելուց.
դ) հիփոթեքային կառավարչին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:
(23.3-րդ հոդ. լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 23.4. |
Ապահովման միջոցների և ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարումը |
1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին:
2. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի և ռեգիստրում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքների գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:
3. Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա վերջիններս պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը:
4. Բանկի կամ վարկային կազմակերպության մնացորդային ակտիվների նկատմամբ սնանկության գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն` արտահերթ:
Ռեգիստրում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքների գծով պահանջներն ապահովված հիփոթեքային պարտատոմսերի նկատմամբ պահանջների հետ ընդգրկվում են պահանջների բավարարման միևնույն խմբում:
5. Թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և (կամ) լուծարային կառավարիչը կարող են հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնելու այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից և կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին և ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:
(23.4-րդ հոդ. լրաց 26.05.08 ՀՕ-102-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
Հոդված 23.5. |
Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը |
i
1. «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնակից կազմակերպության կամ կենտրոնացված թողարկողի սնանկության (անվճարունակության) դեպքում, հիփոթեքային կառավարիչը ռեգիստրում գրանցված ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները, որպես մեկ ամբողջություն, Կենտրոնական բանկի թույլտվության հիման վրա փոխանցում է այլ թողարկողի` սույն հոդվածով սահմանված կարգով:
Ընդ որում, մասնակից կազմակերպության սնանկության (անվճարունակության) դեպքում նրա այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից կազմակերպությանը տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են փոխանցվել կենտրոնացված թողարկողին կամ կենտրոնացված թողարկողի համաձայնությամբ` անվճարունակ չճանաչված այլ թողարկողի, ներառյալ` մասնակից կազմակերպության:
2. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները փոխանցելիս այդ պարտատոմսերի սեփականատերերի համաձայնությունը չի պահանջվում:
3. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է այդ մասին հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում առնվազն 2000 տպաքանակով տպագրվող մամուլում, Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներով` թողարկողի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև ծանուցել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին:
4. Կենտրոնական բանկի կողմից փոխանցման թույլտվությունն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիփոթեքային կառավարիչը պարտավոր է գրանցման ներկայացնել ազդագրի փոփոխությունները` պայմանավորված թողարկողի փոփոխությամբ:
(23.5-րդ հոդ. լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-317-Ն օրենքներ)
Հոդված 23.6. |
Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը |
1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող թողարկողը` ի դեմս հիփոթեքային կառավարչի, և ստանձնող թողարկողը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են`
ա) փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը.
բ) փոխանցման պայմանագիրը.
գ) ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների ցանկը.
դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ:
Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու վերաբերյալ որոշում է կայացնում` դիմումը ներկայացնելու պահից 45 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Կենտրոնական բանկն առարկում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը, եթե`
ա) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանցում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի իրավունքները կամ օրինական շահերը.
գ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել ստանձնող թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը:
3. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
4. Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին ծանուցել դիմումը ներկայացրած թողարկողներին, ինչպես նաև իր որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում:
(23.6-րդ հոդ. լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 23.7. |
Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման պայմանագիրը |
1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը` որպես մեկ ամբողջություն, իրականացվում է փոխանցման պայմանագրով, որն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը չառարկելու մասին որոշման օրվանից:
2. Փոխանցման գործարքն իրականացվելուց հետո հիփոթեքային կառավարչին վերապահված` փոխանցված ակտիվների և պարտավորությունների մասով լիազորությունները դադարում են, և այդ լիազորություններն անցնում են փոխանցումն ստանձնած թողարկողին:
3. Փոխանցումն ստանձնած թողարկողը պատասխանատվություն է կրում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարման համար:
(23.7-րդ հոդ. լրաց. 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4.
ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 24. |
Բանկի սնանկության վարույթի հարուցման հիմքերը |
Բանկի սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում, եթե`
ա) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը, կամ`
բ) ադմինիստրացիայի գործունեության ընթացքում Կենտրոնական բանկին ակնհայտ է դառնում, որ բանկը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել բանկի միջոցների առավել մեծ քանակ, քան ադմինիստրացիայի գործունեությունը շարունակելիս, կամ չի հաջողվում վերականգնել բանկի կայուն վճարունակությունը:
Հոդված 25. |
Բանկի սնանկության վարույթի նախաձեռնության իրավունքը |
Բանկի նկատմամբ սնանկության վարույթ հարուցվում է բացառապես Կենտրոնական բանկի կողմից` նրա խորհրդի որոշմամբ:
Հոդված 26. |
Բանկի սնանկության վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ կենտրոնական բանկ դիմելը |
1. Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը պետք է կցվեն բանկի դրամական պարտավորությունների առկայությունը և նրանց չափը հիմնավորող փաստաթղթերը:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդությունը քննարկում և երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նախագահը կարող է երկարաձգել միջնորդության քննարկման ժամկետը ևս երկու շաբաթով: Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է այն պարտատիրոջը:
3. Կենտրոնական բանկի որոշումը պարտատիրոջ միջնորդությունը մերժելու մասին կարող է բողոքարկել միջնորդությունը ներկայացրած պարտատերը` Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում: Բողոքի քննության ժամանակ դատարանն առաջարկում է Կենտրոնական բանկին` ներկայացնել եզրակացություն սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին կամ բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը: Կենտրոնական բանկը, դատարանի առաջարկն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է նշված փաստաթղթերն ուղարկել դատարան: Կենտրոնական բանկի` բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենի ներկայացումը դատարան հիմք է հանդիսանում սնանկության գործի վարույթն սկսելու համար:
4. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին Կենտրոնական բանկի եզրակացության առկայության դեպքում դատարանը մերժում է պարտատիրոջ դիմումը:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 12.06.2004 թվականից` 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
(26-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
Հոդված 27. |
Բանկի սնանկության մասին Կենտրոնական բանկի դիմումը դատարան |
1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում և որոշում է կայացնում բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:
2. Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հնգօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում բանկի սնանկության մասին դիմում` առաջարկելով լուծարային կառավարչի թեկնածություն (թեկնածություններ): Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում իր խորհրդի որոշումը կամ որոշման պատճենը` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով` նաև բանկի անվճարունակության հայտնաբերման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: Կենտրոնական բանկը դիմումին կից դատարան է ներկայացնում իր խորհրդի կողմից սահմանված հիմնավորող այլ փաստաթղթեր:
3. Բանկի սնանկության մասին դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը որոշում է կայացնում հիփոթեքային կառավարիչ նշանակելու մասին (եթե մինչ այդ նշանակված չէր), որն ուժի մեջ է մտնում դատարանի կողմից բանկի սնանկության վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից:
(27-րդ հոդ. փոփ. 26.05.08 ՀՕ-102-Ն օրենք)
Հոդված 28. |
Բանկի սնանկության վարույթն սկսելը և բանկի սնանկության մասին գործերի քննության կարգը |
1. Բանկերի սնանկության մասին գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Դատարանի կողմից բանկի սնանկության մասին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:
3. Բանկերի սնանկության վարույթի ընթացքում հաշտության համաձայնություն չի կարող կնքվել:
4. Բանկի սնանկության գործով դատավարությունում գործին մասնակցող անձինք են պարտապան բանկը, Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը:
Հոդված 29. |
Դատարանի որոշումը բանկի սնանկության և բանկի լուծարային կառավարիչ նշանակելու մասին |
1. Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը եռօրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով: Բանկի սնանկության մասին որոշում կայացնելիս դատարանը նշանակում է նաև լուծարային կառավարիչ` Կենտրոնական բանկի կամ պարտատերերի կողմից ներկայացված թեկնածուների թվից:
2. Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից`
ա) լուծարային կառավարչին են անցնում բանկի գործերի կառավարման լիազորությունները.
բ) դադարեցվում են բանկի բոլոր տեսակի պարտավորությունների (բացառությամբ սույն օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) դիմաց տոկոսների և այլ նմանատիպ հատուցումների, օրենքով կամ պայմանագրով նախատեսված բոլոր տեսակի տուժանքների, տուգանքների, տույժերի, տոկոսների հաշվարկումը և գանձումը, վարձակալական և այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը.
գ) սառեցվում են բանկի բոլոր, այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերում գտնվող հաշիվները և թույլատրվում են միայն բանկին կատարվող վճարումները.
դ) դատարաններում կարճվում են բոլոր այն գործերի վարույթները, որտեղ բանկը ճանաչվել է պատասխանող, ինչպես նաև կասեցվում են բանկի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանների, արբիտրաժային տրիբունալների վճիռների, որոշումների կատարողական վարույթները: Սույն կետով սահմանված` կասեցված կամ կարճված վարույթների հետ կապված պահանջները պարտատերերը կարող են ներկայացնել լուծարային կառավարչին` սույն օրենքով սահմանված կարգով.
