ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2024 թվականի N 1273-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի, 7-րդ հավելվածի X բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում`
1) սնդիկի հավելիչով այն արտադրանքի (ապրանքների) վրա, որոնց մաքսային ընթացակարգով ձևակերպման ժամանակ առկա է ներմուծողի կամ արտահանողի կողմից կազմված և հաստատված գրավոր հայտարարագիրը` քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում` բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով արտադրանքի անհրաժեշտության վերաբերյալ.
2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների վրա:
3. Սույն որոշման կարգավորման շրջանակներում, սույն որոշման հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում` տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ` արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված արտադրանքի արտահանման և ներմուծման ժամանակավոր արգելքի մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. օգոստոսի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի օգոստոսի 15-ի
N 1273-Ն որոշման
ՑԱՆԿ
ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է
._______________________________________________________________.
|NN |Արտադրանքի անվանումը |Ծածկագիրն ըստ |
|ը/կ| |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
|___|_________________________________________|_________________|
|1. |Առաջնային տարրեր և առաջնային մարտկոցներ`|8506 30 000 0 |
| |սնդիկ-օքսիդային | |
|___|_________________________________________|_________________|
|2. |Սնդիկային լամպեր |8539 32 200 1 |
|___|_________________________________________|_________________|
|3. |Սնդիկային, ոչ էլեկտրոնային չափման | |
| |միավորներ (սարքեր)` | |
| |բարոմետրեր (մթնոլորտային ճնշաչափ), |9025 80 200 0-ից,|
| |հիգրոմետրեր (մթնոլորտային օդի և այլ գազի| |
| |խոնավաչափ), |9025 80 800 0-ից,|
| |մանոմետրեր (հեղուկների և գազերի | |
| |ճնշաչափ), |9026 20 400 0-ից,|
| | |9026 20 800 0-ից,|
| |ջերմաչափեր, |9025 11-ից, |
| |սֆիգմոմանոմետրեր (արյան ճնշաչափ) |9018 90 100 0-ից |
|___|_________________________________________|_________________|
|4. |Սնդիկի քլորիդ, սնդիկի երկքլորիդ, սնդիկի |2852 10 000 8-ից |
| |ցիանիդ, սնդիկի օքսիցիանիդ | |
._______________________________________________________________.
1. Սույն ցանկում ներառված ապրանքների (արտադրանքի) անվանման և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհամապատասխանությունների դեպքում ծածկագրերը կրում են կողմնորոշիչ բնույթ, և անհրաժեշտ է առաջնորդվել ապրանքների անվանումներով:
Պաշտոնական հրապարակման օրը` 15 օգոստոսի 2024 թվական: