ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2025 թվականի N 35-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունվարի 16
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի հունվարի 16-ի
N 35-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵԱԲԻԼԻՏԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) սահմանում է համալիր միջոցառումներ և դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:
2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց հետ ծրագիրն իրականացնում է սույն հավելվածի հիման վրա ընտրված հասարակական կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջոցով:
3. Ծրագրի իրականացման համար կազմակերպությունն առնվազն պետք է ունենա մեկական վերապատրաստված սոցիալական աշխատող, հոգեբան և իրավաբան, որոնք պետք է ունենան հմտություններ աշխատելու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց տարբեր խմբերի հետ: Առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման համար կազմակերպությունը, ըստ անհրաժեշտության, պետք է դիմի այլ մարմիններին կամ կազմակերպություններին, որոնք օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան սոցիալական և բժշկական ծառայություններ:
4. Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման ընթացակարգով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
5. Եթե ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում կամ պրոբացիայի շահառու է, ապա համապատասխան ծրագրերն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի կամ պրոբացիայի ծառայության կողմից` դատապարտյալի կամ պրոբացիայի շահառուի վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում` ղեկավարվելով, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով կամ «Պրոբացիայի մասին» օրենքով:
II. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Ծրագրի բովանդակությունը բխում է ծրագրի նպատակներից ու հարմարեցվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի առանձնահատկություններին: Ծրագրի բովանդակությունը կարող է փոխվել ծրագրի իրականացման ընթացքում, եթե դա բխում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կարիքներից:
7. Ծրագրի բովանդակությունը որոշելիս ու իրականացնելիս առաջնային է հետևյալ նախապայմանների ապահովումը`
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց անվտանգությունը և ապահովությունը որպես առաջնահերթություն ընդունելը, նրանց` ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ աշխատելիս չվնասելը կամ չմեղադրելը.
2) գենդերազգայուն ու մարդակենտրոն մոտեցումը և խտրականության բացառումը.
3) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին ծառայություն մատուցող անձանց հաշվետվողականությունը.
4) ներառականությունը և միջմասնագիտական մոտեցումը.
5) սոցիալ-մշակութային պարտադիր բաղադրիչի համապատասխանությունն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի առանձնահատկություններին.
6) ընտանեկան և կենցաղային բռնության նոր դեպքերի, իսկ հնարավորության դեպքում` հանցավոր ցանկացած վարքագծի կանխումը.
7) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ տեղեկության պարբերաբար փոխանակումը, իսկ անհրաժեշտության դեպքում` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին` նրա կյանքի և առողջության, անձնական անվտանգության պաշտպանության համար էական նշանակություն ունեցող տեղեկության փոխանցումը.
8) կազմակերպության ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն տրամադրող կենտրոնի համագործակցությունը.
9) վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատվելու անհրաժեշտության դեպքում համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցումը:
8. Նախարարությունը կազմակերպում է ծրագիրն իրականացնող կազմակերպության մասնագետների վերապատրաստում:
9. Նախարարությունն օրենսդրությամբ սահմանված ուղղորդման կամ համագործակցության շրջանակներում կազմակերպում է ուղղորդում, ուղեգրում կամ նախաձեռնում է համագործակցության գործընթաց, եթե կազմակերպությանը սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման համար այլ մարմիններին կամ կազմակերպություններին դիմելու կամ դրանց ծառայություններից օգտվելու գործընթացում անհրաժեշտ է աջակցություն:
10. Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցություն տրամադրող կառույցի մասնագիտական թիմի հետ:
11. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի ծրագրի բովանդակությունը և տևողությունը որոշվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի ծրագիրը մշակելիս հաշվի են առնում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տարիքը, սեռը, առողջական և սոցիալական վիճակը, հոգեբանական առանձնահատկությունները, ընտանիքի կազմը, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրա դրսևորման ձևը, գործադրման տևողությունը, դրա գործադրմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև այլ առանձնահատկություններ: Ծրագրի մշակման համար անհրաժեշտ է ընտանեկան և կենցաղային բռնության գործադրած անձի գրավոր համաձայնությունը` նրա վերահսկողության պլանում ներառվելիք անձնական տվյալների մշակման համար:
12. Ծրագրի բաղադրիչներն են`
1) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերի և կարիքների գնահատում.
2) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանի կազմում.
3) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանի իրականացման շրջանակում ծրագրի բուն գործողությունների իրականացում` խմբային և անհատական աշխատանքների միջոցով` ներառյալ համապատասխան մոդուլների կիրառումը.
4) մշտադիտարկում և աջակցություն, անհրաժեշտության դեպքում` ծրագրի վերանայում.
5) ծրագրի արդյունքների գնահատում և ամփոփում:
13. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռիսկերը գնահատվում են երեք ուղղությամբ`
1) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անձնային ռիսկեր, որոնք պետք է արտացոլվեն ռիսկերի և կարիքների գնահատման գործիքում.
2) կազմակերպության` ծրագրի իրականացման հետ կապված ռիսկեր, որոնք պետք է նվազագույնի հասցվեն` կիրառելով չվնասելու սկզբունքը.
3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խոցելիության ռիսկեր, որոնք պետք է հաշվի առնվեն ծրագրի իրականացման սկզբում ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ աշխատող կառույցների հետ համագործակցությամբ:
14. Սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում նշված ռիսկայնությունը գնահատելիս` հաշվի է առնվում նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կատարված գնահատումը:
15. Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վերահսկողության պլանում ներառվում են նրա անձնական տվյալները, ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը, դրսևորման ձևերը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ փոխհարաբերությունները, նրա անվտանգությունը, ծրագրի տևողությունը, գրանցված առաջընթացները, միջոցառումներից խուսափելու կամ արդյունավետ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կամ դեպքի վերաբերյալ բոլոր այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիան առավել արդյունավետ իրականացնելու համար:
16. Ծրագրի բուն գործողություններն իրականացվում են խմբային կամ անհատական աշխատանքների միջոցով: Խմբային աշխատանքները կիրառվում են այն դեպքում, երբ դա չի վնասի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած` խմբի մասնակից որևէ անձին, ինչպես նաև չի հանգեցնի անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիության խախտման կամ չի ոտնահարի երրորդ անձանց իրավունքները:
17. Խմբային աշխատանքի դեպքում կազմվում են փակ խմբեր, որը ենթադրում է, որ ծրագրի ողջ ընթացքում խմբի մասնակիցները չեն փոխվելու: Խումբը կազմվում է մինչև 8 մասնակցից:
18. Ծրագրի բուն գործողությունների համար ընտրվում են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կարիքներից բխող մոդուլներ, որոնց իրականացման արդյունավետությունը որոշելու համար կազմակերպության մասնագետները ներկայացնում են գրավոր կարծիք: Ծրագրում կարող են ներառվել մեկից ավելի մոդուլներ: Այնպիսի մոդուլների իրականացումը, որոնք պահանջում են հավելյալ գիտելիքներ կամ հմտություններ` ներառյալ առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատմանն ուղղված մոդուլները, պետք է կազմակերպվի մասնագիտացված մարմինների կամ կազմակերպությունների միջոցով, որոնք օրենսդրության համաձայն պարտավոր են տրամադրել համապատասխան ծառայություններ, կամ այդ մարմինների կամ կազմակերպությունների հետ համատեղ համագործակցությամբ:
19. Ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է նախարարությունը:
20. Ծրագրի իրականացման ընթացքում առնվազն վեց ամիսը մեկ ծրագրի ընթացքը գնահատվում է կազմակերպության կողմից և անհրաժեշտության դեպքում` դրա բովանդակությունը վերանայվում է: Ծրագրի վերանայման հիմնավորումը մշտադիտարկման պարտադիր առարկա է:
21. Ծրագրի ժամկետի ավարտին այն գնահատվում է կազմակերպության և նախարարության կողմից` կատարվածության աստիճանի, արդյունավետության, ծախսատարության, կրկնման անհրաժեշտության, լրամշակման անհրաժեշտության և այլ տեսանկյուններից:
22. Ծրագրի ավարտի մասին կազմակերպությունը նախարարությանը ներկայացնում է ամփոփ հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարությունը: Սույն կետում նշված հաշվետվությանը կարող են կցվել ծրագրի արդյունավետության կամ անարդյունավետության մասին վկայող փաստաթղթեր:
III. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐԸ
23. Ծրագիրը բաղկացած է առանձին մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել առանձին կամ այլ մոդուլների հետ միասին: Այդ մոդուլներն են`
1) Մոդուլ 1. Բռնության գիտակցում և հուզական հավասարակշռություն (2-6 հանդիպում).