ե) լուծարային կառավարչի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը դիմումն ստանալու պահից` եռօրյա ժամկետում, լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
2.1. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու պահից հիփոթեքային կառավարչին է անցնում հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը:
2.2. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործարքներից և ապահովության պայմանագրերից բխող զուտացման համաձայնության վրա:
3. Կենտրոնական բանկի դիմումը մերժելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը վերականգնում է բանկի բանկային գործունեության լիցենզիան, վերականգնվում են բանկի բոլոր կառավարման մարմինների, ղեկավարների` մինչև այդ կասեցված կամ դադարեցված լիազորությունները, բացառությամբ գործադիր տնօրենի կամ նման պարտականություններ կատարող կառավարման այլ մարմնի, որի լիազորությունները չեն վերականգնվում:
(29-րդ հոդ. փոփ. 25.12.06 ՀՕ-58-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն, 08.06.09 ՀՕ-143-Ն, 27.10.16 ՀՕ-191-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ 5.
ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
Հոդված 30. |
Բանկի լուծարման ընթացակարգը |
1. Դատարանի կողմից սնանկ ճանաչված բանկի լուծարման ընթացակարգն սկսում է դատարանը` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
2. Բանկի կառավարման մարմինները, իսկ սույն օրենքով սահմանված կարգով ադմինիստրացիա նշանակված լինելու դեպքում` ադմինիստրացիայի ղեկավարը, պարտավոր է դատարանի կողմից բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից` 15-օրյա ժամկետում, լուծարային կառավարչին հանձնել բանկի փաստաթղթերը, նյութական և այլ արժեքները:
3. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի և վայրի մասին տեղեկություններ: Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից և գերազանցել վեցամսյա ժամկետը:
4. Լուծարային կառավարիչը սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված` պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու և այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային կառավարիչը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին` նշելով ժամկետը, որի ընթացքում նրանք կարող են պահանջել այդ գույքը: Նշված ժամկետը չի կարող լինել մեկ ամսից ավելի: Լուծարային կառավարչի ծանուցումն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային կառավարիչը գույքը հանձնում է ի պահ` օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր:
5. Լուծարային կառավարիչը, սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` բանկի պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ:
6. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ`
ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.
բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այլ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված` պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.
գ) այդ պահանջների քննարկման արդյունքների մասին.
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տեղեկություններ:
7. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրել լուծարային կառավարչին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում:
8. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից:
9. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված կարգով լուծարվող բանկի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո ողջամիտ ժամկետում փոխել լուծարվող բանկի կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող բանկ» բառերը:
10. Սույն հոդվածով սահմանված լուծարային կառավարչի իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած և հաստատած լուծարային հաշվեկշռում:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված լիազորությունները:
(30-րդ հոդ. փոփ. 26.05.08 ՀՕ-102-Ն, 19.03.2012 ՀՕ-64-Ն օրենքներ)
Հոդված 31. |
Պահանջների բավարարման հերթականությունը |
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ:
1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից` արտահերթ` հետևյալ հերթականությամբ.
1) առաջին` պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.
2) երկրորդ` պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.
3) երրորդ` կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.
4) չորրորդ` կամավոր ապահովագրության պայմանագրից բխող այլ պահանջներ.
5) հինգերորդ` վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող` անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.
6) վեցերորդ` վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.
7) առաջինից վեցերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ:
Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով` ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասն ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում և օգտագործվում է օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ`
ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում.
բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ, փոխառություն են տրամադրել կամ բանկում ավանդ են ներդրել կամ բանկային հաշվին դրամական միջոցներ են մուտքագրել բանկում ադմինիստրացիա նշանակվելուց հետո, բացառությամբ պարտատիրոջ և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.
գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչև 16 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում` ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, որոնք բավարարվում են սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հերթականությամբ.↩
դ) չորրորդ` բանկի այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների և բանկային հաշիվների մնացորդների.
ե) հինգերորդ` պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.
ե.1) վեցերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.
զ) յոթերորդ` բանկի մասնակիցների պահանջները:
Սույն կետով սահմանված` բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ», «դ» և «ե.1» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները և բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «զ» ենթակետով սահմանված հերթում:
Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 16 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում, տվյալ անձի` մինչև 16 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում:↩
Ավանդների երաշխավորման համակարգի շրջանակներում, երաշխավորված գումարը հատուցելուց հետո օրենքով սահմանված երաշխավորողը փաստացի հատուցված գումարի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ ավանդատուն (պարտատերը) համաձայն սույն հոդվածի իրավունք կունենար ստանալ իր ավանդը (հաշվի մնացորդը):
Սույն հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված բանկի այլ պարտավորությունները ներառում են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:
Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ:
Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված գումարի չափով Բյուրոն պահանջի իրավունք է ձեռք բերում ապահովագրական ընկերության նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ տուժողը (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար բավարարելու իր պահանջը:
3. Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որևէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն կամ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է` հիմք ընդունելով պարտավորությունների չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ: Սույն մասով սահմանված պարտավորությունների բավարարման սկզբունքը հաստատում է դատարանը Կենտրոնական բանկի միջնորդությամբ` միջնորդությունը ստանալու պահից 5-օրյա ժամկետում` հաշվի առնելով այն, թե որ սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր կլինի բավարարել առավել մեծ քանակությամբ պարտատերերի պահանջները: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:
4. Լուծարային կառավարչի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև բանկի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկել լուծարային կառավարչի գործողությունները: Սույն կետով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային կառավարիչն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային կառավարչի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը:
Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո:
Եթե պահանջ ներկայացրած և լուծարային կառավարչի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային կառավարչի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի` ի պահ:
Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային կառավարիչը մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:
5. Լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: Եթե պարտատերը ներկայացրել է պահանջը պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և պահանջը հնարավոր չէ բավարարել լուծարային միջոցները չբավարարելու պատճառով, ապա նրա պահանջը համարվում է մարված` անգամ, եթե առկա է տվյալ պահանջը ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:
6. Սույն հոդվածով սահմանված հերթերից որևէ մեկի բավարարման ընթացքում, եթե պարզվում է, որ բանկն այլևս ակտիվ չունի կամ հնարավոր չէ այլ կերպ բավարարել բանկի պարտատերերի պահանջները, լուծարային կառավարիչը, համաձայն սույն օրենքի 32-րդ հոդվածի, կազմում է լուծարման հաշվեկշիռ և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումից հետո պարտատերերի հետ հաշվարկները համարվում են ավարտված:
(31-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 09.04.07 ՀՕ-181-Ն, 18.03.08 ՀՕ-6-Ն, 28.02.11 ՀՕ-58-Ն, 21.12.15 ՀՕ-3-Ն, 25.10.17 ՀՕ-190-Ն, 27.10.20 ՀՕ-479-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)
Հոդված 32. |
Լուծարման հաշվեկշռի հաստատումը |
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային կառավարիչը կազմում է լուծարման հաշվեկշիռը և այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան:
2. Դատարանը 10-օրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում` նշելով մերժման հիմքերը: Լուծարման հաշվեկշռի հաստատման վարույթում գործին պարտադիր մասնակցող անձ է Կենտրոնական բանկը: Դատարանը մերժում է լուծարման հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային կառավարչի կողմից խախտվել են սույն օրենքի պահանջները:
3. Դատարանի կողմից լուծարման հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային կառավարիչն իրավունք ունի 10-օրյա ժամկետում վերացնել դատարանի կողմից լուծարման հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարման հաշվեկշիռն հաստատելու մասին նոր դիմում ներկայացնել դատարան: Դատարանն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից` լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
i
Հոդված 33. |
Լուծարային կառավարչի լիազորությունները |
1. Բանկի լուծարային կառավարիչը բանկի պարտատերերի պահանջներն առավելագույն չափով բավարարելու նպատակով իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունները, այդ թվում`
i
ա) իրավունք ունի միակողմանիորեն լուծելու ցանկացած անձի հետ կնքված աշխատանքային, ծառայությունների մատուցման, գույքի վարձակալության և այլ պայմանագրերը: Լուծարային կառավարիչը չի կարող միակողմանիորեն լուծել բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերը.
բ) կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ է սույն օրենքով իր վրա դրված պարտականություններն իրականացնելու համար.
գ) իր նշանակման պահից` երկամսյա ժամկետում, դատարան ներկայացնել սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հայցադիմումները.
դ) հրապարակային սակարկություններով վաճառել բանկի միջոցները.
ե) իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ:
1.1. Լուծարային կառավարչի` սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
2. Լուծարային կառավարիչը, Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ցանկով և ձևով, իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղեկություններ է հրապարակում մամուլում:
3. Լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան:
4. Դատարանն ու Կենտրոնական բանկը իրավունք ունեն լուծարային կառավարչից պահանջել ցանկացած տեղեկություն` նրա գործունեության վերաբերյալ:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ իրականացնել լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեության ստուգումներ` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ստուգման արդյունքներով, ինչպես նաև Կենտրոնական բանկ և դատարան ներկայացված հաշվետվություններում արձանագրված` լուծարվող բանկի և (կամ) լուծարային կառավարչի գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցներ և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջնորդությամբ դիմել դատարան:
6. Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները`
ա) նախազգուշացում և թույլ տրված խախտումը վերացնելու հանձնարարական.
բ) որակավորման վկայականի ուժը կորցրած ճանաչում.
գ) տուգանք:
Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը և (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված հիմքով լուծարային կառավարչի պարտականություններից ազատելը, չեն ազատում լուծարային կառավարչին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվությունից:
(33-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն, 25.10.17 ՀՕ-184-Ն օրենքներ)
Հոդված 34. |
Բանկի լուծարային միջոցները |
1. Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը, ներառյալ` միջոցները, պահանջի իրավունքները, գրավի առարկա համարվող գույքը` պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետևանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) և ղեկավարների միջոցները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով, այլ միջոցները:
Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները, դրանց գրավի առարկա հանդիսացող գույքը չեն ընդգրկվում լուծարային միջոցներում:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է լուծարվող բանկի այն գույքի ցանկը, որը պետք է իրացվի հրապարակային սակարկությունների միջոցով:
(34-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն, 26.05.08 ՀՕ-102-Ն օրենքներ)
Հոդված 34.1. |
Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի գույքի իրացման կարգը |
Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(34.1-րդ հոդ. լրաց. 08.10.03 ՀՕ-17-Ն օրենք)
i
Հոդված 35. |
Բանկի լուծարային հաշիվը |
1. Դատարանի կողմից բանկի սնանկության և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից` եռօրյա ժամկետում, լուծարային կառավարիչը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում բացում է բանկի լուծարային հաշիվ, որի վրա հաշվեգրվում են բանկի բոլոր դրամական միջոցները, ինչպես նաև բանկի լուծարային միջոցների իրացումից ստացված գումարները: Լուծարման ընթացակարգում գտնվող բանկը, բացի սույն կետով սահմանված լուծարային հաշվից, այլ հաշիվներ չի կարող ունենալ:
2. Լուծարային հաշվի բացման, վարման, ինչպես նաև այլ բանկերում հաշիվների փակման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
Հոդված 36. |
Լուծարային կառավարչի պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքները |
1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմել դատարան` լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ:
2. Լուծարային կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է մրցութային կառավարչի լիցենզիայի հետկանչման համար: Կենտրոնական բանկն այս մասին համապատասխան միջնորդությամբ կարող է դիմել իրավասու պետական մարմին:
3. Լուծարային կառավարիչն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Լուծարային կառավարչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան` բանկի պարտատերերի, պարտապանների, Կենտրոնական բանկի կողմից:
(36-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
Հոդված 37. |
Բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) պատասխանատվությունը |
1. Բանկին պարտադիր ցուցում տալու կամ նրա գործողություններն այլ ձևերով կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) ուղղակի կամ անուղղակի գործողությունների հետևանքով բանկի սնանկության դեպքում այդ անձինք բանկի պարտավորությունների համար կրում են սուբսիդիար պատասխանատվություն:
2. Սուբսիդիար պատասխանատվություն որոշելու հայցով դատարան կարող են դիմել Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը:
Հոդված 38. |
Ինքնալուծարվող բանկի սնանկ ճանաչումը |
1. Եթե ինքնալուծարվող բանկի գույքի արժեքն անբավարար է բանկի պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա բանկը լուծարվում է սույն օրենքով նախատեսված կարգով` սնանկության միջոցով: Սույն հոդվածով նախատեսված դեպքում լուծարվող բանկի սնանկության մասին դիմում կարող է ներկայացնել Կենտրոնական բանկը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց դիմումը վարույթ ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանը գործը քննում է սույն օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6.
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
Հոդված 39. |
Ադմինիստրացիայի ղեկավարի որակավորումը և լուծարային կառավարչի լիցենզավորումը |
1. Ադմինիստրացիայի ղեկավարը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական (արտոնագիր), որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից:
2. Բանկի լուծարային կառավարիչը պետք է ունենա մրցութային կառավարչի լիցենզիա, որը տրվում է պետական լիազորված մարմնի կողմից, ինչպես նաև պետք է համապատասխանի Կենտրոնական բանկի սահմանած որակավորման պահանջներին:
3. Ադմինիստրացիայի ղեկավարի և լուծարային կառավարչի որակավորման կարգը, նրանց թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
(39-րդ հոդ. փոփ. 27.04.04 ՀՕ-64-Ն օրենք)
Հոդված 40. |
Ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի ծախսերը, վարձատրությունը |
1. Ադմինիստրացիայի գործունեության հետ կապված ծախսերը, ներառյալ` ադմինիստրացիայի անդամների աշխատանքի վարձատրությունը, իրականացվում է բանկի միջոցների հաշվին, իսկ լուծարային կառավարչինը` լուծարային միջոցների հաշվին:
2. Ադմինիստրացիայի ղեկավարի և անդամների վարձատրության չափը և այլ ծախսերը սահմանում է Կենտրոնական բանկը, իսկ լուծարային կառավարչինը` Կենտրոնական բանկի ներկայացմամբ` դատարանը: Լուծարային կառավարչի վարձատրության չափը չի կարող ավելի բարձր լինել, քան Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի համար սահմանված վարձատրության չափը:
ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41. |
Սնանկության գործերը քննող դատարանը |
1. Բանկերի սնանկության վերաբերյալ գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը` միանձնյա կարգով:
2. Սույն օրենքով սահմանված` բանկի սնանկության գործի վարույթի ընթացքում լուծարային կառավարչի գործողությունների բողոքարկման հետ կապված բողոքները քննում է տվյալ բանկի սնանկությունը հաստատած դատարանը:
i
Հոդված 42. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հունիսի 29-ի «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`
ա) «Բանկերի սնանկացման մասին» վերոհիշյալ օրենքի համաձայն` նախնական խնամակալության մեջ գտնվող բանկերի նախնական խնամակալության համար սահմանված ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկը կարող է նշանակել ադմինիստրացիա և հաստատել ֆինանսական առողջացման ծրագիր կամ բանկի սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան, ընդ որում` Կենտրոնական բանկն ունի նաև սույն օրենքով սահմանված լիազորությունները.
բ) «Բանկերի սնանկացման մասին» վերոհիշյալ օրենքի համաձայն` խնամակալության մեջ գտնվող բանկերի խնամակալները ձեռք են բերում սույն օրենքով ադմինիստրացիայի համար սահմանված բոլոր լիազորությունները, ընդ որում` Կենտրոնական բանկն ունի նաև սույն օրենքով սահմանված լիազորությունները.
գ) «Բանկերի սնանկացման մասին» վերոհիշյալ օրենքի համաձայն` խնամակալության մեջ գտնվող բանկերի վերաբերյալ լուծարման մասին որոշումներ կայացնելիս այդ բանկերի նկատմամբ հարուցվում է սնանկության վարույթ, և լուծարման ընթացակարգն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
4. Մինչև լուծարային կառավարիչների` սահմանված կարգով պետական իրավասու մարմնի կողմից լիցենզավորումը, բանկի լուծարային կառավարիչներ կարող են նշանակվել անձինք, որոնք բավարարում են Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 1996 թվականի հունիսի 29-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման ընթացակարգում գտնվող բանկերը համարվում են լուծարված, իսկ նրանց գործունեությունը` դադարած, եթե այդ բանկերի պարտատերերը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` երկամսյա ժամկետում, դատարան չեն ներկայացնում համապատասխան պահանջներ: Կենտրոնական բանկի կողմից այդ բանկերը հանվում են գրանցումից, և համապատասխան գրառում է կատարվում բանկերի գրանցումների մատյանում:
i
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 22.11.2003 թվականից` 08.10.03 ՀՕ-17-Ն օրենք)
(42-րդ հոդ. փոփ. 08.10.03 ՀՕ-17-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 30 նոյեմբերի 2001 թ. ՀՕ-262
|