Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ...

 

17.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»` համաձայն հավելվածի:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՀՕ-441-Ն

 

Հավելված
««Հայաստանի Հանրապետության կրթության
մինչև 2030 թվականի զարգացման պետական
ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հասարակական ներկա զարգացումները նոր սրությամբ են դնում կրթության խնդիրն ամբողջ աշխարհում: Կրթությունը դիտվում է իբրև հիմնական միջոց` դիմակայելու աղքատության արմատավորմանը, սոցիալական բևեռացման խորացմանը, ժողովրդավարական զարգացումների վտանգմանը, աղետներին և այլ ռիսկերին, այդ թվում` համաշխարհայնացման հետևանքով ի հայտ եկող նոր մարտահրավերներին: Միևնույն ժամանակ կրթության միջոցով այս խնդիրներին արձագանքելու արդյունավետությունը, այնուամենայնիվ, հաճախ հարցականի տակ է դրվում, և առաջ է գալիս կրթության գլոբալ ճգնաժամի հիմնախնդիրը:

2020 թվականին բռնկված նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակը, աշխարհում ավելի քան մեկուկես միլիարդ սովորողների զրկելով կրթության շարունակականության հնարավորությունից, առավել տեսանելի դարձրեց կրթական համակարգերում կուտակված խնդիրները` կրթության հայեցակարգի վերափոխումը բերելով հրատապ օրակարգ: Իր հերթին 44-օրյա պատերազմի ընթացքը և հետևանքները օրակարգ են բերել ոչ միայն կրթական միջավայրի, այլ նաև բովանդակությանն առնչվող շեշտադրումների փոփոխության անհրաժեշտություն:

Հարափոփոխ աշխարհում գիտելիքն ու ստեղծարարությունը դարձել են մարդկային կապիտալի զարգացման, տնտեսական և մշակութային կայուն առաջընթացի գրավական: Այս համոզմունքն է ընկած Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հիմքում, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը տեսնում է մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով: Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե պարզապես ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար:

Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը` մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց: Այդպիսի հայեցակերպը պահանջում է համապարփակ մոտեցում ֆորմալ կրթական համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև շարունակական կրթության ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության փոխլրացնող հնարավորություններին` առանցքում դնելով կրթական միջավայրի ամբողջական փոխակերպումը` դարձնելով այն կրթվելու և ստեղծագործելու համար ապահով ու անվտանգ միջավայր, որտեղ ամեն առանձին բաղադրիչ կապված է մյուսի հետ` մարդու կարողությունների լիարժեք և ստեղծարար զարգացման տրամաբանության մեջ:

Ժամանակակից աշխարհում ավելի հաճախ խոսվում է ոչ թե մարդու կրթության, այլ սովորելու իրավունքի մասին, հետևաբար անհրաժեշտ է սովորելը դարձնել ազգային կենսակերպ, որը համապատասխանում է Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության տեսլականին և շեշտադրում, կրթական համակարգում փաստացի ներգրավված լինելուց զատ, նաև լիարժեք և արդյունավետ ընդգրկման խնդիրը: Որակյալ կրթության արդյունավետ միջավայրի հասանելիությունը դառնում է առանձին մարդու կարողությունների զարգացման գլխավոր հարթակը, որն իր հերթին ապահովում է կրթության` իբրև հանրային բարիքի իրացման երաշխիքը:

Անհատի կրթության և սովորելու իրավունքի լիարժեք իրացման համար Ծրագիրը կարևորում է կյանքի տարբեր փուլերում մարդուն անհրաժեշտ որակյալ կրթական ծառայությունների ամբողջական և բազմազան փաթեթի հասանելիությունը յուրաքանչյուր համայնքում և բնակավայրում` նպատակ ունենալով ապահովել տարածքային խելամիտ և համաչափ զարգացում ու կյանքի որակի էական բարձրացում:

Ծրագիրն ընդգծում է նաև Հայաստանի Հանրապետության կրթական ծառայությունների և արտադրանքի գլոբալ մրցունակության կարևորությունը` դնելով կրթական համակարգի միջազգային ինտեգրման և հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման կայուն օրակարգ ձևավորելու նպատակ, ինչպես նաև նպաստելու մեծ թվով հայերի հայրենադարձությանն ու ինտեգրմանը:

Այս նպատակադրումներն առանցքային են դարձնում համակարգի արդյունավետ և ստեղծարար միջավայրի վերափոխմանը համարժեք կառավարման թվային և այլ գործիքների ներդրումը, դերերի և պարտականությունների արդյունավետ բաշխումը համակարգի մասնակիցների միջև, կառավարման նոր որակի ապահովումը և ծախսարդյունավետության բարձրացումը:

Սրանք են սույն Ծրագրի հայեցակարգային ուղերձները, որոնք կյանքի կոչելը պետք է հիմնված լինի պետության և հասարակության միջև հանրային յուրօրինակ համաձայնագրի վրա, որով կրթության բոլոր շահակիցները և լայն հանրությունը համատեղ հանձնառություն են ստանձնում` զարգացնելու Հայաստանի Հանրապետության գիտելիքահենք և ստեղծագործական ներուժը` կրթությունը համարելով անհատի բարեկեցության ապահովման, երկրի տնտեսական աճի, սոցիալական առաջընթացի և պետության ամրապնդման գրավական ու շարժիչ ուժ` մարդկային զարգացման համաթվի առումով ներառելով երկիրը աշխարհի առաջատար երկրների շարքում:

i

Ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է ինչպես վերոնշյալ ռազմավարական խնդիրներից, այնպես էլ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 9-րդ կետի, «Կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներից, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունները, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը, մասնավորապես դրանով սահմանված չորրորդ նպատակը և հարակից նպատակները` աղքատության վերացում, գենդերային հավասարություն, արդարություն, արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար, ինչպես նաև մարդու իրավունքների և առանց խտրականության ու «ոչ ոքի չանտեսելու» սկզբունքի վրա հիմնված մոտեցումներն ու Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզը, «Հայաստանի համար ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, ինչպես նաև իբրև Եվրոպայի խորհրդի անդամ ստանձնած պարտավորությունները:

Ծրագիրը սահմանում է կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները` ներկայացնելով դրանց ներդաշնակ կապը պետական, հանրային և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: Հասարակական-քաղաքական իրավիճակը, որի պայմաններում մշակվել է սույն Ծրագիրը, էականորեն տարբերվում է մինչ այս գոյություն ունեցած իրավիճակներից, քանի որ ներկայում առկա են քաղաքական կամք և հստակ նպատակադրում` ձևավորելու իրապես ինքնակառավարվող և ինքնակարգավորվող, կուսակցական ազդեցություններից ազատ, անկախ և նախաձեռնող, խնդիրներ սահմանող և դրանք լուծող, ներառական, ստեղծարար և արդյունավետ կրթական միջավայր բոլորի համար: Այս առումով Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը և հատկապես առաջին մեգանպատակն է` «գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, որի համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, որն առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն»:

 

1. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 1. Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող` տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կառույցների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության կառավարման մարմինների և սոցիալական գործընկերների փոխկապակցված ամբողջությունն է: Համակարգի աշխատանքն ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց կրթության իրավունքի լիարժեք իրացման ապահովմանը:

2. Չնայած այն հանգամանքին, որ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստանալու իրավունքը և հնարավորությունները համեմատելի են աշխարհի զարգացած երկրների համանման ցուցանիշների հետ, այդուհանդերձ առկա են կրթության մատչելիության, որակի և արդյունավետության հետ կապված բազմապիսի խնդիրներ, որոնք արմատական լուծումներ են պահանջում: Այդ խնդիրներն այս կամ այն սրությամբ առկա են ֆորմալ կրթության և ոչ ֆորմալ ուսուցման, այդ թվում` արտադպրոցական դաստիարակության բոլոր մակարդակներում, շարունակական կրթության համակարգում:

3. Այս բաժնում տեղ գտած մի շարք տվյալներ և ցուցանիշներ հիմնված են Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած` կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությամբ փորձագիտական խմբերի իրականացրած հինգ թեմատիկ հետազոտությունների («Դասարանային գնահատման հավասարությանն ու արդարացիությանը միտված փորձի վերլուծություն` հստակեցնելու քաղաքականությանն ուղղված առաջարկություններ` հանուն աշակերտների ուսումնական վերջնարդյունքների կատարելագործման», «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն», «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն», «Նախադպրոցական կրթության ոլորտի համապարփակ վերլուծություն» և «Հայաստանում ուսուցման զանգվածային գնահատման ազգային համակարգի վերլուծություն») և «Հայաստանի կրթության ոլորտի վերլուծության» արդյունքների վրա:

 

Կրթության ոլորտի մատչելիությունը

 

 4. Հայաստանի Հանրապետությունում կրթության սկզբնական օղակում` նախադպրոցական կրթության ոլորտում 2019 թվականին գործել է 906 նախադպրոցական հաստատություն (այսուհետ` ՆԴՀ): Դրանցում ընդգրկված է եղել 82089 երեխա: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան բնակչության քանակից) կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%: 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64.4%: 2020 թվականին ՆԴՀ-ների թիվն աճել է 22-ով, իսկ 3-5 տարեկանների ընդգրկվածությունը` 6%-ով: Միայն 2021 թվականին Կառավարությունը ձեռնարկել է 144-տեղանոց 20 մոդուլային մանկապարտեզների կառուցում 100 և ավելի նախադպրոցական տարիքի երեխա ունեցող համայնքներում ու բնակավայրերում, որի շնորհիվ ՆԴՀ-ներում ընդգրկված երեխաների թիվը կմեծանա շուրջ 2736-ով: Զուգահեռաբար 2020 թվականին ընդունվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ամրագրվել է նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը: Ըստ այդմ` նախատեսվում է, որ հատկապես փոքրաքանակ կազմով համայնքներում և բնակավայրերում, որտեղ շահառուների թիվը փոքր է, և նախադպրոցական ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ է դիտարկել նաև դրանց ծախսարդյունավետությունը, կարող են գործել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ, որոնք կարող են կազմակերպվել տարբեր ձևաչափերով, ինչպես` տնային մանկապարտեզ, շարժական ծառայություններ: Այլընտրանքային ծառայությունների ներդրումն սկսվել է 2021 թվականից: Պետությունը նախաձեռնել է նաև սոցիալական տարբեր խմբերի` նախադպրոցական ծառայություններում ընդգրկման աջակցության ծրագրեր, որոնց շրջանակներում փուլային տրամաբանությամբ կֆինանսավորվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ ունեցող, սոցիալապես անապահով և այլ խմբերի նախադպրոցական կրթությունը: Սկսած 2023 թվականից` այս ծրագրի շրջանակներում կֆինանսավորվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 2000 երեխայի կրթությունը: Էականորեն ավելացել են համայնքների հետ համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործողությունները:

5. Այդուհանդերձ, հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս չի մատուցվում: Մի շարք գյուղական և սահմանամերձ բնակավայրերում ՆԴՀ-ները կա՛մ բացակայում են, կա՛մ էլ իրարից բավականին հեռու են, որն էլ անհնարին է դարձնում երեխաների ներգրավումը նախադպրոցական կրթության համակարգում: Իսկ քաղաքային համայնքներում (բնակավայրերում) ՆԴՀ-ների սահմանափակ քանակն ստեղծում է ընդունելության հերթեր, որոնք նույնպես սահմանափակում են նախադպրոցական կրթության հասանելիությունը: Նախադպրոցական տարիքի երեխաները 236 հազար են, որոնցից ՆԴՀ-ներ չհաճախող երեխաները շուրջ 154 հազար են, այդ թվում` գյուղական համայնքներում` շուրջ 62 հազար: Ընդ որում, մտահոգիչ է, որ նախադպրոցական ծառայություններից օգտվողների մեջ 1,5-3 տարեկան երեխաները 5419 հոգի են կամ այս տարիքային խմբի երեխաների 6.2%-ն են: Ուստի առաջիկա տարիներին առաջնահերթ է գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնումը, ներառյալ վաղ տարիքի զարգացման ծառայությունները: Սա հատկապես կարևոր է, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության արդյունքի վրա առավել մեծ ազդեցություն նախադպրոցական ծառայությունն ունենում է երեք տարի և ավելի ընդգրկվածության պարագայում: Ավելի քիչ ժամկետով ընդգրկվածության դեպքում նախադպրոցական ծառայության ազդեցությունը հետագայում դպրոցական կրթության վրա զգալիորեն ավելի փոքր է:

Հայաստանի Հանրապետության համայնքների ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնել և դրանք համայնքներում կիրառելի դարձնել` պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները: Այս նպատակով վերանայվել են սուբվենցիոն ծրագրերի պայմանները` մեծացնելով ՆԴՀ-ների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման դեպքում Կառավարության մասնակցության մասնաբաժինը, հնարավորություն ընձեռելով ավելի շատ համայնքների դիմել նմանատիպ ծրագրերի համար: Արված փոփոխություններից հետո 2022 թվականին համայնքներից ստացվեց շուրջ 180 հայտ ՆԴՀ-ների համար: Այդուհանդերձ, խնդրահարույց են նաև պահպանման ծախսերը, որոնք որոշ դեպքերում հանգեցնում են հաստատությունների սեզոնային գործարկման: Նշված խնդիրը հիմնականում կարգավորվում է համայնքների խոշորացման և հարկային դաշտի փոփոխությունների շնորհիվ: Այդուհանդերձ, որոշ համայնքներ շարունակաբար աջակցության կարիք ունեն հատկապես ՆԴՀ-ների աշխատակիցների վարձատրության համակարգի բարելավման առումով:

6. Վերջին տարիներին հանրակրթության ոլորտում համախառն ընդգրկվածության միջին ցուցանիշը շուրջ 90% է: Դպրոց չհաճախելու հիմնական պատճառներն են հաշմանդամության վերաբերյալ հանրային կարծրատիպային ընկալումները, ծայրահեղ աղքատությունը, մանկական աշխատանքը, էթնիկ պատկանելությունը (երբեմն նաև սեռային դրսևորմամբ) և փախստականի կարգավիճակը կամ տեղահանված լինելը: Սովորողների ընդգրկվածության ցուցանիշը զգալիորեն ցածր է հատկապես միջնակարգ կրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում, որտեղ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 59.5%: Հաշվի առնելով, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո համապատասխան տարիքի բնակչության ընդամենը 14.9%-ն է ուսումը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հստակ կարելի է արձանագրել, որ հիմնական դպրոցի շրջանավարտների զգալի մասը միջնակարգ կրթության երրորդ մակարդակում չի ընդգրկվում: Ուստի վերանայման կարիք ունի նաև 12-ամյա պարտադիր կրթության համակարգը, որն անհարկի երկարաձգում է հիմնական կրթության հիմքով իրականացվող արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը` նվազագույնը եռամյա տևողություն ապահովելու օրենսդրական պահանջից ելնելով: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է քննարկել 9-ամյա կրթությունից հետո կրթության շարունակականությունը պարտադիր դարձնելու, իսկ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում դրա կիրառության համար առավել ճկուն և արդյունավետ մեխանիզմներ սահմանելու հարցը:

7. Չնայած Հայաստանի Հանրապետությունը 2014 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով անցել է համընդհանուր ներառական կրթության, սակայն դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ: Հանրակրթական դպրոցների կարողությունները դեռևս բավարար չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման մատչելի միջավայր և խելամիտ հարմարեցումներ ապահովելու, ծառայություններ տրամադրելու համար: Այսօր դպրոցների շենքերին ներկայացվող պահանջներին գումարվել են նաև ներառականության և աղետների ռիսկերի կառավարման պահանջները:

 Անհետաձգելի խնդիրներից է դպրոցների շենքերի ու նյութատեխնիկական հագեցվածության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն սովորողների կրթության արդյունքի վրա: Խոսքը վերաբերում է ինչպես դպրոցում առկա ենթակառուցվածքներին (կոմունալ հարմարություններին, կապի առկայությանը և այլն), այնպես էլ գույքային հագեցվածությանը, անհրաժեշտ պիտույքների և միջոցների հասանելիությանը: Այդ ազդեցությունը հատկապես զգալի է բնագիտական առարկաների դեպքում: Այն դպրոցների պարագայում, որոնց համար սովորողները նշել են, որ կան ենթակառուցվածքի հետ կապված խնդիրներ, նման խնդիրներ չարձանագրող դպրոցների համեմատ` կրթական արդյունքի տեսանկյունից գրանցվում է առնվազն տասը միավորով տարբերություն: 455 դպրոց կամ դպրոցների 31.7%-ը կարիք ունի հիմնանորոգման, ևս 383 դպրոցում կամ դպրոցների 26.7%-ում ընթացիկ նորոգման աշխատանքների կարիք կա:

 Չնայած դպրոցական շենքերի 80.8%-ը տիպային են, և դրանց նախագծային հզորությունը նախատեսված է շուրջ 650 հազար աշակերտի համար, իսկ դպրոցները թերբեռնված են, և ներկայում դրանցում սովորում է շուրջ 400 հազար աշակերտ, որոշ դեպքերում պահպանման ծախսերը դառնում են անարդյունավետ` ուղղորդելով գտնել առավել թիրախային լուծումներ: Դպրոցների բեռնվածության վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցից 378-ը կամ դպրոցների 26.3%-ն ունեն մինչև 25% բեռնվածություն, դպրոցների 19.9%-ն ունի 25-50% բեռնվածություն: Մեկ այլ խնդիր է, որ Հայաստանում մեծ է փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող գյուղական դպրոցների թիվը. դպրոցների ընդհանուր թվի շուրջ 31.5%-ն ունի մինչև 100 աշակերտ, իսկ շուրջ 35%-ն ունի 101-300 աշակերտ: Նման դեպքերում հաստատությունը պետք է ընդլայնի իր գործառույթները` գործելով իբրև համայնքային կենտրոն` ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները: Այս տրամաբանությամբ 2020 թվականից մեկնարկել են 21 մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները: Բացի այդ, նման դեպքերում կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության նպատակով կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ, հանրակրթական ծրագրերից զատ, կարող են իրականացվել նաև նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում` արհեստագործական լրացուցիչ կրթական ծրագրեր: Գյուղական բնակավայրերում կարող են գործարկվել նաև ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում` միավորելով որպես մեկ դպրոց` ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով: Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական` միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ: Այս տրամաբանությամբ պետությունը նախաձեռնել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագրի իրականացում Սյունիքի մարզում, որը կարող է մոդելային դառնալ ամբողջ երկրի համար: Այս շրջանակներում փորձարկվում է նաև բազմահամակազմ դասարաններում կրթության կազմակերպման նոր մոդել, ըստ որի` դասարանների միավորում նախատեսվում է «Արվեստ և արհեստ», ինչպես նաև «Ֆիզիկական կենսագործունեություն և անվտանգություն» բնագավառների համար, որոնցում խմբերի միավորումը կարող է ուսումնական տեսանկյունից նույնիսկ դրական նշանակություն ունենալ: Այս պարագայում վերանայվում է նաև ուսուցչի վարձատրության սկզբունքը.  հավելյալ վարձատրություն է սահմանվում մեկ դասաժամի համար: Այնինչ մյուս բոլոր առարկաների դեպքում նախատեսվում է առանձին ուսուցում:

8. Առանձին խնդիր է դպրոցներում մարզադահլիճների և խաղահրապարակների հարցը, դրանց ոչ բարվոք վիճակը և ոչ բավարար հագեցվածությունը անհրաժեշտ գույքով: Ուսումնասիրված 1319 դպրոցներից 73.7%-ի դեպքում բակային մարզահրապարակը բարեկարգման կարիք է ունեցել: Մարզադահլիճի, մարզագույքով համալրման խնդիրներ է ունեցել դպրոցների 60.5%-ը: Խնդիր է նաև դպրոցական ճաշարանների առկայությունը: Դպրոցական սննդի պատշաճ կազմակերպումը կարող է նպաստել նաև սովորողների առողջ ապրելակերպի ձևավորմանը: Էական է նաև ազդեցությունը դպրոցական սննդի ծրագրի ու սովորողների կրթական արդյունքների վրա, որն անհրաժեշտ է դարձնում մարզերի տարրական դասարաններում գործող դպրոցական սննդի ծրագրի ընդլայնումը` ապահովելով համապատասխան ենթակառուցվածքները և ներդնելով կրթական ծրագրի հետ դրա փոխկապակցվածության մեխանիզմը:

9. Հանրակրթության կարևորագույն խնդիրներից են նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս ժամանակավորապես բնակվող անչափահասներին կրթության գործընթացում ընդգրկելը և հայրենադարձների ինտեգրման արդյունավետ մեխանիզմների կիրառումը: Նման մեխանիզմների համար բարենպաստ հիմք է ստեղծվել 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, որի համաձայն` «կրթության առանձնահատուկ պայմաններ» հասկացությունը վերաձևակերպվել է` ընդգրկելով նաև լեզվական և մշակութային առանձնահատկությունները և այդ պարագայում սովորողներին ցուցաբերվելիք հավելյալ կրթական աջակցությունը:

10. Թվային տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը հրամայական է դարձնում ուսումնական գործընթացում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) առավել լայն կիրառումը, հանրակրթական դպրոցների համալրումը արդիական համակարգչային միջոցներով, մեդիագործիքներով և որակյալ ինտերնետային կապով, կրթական ծրագրերում ՏՀՏ բաղադրիչի ավելացումը, եղած գործիքներն օգտագործելու և նորերը ստեղծելու կարողությունների զարգացումը: ՏՀՏ կիրառումը ուսումնական գործընթացում և հատկապես հեռավար/առցանց կրթության ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունն էլ ավելի ընդգծվեց 2020 թվականին, երբ նոր կորոնավիրուսի (Քովիդ-19-ի) տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում կիրառվեցին տեղեկատվական և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներն ու էլեկտրոնային հարթակները: Այս համատեքստում նաև բացահայտվեցին սովորողների, մանկավարժների ու տնօրենների շրջանում առցանց աշխատանքի համար անհրաժեշտ ոչ բավարար հմտությունները և մեդիագրագիտության ցածր մակարդակը, հեռահաղորդակցման տեխնիկական միջոցների բացակայությունը, անբավարար որակը, ուսուցիչների համար հեռավար ուսուցման վերաբերյալ ոչ բավարար ծավալով կամ քանակով անցկացված համապատասխան վերապատրաստումները, հեռավար կրթության իրականացման սահմանափակ գործիքների ու առցանց հարթակների կիրառումը: Չնայած հեռավար և առցանց կրթության ազգային հարթակն արդեն ստեղծվել է, բայց դեռևս կայացման փուլում է: Լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն պետական ուսումնական ծրագրին ու չափորոշիչներին համապատասխան կրթական ռեսուրսների ստեղծման, շարունակական վերանայման և արդիականացման, առցանց կրթության հարթակի կառավարման, տեխնիկական հագեցման, առցանց տիրույթում անվտանգության ապահովման և այս ոլորտին առնչվող այլ հարցերի ուղղությամբ:

11. Առանձին խնդիր է դպրոցների ոչ բավարար հագեցվածությունը լաբորատոր և համակարգչային սարքավորումներով: Սովորող/համակարգիչ հարաբերակցությունը երկրի դպրոցներում 16.8% է: Դպրոցների ընդհանուր քանակի մեջ առավել շատ են այն դպրոցները, որոնք ունեն 10 համակարգիչ: Աշխատող համակարգիչների ամենահաճախ հանդիպող ցուցանիշը երեքն է: Դպրոցների միայն 25%-ն ունի 13 աշխատող համակարգչից ավելի: Դպրոցներում չաշխատող համակարգիչների ընդհանուր թիվը 6512 է, որից տեխնիկական պատճառներով չեն աշխատում 4433-ը, ծրագրային պատճառներով` 1219-ը: Ընդ որում, չաշխատող համակարգիչների 78.7%-ը դուրսգրման ենթակա է: Դպրոցներում օգտագործվող աշխատող համակարգիչների մոտավորապես կեսը` 52.8%-ը, Pentium 4 և դրանից ցածր սերնդի են, 47.2%-ը` Dualcore և ավելի բարձր սերնդի: Ինչ վերաբերում է դպրոցների` լաբորատոր սարքավորումներով հագեցվածությանը, ապա նման ծրագիր իրականացվել է միայն առանձին գործող ավագ դպրոցների մասով. 2019-2020 թվականներին դպրոցներին տրամադրվել են բնագիտական առարկաների լաբորատորիաներ, հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման նպատակով «ԵՄ-ն հանուն կրթական նորարարության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում լաբորատոր սարքավորումներ են տրամադրվել նաև Տավուշի մարզի բոլոր դպրոցներին: Սակայն ակնհայտ է, որ առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, որը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի և արդյունավետության բարելավման համար:

12. Մասնագիտական կրթության պարագայում մեծագույն խնդիր է աշխատաշուկայի ներկա և կանխատեսվող պահանջներին համապատասխան կադրերի պատրաստումը: Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2020-2021 ուսումնական տարում հանրապետությունում գործել է նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագիր իրականացնող 48 պետական ուսումնական հաստատություն, որից 23-ը` նախնական մասնագիտական (արհեստագործական) և 25-ը` միջին մասնագիտական: Ուսումնառությունն իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա: Ուսանողների թիվը եղել է 6780, որից 23.3%-ը` կին: Անվճար ուսուցման համակարգում սովորել է ուսանողների 94.9%-ը, վճարովի համակարգում` 5.1%-ը: Ակնհայտ է, որ ոլորտը գործում է հիմնականում պետության կողմից ֆինանսավորվելու սկզբունքով, սակայն անհրաժեշտ է ֆինանսավորման քաղաքականությունը դիտարկել պետության համար գերակա ոլորտներում, կամ դիտարկել հաստատությունների պետական ամբողջական կամ գերակշիռ ֆինանսավորման անցնելու հնարավորությունը` մյուս ոլորտների և հաստատությունների համար ուսման վճարի արդյունավետ մեխանիզմներ ներդնելով: Միաժամանակ անհրաժեշտ է պետական ամբողջական կամ գերակշիռ ֆինանսավորումը դիտել իբրև անցումային փուլ` նախապատրաստելով համատեղ ֆինանսավորման արդյունավետ գործիքների կիրարկումը: Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գործել է 95 պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն, որտեղ 2020–2021 ուսումնական տարում ընդունվել է 10 461 (կանայք` 50.3%), սովորել` 28 399 (կանայք` 50.9%), ավարտել` 6565 (կանայք` 57.7%) մարդ: Ուսումնառությունն իրականացվել է հիմնական և միջնակարգ կրթության հիմքի վրա: Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշներն են` միջին մասնագիտական ծրագրերով սովորողները` 13.9%, արհեստագործական ծրագրերով սովորողները` 6.2%, որը չի կարող բավարար համարվել այն դեպքում, երբ իրական աշխատաշուկայի 70%-ը և ավելին կարիք ունի արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների: Աշխատաշուկայի վերլուծությունները ցույց են տալիս, որ արհեստագործական կրթություն պահանջող շատ աշխատանքներում զբաղված են բարձրագույն կրթությամբ անձինք:

13. Միաժամանակ ակնհայտ է, որ առկա է գործող ՄԿՈՒ հաստատությունների և դրանց կողմից իրականացվող մասնագիտությունների օպտիմալ տեղաբաշխման խնդիր: Կան դեպքեր, երբ նույն համայնքում գործող մի քանի մասնագիտական ուսումնական հաստատություններ իրականացնում են նույն մասնագիտությամբ կրթական ծրագրեր` չունենալով վերլուծված կանխատեսելի աշխատաշուկա, ժամանակակից կարիքները բավարարող նյութատեխնիկական բազա և մասնագիտական ռեսուրսներ, լինելով գրեթե թերբեռնված` տվյալ համայնքի համար այլ կարևոր ուղղություններով մասնագիտական ուսուցում չեն իրականացնում: Հաճախ են դեպքերը, երբ հաստատությունն իրականացնում է բազմաթիվ մասնագիտական կրթական ծրագրեր փոքրաքանակ ուսանողական համակազմի համար` ակնհայտ դարձնելով որակյալ կրթության անհնարինությունը: Անհրաժեշտ է դիտարկել թե՛ հաստատությունների, թե՛ մասնագիտությունների լավագույն տարբերակով տեղաբաշխման հարցերը: Այս հարցերի քննարկման առանցքում պետք է լինի նաև ՄԿՈՒ հաստատությունների դասակարգումը` ըստ նշանակության` հանրապետական կամ տեղային` ակնկալելով հանրապետական նշանակության ՄԿՈՒ հաստատությունների հանդեպ հետագա տարբերակված քաղաքականություն:

14. Հայաստանում այսօր լուրջ խնդիր են մասնագիտական և բարձրագույն կրթության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության խոցելի խմբերի (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց) համար: Տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտության արդյունքների համաձայն` 2018 թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների 82.8%-ը եղել է ոչ աղքատ, 17.2%-ը` աղքատ (առանց ծայրահեղ աղքատների), 0%-ը` ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններից:

15. Բարձրագույն կրթության համակարգում կարևորագույն խնդիր են նաև ժամանակակից պահանջներին համապատասխան շենքերի և լսարանների պակասը, լաբորատոր սարքավորումների և նյութատեխնիկական բազայի ոչ բավարար հագեցվածությունը: Վերջին տարիներին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում բուհերում որոշ ուղղություններով բարելավվել են ուսումնական լաբորատոր ենթակառուցվածքները (միայն 2021 թվականին պետական աջակցությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում վեց բուհում շուրջ 1 մլրդ 160 մլն դրամ ընդհանուր արժողությամբ նոր գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ են ստեղծվել), սակայն լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման խնդիրը շարունակում է մնալ արդիական:

16. Մասնագիտական կրթական ծրագրերում ընդգրկվածության ցուցանիշները շարունակում են ցածր մնալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ցուցանիշների համեմատությամբ: 2019 թվականին մասնագիտական կրթության ոլորտում համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 77.5%, այդ թվում` բարձրագույն կրթության առաջին աստիճանում (բակալավրիատում)` 50.4%, բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում (մագիստրատուրայում)` 14.6%: Մասնագիտական կրթության մատչելիության խնդիրն այսօր տարածվում է հանրության առավել լայն շերտերի վրա: Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2019 թվականի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» հրապարակման ցուցանիշների համաձայն` աղքատների մեջ ամենամեծ խումբը կազմել են միջնակարգ և ավելի ցածր կրթական մակարդակ ունեցողները` 60.5%, իսկ միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողները համապատասխանաբար կազմել են 22.8 և 16.7%: Բարձրագույն կրթությունը աղքատ և ծայրահեղ աղքատ խավերի համար շարունակում է մնալ ոչ մատչելի:

 

Կրթության որակը

 