2) Մոդուլ 2. Գենդերային հավասարություն և գենդերային դերերի մարտահրավերներ (2-4 հանդիպում).
3) Մոդուլ 3. Բռնության ու ընտանեկան և կենցաղային բռնության էությունը, բռնության տեսակները և բռնություն համարվող գործողությունները, բռնության ցիկլը, բռնության հետևանքները (2-10 հանդիպում).
4) Մոդուլ 4. Ինքնակառավարման և ինքնակարգավորման հմտություններ (2-6 հանդիպում).
5) Մոդուլ 5. Զայրույթի և ագրեսիայի կառավարման հմտություններ (2-10 հանդիպում).
6) Մոդուլ 6. Արդյունավետ հաղորդակցության հմտություններ և կոնֆլիկտների կառավարում (4-6 հանդիպում).
7) Մոդուլ 7. Դրական ծնողավարության հմտություններ և ծնողական պատասխանատվություն (4-10 հանդիպում).
8) Մոդուլ 8. Հարգանք և սոցիալական պատասխանատվություն (2-4 հանդիպում).
9) Մոդուլ 9. Առողջ հարաբերություններ, բռնությունից զերծ հարաբերությունների պլանի մշակում (3-12 հանդիպում).
10) Մոդուլ 10. Վախերի հաղթահարում (1-4 հանդիպում).
11) Մոդուլ 11. Հայոց լեզվի իմացություն (2-10 հանդիպում).
12) Մոդուլ 12. Ֆինանսական գրագիտություն (2-4 հանդիպում).
13) Մոդուլ 13. Կենցաղավարության հմտություն (2-4 հանդիպում).
14) Մոդուլ 14. Իրավախախտումը և պատասխանատվությունը, պատասխանատվության տեսակները (1-4 հանդիպում).
15) Մոդուլ 15. Բարոյական դատողություն (1-3 հանդիպում).
16) Մոդուլ 16. Առողջության վերականգնման կամ վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն) ձերբազատում (4-10 հանդիպում).
17) Մոդուլ 17. Վնասակար սովորույթներից` խաղամոլությունից ձերբազատում (4-10 հանդիպում):
24. Սույն հավելվածի 23-րդ կետում նշված մոդուլների ցանկը սպառիչ չէ, և կազմակերպությունը կարող է առաջարկել նաև այլ մոդուլներ` ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար:
25. Յուրաքանչյուր դեպքում մոդուլներն ընտրվում են կազմակերպության կողմից` հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց կարիքները և ռեաբիլիտացման համար անհրաժեշտ ակնկալվող վերջնարդյունքները:
26. Մոդուլների հանդիպումների տևողությունը որոշվում է անհատական հիմքով, սակայն խմբային աշխատանքների դեպքում յուրաքանչյուր հանդիպման տևողությունը չի կարող պակաս լինել 80 րոպեից, իսկ անհատական աշխատանքների դեպքում` 40 րոպեից:
27. Մոդուլների հանդիպումների հաճախականությունը որոշվում է անհատական կարգով, սակայն դրանք չեն կարող պակաս լինել, քան շաբաթական առնվազն երկու անգամից:
28. Մոդուլների բովանդակությունը կազմում է կազմակերպությունը` համաձայնեցնելով նախարարության հետ: Մոդուլների բովանդակության փոփոխությունները նախապես համաձայնեցվում են նախարարության հետ, և առանց նրա համաձայնության` իրականացման ենթակա չեն:
29. Մոդուլների բովանդակությունը կարող է վերանայվել մշտադիտարկման արդյունքում:
30. Յուրաքանչյուր մոդուլի արդյունավետության վերաբերյալ կազմակերպությունը նախարարությանը ներկայացնում է առանձին հաշվետվություններ:
Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունվարի 2025 թվական: