ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
4 հուլիսի 2002 թվականի թիվ 27
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթներին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 27 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթները հիմնված են կինոարվեստի` որպես
ա) տեսալսողական հաղորդակցության դարաշրջանում էական դեր ունեցող գեղարվեստական մշակույթի տեսակի,
բ) հասարակությանը հոգևոր և մշակութային արժեքներին հաղորդակցելու միջոցի,
գ) մշտապես տեխնոլոգիական կատարելագործման կարիք ունեցող գործունեության բնագավառի վրա:
2. Հայեցակարգային հիմնադրույթների հիմնական նպատակն է ապահովել անցումը կինոարտադրության, կինովարձույթի և կինոցուցադրման բյուջետային ֆինանսավորման ձևից այլընտրանքային ֆինանսավորման համակարգի, որը հնարավորություն կընձեռի պետական աջակցության ձևերը զուգակցելու կազմակերպությունների և ձեռնարկատերերի ներդրումների ու բանկային վարկավորման տարբեր ձևերի հետ` կինոարտադրության, կինովարձույթի և կինոցուցադրման համար հատկացված միջոցների փոխհատուցման պարտադիր պայմանով:
3. Հայեցակարգային հիմնադրույթների մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է կինոարվեստի բնագավառում ստեղծված իրավիճակով:
2. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
4. Պետական կինոկազմակերպությունների տնտհաշվարկային կինոձեռնարկությունների վերակազմակերպմամբ կինոարվեստի բնագավառում 90-ական թվականների սկզբներին վերացվեց պետական մենաշնորհը` առանց բնագավառը անհրաժեշտ օրենսդրական ակտերով ապահովելու, որի հետևանքով անհնարին պիտի լիներ Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ կինոշուկայի ստեղծումն ու ձևավորումը, պետական աջակցության ցուցաբերումը: Սա հանգեցրեց արտասահմանյան ցածրորակ կինոնկարների յուրօրինակ «արշավի» և կինոարվեստի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրության նվազման: Եվ մինչ հայրենական կինոարտադրանքի համար կստեղծվեին բարենպաստ պայմաններ և նա կմտներ կինոշուկա, կինոարվեստի բնագավառում ի հայտ եկան մի շարք բացասական երևույթներ.
ա) արտադրվող կինոնկարների քանակի կրճատում.
բ) կինոթատրոնների խաղացանկի կառուցվածքային փոփոխություն և կինոթատրոններում հայրենական կինոնկարների ցուցադրության նվազում.
գ) կինոցանցի արդիականացման մեջ տնտեսական շահագրգռվածության բացակայություն, որը հանգեցրեց միջազգային չափանիշների համեմատությամբ կինոցուցադրման և կինովարձույթի տեխնոլոգիական պայմանների անկման, ծառայությունների որակի և հանդիսատեսի հետաքրքրության նվազման, որի դեպքում առավել շահավետ էր կինոթատրոններն օգտագործել որպես առևտրի սրահներ կամ տոնավաճառներ.
դ) կինոցանցի կառուցվածքային համակարգի փլուզում:
3. ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
5. Հայաստանի Հանրապետությունում կինոարվեստի բնագավառում պետական քաղաքականությունը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետությունում մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրի «Կինոարվեստ» ենթածրագրով:
4. ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
6. Կինոարվեստի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
ա) կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման համար անհրաժեշտ ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և տեղեկատվական պայմանների ստեղծումը և զարգացումը,
բ) կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման համար պետական աջակցության չափը,
գ) կինոարվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը,
դ) կինոկազմակերպությունների ինքնուրույնությունը:
5. ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ
7. Կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձևերն են.
ա) կինոարվեստի բնագավառում իրավական ակտերի ընդունումը,
բ) հայկական կինոնկարների արտադրության, բազմացման, վարձույթի և ցուցադրման պետական մասնակի ֆինանսավորումը,
գ) կինոտարեգրության պետական լրիվ ֆինանսավորումը.
դ) կինոկազմակերպությունների գործունեության համար պայմանների ստեղծումը:
6. ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
8. Կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական միջոցառումներն են.
ա) հայկական կինոնկարների (այդ թվում` մանուկների և պատանիների համար) և կինոնկար-դեբյուտների ստեղծումը,
բ) կինոարվեստի նյութատեխնիկական և արտադրական հիմքի պահպանումն ու զարգացումը.
գ) հայկական կինոնկարների պահպանման, հրապարակային ցուցադրման և վարձութային տարածման համար պայմանների ստեղծումը,
դ) կինոարվեստի բնագավառում գիտատեխնիկական և կրթական ծրագրերի մշակումը,
ե) կինոփառատոնների ու կինոարվեստի բնագավառում մշակութային այլ միջոցառումների իրականացումն ու մասնակցությունը.
զ) Միջազգային կինոփառատոններին և կինոարվեստի բնագավառում միջազգային մշակութային այլ միջոցառումներին մասնակցության ապահովումը:
7. ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Հայաստանի Հանրապետությունում կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման ռազմավարությունը պայմանավորված է հետևյալ գործոններով.
ա) կինոարվեստի նկատմամբ հասարակության հետաքրքրության պահպանում.
բ) օրենսդրական ակտերի մշակում.
գ) պետական բյուջետային ֆինանսավորման ձևից այլընտրանքային ֆինանսավորման համակարգի անցում:
10. Կինոարվեստի բնագավառում ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով.
ա) կինոարտադրություն,
բ) կինոցուցադրում և կինովարձույթ,
գ) տեխնոլոգիական քաղաքականություն,
դ) միջազգային գործունեություն,
ե) կադրերի ուսուցում, վերապատրաստում և վերաորակավորում,
զ) կինոկազմակերպությունների մասնավորեցում,
է) կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման իրավական ու տնտեսական ապահովում:
11. Հայրենական կինոարտադրության ցուցանիշներում որոշակի աճ արձանագրելու համար անհրաժեշտ է.
ա) կինոարդյունաբերողներին և համակինոարդյունաբերողներին (պրոդյուսերներին և սոպրոդյուսերներին) պետական բյուջեից միջոցներ տրամադրել մրցութային հիմունքով,
բ) փոխել կինոարվեստի բնագավառում տրամադրվող բյուջետային միջոցների բաշխման կարգը և ծավալները` կինոնախագծերի մրցույթին գնահատելով, վերլուծելով և կանխատեսելով յուրաքանչյուր կինոնկարի արտադրության ծախսերի մասնակի կամ լրիվ փոխհատուցման հնարավորությունը, աստիճանաբար անցնելով պետական հատկացումների հաստատագրված համակարգի,
գ) արտաբյուջետային միջոցների ներգրավման նպատակով` պետական բյուջետային միջոցների բաշխման համակարգի կատարելագործման հետ միաժամանակ նշել և ներդնել կինոկազմակերպությունների վարկավորման պետական երաշխիքային համակարգ` հայրենական կինոարտադրության և կինովարձույթի մրցութային հիմունքով իրականացման համար,
դ) պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերել ոչ միայն հեղինակային կարճաժամկետ, այլև գեղարվեստական բարձր որակ և առևտրային ներուժ ունեցող բազմամաս լիամետրաժ անիմացիոն (մուլտիպլիկացիոն) կինոնկարների ստեղծմանը,
ե) կինոկազմակերպությունների և հեռուստաընկերությունների միջև ձևավորել գործընկերային, սկզբունքորեն նոր հարաբերություններ` ընդլայնելով հեռուստաընկերությունների կողմից կինոնկարները մասնաբաժնային մասնակցությամբ ֆինանսավորելու փորձ:
12. Կինոցուցադրման և կինովարձույթի համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է.
ա) ստեղծել իրավական և տնտեսական մեխանիզմներ` կինոշուկայի վերահսկման և կինոհենության կանխման նպատակով,
բ) ընդլայնել համագործակցությունը կինոկազմակերպությունների և հեռուստաընկերությունների միջև,
գ) մշակել և իրականացնել հանդիսատեսի համար գրավիչ, համաշխարհային տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող ժամանակակից կինոդահլիճների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և վերազինման ծրագրեր,
դ) վերականգնել կինոցուցադրման և կինովարձույթի համակարգը` այդ նպատակով տարածաշրջանային կենտրոններ ստեղծելու միջոցով:
13. Հայրենական կինոարտադրության նյութատեխնիկական և արտադրական հիմքի կատարելագործման ու զարգացման նպատակով անհրաժեշտ է.