17. Վերջին տարիներին հատկապես ընդգծվում է հանրապետությունում ՆԴՀ-ների անբավարար քանակը, բայց նույնքան կարևոր է այդ կազմակերպություններում կրթական ծառայությունների որակի հարցը: 2021 թվականին Կառավարության հաստատած նախադպրոցական կրթության նոր չափորոշիչներին համապատասխան` պետք է վերանայվեն ու ներդրվեն երեխաների համար ճկուն, հարմարեցման ենթակա, տարիքին համապատասխան ծրագրեր: Անհրաժեշտ է նաև տարբեր տարիքային խմբերի երեխաների համար մշակել համապատասխան ուսումնամեթոդական նյութեր:

18. Նախադպրոցական կրթության համակարգի լրջագույն խնդիրներից է մանկավարժական կադրերի պակասը հատկապես փոքր բնակավայրերում: Մանկավարժական կադրերի, ինչպես նաև սպասարկող անձնակազմի պակասը էական դժվարություններ է ստեղծում ՆԴՀ-ների համար: Միաժամանակ մանկավարժների միջին տարիքն աճի միտում ունի (մանկավարժների 36.3%-ն ունի 16 տարի և ավելի աշխատանքային ստաժ), իսկ սկսնակ կադրերը չունեն բավարար գործնական հմտություններ և տեսական գիտելիքներ:

19. 2020 թվականին հրապարակված Մարդկային կապիտալի համաթվի համաձայն` տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35%-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը: Սա շատ բարձր է տարածաշրջանի ցուցանիշից (11%) և փոքր–ինչ ցածր է համադրելի տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշից (38%): Այս ցուցանիշի հաշվարկման համար հիմք են ծառայել 2015 թվականի` Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրության – ԹԻՄՍՍ (Trends in International Mathematics and Science Study-TIMSS) միջազգային ստուգատեսի արդյունքները: Հայաստանը ԹԻՄՍՍ-ին մասնակցել է նաև 2019 թվականին` գրանցելով առաջընթաց 2015 թվականի համեմատ, մասնավորապես 400 միավորից ցածր հավաքած սովորողների թիվը 30%-ից կրճատվել է 20%-ի, որը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է:

20. 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի կարողացել հաղթահարել ԹԻՄՍՍ միջազգային գնահատման մաթեմատիկայի ստորին շեմը: Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Ավելին, աշակերտների 8-11%-ն այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատելը: 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42%-ը չի հաղթահարել ԹԻՄՍՍ միջազգային գնահատման բնագիտության ստորին շեմը: Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին (օրինակ` գրիպը վիրուսային հիվանդություն է, գեները ժառանգվում են երկու ծնողից): 2019 թվականին Հայաստանում բուհերի դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը: Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54.6%-ը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի վատ իմացության կամ առհասարակ չիմացության մասին: Սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ է նաև այն, որ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը: Ակնառու է գյուղ/քաղաք տարբերությունը, օրինակ, մեծ քաղաքներում բնակվող աշակերտների` 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին գնահատականը 14.3 է, իսկ սահմանամերձ և հեռավոր գյուղերի աշակերտներինը` համապատասխանաբար 12.1 և 11.9-ը: Գյուղական բնակավայրերում երեխաները մինչ հանրակրթության նոր պետական չափորոշչի հաստատումն ու ներդրումը ավագ դպրոցի մակարդակում զրկված են եղել մասնագիտական կողմնորոշման և կրթության նույն հնարավորություններից, քանի որ հոսքային ուսուցում միջնակարգ դպրոցներում չի իրականացվել: Բացի այդ, հոսքային ուսուցման արդյունավետությունը նույնպես խնդրահարույց է, քանի որ, ինչպես ցույց են տալիս դպրոցներում արտաքին գնահատման արդյունքները, դրանք ոչ միշտ են փոխկապակցված սովորողների` համապատասխան հոսքի ընտրության հետ: Այսպես, կենսաբանությունից ավելի բարձր արդյունք են գրանցել հումանիտար հոսքի, օտար լեզվից` բնագիտական հոսքի սովորողները: Ներկա պայմաններում նաև կարևոր է ոչ թե հոսքային, այլ անհատականացված ուսուցումը, որը նպաստում է սովորողի ճանաչողական և մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորությունների առավել ամբողջական զարգացմանը: Լայն գործիքակազմի հնարավորություն է ընձեռում կրեդիտային համակարգի ներդրումը ավագ դասարաններում, որի շնորհիվ դպրոցականները կարող են, ըստ իրենց կողմնորոշման, առանձին դասընթացներ անցնել արհեստագործական ուսումնարաններում և քոլեջներում, արտադպրոցական հաստատություններում` կուտակած կրեդիտներն օգտագործելով հաջորդ մակարդակում ուսումնառության համար:

21. Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր ծնված երեխան գործող կրթության համակարգի պայմաններում իր հնարավոր կարողությունները կիրացնի 57%-ով: Սա նշանակում է, որ այժմյան կրթական համակարգն ընդամենը 57%-ով է կարողանում բացահայտել և զարգացնել քաղաքացու ներուժն ու կարողությունները: Այս հանգամանքն էապես ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Համընդհանուր հիմնական հմտություններ» 2015 թվականի զեկույցի համաձայն` եթե 15 տարին բոլորած շրջանավարտները հաղթահարեին ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա, ըստ զեկույցի, Հայաստանի համախառն ներքին արդյունքն այլ հավասար պայմաններում 2015 թվականի համեմատ` 2030 թվականին կաճի 29.3%-ով:

22. Արագ զարգացող և փոփոխվող հասարակությունն ու տնտեսությունը նոր մարտահրավերներ են ներկայացնում կրթության համակարգին` թելադրելով նոր բովանդակության, 21-րդ դարի տնտեսության և քաղաքացիական հասարակության առանցքային կարողությունների ներառման անհրաժեշտություն կրթական ծրագրերում: Հատկապես կարևորվում են մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների (ԲՏՃՄ–STEM) ոլորտներում սովորողների պատրաստվածությունը, օտար լեզուների իմացությունը, ինչպես նաև սովորողների քննադատական, վերլուծական, նորարարական, ինքնուրույն և ստեղծագործական մտածողության զարգացումը: Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրերում ԲՏՃՄ առարկաների գումարային ծավալը բավարար չէ, իսկ բուհերի ուսանողների կեսից ավելին ընդգրկված է հումանիտար գիտությունների, արվեստի, կառավարման և իրավաբանության ոլորտներում, մինչդեռ տնտեսության մեջ ՏՀՏ ոլորտի տեսակարար կշիռն անընդհատ աճում է: Այս ուղղությամբ 2019-2020 թվականներին կատարվել են հանրակրթության բովանդակության վերանայման ու սովորողներին ներկայացվող նոր պահանջների սահմանման աշխատանքներ` հանրակրթության նոր պետական չափորոշչի, առարկայական նոր ծրագրերի և չափորոշիչների հաստատում, փորձարկում և փուլային ներդրում: Այդ աշխատանքները պետք է անպայմանորեն ուղեկցվեն համապատասխան լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծմամբ, որպեսզի ԲՏՃՄ կրթությունը անհրաժեշտ որակ և արդյունավետություն ունենա: Անհրաժեշտ է նաև անցում կատարել նախագծային ուսուցման` որպես նոր չափորոշիչների կարևոր գործիքի: Առանձնակի կարևորվում է դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների ստեղծումը որպես նոր չափորոշիչների բաղադրիչ: Չափորոշիչների ներդրման կարևոր մաս է գնահատման համակարգի ամբողջական վերանայումը, որը ներկայում առավելապես հիմնված է քանակական գնահատման վրա: Անհրաժեշտ է անցում կատարել գնահատման ձևերի բազմազանության, որակական գնահատման համակարգի ներդրման` հատկապես կարևորելով ձևավորող գնահատման բաղադրիչը: Ձևավորող գնահատումը պետք է հնարավոր դարձնի անցումը նաև կարողունակությունների ձևավորման աստիճանի գնահատմանը արժեքների և դիրքորոշումների ձևավորման տեսանկյունից, որը, իբրև դաստիարակության գործընթաց, ժամանակակից դպրոցի կարևորագույն անելիքներից է:

23. Կրթության ներառականության լիարժեք իրագործման տեսանկյունից կարևոր է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքի գնահատման, նրանց համար հարմարեցված և անհատականացված ուսումնամեթոդական նյութերի ու ծառայությունների մշակման, մշտադիտարկման համակարգի շարունակական զարգացումը: Այս իմաստով` հատուկ կարևորություն է ստանում ներառականության ապահովման համար ֆինանսավորման ներկայում գործող սկզբունքների վերանայումը` անցում կատարելով նպատակային ֆինանսավորման, որը կընդգրկի թե՛ ենթակառուցվածքների, թե՛ անհրաժեշտ ծառայությունների, թե՛ յուրաքանչյուր սովորողի համար անհատական և խելամիտ հարմարեցումների բաղադրիչները:

24. Չնայած եռամյա ավագ դպրոցների համակարգի (10-12-րդ դասարաններ) ձևավորմանը` որպես հիմնական ընդհանուր կրթության շարունակություն, ավագ դպրոցը դեռևս չի կարողանում սովորողների շրջանում ապահովել համապատասխան նախամասնագիտական գիտելիքներ ու հմտություններ: Շատ հաճախ ավագ դպրոցի սովորողները բուհ ընդունվելու համար կատարում են լրացուցիչ ծախսեր:

25. Տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության համաձայն` 2018 թվականին ավագ դասարաններում սովորող երեխա ունեցող տնային տնտեսություններում կրթությանը հատկացվող ամսական ծախսից մասնավոր դասերին տրամադրվող գումարը ոչ աղքատ ընտանիքների համար կազմել է 38.7%, աղքատների (առանց ծայրահեղ աղքատների) համար` 12.7%, ծայրահեղ աղքատների համար` 0%: Համադրելով բուհ ընդունվողների և ավագ դպրոցների շրջանավարտների թվերը (բուհ է ընդունվում շրջանավարտների շուրջ 60%-ը)` կարելի է եզրակացնել, որ ավագ դպրոցի մակարդակում սովորողների շուրջ 60%-ն ընդգրկված է վճարովի կրթական ծառայությունների շուկայում:

26. Մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրներից են հաստատությունների շենքային և գույքային պայմանները, ծրագրերի բովանդակության համապատասխանությունը աշխատաշուկայի և հանրային զարգացման պահանջներին, աշխատավայրում ուսուցման կազմակերպումը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար մասնագիտական կրթության խիստ սահմանափակ հնարավորությունները և այլն: Համընդհանուր ներառականության քաղաքականությունը աստիճանաբար պետք է անցում կատարի նաև մասնագիտական կրթության մակարդակներ` յուրաքանչյուր ուսանողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան մասնագիտական կրթություն կամ ուսուցում ապահովելու համար: Հետևաբար, որպես առաջիկա մարտահրավեր, անհրաժեշտ է նախատեսել ուսանողի մասնագիտական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը` ՄԿՈՒ ծրագրերի որակավորումների առանձնահատկություններին համապատասխան:

27. Կարևորագույն խնդիր է ոլորտում հավատարմագրման արդյունավետ գործընթացի իրականացումը` ապահովելով միասնական ստանդարտների ու չափանիշների ներդրումը համակարգում: Ոլորտում կրթության որակի բարձրացմանը էապես կարող է նպաստել նաև միջազգային համագործակցության ընդլայնումը ՄԿՈՒ ոլորտում` հաջողված փորձից ուսանելու և այդ փորձը կիրառելու համար:

28. Մասնագիտական կրթության ոլորտում ամենաակնառու խնդիրը շարունակում է մնալ աշխատաշուկայի պահանջարկին մասնագիտական հմտությունների անհամապատասխանությունը: Աշխատաշուկայի իրական, դինամիկ փոփոխվող կարիքների և ուսումնական հաստատություններից աշխատաշուկա մտնող մասնագետների կարողունակությունների միջև անհամապատասխանությունը հանգեցնում է առաջարկ/պահանջարկի զգալի անհավասարակշռության: Այս պահին դեռևս գոյություն չունեն արդյունավետ մեխանիզմներ աշխատաշուկայում առկա հմտությունների պահանջարկի բացահայտման, առավել ևս ապագա կարիքների կանխատեսման համար, որի պատճառով խնդրահարույց է նաև ընդունելության տեղերի բաշխման մեթոդաբանությունը, հատկապես պետական պատվերի գործող համակարգի տրամաբանությունը: Այս խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է նաև սերտ համագործակցություն ոլորտային մարմինների, մասնավորապես կրթության և էկոնոմիկայի կառավարման մարմինների միջև: Առանձին խնդիր է քոլեջից բուհ անցման գործող մեխանիզմը, որն իրականում դառնում է բուհական համակարգ մուտքի դյուրին եղանակ` հնարավորություն ընձեռելով ուսումը շարունակելու երկրորդ կուրսից, սակայն չհիմնվելով տարբեր մակարդակներում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի փոխճանաչելիության և համադրելիության ունիվերսալ գործիք հանդիսացող կրեդիտային համակարգի վրա` գործող մեխանիզմի պարագայում մեծանում է տարաբնույթ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը: Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել քոլեջից բուհ անցման հայեցակարգը` հիմնվելով կրեդիտային համակարգի, ուսումնառության նախորդ փուլի արժանահավատ ու համադրելի արդյունքների ճանաչման վրա:

29. 2015 թվականին վերանայված մասնագիտական կրթության և ուսուցման մասնագիտությունների ցանկերը ներառում են արհեստագործական կրթության 113 մասնագիտություն` 283 որակավորմամբ, որից ներկայում ուսուցանվում է շուրջ 55 մասնագիտություն, միջին մասնագիտական կրթության 247 մասնագիտություն` շուրջ 252 որակավորմամբ, որից ներկայում ուսուցանվում է շուրջ 100 մասնագիտություն: Այսպիսով, մասնագիտությունների ցանկում ընդգրկված մասնագիտությունների զգալի մասով ուսումնառության գործընթաց չի իրականացվում, բացակայում են շատ մասնագիտությունների կրթական չափորոշիչները: Մասնագիտությունների ցանկը կարիք ունի էական վերանայման և տնտեսության զարգացման արդի միտումներին համապատասխանեցման: Նույնիսկ այն մասնագիտությունները, որոնք շարունակում են մնալ արդիական, պետք է վերանայվեն կրթական չափորոշիչների և աշխատաշուկայի կարիքներին համապատասխանելու տեսանկյունից: Այս իմաստով` առանցքային է գործատուների հետ սերտ աշխատանքը, որը մնում է անբավարար: Դեռևս 2012 թվականին կազմավորված ոլորտային հանձնաժողովներն ունեն սահմանափակ դեր ու գործունեության շրջանակ, չունեն վարչական կամ օժանդակ անձնակազմ և ռեսուրսներ, անդամները հիմնականում չեն անցել համապատասխան վերապատրաստում, ուստի կարիք կա վերաիմաստավորելու առկա գործիքակազմերը, ներդնելու առավել արդյունավետ մեխանիզմներ: Ընդ որում, անհրաժեշտ է բացառել ոլորտային հաստատություններում ոչ ոլորտային մասնագիտությունների ուսուցանումը, որի պարագայում, օրինակ, գյուղատնտեսական ուղղվածությամբ քոլեջում սովորողների մեծ մասը սովորում է ոչ գյուղատնտեսական մասնագիտություններ:

30. Եվրոպական հանձնաժողովի` «Վերիմաստավորելով կրթությունը» (Rethinking Education) կոչվող ուղերձն աշխատանքի վրա հիմնված ուսուցումը (ԱՀՈՒ) համարում է ռազմավարական առաջնայնություն. «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը, ինչպես, օրինակ, դուալ մոտեցումը, պետք է ամբողջ Եվրոպայում մասնագիտական կրթության և վերապատրաստման համակարգի կենտրոնական հիմնասյունը հանդիսանա` նպատակ ունենալով երիտասարդների շրջանում նվազեցնելու գործազրկությունը, ապահովելու դյուրին անցումը ուսումնառությունից դեպի աշխատանք և զարգացնելու աշխատաշուկայի պահանջներին արձագանքելու կարողությունը»: Եվրոպայում աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունն ապացուցված արդյունավետ միջոց է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու գործում, որտեղ սոցիալական գործընկերները կարևորագույն դեր են կատարում` նպաստելով շրջանավարտների հմտությունների անհամապատասխանության և գործազրկության նվազմանը:

31. Երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը դեռևս բարձր է մնում Հայաստանում: 2017 թվականի դրությամբ «Աշխատաշուկայում իրավիճակի վերաբերյալ» զեկույցը նշում է 21.3% և 26.9% գործազրկություն` համապատասխանաբար 15-24 և 25-34 տարիքային խմբերի շրջանում: Ավելին, միևնույն ժամանակահատվածի համար գործազուրկ անձինք, որոնք ՄԿՈՒ շրջանավարտներ են, կազմում են ընդհանուր գործազուրկների 52.4%-ը:

32. Հայաստանում մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում բացակայում է ԱՀՈՒ եզրույթի` միջազգայնորեն ընդունված որևէ սահմանում: Աշխատանքի վայրում ուսումնառության կազմակերպման հիշատակումը վերաբերում է միայն ուսանողների արտադրական պրակտիկային, որը ԱՀՈՒ առկա միակ ձևն է Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում: Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության վերաբերյալ կանոնակարգումներ չկան նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում, որտեղ մասնավորապես բացակայում են աշխատանքի վայրում սովորողի կարգավիճակի և ուսուցանող ձեռնարկություններում ուսումնառության կազմակերպմանը վերաբերող պայմանների սահմանումները: Նույն իրավիճակն է նաև աշխատանքի վրա հիմնված ոչ ֆորմալ ուսումնառության առումով: Այն իրականացվում է տարբեր բնագավառների ձեռնարկություններում, որտեղ ձեռք բերվող հմտությունները հիմնականում պայմանավորված են ներգրավված կազմակերպությունների առանձնահատկություններով: Աշխատանքի վրա հիմնված ոչ ֆորմալ ուսումնառությունն իրականացվում է որպես մասնավոր նախաձեռնություն, հիմնականում առանց ձեռնարկությունների միավորումների կամ պետության համակարգված մասնակցության: Հայաստանում ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերված հմտությունների հավաստագրման (վավերացման) կառուցակարգի չգործելով պայմանավորված` աշխատանքի վրա հիմնված ինֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության արդյունքները սովորողներին կրթության հետագա շարունակման հնարավորություն չեն ընձեռում: ՄԿՈՒ հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու համար անհրաժեշտ են նոր իրավակարգավորումներ: Այնինչ ձեռնարկատիրական գործունեությունը պետք է հնարավոր դարձնի կարևոր ծրագրերի իրականացումը, ինչպես, օրինակ, մեծահասակների կրթության դասընթացների կազմակերպումը` նպաստելով տնտեսության գերակա ոլորտներում ընդգրկված աշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանը: ԱՀՈՒ վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությունը թույլ չի տալիս ունենալ ներգրավված գործընկերների` սովորողի, ձեռնարկության և մասնագիտական կրթություն իրականացնող հաստատության իրավունքներն ու պարտավորությունները սահմանող հստակ իրավական շրջանակ, որն անհրաժեշտ է ԱՀՈՒ տարբեր ձևերի արդյունավետ իրականացման համար:

33. Բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներից է արդյունավետ կառավարման և հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների կիրառությունը: Ծրագրերի մշակումը ուսումնառության վերջնարդյունքների հենքով զուրկ է ակադեմիական առաջընթացին, հանրային զարգացման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ճկուն արձագանքելու հնարավորություններից: Ցածր է համակարգի արդիականացման, միջազգայնացման և դրանցից բխող մրցունակության աստիճանը. Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները միջազգային վարկանիշավորման աղյուսակներում ներառված չեն լավագույն հինգհարյուրյակում: Ներկայում արձանագրված լավագույն ցուցանիշը Երևանի պետական համալսարանինն է, որն ընդգրկվել է QS World University Rankings 2022 թվականի լավագույն հազարյակում:

34. Բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության ապահովման և զարգացման պետական քաղաքականության պայմաններում որակյալ կրթության ապահովման համար անհրաժեշտ է ունենալ միջազգայնորեն ընդունելի կրթական ծրագրերի լիցենզավորման, հավատարմագրման և մշտադիտարկման լրամշակված միասնական գործիքներ: Ներկայում այդ գործիքներն առկա են, սակայն կրթական ծրագրերի լիցենզավորման պայմանները և պահանջները ժամանակավրեպ են, ընդհանրական բնույթի` առանց ոլորտային տարանջատումների: Պետության կողմից մասնավորապես սահմանված չեն բուհերի ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող/դասախոս հարաբերակցության, ռազմավարական նպատակադրումների և այլ նվազագույն միասնական ստանդարտներ: Այս առումով անհրաժեշտ է ունենալ միասնական մոտեցումներ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ունենա աշխարհի լավագույն փորձին համադրելի բարձրագույն կրթության ստանդարտների շրջանակ: Հայաստանի Հանրապետությունում չկա բարձրագույն կրթության ստանդարտների մշակման և հաստատման մշտական աշխատանքային մարմին` տարբեր բուհերի ներկայացուցիչների ներգրավվածությամբ: Նման սկզբունքով աշխատող մշտական մարմիններ կան տարբեր երկրներում: Ավելին, հավատարմագրման չափանիշները նույնպես վերանայման կարիք ունեն: Լիցենզավորման և հավատարմագրման գործիքները իրար համահունչ չեն և չեն փոխլրացնում միմյանց:

35. Թեև տարբեր բուհերի կողմից նույն որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացումը արտաքուստ թողնում է մրցակցային տպավորություն, սակայն այդ մրցակցությունը միայն արտաքին շղարշ է, քանի որ իրականում նրանք հիմնականում ապավինում են նույն դասախոսական կազմին, իսկ ենթակառուցվածքները թերի են կամ չեն համապատասխանում միջազգայնորեն ընդունված ստանդարտներին, որոնք ուղղակիորեն անդրադառնում են կրթության որակի վրա: Մասնավորապես բժշկական մասնագիտություններով տարբեր բուհեր (պետական և մասնավոր) մատուցում են կրթական ծառայություններ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին: Խնդիրներն այստեղ ակնհայտ են և, օտարերկրյա ուսանողներով պայմանավորված, արդեն անդրադառնում են նաև որպես որակյալ կրթություն արտահանող երկրի` Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի վրա:

36. Բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, առավելապես մագիստրատուրայի և դոկտորանտուրայի (ասպիրանտուրայի) կրթական ծրագրերում հետազոտական և կրթական բաղադրիչները համահունչ չեն:

37. Մարդկային կապիտալի զարգացման կարևորագույն ուղղություններից է նաև ոչ ֆորմալ կրթությունը, որը գնալով ավելի նշանակալի կշիռ է ձեռք բերում` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր կրթական մակարդակում և մարդու կյանքի յուրաքանչյուր փուլում մեծացնելու սովորելու արդյունավետությունը, մարդու կարողությունների զարգացումը: Հանրակրթության մակարդակում հատկապես կարևորվում է արտադպրոցական կրթությունը, որը ինստիտուցիոնալ առումով Հայաստանում շարունակում է գործել խորհրդային համակարգից ժառանգած իներցիայով, իսկ ոչ ինստիտուցիոնալ առումով` որևէ կերպ չկանոնակարգված դաշտում, որտեղ խնդրահարույց են տարբեր կրթական ծառայությունների որակը և համապատասխանությունը հայտարարվող նպատակին ու բովանդակությանը: Արվեստի, գեղարվեստի, երաժշտական և սպորտային դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների համար չկան գործունեության միասնական չափանիշներ և ստանդարտներ, անհրաժեշտ կարգավորումներ: Մարդու կյանքի մյուս փուլերում կարևորվում են մեծահասակների կրթության հնարավորությունները, որոնք նույնպես անհրաժեշտ կարգավորումների և որակի ապահովման մեխանիզմների, պետության կողմից ճանաչման գործիքակազմերի կարիք ունեն, որոնք թույլ կտան ընդլայնել մարդու ուսումնառության և հետագա զբաղվածության սահմանները` միաժամանակ ապահովելով անհրաժեշտ որակ:

38. «Կրթության մասին» օրենքով սահմանվել են ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները պետության կողմից ճանաչվելու, վկայագրվելու հիմքերը, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպելու և իրականացնելու գործընթացային փուլերը, որոնցով նախատեսվում է կարիքների վրա հիմնված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած մասնագիտական ուսուցման կամ վերապատրաստման ծրագրերի իրականացում, որի ընթացքը պետք է ենթարկվի անկախ մասնագետների մոնիտորինգի, իսկ մասնակցի փաստացի ձեռք բերած արդյունքները վկայագրվեն որպես կրեդիտ: Որպես համակարգի շահագործման գործիքակազմ` ներդրվելու է ուսուցման ազգային ռեեստրը:

 

 Կրթության համակարգի արդյունավետությունը

 

39. Կրթության կառավարման համակարգի արդյունավետությունը բարձր չէ թե´ ուղղահայաց, թե´ հորիզոնական ուղղություններով: Կա կառավարչական կարողությունների պակաս հատկապես ռազմավարական պլանավորման և ծրագրերի կառավարման ոլորտներում: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների և գործառույթների վերանայման ու արդյունավետ վերաբաշխման կարիք կա:

40. Համակարգի հաստատությունների կազմակերպական-իրավական ձևերը, ենթակայության սկզբունքները բավարար հիմնավորված չեն: Հանրակրթական դպրոցները, արտադպրոցական հաստատությունները գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` ԿԳՄՍՆ), Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայությամբ, որի հետևանքով հաճախ խզվում է ընդհանուր քաղաքականության իրականացումը: ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունների (ուսումնարան, քոլեջ, բուհ) գերակշիռ մասը գործում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ, սակայն շատ են հատվող գործառույթները ոլորտային` առողջապահության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, պաշտպանության և այլ գերատեսչությունների հետ, որոնք հանգեցնում են խզման քաղաքականության մշակման և դրա իրականացման միջև: ՄԿՈՒ ոլորտում խնդրահարույց է նաև հաստատությունների երկու տարբեր տիպերի առանձնացումը` քոլեջ և ուսումնարան: Արդյունավետ վարչարարության տեսանկյունից արդարացված է մեկ տիպի ՄԿՈՒ հաստատության սահմանումը` տարբերակումը պահպանելով իրականացվող կրթական ծրագրերի մակարդակում` արհեստագործական և միջին մասնագիտական: Այս մոտեցումը թույլ կտա նաև պարզեցնելու առկա կառուցվածքն ու կարգավորումները` դրանք միասնական դաշտ բերելով:

41. Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների համար նախարարությունը հիմնականում սահմանափակվում է «խաղի կանոններ» սահմանելով` առանց մշտադիտարկման և հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմների:

42. Ուսումնական հաստատություններում կառավարման խորհուրդների ներդրումը կարևորագույն քայլ էր, սակայն այն այդպես էլ բեկումնային նշանակություն չունեցավ, քանի որ ձևական բնույթ է կրում, և որոշումները կայացվում են միանձնյա կամ ուղղորդված: Վերանայման կարիք ունի խորհուրդների ձևավորման կարգը ինչպես դպրոցներում, այնպես էլ քոլեջներում և ուսումնարաններում` հատկապես պետության կողմից իրականացվող բարեփոխումների փուլում մեծացնելով նշված քաղաքականության ներդրման և ամրապնդման հնարավորությունները:

43. Մասնակցայնությունը և հաշվետվողականությունը ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում ձևական բնույթ են կրում, այդ թվում` ծնողական խորհուրդների մասնակցությունը: Անհրաժեշտ է մշակել նաև ծնողներին կրթական գործընթացում ներգրավելու նոր և արդյունավետ մեխանիզմներ, որոնք դպրոցում կարող են էապես նպաստել դաստիարակության գործառույթի պատշաճ և ներդաշնակ իրականացմանը, սովորելու արդյունավետության բարձրացմանը:

44. Տնօրենների նշանակումը թեև տեսականորեն հիմնված է թափանցիկության սկզբունքի վրա, այնուամենայնիվ ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների տնօրենները տարիներ շարունակ «սովորույթի ուժով» են շարունակել պաշտոնավարել` կառավարումն ավելի շատ իրականացնելով իներցիայով և ոչ թե զարգացման ծրագրերով: Թե՛ տնօրենների նշանակման, թե՛ նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը ուղեկցվել է կոռուպցիոն երևույթներով և քաղաքականացվածության բացահայտ բարձր մակարդակով: Հովանավորչությունը սովորական երևույթ է եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի ընդունման գործում:

45. Աշխարհում ներկայում համընդհանուր տարածում է ստանում այն տեսակետը, ըստ որի` ինչքան ավելի երկարամյա է ուսուցչի ստաժը, այնքան ավելի բարձր կրթական արդյունք են գրանցում սովորողները: Հայաստանում ամենաբարձր կրթական արդյունքը գրանցում են 10-20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները` արձանագրելով 30 միավորի տարբերություն ավելի փոքր աշխատանքային փորձառություն ունեցող ուսուցիչների նկատմամբ: Այս խմբի ուսուցիչների սաների գրանցած արդյունքն ավելի բարձր է, քան քսան տարուց ավելի ստաժ ունեցող ուսուցիչներինը: Ամենացածր արդյունքը գրանցում են մինչև հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչները, որը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ է տարբերակված ծրագրեր ունենալ տարբեր աշխատանքային փորձառություն ունեցող ուսուցիչների համար, ինչպես, օրինակ, հետևողական աշխատանք տանել սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությամբ: Այն խոսում է նաև մանկավարժական կրթության խնդիրների մասին, այդ թվում` մանկավարժական պրակտիկայի անբավարար գործիքակազմի, որի հետևանքով մանկավարժական պրակտիկան ըստ էության տեղափոխվում է աշխատանքային առաջին տարիների գործունեության դաշտ: Այս առումով հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանում ուսուցիչների գրեթե կեսը (46%-ը) 50 տարեկանից բարձր տարիքի է, որը նշանակում է` Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով: Այս գործընթացը կարող է էապես ազդել սովորողների ուսումնառության և կրթական արդյունքի վրա` բերելով դրա նվազման: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցիչների ընդամենը 11%-ն է 30 տարեկանից ցածր, և նոր ուսուցիչների թիվը զգալի փոքր է, սա կարող է հանգեցնել ոչ միայն ուսուցիչների դասավանդման որակի նվազման` փոքր աշխատանքային փորձառության հետևանքով, այլև ընդհանրապես ուսուցիչների ֆիզիկական բացակայության: Այսօր արդեն տարեկան գրանցվում է ուսուցիչների 600-700 թափուր տեղ, դրանք չեն համալրվում կամ համալրվում են զգալի դժվարությամբ: Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղական դպրոցների մասին է, այլ նաև քաղաքային: Ուսուցիչ գտնելու դժվարության մասին են խոսում նաև քաղաքային դպրոցների տնօրենները: Միջանկյալ լուծումները (ուսուցիչների գործուղման կարգի, տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման պայմանների բարելավումը, էլեկտրոնային ուսուցման միջոցով ուսուցիչների բացակայության լրացումը) չեն կարող համարվել համակարգային լուծումներ և կարգավորել խնդիրը: Ակնհայտ է, որ հրատապ են մանկավարժական կրթության խորքային բարելավման և ուսուցչի մասնագիտությունը երիտասարդների համար նախընտրելի դարձնելու մարտահրավերները:

