Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

27.09.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

արտակարգ իրավիճակ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը և վերականգնմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումների համալիր.

արտակարգ իրավիճակների կանխում` արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոնների կանխորոշում և վերացում.

արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցում` նախօրոք իրականացվող միջոցառումների համալիր` արտակարգ իրավիճակների ազդեցության հնարավոր մեղմացման համար.

արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում` արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում, ինչպես նաև կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումների իրականացում` մարդկանց կյանքի ու գործունեության բնականոն պայմաններ ապահովելու համար.

աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս (կարանտին սահմանելու դեպքում` համաճարակի գոտի).

տարահանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում և տեղաբաշխում.

պատսպարում` արտակարգ իրավիճակներում զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում.

անհատական պաշտպանություն` մարդկանց` ճառագայթային, թունավոր , մանրէաբանական նյութերից և վարակիչ հիվանդություններից պաշտպանության միջոցներով ապահովում.

փրկարարական աշխատանքներ` մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր.

փրկարար` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորված ֆիզիկական անձ.

փրկարար ուժեր` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված` համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտացված փրկարարներից բաղկացած կազմավորումներ.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ` պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:

(1-ին հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Բնակչության պաշտպանության ապահովման իրավական հիմքերը

 

Բնակչության պաշտպանության ապահովման իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաև այլ օրենսդրական ակտեր:

 

Հոդված 3. Բնակչության պաշտպանության համակարգը

 

Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

i
Հոդված 4. Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումները

 

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն են`

ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում վտանգավոր ձեռնարկությունների ու արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը` բնակչության պաշտպանության տեսանկյունից.

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունը` անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով.

գ) վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը.

դ) շրջակա բնական միջավայրի, տարածքների և օբյեկտների` ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության կազմակերպումը.

ե) գյուղատնտեսական գործունեության կայունության ապահովումը.

զ) բնակչության ուսուցման կազմակերպումը.

է) օրենքով նախատեսված այլ միջոցառումներ:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(4-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

i
Հոդված 5. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն են`

i

ա) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարումը.

բ) աղետի գոտում բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կազմակերպումն ու իրականացումը.

գ) շրջակա բնական միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի և վարակվածության դիտարկումը, զննումն ու հսկողությունը.

դ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական նյութերից բնակչության պաշտպանությունը.

ե) աղետի գոտում փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարումը.

զ) աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացումը.

է) աղետի գոտում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.

ը) աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.

թ) պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքումն ու օգտագործումը.

ժ) անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետումը և օգտագործումը` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

ժա) փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական ու տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը.

ժբ) աղետի գոտում կարանտինային և այլ սանիտարահակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

ժգ) գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանությունը.

ժդ) բնակչության բժշկական սպասարկման իրականացումը.

ժե) աղետի գոտում արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը.

ժզ) բնակչության պաշտպանության ապահովման աշխատանքների կատարման նպատակով աշխատունակ քաղաքացիների (նրանց համաձայնությամբ) ներգրավումն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացին` ըստ մասնագիտական և անհատական հատկանիշների.

ժէ) կարանտին սահմանելու դեպքում օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը:

Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներ իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն աղետի գոտում կարող է ստեղծել կառավարման հատուկ մարմիններ:

Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված` բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները և դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով:

(5-րդ հոդ. փոփ. 04.09.20 ՀՕ-403-Ն, 28.02.24 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 6. Բնակչության պաշտպանության սկզբունքները

 

Բնակչության պաշտպանությունն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է տարբերակված` ըստ տարիքային, բնատարածքային, ռազմավարական, տնտեսական առանձնահատկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակչության պաշտպանության սկզբունքներն են`

ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.

բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.

գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքներից բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.

դ) տեխնածին վթարների, աղետների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 7. Բնակչության պաշտպանության ձևերը

 

Բնակչության պաշտպանության ձևերն են` տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը: Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունն իրականացվում է «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված միջոցառումների կիրառմամբ:

(7-րդ հոդ. փոփ. 04.09.20 ՀՕ-403-Ն, 28.02.24 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

i
Հոդված 8. Բնակչության տարահանումը

 

Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ելնելով անհրաժեշտությունից` բնակչությունը վտանգավոր տարածքից կարող է տարահանվել հետիոտն` կազմակերպված շարասյուներով:

Տարահանումը և տարահանվող բնակչության ընդունումն ու տեղաբաշխումն իրականացնում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Հոդված 9. Բնակչության պատսպարումը

 

ԻՐՏԵԿ 9-րդ հոդվածը փոփոխվելու ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-483-Ն օրենք:

Բնակչության պատսպարումն իրականացվում է վերգետնյա, ստորգետնյա հատուկ շինություններում (ապաստարաններ, թաքստոցներ, մետրոպոլիտեն) և բնակելի ֆոնդի տարածքներում:

Բնակչության պատսպարումն իրականացվում է բնակչությանը պաշտպանության մասին տեղեկացման համապատասխան ազդանշաններով:

Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Բնակչության պատսպարումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:

 

Հոդված 10. Բնակչության անհատական պաշտպանությունը

 

1. Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները և մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից, թունավոր նյութերի ազդեցությունից, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից:

2. «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը և կարգը` առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի կողմից` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(10-րդ հոդ. խմբ. 04.09.20 ՀՕ-403-Ն, 28.02.24 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

i
Հոդված 11. Բնակչության տարահանման, պատսպարման և անհատական պաշտպանության կազմակերպումը

 

Բնակչության տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը կազմակերպում ու իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
ԻՐՏԵԿ 12-րդ հոդվածը փոփոխվելու ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-483-Ն օրենք:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ղեկավարում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

i

բ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը և վերահսկում դրանց կատարումը.

գ) սահմանում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների ու գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննություն իրականացնելու կարգը.

i

դ) ապահովում է բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունն արտակարգ իրավիճակներում.

ե) հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները.

i

զ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը.

է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքներով սահմանված այլ լիազորություններ.

ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը.

i

թ) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում ընդունում է որոշում կարանտին սահմանելու մասին.

ժ) կարանտին սահմանելու դեպքում իրականացնում է «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված այլ լիազորություններ:

(12-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն, 28.05.24 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

i
Հոդված 13. Լիազորված մարմնի իրավասությունը

 

ԻՐՏԵԿ 13-րդ հոդվածը փոփոխվելու ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-483-Ն օրենք:

Լիազորված մարմինը`

ա) մշակում է արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.

բ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը.

գ) կազմակերպում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը.

դ) կազմակերպում է փրկարարների ատեստավորման աշխատանքները և բնակչության ուսուցումը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

ե) համակարգում և վերահսկում է պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեությունը բնակչության պաշտպանության բնագավառում.

զ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունը.

է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(13-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 21.01.20 ՀՕ-35-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Պետական կառավարման համակարգի մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման համակարգի մարմինները`

ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) կազմակերպում են ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունն արտակարգ իրավիճակներում.

գ) իրենց լիազորությունների սահմաններում ապահովում են բնակչության պաշտպանությունը և այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ.

դ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

ե) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են «Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված այլ լիազորություններ:

(14-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն, 28.02.24 ՀՕ-116-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման տարածքային մարմինները`

ա) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) կազմակերպում են մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումը և համակարգում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքները.

գ) մասնակցում են պետական համապատասխան ծրագրերով նախատեսված` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.

դ) տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին.

ե) ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ` բնակչության պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

զ) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ.

է) պատասխանատու են մարզի տարածքում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար.

ը) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

թ) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(15-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) իրականացնում են վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

գ) կազմակերպում են փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում.

դ) իրականացնում են արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում.

ե) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումն արտակարգ իրավիճակներում.

զ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

է) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(16-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավասությունը

 

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն արտակարգ իրավիճակներում`

ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.

բ) աջակցում են փրկարարական և անհետաձգելի աշխատանքների իրականացմանը և ստեղծում են անհրաժեշտ ուժեր` համապատասխան աշխատանքներ կատարելու համար.

գ) իրականացնում են կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումները, ինչպես նաև աջակցում այդ միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը:

Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(17-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 08.12.05 ՀՕ-7-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.1.
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(4.1-ին գլուխը ուժը կորցրել է 27.09.2024 թվականից` 28.02.24 ՀՕ-116-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Անձանց իրավունքների երաշխիքները արտակարգ իրավիճակներում

 

1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի ստանալու ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին, եթե այդպիսի տեղեկության տրամադրումը արգելված չէ օրենքով:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

(19-րդ հոդ. խմբ. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

i
Հոդված 20. Բնակչության ուսուցման կազմակերպումը

 

Արտակարգ իրավիճակների հիմնահարցերի վերաբերյալ բնակչության ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐ

 

i
Հոդված 21. Փրկարար ուժերի գործունեությունը

 

Արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների իրականացման և առօրյա պայմաններում բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստվածության վիճակում են, ընդգրկում են պետական, հասարակական ու գերատեսչական փրկարարական մասնագիտացված կազմավորումները և արտակարգ իրավիճակներում գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով, արդարացված ռիսկի շրջանակներում:

Արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ կատարելիս փրկարարները կարող են`

ա) անարգել մուտք գործել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տարածքները, իսկ բացառիկ դեպքերում` նաև քաղաքացիների բնակարանները.

բ) բացել փակ դռները, պատուհանները, քանդել ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Փրկարար ուժերի կարգավիճակը, փրկարարների, նրանց ընտանիքների, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ընդգրկված ոչ փրկարար քաղաքացիների սոցիալական ապահովության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փրկարարական աշխատանքների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փրկարարների կատարած ապօրինի գործողությունների, ինչպես նաև պետական կամ առևտրային գաղտնիքի հրապարակման համար նրանց պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(21-րդ հոդ. փոփ. 01.03.23 ՀՕ-55-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները

 

Պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու համայնքների բյուջեների միջոցների հաշվին: Կարանտին սահմանելու դեպքում սույն հոդվածով նախատեսված նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(22-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Պատասխանատվությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

 

Պաշտոնատար անձինք և քաղաքացիները սույն օրենքի պահանջները խախտելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությունը (քաղաքացիական պաշտպանությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-265

 

 

pin
ՀՀ 02.12.1998
N ՀՕ-265 օրենք