ա) աջակցել ժամանակակից կինոսարքավորումների ու նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու համաշխարհային փորձի տարածմանը կինոարվեստի բնագավառ,
բ) պետական ծրագրերին համապատասխան` նպատակաուղղել կինոկազմակերպությունների մասնավորեցումից ստացվող միջոցները կինոկազմակերպությունների նյութատեխնիկական և արտադրական հիմքի կատարելագործմանն ու զարգացմանը,
գ) մշակել և իրականացնել կինոարվեստի բնագավառում գիտատեխնիկական ծրագրեր,
դ) ստեղծել հենակետային (բազային) կինոկազմակերպություններ` կինոարդյունաբերողներին ժամանակակից կինոսարքավորումներ տրամադրելու նպատակով,
ե) խթանել ժամանակակից կինոսարքավորումներ և նոր տեխնոլոգիաներ ներմուծող կինոկազմակերպությունների գործունեությունը` օրենքով սահմանված կարգով և չափով այդ կազմակերպություններին հարկային, մաքսային արտոնություններ տրամադրելու և վարկավորման միջոցով,
զ) ապահովել միջազգային տեխնիկական չափորոշիչների (ստանդարտների) կիրառումը կինոարվեստի բնագավառում և պետական կինոկազմակերպությունների մասնակցությունը միջազգային կինոտեխնիկական ընկերությունների և միությունների, ստանդարտացման միջազգային կազմակերպությունների աշխատանքին:
14. Միջազգային գործունեությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է`
ա) աջակցել կինոարտադրության համատեղ ծրագրերի իրականացմանը` այդ նպատակով ստեղծելով իրավական բարենպաստ հիմք համապատասխան միջազգային կոնվենցիաներին միանալու և միջազգային կազմակերպություններին անդամակցելու միջոցով,
բ) համագործակցել միջազգային հեղինակավոր կինոկազմակերպությունների հետ` ապահովելով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունն այդ կազմակերպությունների ղեկավար մարմինների աշխատանքին,
գ) Հայաստանի Հանրապետության միջպետական համաձայնագրերին համապատասխան` ապահովել օտարերկրյա պետություններում կազմակերպվող «Ա» կարգի միջազգային կինոփառատոններին և կինոշուկաներին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը,
դ) աջակցել օտարերկրյա պետություններում և Սփյուռքում հայկական կինոնկարների շաբաթների, պրեմիերաների, կինոփառատոնների կազմակերպմանը:
15. Հայաստանի Հանրապետությունում կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման համար կարևորագույն խնդիր է կադրերի ուսուցումը, վերապատրաստումը և վերաորակավորումը, որի համար անհրաժեշտ է.
ա) զարգացնել կինոարվեստի կրթական հաստատությունների նյութատեխնիկական հիմքը ժամանակակից կինոսարքավորումներով և նոր տեխնոլոգիաներով,
բ) փոխել և կատարելագործել կինոարվեստի կրթական հաստատություններում ուսուցման մեթոդը և ձևերը,
գ) մշակել կինոարվեստի կրթական հաստատություններում կադրերի ուսուցման, վերապատրաստման և վերաորակավորման դասընթացների ծրագիր և ապահովել դրա իրականացումը:
16. Կինոկազմակերպությունների անհարկի մասնավորեցումից խուսափելու և կինոկազմակերպությունների գործառության ու հիմնական գործունեության պահպանման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով` անհրաժեշտ է մշակել կինոկազմակերպությունների մասնավորեցման պետական նպատակային ծրագիր:
17. Հայաստանի Հանրապետությունում կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական միջոցառումներն են.
ա) կինոարվեստի բնագավառում իրավական ակտերի ընդունումը, կինոկազմակերպությունների մասնավորեցման առանձնահատկությունների պահպանման նպատակով համապատասխան իրավական հիմքի ստեղծում,
բ) կինոարվեստի բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացման ապահովումը,
գ) կինոկազմակերպությունների տնտեսական և ֆինանսական գործունեության նոր մեխանիզմների մշակումը և ներդրումը,
դ) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության, կինոնկարների և կինոելանյութերի առևտրային օգտագործման և իրացման համակարգի ստեղծումը,
ե) հայկական կինոնկարի կարգավիճակի սահմանումը և համապատասխան վկայականի տրամադրումը,
զ) հայկական կինոնկարի պետական գրանցման համակարգի ներդրումը և վարձութային տարածման համապատասխան վկայականի տրամադրումը:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
.___________________________________________________________.
| Իրավական ակտի անվանումը | Ժամկետը |
|________________________________________|__________________|
| «Կինոարվեստին պետական աջակցություն | 2002 թվական |
| ցուցաբերելու մասին» ՀՀ օրենք | |
|________________________________________|__________________|
| «Հայկական կինոնկարի կանոնակարգը | |
| հաստատելու մասին» ՀՀ կառավարության | |
| որոշման նախագիծ | 2003 թվականի |
.___________________________________________________________.