46. Մասնագիտական կրթության ոլորտում առանձին խնդիր են աշխատաշուկան և համապատասխան զբաղվածությանը տիրապետող մասնագետների ու վարպետների հետաքրքրվածությունը կրթության մեջ ընդգրկելու հարցում, քանի որ առանձին մասնագիտությունների դեպքում նկատվում է «ծերացում», իսկ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ոլորտների երիտասարդ վարպետներն ու մասնագետները ցածր աշխատավարձի պատճառով մոտիվացված չեն զբաղվելու դասավանդումով: Դա էապես բարդացնում է որակյալ մասնագետների ներգրավումը ուսումնական հաստատություններում: Բազմաթիվ են դեպքերը, երբ հաստատությունները չեն կարողանում գերակա ոլորտներում ուսուցանվող մասնագիտություններով ներգրավել գործող որակյալ վարպետներին: Լրջագույն խնդիր է ոլորտում վարձատրության չափը, որը նույնպես էական խոչընդոտ է որակյալ մասնագետներին ներգրավելու համար, ուստի անհրաժեշտ է ներդնել մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման փոխկապակցված մեխանիզմ այս խնդիրները հասցեագրելու համար: Ոլորտում մարդկային ներուժի անհրաժեշտ զարգացումը կապահովվի նաև գործատուների հետ համագործակցության միջոցով վերջիններիս մասնագիտական կադրերին ուսուցման գործընթացում ներգրավելու ճկուն մեխանիզմների ներդրմամբ հատկապես գործնական բաղադրիչի դասավանդման մասում:

47. Համալսարանական բարձրագույն կրթության մակարդակում նկատվում են դասախոսական անձնակազմի ծերացում և ցածր վերարտադրողականություն հատկապես ԲՏՃՄ (բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի) ուղղություններում, որոնք հանգեցնում են գիտամանկավարժական անձնակազմի որակական անկման: Դասախոսների 39%-ից ավելին 55 տարեկանից բարձր է, 21%-ից ավելին` 65-ից բարձր, իսկ մինչև 35 տարեկան դասախոսները ընդհանուրի մեջ կազմում են 16%: Դասախոսների 44%-ը 35-55 տարիքային խմբում է: Հատկանշական է փաստել ծերացումը հատկապես ԲՏՃՄ մասնագիտություններում: Օրինակ` ռադիոֆիզիկա մասնագիտությամբ գիտամանկավարժական անձնակազմի միջին տարիքը 60 է, ֆիզիկա մասնագիտությամբ` 59, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ` 57, քիմիա մասնագիտությամբ` 56: Ավելին, մարզային բուհերում որոշ մասնագիտություններով առաջիկա տարիներին մասնագետներ չլինելու պատճառով կարող են կրթական ծրագրեր փակվել: Միջանկյալ լուծումները` դասախոսների գործուղումները Երևանից դեպի մարզային բուհեր, չեն կարող լուծել համակարգային խնդիրը: Դասախոսի աշխատանքը գրավիչ չէ երիտասարդների համար, և բուհական համակարգն առաջիկա տարիներին նոր կադրերով համալրելու կարիք կլինի:

48. Ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարների միջին տարիքը բարձր է: Գիտական ղեկավարների 51%-ից ավելին 65 տարեկանից բարձր է, 25%-ից ավելին` 55-64 տարիքային խմբում է, իսկ 12%-ը` 45-55 տարիքային խմբում: Ծերացմանը և սերնդափոխությանն առնչվող խնդիրները նկատելի են ԲՏՃՄ ուղղություններում: ԲՏՃՄ մասնագիտություններում ներգրավված գիտական ղեկավարների 62%-ից ավելին 65 տարեկանից բարձր է, իսկ 7%-ը 45-55 տարիքային խմբում է:

49. Ուսուցիչները, ուսումնական հաստատությունների ղեկավար ու վարչական աշխատողները չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Գործող մասնագիտական զարգացման ծրագրերը չեն բխում առկա կարիքներից և հասցեական չեն: Մասնագիտական զարգացման տարբեր կարիքներ ունեցող ուսուցիչների համար գործել են նույն վերապատրաստման ծրագրերը, իսկ ղեկավար և վարչական աշխատողների պարբերական զարգացման ծրագրեր չեն իրականացվել: ՄԿՈՒ ոլորտում աշխատակիցների պարբերական վերապատրաստումներ նույնպես չեն կազմակերպվել: Վերապատրաստումները եղել են տարբեր ծրագրերի շրջանակներում կամ տարբեր բաղադրիչներով, որոնք հնարավորություն չեն տալիս ձևավորելու մասնագիտական շարունակական զարգացման արդյունավետ մեխանիզմ: Ավելին, արդյունավետ մեխանիզմը պետք է ուղղորդեր դեպի ոլորտում ատեստավորման գործիքի ներդրումը, որը, չնայած օրենքով նախատեսված է եղել, սակայն չի գործել:

50. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ԿԿՏՀ) ամբողջական չէ: Կրթության ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության ուղղությունները հաճախ նպատակին չեն ծառայում, քանի որ մեծ մասամբ հիմնված չեն փաստերի և իրավիճակային վերլուծությունների վրա: Ըստ էության` հավաքվում են մեծ թվով տվյալներ, որոնք չեն վերստուգվում, չեն վերլուծվում և չեն օգտագործվում փաստահենք կրթական քաղաքականության վերանայման, մշակման և արդյունավետության բարձրացման համար: Մետատվյալներ հիմնականում սահմանված չեն կամ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Սովորողների վերաբերյալ առավել ամբողջական և համապարփակ տվյալների համակարգ ձևավորելու և զարգացնելու նպատակով առկա տեղեկատվական համակարգը գործող այլ համակարգերի հետ ներդաշնակեցնելու կարիք կա:

51. ԿԿՏՀ ամբողջականացումը խոչընդոտող խնդիրներից են նաև գործարկման հետ կապված ոչ հստակ բաշխված իրավասությունները, ինչպես նաև համակարգերը կիրառող շահագրգիռ կողմերի թվային հմտությունների պակասը:

52. Ի թիվս ինստիտուցիոնալ և ծրագրային բնույթի խնդիրների` համակարգի ամբողջական գործարկումը խոչընդոտող հիմնական գործոններից են նաև ուսումնական հաստատությունների կողմից անհրաժեշտ տեղեկատվությունը համակարգում ճշգրիտ ներկայացվելու անբավարար կարողությունները` սկսած համակարգի էությունն ու կարևորությունը գիտակցելուց մինչև թվային հմտությունների պակասը, ուսումնական հաստատություններում պատասխանատվության շրջանակի ոչ հստակ սահմանումը:

53. Կրթության ոլորտի ցածր արդյունավետության մյուս պատճառը ռեսուրսների անարդյունավետ օգտագործումն է, որն անդրադառնում է ինչպես արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների բացակայության, այնպես էլ ոլորտի հաստատությունների չկանոնակարգված տեղաբաշխման և կառուցվածքի վրա: Ֆինանսական կառավարման մեխանիզմները հնացած են: Տակավին խնդիր է ամբողջական անցումը ծրագրային բյուջետավորմանը:

54. Արդյունավետության առումով էական է ռազմավարական պլանավորումը` հիմնված խորքային ուսումնասիրությունների վրա: 2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ասպիրանտական կրթության համար ընդհանուր առմամբ հատկացվել է 1787 տեղ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ), իսկ 2016-2020 թվականների ժամանակահատվածում պաշտպանել է ընդամենը 625 ասպիրանտ (հատկացված տեղերի 35%-ը): Ատենախոսությունը պաշտպանածների միջինացված տոկոսը, հանրակրթության շրջանավարտների թվի համեմատ, չորս տարվա համար կազմում է 0.29%, որը գրեթե 2,5 անգամ ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 0.72% ցուցանիշից: Ուստի բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների հայցած տեղերի ուսումնասիրության արդյունքով կարելի է եզրահանգել, որ պահանջարկը հիմնականում ներկայացվում է առանց խորքային ուսումնասիրությունների. որոշ ուղղություններով նկատվում է մասնագետների գերարտադրություն (օրինակ` տնտեսագիտության դասիչով նշված ժամանակահատվածում հատկացվել է 272 տեղ կամ ընդհանուր հատկացված տեղերի 15%-ը), իսկ որոշ դեպքերում առկա է պահանջարկ ունեցող մասնագետների պակասուրդ (օրինակ` «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և մեքենաներ» դասիչով նշված ժամանակահատվածում հատկացվել է ինը տեղ և պաշտպանել է չորս ասպիրանտ): Թեթև արդյունաբերության նյութագիտություն, ապրանքագիտություն և տեխնոլոգիա դասիչով նշված ժամանակահատվածում որևէ հայտ չի ներկայացվել: Հատկանշական է, որ բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները հիմնականում նպատակային և ամբողջությամբ չեն օգտագործում հատկացված տեղերը: Ասպիրանտական կրթություն կազմակերպող գրեթե բոլոր բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում առկա է պլանավորման և իրականացման խզում:

55. Ասպիրանտների տպագրությունները միջազգային վարկանիշային պարբերականներում ցածր տոկոս են կազմում առավելապես հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում: Նշված բնագավառներում թեկնածուական ատենախոսությունների միայն 2-3%-ի հիմնական արդյունքներից մեկն է տպագրվել «Scopus» կամ «Web of Science Core Collection» շտեմարաններում ընդգրկված պարբերականներում, այնինչ ԲՏՃՄ մասնագիտությունների պարագայում այն հասնում է 60-70%-ի:

56. Ասպիրանտական կրթության կազմակերպումը և գիտական աստիճանաշնորհման պահանջները վերանայման կարիք ունեն, քանի որ դրանք այլևս արդիական չեն: Նախատեսվում է բարձրագույն և հետբուհական կրթության մակարդակները սահմանել եռաստիճան համակարգում` բակալավրի, մագիստրոսի և դոկտորի որակավորման աստիճաններով: Դոկտորի որակավորման աստիճանի շնորհումը հիմք է գիտական միաստիճան (PhD) համակարգի անցման: Այս փոփոխությամբ անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել և սահմանել բուհում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի չափանիշներն ու պայմանները: Ավելին, անհրաժեշտ է ներդնել նաև գիտահետազոտական, գիտատեխնիկական և նորարարական լուծումներ առաջադրող կրթության կազմակերպման համագործակցային նոր մոդելներ:

57. Պետական հատկացումներում կրթության ոլորտի մասնաբաժինը շարունակում է մնալ ցածր: Վերջին հինգ տարիներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կրթության ոլորտի ծախսերը ՀՆԱ-ի կազմում տատանվել են 2.0-2.4%-ի սահմաններում: Համեմատության համար կարելի է նշել, որ ՏՀԶԿ երկրներում ՀՆԱ-ում կրթության ծախսերը կազմում են միջինը 5.0%, իսկ Եվրամիության 23 երկրներում` միջինը 4.5%:

58. Համաշխարհային բանկի` Հայաստանի հետ 2019-2023 թվականների «Երկրի գործընկերության շրջանակի» փաստաթղթում նշվում է, որ 2017 թվականի դրությամբ Հայաստանում կրթության ոլորտում պետական ծախսերը 1,8 անգամ ցածր են եղել միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշից և 2,5 անգամ ցածր` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին ցուցանիշից: Համեմատության համար կարելի է նշել նաև, որ ՏՀԶԿ երկրներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կրթության մասնաբաժինը կազմում է միջինը 11%:

59. Համայնքային բյուջեից նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը նույնպես լիարժեք կարգավորված չէ, ըստ մարզերի` անհամամասն է և ուղղակիորեն կախված է համայնքի բյուջեի հնարավորություններից:

60. Ներկայում հանրակրթության հիմնախնդիրներից է թերհամալրված դպրոցների մեծ քանակությունը: Սովորողների համալրվածության միջին ցուցանիշը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում 2020 թվականին կազմել է 65.6% (ներառյալ նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցները):

61. Թերհամալրված դպրոցները ոչ միայն տարածքային անհամամասնություններ են առաջացնում, այլև ֆինանսավորման բևեռացում: Չնայած նրան, որ խիստ թերհամալրված դպրոցներում մեկ սովորողի հաշվով ծախսը մի քանի անգամ գերազանցում է լրիվ համալրված դպրոցների նույն ցուցանիշը, դրանցում կրթության որակի ապահովման հարցը շարունակում է մնալ խնդրահարույց: Անհրաժեշտ է մշակել և իրացնել գյուղական թերհամալրված դպրոցներում կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման հստակ մեթոդաբանություն, որը ներկայում փորձարկվում է:

62. Մասնագիտական կրթության մակարդակում պետական ֆինանսավորման շրջանակում կիրառվող ծախսային նորմատիվները հաշվարկվել են դեռևս 90-ականներին և դրանից հետո, բացառությամբ առանձին դեպքերի, հիմնականում չեն վերանայվել: Այդ առումով, նշված նորմատիվները հիմնականում չեն արտահայտում համապատասխան ծախսերի իրական մակարդակը, և դրանց կիրառմամբ հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցները բավարար չեն գործող կրթական չափորոշիչներին համապատասխան որակյալ կրթություն կազմակերպելու համար հատկապես տեխնոլոգիապես բարդ և նյութատար մասնագիտությունների պարագայում: Ավելին, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման միտումները և հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացումը ենթադրում են, որ հաստատությունների ֆինանսավորման և կառավարման մեխանիզմները պետք է էապես փոխվեն` մասնավորապես անցում կատարելով դեպի մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելները և ֆինանսավորման բազմազանությունը` համադրելով մասնավոր ոլորտի ֆինանսավորումը, հաստատությունների ձեռնարկատիրական գործունեությունը և պետական նպատակային ֆինանսավորումը: Առանձին խնդիր է ոլորտում կիրառվող կրթաթոշակային քաղաքականությունը, որին հատկացվում են զգալի միջոցներ, սակայն մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար Հայաստանի Հանրապետության դրամի սահմաններում, որը չի կարող խթան հանդիսանալ սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի համար: Հետևաբար հատկացված միջոցները չեն կարող համարվել նպատակային: Անհրաժեշտ է վերանայել կրթաթոշակի չափը` մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:

63. Ներկայում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվում են ուսումնական հաստատությունների ընթացիկ բնույթի վարչական և զուտ կրթական ծախսերը, ընդ որում` մեծ մասնաբաժինը աշխատավարձի գծով հատկացումներն են (պլանային ծախսերի ավելի քան 80%-ը), որից պարզ է դառնում, որ առանց ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին խոսելն անիմաստ է:

64. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեներում, պետության մասնակցության ցածր մակարդակով պայմանավորված, մեծացել է բուհերի զգայունությունն ուսանողների թվի նկատմամբ, և բացակայում է ցածր առաջադիմությամբ ուսանողների կրթությունն ընդհատելու միտումը: Դիպլոմավորման միջին տոկոսը 2017-2020 թվականներին բակալավրի մակարդակում միջինում կազմել է ընդունված ուսանողների 81%-ը կամ հանրակրթության շրջանավարտների 44.6%-ը: Նշված ցուցանիշը 13.8%-ով բարձր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջինացված 30.8% ցուցանիշից: Մագիստրոսի կրթական ծրագրով 2017-2019 թվականներին շրջանավարտների դիպլոմավորման տոկոսը, ընդունվածների համեմատ, միջինում կազմել է 76% կամ 13.75%` հանրակրթության շրջանավարտների համեմատ, որը համընկնում է ՏՀԶԿ 13.8% միջին ցուցանիշին:

65. Ելնելով ֆորմալ կրթության ֆինանսավորման նկարագրված խնդիրներից` անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն ըստ կրթական մակարդակների վերանայել ու մշակել պետական ֆինանսավորման նոր մեխանիզմներ, այլև ներդնել ճկուն գործիքներ, որոնք, ապահովելով նվազագույն անհրաժեշտ ֆինանսավորումը, թույլ կտան լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել «լավագույն գործունեություն ծավալող» ուսումնական հաստատություններին: Կատարողականի արդյունքային ցուցանիշների (ԿԱՑ–KPI) հիման վրա լրացուցիչ հատկացումների տրամադրման գործիքի կիրառումը կարող է էապես բարելավել կրթության ոլորտի կառավարման արդյունավետությունը:

66. Տարբեր մակարդակների ուսումնական հաստատությունների տեղաբաշխվածությունը հանրապետությունում անհամաչափ է, որը խնդիրներ է ստեղծում ինչպես մատչելիության, այնպես էլ ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Օրախնդիր է հանրապետությունում կրթական որակյալ ծառայությունների քարտեզի կազմումը` մասնագիտությունների ճիշտ տեղաբաշխմամբ:

67. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների կեսից ավելին` 55.1%-ը, ուսումը ստացել է Երևանում, թեև այստեղ է գտնվում այդ հաստատությունների 35.5%-ը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխարհագրական կենտրոնացվածության աստիճանն ամենաբարձրն է. բարձրագույն կրթության առաջին աստիճանում կրթական ծրագրեր իրականացնող բուհերի 80%-ը տեղաբաշխված է եղել Երևանում: Ուսանողների 84%-ը սովորել է Երևանի բուհերում, 5%-ը` Շիրակի, 4%-ը` Լոռու, իսկ 7%-ը` այլ մարզերի բուհերում: Մյուս կողմից` ուսանողների զգալի մասն իր ուժերով է լուծում կեցության խնդիրը հանրակացարանային ոչ բավարար պայմանների պատճառով:

68. Այսպիսով, բարձրագույն կրթության ծառայությունների մատուցման աշխարհագրության վերաբերյալ ռազմավարական մոտեցման բացակայությունը մեծացնում է ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը խոչընդոտող գործոնները տարածքային անհամաչափության, նյութատեխնիկական բազայի ոչ լիարժեք կիրառելիության, ֆինանսավորման ոչ ճկուն մեխանիզմների և առհասարակ կրթական արդյունքի ստեղծման առումներով: Օրինակ` բուհերում ընդունելության 29%-ն իրականացվում է չորս մասնագիտությամբ` «Մասնագիտական մանկավարժություն», «Տնտեսագիտություն», «Կառավարում» և «Իրավագիտություն»: Այս բոլոր մասնագիտությունները հասարակագիտական ոլորտում են և ԲՏՃՄ մասնագիտությունների համեմատ` քիչ ծախսատար: Հասկանալի է, որ ցածր ծախսատարության պատճառով բուհերից շատերն իրականացնում են կրթություն հենց այս մասնագիտություններով: Իսկ այնպիսի մասնագիտություններ, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, օրինակ` «Վիճակագրություն», «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա», «Կենսաբանություն», բուհերում քիչ են ուսուցանվում` այս բոլոր մասնագիտություններով տարեկան 473 շրջանավարտ, որը կազմում է բակալավրի կրթական ծրագրով ընդհանուր շրջանավարտների 3.7%-ը: Տեխնոլոգիական զարգացման, արհեստական բանականության զարգացման հեռանկարի պարագայում այս մասնագետների մեծ պակասուրդ ենք ունենալու:

69. Համաշխարհային տնտեսական և սոցիալական զարգացման արդի միտումները ստիպում են հասարակություններին անընդհատ կրթվել և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, և այստեղ մեծ դեր է խաղում նաև ոչ ֆորմալ կրթական համակարգը ներառող լրացուցիչ և շարունակական կրթությունը: Այդ ոլորտը Հայաստանի Հանրապետությունում դեռ զարգացման սաղմնային վիճակում է, և նման ոչ ֆորմալ կրթական ծրագրեր յուրացնելու կամ ավարտելու մասին հավաստող վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու, ինչպես նաև ծրագրերի որակի հավաստման և հավատարմագրման մեխանիզմներն անկատար են:

70. Նախատեսվում է ներդնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման, ճանաչման, վկայագրման համակարգ, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները:

71. Մրցունակ կրթական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է լինել միջազգային կրթական գործընթացների ոչ միայն ակտիվ մասնակից, այլ նաև ստեղծել հավելյալ արժեք և ունակ լինել կրթական ծառայություններ արտահանելու: Այս առումով անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի միջազգային գրավչությունը: Հայաստանի դիրքը կարիք ունի առավել ամրապնդման ինչպես երկրի բուհերը աշխարհի լավագույն բուհերի ցանկում ընդգրկելու, այնպես էլ մեր կրթական նորարարությունները համաշխարհային հարթակներում ճանաչելի դարձնելու առումով:

72. Կրթության համակարգի իրավական ակտերում, ոլորտին առնչվող փաստաթղթերում առկա է կիրառվող եզրույթների խառնաշփոթ: Նույն եզրույթը տարբեր ենթահամակարգերում օգտագործվում է տարբեր իմաստներով, կան ոչ հստակ թարգմանություններ: Անհրաժեշտ են աշխատանքներ կրթական համակարգի եզրույթների հստակեցման ուղղությամբ: Ամբողջական վերանայման կարիք ունի «Կրթության մասին» օրենքը` կրթական ամբողջական օրենսգրքի մշակման տրամաբանությամբ:

 

2. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ

 

73. Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը` մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն:

74. Լինելով փոքր պետություն` մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացին, հասարակության յուրաքանչյուր անդամը որպես մարդկային կապիտալի մի մասնիկ:

75. Կրթության զարգացման տեսլականն է` յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը` ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը:

76. Ծրագրի վերջնական նպատակը ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, և կհանրահռչակվի կրթությունը որպես հանրային բարիք` ապահովելով կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ձևավորելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցային ժողովրդավարության վրա հենվող հանրային համերաշխությունը:

77. Ծրագրի վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները.

1) համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում.

2) կրթության արդյունավետության բարձրացում, որը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում` հիմնվելով կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա.

3) կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա` շահեկանորեն նպաստելով ներքին կրթական ռեսուրսների առաջնահերթ զարգացմանն ու փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում:

 78. Սույն Ծրագրի հիմքում դրվել են հետևյալ արժեքային և գործառնական սկզբունքները.

 1) ժողովրդավարական մասնակցային մշակույթի ձևավորում կրթական համակարգի բոլոր հարթություններում` ուսուցման մեթոդների ու բովանդակության, հաստատության կառավարման և հասարակական հարաբերությունների կազմակերպման մակարդակներում.

2)  մարդակենտրոնություն կրթության ոլորտում յուրաքանչյուր որոշում կայացնելիս.

3) կրթական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների, հանրային հաշվետվողականության ու թափանցիկության հավասարակշռում.

4) կրթական գործընթացի կազմակերպման մեջ բոլոր շահակիցների և շահառուների պատասխանատվության առկայություն, նրանց հանդեպ վստահություն և համայնքային ու կրթական հաստատությունների համագործակցություն.

5) ներառականություն և մասնակցայնություն` կրթության բնագավառի պետական, փաստահենք քաղաքականության մշակումն ու իրականացումը պետք է ընդգրկեն հասարակության բոլոր խավերը: Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի փոխադարձ կապի գործուն ու թափանցիկ համակարգի ներդրմամբ պետք է հնարավորություն ընձեռվի ներդրում ունենալու որոշումների կայացման, ծառայությունների մատուցման և արդյունքների գնահատման գործընթացներում.

6) կրթության հասանելիությանը, սոցիալական պաշտպանությանն ու աղքատության հաղթահարմանն ուղղված գործողությունների միջև սերտ կապի և համընթացության (սիներգիայի) ապահովում` հաշվի առնելով աղքատության և մասնավորապես մանկական աղքատության բարձր մակարդակը և դրա մեծ ազդեցությունը կրթության արդյունքի վրա, ազգային և համամարդկային արժեքների համադրում. Հայաստանի կրթական համակարգը, միջազգային կրթական համակարգի անբաժանելի մաս լինելով, ակտիվորեն ներգրավված է եվրոպական և տարածաշրջանային կրթական ինտեգրացիոն գործընթացներում` ազգային շահերի, կրթական առաջադեմ ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ.

7) տարածքային համաչափ զարգացում, որը կայուն զարգացման կարևոր նախադրյալ է: Կրթության համակարգում հավասարության ապահովումը և տարածքային անհամաչափ զարգացման մեղմումը պետք է լինեն իրականացվող քաղաքականության անկյունաքարային սկզբունքները.

8) օտարերկրյա պետությունների հայկական կրթօջախների և համայնքային կառույցների հետ շարունակական երկխոսության ապահովում` կրթության ոլորտում համահայկական օրակարգի ձևավորման և խնդիրների հասցեագրման համար.

9)  կրթական միջավայրի և համակարգի հարմարվողականություն և դիմակայունություն ճգնաժամային իրավիճակներին.

10) եվրոպական կրթական տարածքի 2021-2030 ռազմավարական շրջանակով սահմանված «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի կայունության ապահովում` հասարակությանը «Եվրոպական կանաչ գործարքի» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու համար, որը նույնպես կայուն զարգացման նպատակների նախադրյալներից է.

11) գերազանցության խրախուսում:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

79. Ծրագրի իրականացումը նախատեսում է փոխկապակցված քայլերի իրականացում երեք ռազմավարական ուղղություններով:

80. Ծրագրի վերջնական նպատակին հասնելու համար պետք է մեղմացվեն և աստիճանաբար վերացվեն այն գործոնների ազդեցությունները, որոնք դեռևս խոչընդոտում են առանց սահմանափակումների բոլորի համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը կրթական ծառայությունների բազմազանեցման, ֆինանսավորման նպատակայնության բարձրացման, հանրային համերաշխության ձևավորման և այլ հնարավոր միջոցներով:

 

Համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը

 

81. Համընդհանուր ներառական, սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը ենթադրում է բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն հանրապետության ողջ տարածքում: Այս ուղղությամբ քաղաքականությունների ու գործողությունների շրջանակը ներառում է`

1)  հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների (նախադպրոցական, հանրակրթական և ՄԿՈՒ) ու կրթական ծրագրերի համընդհանուր ծածկույթի ապահովում, մասնավորապես`

ա. ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կլաստերային տեղաբաշխման սկզբունքների մշակում և դրանց համապատասխան հաստատությունների և ծառայությունների ցանցի զարգացում` հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման և ազգային անվտանգության առաջնահերթությունները` միտված կրթության` բոլոր մակարդակներում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մատչելիությանը, խելամիտ հարմարեցմանը,

բ. նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի վերաբաշխում` համապատասխանեցնելով դրանք տարածքային զարգացման գերակայություններին, ինչպես նաև ապահովելով սովորողների ու դասավանդող անձնակազմի տեղափոխման և նվազագույն ստանդարտներին համապատասխան կացության մեխանիզմները,

գ. նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի ու մասնագիտությունների ցանկերի վերանայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և տարանջատում` ըստ որակավորումների ազգային շրջանակի կրթական մակարդակների նկարագրերի, դրանց համապատասխան որակավորումների ոլորտային շրջանակի սահմանում,

դ. ապագա աշխատաշուկայի գիտելիքների և հմտությունների անհրաժեշտությունից ելնելով` պետական պատվերի ձևավորման միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրում պետական համապատասխան կառույցի կողմից այդ գործառույթի պատվիրակման միջոցով: Պետական պատվեր ձևակերպելիս Կառավարությունը հաշվի կառնի ինչպես աշխատաշուկայի կարիքները, այնպես էլ պետության ռազմավարական առաջնահերթությունները, տարածաշրջանների ու ոլորտների զարգացման ուղղությունները, որոնք կուսումնասիրվեն այդ գործառույթն իրականացնող կառույցի պարբերական հետազոտություններով: Ընդ որում, համայնքներում առավել պահանջարկ վայելող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով Կառավարությունը կնախատեսի լրացուցիչ խթանող քայլեր, ինչպես, օրինակ, նպատակային ընդունելությունը` կրթության մեջ ներգրավվածության խթանումը կապակցելով լիազոր մարմնի նշանակած վայրում սովորողի` որոշակի ժամանակահատված աշխատելու պարտավորությանը,

ե. հեռավար կրթական ծառայությունների, էլեկտրոնային բաց պաշարների, առցանց դասընթացների ներդրում կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում` գյուղական և սահմանամերձ համայնքների համար,

զ. արտադպրոցական դաստիարակության բնագավառում պետական քաղաքականության երաշխիքների, միասնական կարգավորման ենթակա հարաբերությունների, ոլորտի վերահսկելիության մեխանիզմների, բյուջետային ֆինանսավորման ուղղությունների, համաֆինանսավորման դեպքերի և չափանիշների, մանկավարժական և ղեկավար կազմի հավաստագրման, ատեստավորման և հավելավճարների կիրառման համակարգի ներդրման, կրթական ծրագրերին ներկայացվող պահանջների և արդյունքների վկայագրման ձևի սահմանում.

2) ուսումնական ենթակառուցվածքների ապահովում`

ա. ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծում` հաշվի առնելով կրթության նորացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները,

բ. ուսումնական հաստատությունների ուսումնական գույքի, ժամանակակից համակարգչային սարքավորումների շարունակական արդիականացում, համացանցի որակյալ հասանելիության ապահովում, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների, մարզադահլիճների, ֆիզիկական և թվային ԲՏՃՄ և այլ լաբորատորիաների և գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների ստեղծում,

գ. հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում` մասնավորապես սովորողների սննդի կազմակերպման և արտադասարանական, արտալսարանային խմբակների և դասընթացների ծավալների ընդլայնմամբ,

դ. ՄԿՈՒ հաստատություններում ճկուն մոտեցումների կիրառում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության խրախուսման շրջանակներում` ոչ միայն շեշտադրելով հաստատություններում ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը, այլև առավելապես ընդլայնելով գործատուների հետ համագործակցությամբ նրանց ենթակառուցվածքները ուսումնառության գործընթացում օգտագործելու հնարավորությունները,

ե. ոչ ֆորմալ ուսուցման կառույցների, այդ թվում` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների գործունեության հիմնական պահանջների, գույքային և նյութատեխնիկական չափանիշների սահմանում` ըստ անհրաժեշտության,

զ. ՄԿՈՒ հաստատությունների դասակարգում հանրապետական և տեղային նշանակության` հանրապետական նշանակության հաստատությունների համար սահմանելով ենթակառուցվածքային հավելյալ պահանջներ, օրինակ` հանրակացարանային, խելամիտ հարմարեցումների և այլն,

է. բոլոր բուհերի և ՄԿՈՒ հաստատությունների համար սահմանել նվազագույն միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ` ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող/դասախոս հարաբերակցության, ռազմավարական նպատակադրումների և միջազգայնորեն այլ ընդունելի չափանիշների,

ը. պետական բուհերի խոշորացում` ըստ ուղղությունների, գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորում` հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև արդյունավետ սերնդափոխության նպատակով,

թ. բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում բուհերի կառավարման համակարգի վերանայում, այդ թվում` բուհական կառավարիչներին ներկայացվող պահանջների և նկարագրերի սահմանում վերաորակավորման, պարտադիր վերապատրաստման համակարգի իրավական հենքի ներդրում, խոշորացված բուհերում կառավարման այլընտրանքային մոդելների փորձարկում, ժամանակավոր կառավարիչների նշանակում.

3) կրթության կազմակերպման սովորողակենտրոն և մասնակցային մեխանիզմների ընդլայնում`

ա. սովորողների կրթական խնդիրների ու կարիքների համալիր և համապարփակ գնահատման ու արձագանքման կառուցակարգերի և համակարգի ներդրում, ՄԿՈՒ համակարգի` ուսանողի մասնագիտական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում` ՄԿՈՒ կրթական ծրագրերի որակավորումների առանձնահատկություններին և անհատական ուսուցման պլանին համապատասխան,

բ. ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացվող համայնքային նշանակության ծրագրերում ուսումնական հաստատությունների ուսանողների ներգրավում, նրանց ձեռք բերած ուսումնառության արդյունքների ճանաչում, վկայագրում և ընդգրկում կրեդիտային համակարգում,

գ. պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելման, դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական համակարգում նրանց ներառման արդյունավետ մեխանիզմների գործարկում, կրթության բոլոր շահակիցների, համայնքների և դպրոցների մասնակցությամբ երկարօրյա բազմակողմանի ուսուցման համակարգի աստիճանական ներդրում` ապահովելով հմտությունների ձևավորման և սննդի ապահովման կադրային ու ենթակառուցվածքային հիմքը` ձևավորելով համայնքային ինքնակազմակերպմանը ծառայող համաֆինանսավորման խթաններ,

դ. միջնակարգ կրթության երրորդ մակարդակում ուսումնական կրեդիտների ներդրում` հեռանկարով, որ դրանց փոխանցելիությունը կապահովի սովորողի շարժունությունը և աստիճանակարգված կրթությունը արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համապատասխան կրթական ծրագրում, ինչպես նաև հորիզոնական հարթության վրա հնարավորություն կընձեռի կրեդիտներ փոխանցել արհեստագործական, միջին մասնագիտական և ոչ ֆորմալ կրթության ծրագրերից, այդ թվում` արտադպրոցական դաստիարակության,

ե. մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և կարճաժամկետ ուսուցման լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի ավելացում` երկրում սահմանված գերակա ոլորտներում ընդգրկված աշխատակիցների կատարելագործման և կարողությունների արդիականացման նպատակով,

զ. բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերի իրականացում ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում` հեռավար և դրսեկությամբ ուսումնառության միջոցով,

է. լրացուցիչ կրթական ծրագրերի` որպես ոչ ֆորմալ կրթության իրականացման միջոցի կազմակերպման և իրականացման օրենսդրական ու մեթոդական հիմքերի ստեղծում, գործընթացային փուլերի ապահովման, մասնավորապես կարիքի գնահատում, ծրագրի երաշխավորում, ընթացքի մոնիտորինգ, արդյունքների ճանաչում, վկայագրում, կրեդիտավորում, ուսուցման ազգային ռեեստրում հաշվառում,

ը. ոչ ֆորմալ, ինֆորմալ ուսումնառության արդյունքների` անձի ձեռք բերած կարողությունների գնահատում, ճանաչում, վկայագրում, կրեդիտավորում, ուսուցման ազգային ռեեստրում հաշվառում,

թ. ուսուցման ազգային ռեեստրի ստեղծում` որպես լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված անձանց, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան,

ժ. ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կրեդիտների հաշվառման և փոխանցման մեխանիզմների ներդրում հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն կրթության, շարունակական ու լրացուցիչ կրթության համակարգերում, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ռեեստրի ստեղծում,

ժա. բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում և բազմազանեցում, այդ թվում` կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով,

ժբ. բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում և փոխհատուցում` բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների` բուհական կրթական համակարգից դուրս մնալու դեպքերը,

ժգ. բուհական անձեռնմխելի դրամագլխի ձևավորում,

ժդ. բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ընդունելության նոր մեխանիզմների մշակում և ներդրում,

ժե. կրթության բոլոր մակարդակներում անցում համընդհանուր ներառական կրթությանը.

4) կարողությունների և վերջնարդյունքների վրա հիմնված կրթական գործընթացի կազմակերպում.

5) կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում, մասնավորապես`

ա. Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի հետագա կատարելագործում և ամբողջական ներդրում` ապահովելով որակավորումների համադրելիությունը եվրոպական որակավորումների համապարփակ շրջանակի հետ և համապատասխանությունը ժամանակակից ու առաջանցիկ աշխատաշուկայի և հասարակության զարգացող պահանջներին,

բ. մասնագիտական կրթության ծրագրերի արհեստագործական և մասնագիտական մակարդակներում աստիճանաբար անցում որակավորումների ազգային շրջանակին և դրան համապատասխան ոլորտային որակավորումների շրջանակին, կրեդիտային համակարգի ներդրում: Դա էականորեն կնպաստի սովորողների և շրջանավարտների շարժունությանն ու որակավորումների միջազգային ճանաչելիությանը,

գ. որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի իրականացում, ոչ ֆորմալ ուսումնառության արդյունքներով միկրոորակավորումներ (micro-credentials) նախատեսելու հնարավորություն` որպես շարունակական և ճանաչված կրթության բաղադրիչ,

դ. բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կրթական ծրագրերի արդիականացում` դրանք համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին, կարողությունների վրա հիմնված և միջազգայնորեն ընդունված չափանիշներին, մասնավորապես կարևորելով մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, «կանաչ» կրթության, օտար լեզուների ուսուցումը, ինչպես նաև սովորողների քննադատական, վերլուծական, նորարարական, ինքնուրույն և ստեղծագործական մտածողության զարգացումը,

ե. բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում և հավասար հնարավորությունների ստեղծում ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզվով դասավանդվող կրթական ծրագրերի համար,

զ. բարձրագույն կրթության մակարդակում կարգավորվող մասնագիտությունների հասկացության սահմանում և ներդրում: Այս անհրաժեշտությունը կա, քանզի միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին մասնագիտություններ, ինչպես, օրինակ, բժշկությունը, մանկավարժությունը, ճարտարապետաշինարարությունը, իրավագիտությունը կարիք ունեն առանձին իրավակարգավորումների,

է. պետության ռազմավարական առաջնահերթություններից ելնելով` բարձրագույն կրթության համակարգում ռազմական, առողջապահական, արտակարգ իրավիճակների և բնակչության քաղաքացիական պաշտպանությանն ուղղված կրթական ծրագրերի արդիականացում,

ը. այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող բուհերում բարձրագույն կրթական ծրագրերի իրականացում միայն տվյալ ոլորտին յուրահատուկ վերջնարդյունքներին համապատասխան,

թ. առանձնակի շեշտադրում սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հայրենաճանաչողության ու ազգային արժեհամակարգի ձևավորմանը` այս համատեքստում կարևորելով նաև հայրենագիտական առարկաների ուսուցման արդյունավետությունը,

ժ. մասնագիտական և բարձրագույն կրթության ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնների ստեղծում և պարբերական վարժական պարապմունքների կազմակերպում,

ժա. ազգային փոքրամասնությունների համար որակյալ կրթության հասանելիության ապահովում, այդ թվում` բարձրագույն կրթության մակարդակում, ուսուցիչների պատրաստման, ուսուցիչների շարունակական վերապատրաստման և որակավորման բարձրացման, ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցիչների խրախուսման տարբեր եղանակների ներդրման, ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության վայրերում նախադպրոցական կրթության շարունակական ընդլայնման և այլ միջոցներով,

ժբ. տարածաշրջանային երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդրում կրթական համակարգում,

ժգ. երեխաների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքների խթանում, դրանց կազմակերպման մեթոդների կատարելագործում, ստեղծելով համապատասխան կենտրոններ և ներդնելով ձեռներեցության ուսուցում կրթական այն մակարդակներում, որտեղ այդ բաղադրիչը նախատեսված չէ, բուհական հետազոտողների (ասպիրանտների) ներուժի օգտագործում` բուհ/դպրոց կապի ամրապնդման և արդյունավետության բարձրացման, լավագույն երեխաների մասնագիտական կողմնորոշման համար,

ժդ. աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեխանիզմների համակարգային ներդրում մասնագիտական կրթության և ուսուցման մակարդակներում,

ժե. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի արդիականացում` անցում գիտական միաստիճան (PhD) համակարգի և դոկտորի որակավորման աստիճանի, գիտահետազոտական կրթության և գիտական աստիճանաշնորհման չափանիշների ու պայմանների հստակեցում` համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,

ժզ. դոկտորական ծրագրերի բարելավում Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերում կամ բուհերի համագործակցության միջոցով` անհրաժեշտության դեպքում կրթության կազմակերպման նոր մոդելների ներդրմամբ,

ժէ. բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ընդունելության տեղերի ավելացում առնվազն երեք անգամ,

ժը. կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրային փուլի կազմակերպում գիտակրթական հաստատություններում և առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի լիցենզավորած բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում,

ժթ. որակի վերահսկողության գործիքակազմի մշակում և ներդրում.

6) մանկավարժական կրթության արդիականացում`

ա. ժամանակակից դասավանդման մեթոդներին տիրապետող և դրանք կիրառող բարձր մասնագիտական որակավորում և պատրաստվածություն ունեցող մանկավարժական ու դասախոսական կազմի ապահովում, այդ թվում` մանկավարժական գործունեությամբ զբաղվելու ճկուն մեխանիզմների ներդրմամբ, ինչպես, օրինակ, մանկավարժական անհրաժեշտ կրեդիտների ստացման կարճաժամկետ ծրագրերի առկայություն բարձրագույն մասնագիտական կրթության պարագայում,

բ. դասավանդող անձնակազմի համալրման (այդ թվում` Սփյուռքի առաջատար մասնագետների ներգրավմամբ) արդյունավետ մեխանիզմների մշակում և ներդրում,

գ. արհեստագործական և մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համալրման, կատարելագործման ու զարգացման մեխանիզմների ներդրում թափուր տեղի մրցութային համալրման, ատեստավորման և տարակարգերի շնորհման և հավելավճարների սահմանման միջոցով: Նշված բոլոր գործընթացների հիմքում սահմանել մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման գործառույթների նկարագրերը և դրանց ապահովման չափանիշները,

դ. բուհերում ակադեմիական կազմի պաշտոնների համալրման, մասնագիտական առաջխաղացման, ինչպես նաև ատեստավորման և վերապատրաստման արդյունավետ մեխանիզմների մշակում ու ներդրում` սահմանելով հստակ պահանջներ և այն փոխկապակցելով աշխատանքի վարձատրության հետ, հրավիրյալ պրոֆեսորների ընդգրկում բուհերում` ներառելով նաև սփյուռքահայ գիտնականներին,

ե. դասավանդելու իրավունքի համար մասնագիտական որակավորման բարձր պահանջների ամրագրում,

զ. մանկավարժական կրթության արդիականացում` ապահովելով որակավորման բնութագրերի, շրջանավարտների մասնագիտական գիտելիքների և կարողությունների համապատասխանությունը ժամանակակից պահանջներին, ուսումնական պրակտիկայի արդյունավետ համակարգի ներդրում,

է. դասավանդողների վերապատրաստման, մասնագիտական և արժանիքահենք առաջխաղացման և խրախուսման հնարավորությունների (ներառյալ ատեստավորման) ընդլայնում` զուգակցելով աշխատանքի արժանապատիվ վարձատրության մեխանիզմների հետ, վերապատրաստումների արդյունավետության մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների մշակում ու ներդրում,

ը. մանկավարժական գործունեության հեղինակության և հանրային դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,

թ. մանկավարժների սոցիալական երաշխիքների համալիր մոտեցման մշակում` ըստ անհրաժեշտության օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով,

ժ. գիտական աստիճանի հավակնորդների ու հետազոտողների գիտական ղեկավարների միջին տարիքային ցուցանիշը բարելավելու համար գիտական և ակադեմիական գործունեությամբ զբաղվելու գրավչությունը բարձրացնելու մեխանիզմների մշակում և ներդրում.

7) էլեկտրոնային ուսումնական նյութերի, պաշարների և ուսումնական գրականության որակական բարելավում, մասնավորապես`

ա. դասագրքերի որակի բարելավում, համապատասխանեցում առարկայական ծրագրերին և չափորոշիչներին, դրանց բովանդակային համապատասխանեցում սովորողների տարիքային, ճանաչողական և հոգեկան զարգացման առանձնահատկություններին,

բ. հայալեզու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարների հարստացում` նկատի ունենալով նաև սփյուռքահայ կրթօջախների կարիքները,

գ. ուսումնական հաստատություններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ծավալում,

դ. տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կրթական ծրագրերի բարելավում, առկա լավագույն փորձի տարածում և զարգացում.

8) 2020 թվականի Արցախյան պատերազմից և արտակարգ իրավիճակներից քաղված դասերով պայմանավորված` նախատեսվում է`

ա. ներդնել (վերանայել) միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրեր, որոնց շրջանավարտները կստանան կրկնակի (քաղաքացիական և ռազմական) կամ երկակի (քաղաքացիական, որոնք համարժեք են նաև ռազմական կրթության) որակավորում,

բ. առանձին մասնագիտությունների համար վերականգնել բուհական ռազմական ամբիոնները,

գ. մշակել և ներդնել պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում տարկետման նոր համակարգ,

դ. զարգացնել պետության ռազմավարական և անվտանգային առաջնահերթություններից բխող մասնագիտությունների գծով օտարերկրյա պետությունների բուհերում նպատակային գործուղման համակարգը` հետագայում մարդկային ներուժն օգտագործելով անհրաժեշտ ուղղություններով մասնագիտական կրթական ծրագրեր ներդնելու և արդիականացնելու նպատակով,

ե. կանոնակարգել զինվորական ծառայության ընթացքում կրթական և վարժանքային ծրագրերը, դրանց միջոցով ձեռք բերված գիտելիքների և կարողությունների հիման վրա շնորհել որակավորում կամ ուսումնական կրեդիտներ,

զ. ավելացնել ռազմամարզական վարժարանների և քոլեջների թիվը, իրականացնել ռազմական կրթության գրավչության բարձրացմանը միտված ծրագրերը, ավելացնել դրանցում սովորողների տեղերի քանակը.

9) ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան` կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգի ներդրում` ներառելով ինչպես հստակ սահմանված վերջնարդյունքների, այնպես էլ ուսումնառության միջավայրի, գործընթացի, որակի ապահովման գործող համակարգերի գնահատումը: Կձևավորվի համապատասխանության որակի հավաստման համակարգ:

 

Կրթության արդյունավետության բարձրացումը

 

82. Կրթության զարգացման սահմանափակ ֆինանսական ռեսուրսները պահանջում են փաստահենք, արդյունավետ կրթության կառավարում: Կստեղծվի արդյունավետ, բաց, կատարողականի և վերջնարդյունքների վրա հիմնված կառավարման համակարգ` ապահովելով ինքնավարությունը, հզորացնելով ֆինանսավորման համակարգը: Մասնավորապես`

1)  կրթության կառավարման համակարգի բարեփոխումներ, որոնք կներառեն`

ա. համակարգի ուսումնական և օժանդակ կազմակերպությունների գործառնական, օրենսդրական համակարգային վերլուծությունից հետո կմշակվեն համակարգի «ճարտարապետական» կառուցվածքի հայեցակարգը, օրենսդրության վերանայումն ու կառուցվածքային բարեփոխումների իրականացումը,

բ. կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրումը, կրթության համակարգի հիմնական ցուցանիշների սահմանումը,

գ. անցումը իրական ծրագրային բյուջետավորմանը, ծախսակազմման բացերի լրացմանը,

դ. կրթության պետական կառավարման մարմիններում ռազմավարական պլանավորման և ծրագրերի կառավարման ոլորտներում գործառույթների հստակ ամրագրումը, վերապատրաստումների իրականացումը,

ե. հանրակրթական հաստատություններում վարչատնտեսական և բովանդակային կառավարման գործառույթների տարանջատումը և մասնագիտացումը, վարչատնտեսական կառավարման գործընթացի կենտրոնացումը, ըստ անհրաժեշտության` պատվիրակումը մասնավորին կամ համայնքներին,

զ. ՄԿՈՒ ֆինանսավորման բանաձևի, նպատակային ֆինանսավորման և պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունների և մեխանիզմների սահմանումը` հիմք ընդունելով յուրաքանչյուր կրթական ծրագրի ապահովման արժեքը, ըստ դրա` ուսանող/թիվ կամ խումբ/թիվ փոխհատուցվող չափը և առանձին գործակիցների սահմանումը,

է. ՄԿՈՒ հաստատությունների` մասնավորի հետ համատեղ կառավարման մեխանիզմների և գործիքակազմերի մշակումը, ներդրումը և ընդլայնումը, միաժամանակ պետության համար գերակա ուղղություններով կամ հաստատություններում միջանկյալ փուլում, ըստ անհրաժեշտության, պետության կողմից ամբողջական ֆինանսավորման և կառավարման ապահովումը,

ը. պետական պատվերի կանխատեսումը, պլանավորումը և ըստ հաստատությունների բաշխումը` համաձայն տարածաշրջանների ու ոլորտների մասնագետների թափուր պաշտոնների կարիքի գնահատման արդյունքների և ուսումնական հաստատությունների մասնագիտությունների, իսկ դրանց բացակայության դեպքում` փորձարարական ծրագրերի միջոցով,

թ. բուհերի համար հավասար մրցակցային դաշտի ստեղծումը, մասնավորապես բուհերի միասնական կազմակերպական-իրավական ձևի մշակումը, կառավարման համակարգի նույնականացումը, ինչպես նաև բուհերի գործունեության միայն ոչ առևտրային ձևի սահմանումը,

ժ. բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում միջազգային ստանդարտներին և չափորոշիչներին համապատասխան` կրթական ծրագրերի լիցենզավորման պայմանների ու պահանջների վերանայումը և նոր ստանդարտների մշակումն ու ներդրումը, նախահավատարմագրման գործիքի մշակումն ու կիրառումը,

ժա. բուհերի և ՄԿՈՒ հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջազգայնորեն ընդունելի նոր չափանիշների մշակումն ու ներդրումը,

ժբ. կրթության միասնական օրենսգրքի մշակումը.

2) կրթության կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով տվյալների վրա հիմնված կառավարման համակարգի ամրապնդում` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդգրկելով կրթության բոլոր մակարդակները.

3) կառավարման և որոշումների կայացման ներառական, մասնակցային, ինքնավար, թափանցիկ և հաշվետու համակարգի ներդրում, մասնավորապես`

ա. ուսումնական հաստատությունների ինքնավարության և հաշվետվողականության հավասարակշռված համակարգի ներդրում, բարեվարքության սկզբունքների և վարքականոնների որդեգրում, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների կատարելագործում,

բ. հանրակրթական հաստատությունների կառավարման լիազորությունների աստիճանական պատվիրակում տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքների խոշորացման համատեքստում,

գ. հանրակրթական և ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի, այդ թվում` տնօրենների նշանակման, ազատման, գնահատման, ինչպես նաև կառավարման մարմինների ձևավորման սկզբունքների, քանակական կազմի, ներկայացուցչականության չափանիշների, իրավասությունների և գործառույթների վերանայում հաստատության զարգացման հարցերին դրանց մասնակցությունն ապահովելու և ինքնավարությունը խթանելու նպատակով` բացառելով քաղաքական-կուսակցական ազդեցությունները,

դ. բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմների և պահանջների սահմանում` ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև.

4) ցանցային կրթական համակարգերի ներդրում`

ա. փոքր բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման մոդելի մշակում, փորձարկում և ներդրում` կազմակերպելով ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում` նկատի ունենալով սովորողների խմբերի կոմպլեկտավորման, մանկավարժների պակասի լրացման, առկա ենթակառուցվածքների լիարժեք օգտագործման խնդիրները, ամբողջացնելով նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական և նախնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը,

բ. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ծախսարդյունավետ մոդելների, մոդուլային մանկապարտեզների կառուցման և այլ միջոցներով նախադպրոցական ծառայությունների ապահովում` առաջնահերթություն տալով գյուղական, սահմանամերձ, բարձրլեռնային բնակավայրերին և սոցիալապես խոցելի խմբերին,

գ. փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող համայնքներում մոդուլային կրթահամալիրների կառուցում: Այս համայնքներում դպրոցը կարող է գործել նաև որպես համայնքային կրթամշակութային կենտրոն` միավորելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության տարբեր ծրագրեր (մասնավորապես նախադպրոցական, դպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական, արտադպրոցական)` ապահովելով մշակութային, մարզական գործառույթների իրականացումը մեկ միջավայրում և հարթակում, որը հնարավորություն կընձեռի ապահովելու կրթության շարունակականությունը` դարձնելով այն ծախսարդյունավետ և բովանդակալից,

դ. ակադեմիական քաղաքի ստեղծում` որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը` ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները,

ե. բոլոր մակարդակներում կատարողականի արդյունքային ցուցանիշների (ԿԱՑ–KPI) սահմանում և արդյունքից կախված ֆինանսավորման մեխանիզմների ներդրում` ծրագրային բյուջետավորման սկզբունքներին համապատասխան,

զ. դպրոցներում, այդ թվում` փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող գյուղական դպրոցներում ֆինանսավորման արդյունավետ ձևերի ներդրում,

է. ձրագույն կրթության ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորման աստիճանական աճ` պետական ֆինանսավորման ձևերի բազմազանեցմամբ և արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ,

ը. մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում,

թ. բուհերի ներքին արդյունավետության բարձրացում կրթական ծրագրերի խոշորացման, իսկ առանձին մասնագիտությունների պարագայում ուսանող/դասախոս, ուսանող/ոչ դասավանդող անձնակազմ հարաբերակցությունների բարձրացման միջոցով,

ժ. ՄԿՈՒ հաստատություններում և բուհերում արտաբյուջետային միջոցների ներգրավում` խթանող մեխանիզմների ստեղծմամբ,

ժա. ուսումնական հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ու ձևերի ընդլայնում (այդ թվում` մասնավոր հատվածի հետ համատեղ)` խթանելով նորարարական ստարտափ և ձեռնարկատիրական ինկուբատոր էկոհամակարգերի ստեղծումը բուհերում և դրանց հետագա առևտրայնացումը,

ժբ. ՄԿՈՒ հաստատություններում լիցենզավորված և իրականացվող մասնագիտությունների գծով ծառայություններ մատուցելու, ապրանքներ արտադրելու և իրացնելու, բազմաշահակից աշխատանքային ծրագրեր ստեղծելու հնարավորությունների ընդլայնում` այն դիտարկելով աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման և արդյունավետ գործունեության երաշխիք և սովորողի գործելու ու կենսակերպ ձևավորելու հնարավորություններ,

ժգ. նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումները խթանող մեխանիզմների սահմանում (այդ թվում` համաֆինանսավորման տարբերակների):

 

Կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը և արտահանումը

 

83. Կրթությունը մրցակցային և կայուն զարգացման հիմքերի վրա դնելու համար հույժ կարևոր է, որ հայկական կրթական համակարգն ամբողջապես ինտեգրվի և լայնորեն ճանաչվի միջազգային հարթակներում, և Հայաստանի Հանրապետությունը վերածվի կրթական ծառայություններ և արտադրանք արտահանող երկրի: Առկա են որոշակի նախադրյալներ (օրինակ` Հայաստանի տարբեր համայնքներում բացված ԹՈՒՄՈ կամ ՍՄԱՐԹ կենտրոնները, որոնք տարբեր միջազգային կրթական կառույցների կողմից լայն հավանություն և ճանաչում են ստացել) և շատ ռեալ առաջարկներ ու նախագծեր այլ երկրներում նմանատիպ կենտրոններ հիմնելու առումով: Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ գրավիչ են հիմնականում Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների համար: Զարգացման հավակնոտ և փոխկապակցված քայլերի դեպքում Հայաստանը կարող է մի կողմից դառնալ կրթական ծառայություններ մատուցող երկիր` բարձրագույն կրթության ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու իրատեսական հեռանկարով, մյուս կողմից` արտահանել իր կրթական արտադրանքը` ի դեմս նորարար և ստեղծարար արտադպրոցական կենտրոնների և արտահանման ներուժ ունեցող այլ կրթական ծառայությունների ու արտադրանքի: Այս առումով Ծրագիրը նախատեսում է`

1) ներպետական կրթական չափորոշիչների, համակարգի և ընթացակարգերի ամբողջական և լիարժեք համապատասխանություն որակի չափման միջազգային շրջանակներին և գործընթացներին.

2) օտարերկրյա պետություններում հայերենի` որպես օտար լեզվի գրավչության բարձրացում.

3) կրթության բոլոր մակարդակներում օտար լեզուների ուսուցման որակի բարելավում.

4) Հայաստանում Սփյուռքի և «պետություն-մասնավոր համագործակցության» միջոցով կայացած և կայացող նորարար ու ստեղծարար արտադասարանական, արտալսարանային տարբեր բազմապրոֆիլ կենտրոնների փորձառության արտահանում.

5) կրթական հաստատությունների կառավարման արդյունավետ մոդելների փորձարկում և ներդրում` արտահանման հեռանկարով.

6) ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման բազմակողմանի ու համալիր համակարգի ներդրում` արտահանման հեռանկարով.

7) եվրոպական և տարածաշրջանային կրթական ինտեգրացիոն ծրագրերում Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի առավելագույն ընդգրկվածություն.

8) տարածաշրջանում և մասնավորապես եվրասիական տարածաշրջանում Հայաստանի` որպես կրթական ծառայություններ և արտադրանք արտահանող երկրի դիրքավորում և միջազգային հարթակներում հայկական կրթական ծառայությունների գրավչության բարձրացում.

9) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և մասնավորապես բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների թվի ավելացում և աշխարհագրության ընդլայնում.

 10) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, հատկապես բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման (ընդունելության, տեղափոխության, վերականգնման) իրավական մեխանիզմների լավարկում, ինչպես նաև նշված գործընթացի շարունակականության ապահովում` ըստ արդյունքային ցուցանիշների.

11) միջազգային վարկանիշային պարբերականներում գիտական աստիճանի հավակնողների ու հետազոտողների աշխատանքների տպագրությունների խթանման համար խրախուսման մեխանիզմների մշակում և ներդրում.

12) արտերկրում հայագիտության կենտրոնների ցանցի շարունակական ընդլայնում.

13) Սփյուռքի համար Հայաստանի Հանրապետության հանրակրթության բովանդակությանը համահունչ կրթական ծառայությունների մատչելիության ապահովում.

14) երկու և ավելի բուհերի (այդ թվում` օտարերկրյա) կողմից կրթական ծրագրերի համատեղ մշակում և իրականացում` բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում որակավորումների շնորհմամբ, որը հավաստվում է մասնակից բուհերի տված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով).

15) բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մեխանիզմների բարելավում, բազմակողմ և երկկողմ ձևաչափերով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման ապահովում.

16) առանձին դասընթացների կամ դասընթացների առանձին թեմաների, ուսումնական մոդուլների և կրթական ծրագրերի` օտար լեզվով դասավանդելու հնարավորության ապահովում:

 

4. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

84. Ծրագիրը կիրականացվի երկու փուլով` 2022-2026 թվականներ և 2027-2030 թվականներ:

85. ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Կառավարությունը կհաստատի ծրագրեր, որոնք կներառվեն պետական բյուջեում: Գործողությունների ծրագրի և դրա իրականացման շրջանակներում հաստատված ծրագրերի ֆինանսավորումը ենթադրում է ոչ միայն պետական բյուջետային միջոցներ, այլև դոնոր կազմակերպությունների ներդրումներ և «պետություն-մասնավոր համագործակցություն»:

86. Ծրագրի իրականացումը կապահովի 2030 թվականի հետևյալ արդյունքային շրջանակը.

1) բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից.

2) դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում.

3) 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում.

4) բոլոր խոշորացված համայնքներում կգործեն մսուրի ծառայություններ.

5) բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտները բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր.

6) բոլոր դպրոցները, ՄԿՈՒ հաստատությունները համալրված կլինեն որակավորված և սահմանված ստանդարտներին համապատասխան ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն.

7) ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից.

8) մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն.

9) ուսումնառության արդյունքներ/ուսումնառության տևողություն հարաբերակցությունը 8,3-12 տարի հարաբերակցությունից կհասցվի 11,5-12 տարի հարաբերակցության.

10) բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ` գրանցելով միջինից (500 միավորից) բարձր ցուցանիշներ, համապատասխանաբար 575,550 չափով.

11) 6-18 տարեկան երեխաները կիրականացնեն ստեղծագործական և ֆիզիկական ակտիվություն ենթադրող աշխատանք, ընդգրկված կլինեն հանրային նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում` տարեկան 730 մարդ-ժամ ցուցանիշով.

12) հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր, էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ դպրոցականների շրջանում.

13) մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգի յուրաքանչյուր շրջանավարտ կունենա միջազգայնորեն ճանաչելի մասնագիտական որակավորում, որը հնարավորություն կտա նրան կարճ ժամանակում ձեռք բերելու արժանապատիվ աշխատանք կամ սկսել սեփական բիզնեսը.

14) բոլոր նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր.

15) կստեղծվեն 100% պետական ֆինանսավորմամբ մինչև ութ բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը.

16) առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային (Թայմսի բարձրագույն կրթության` աշխարհի համալսարանների վարկանիշ – Times Higher Education World University Rankings, Աշխարհի համալսարանների քյուէս վարկանիշ - QS World University Rankings կամ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշ - ARWU, Shanghai Ranking) աղյուսակների լավագույն 500-ի մեջ.

17) աշխատաշուկայի պահանջներին համապատասխան` արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստում: Ուսումնարանը, քոլեջն ու բուհն ավարտելուց հետո ըստ մասնագիտության կաշխատի շրջանավարտների 90%-ը.

18) ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները կունենան պատշաճ կահավորված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին համապատասխան և մատչելի հանրակացարանային հնարավորություններ.

19) կրթություն-գիտություն փոխգործակցություն, ասպիրանտների թվի կտրուկ աճ.

20) յուրաքանչյուրի համար բազմազան հնարավորություններ կստեղծվեն (ֆորմալ և ոչ ֆորմալ) նոր գիտելիքներ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, նոր որակավորում ստանալու համար.

21) աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթություն ստանալու, այդ թվում` հեռավար ուսուցման միջոցներով.

22) Սփյուռքում գործող հայկական կրթօջախները հնարավորին չափ ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին.

23) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգը ձեռք կբերի միջազգային հեղինակություն, որի շնորհիվ օտարերկրյա ուսանողների թիվն առնվազն կկրկնապատկվի:

87. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կապահովի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի մշտադիտարկման մասնակցային և թափանցիկ գործընթացը, հանրությանը կիրազեկի սույն Ծրագրի իրականացման առաջընթացի մասին:

 

Պաշտոնական հրաարակման օրը` 16 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

 

 

 

 

 

 


 

 

pin
ՀՀ 16.11.2022
N ՀՕ-441-Ն օրենք