Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2024 թվականի N 553-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 2-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է` համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված` Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի (այսուհետ` հիմնական մոդել):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների` հիմնական մոդելի համաձայն դրոշմավորման կանոնները` համաձայն հավելվածի:

3. ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների գրանցման ժամանակ այդ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշմամբ հաստատված հավելվածին համապատասխան:

4. ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորումը կարող են իրականացնել «ներքին սպառման համար բացթողում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելուց հետո` հետևյալ պահանջներին բավարարող պահեստում`

1) պահեստը պետք է լինի դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սեփականության իրավունքով պատկանող կամ իրենց կողմից վարձակալված.

2) պահեստում դրոշմավորման ենթակա ապրանքները պետք է գտնվեն գնորդի համար ոչ տեսանելի վայրում, տեղադրված չլինեն ցուցադրման համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի ապրիլի 18-ի

N 553-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների (այսուհետ` ջրեր)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի (այսուհետ` հիմնական մոդել) համաձայն դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ջրերի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց` նիշերի եզակի հաջորդականություն, որը ներկայացված է մեքենայական ընթերցման համար հարմար Data Matrix GS1 ձևաչափով երկչափ շտրիխ կոդի տեսքով և ձևավորված է ISO/IEC 16022:2006 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան «Տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքագրման տեխնոլոգիաներ: Data Matrix ձևաչափով շտրիխ ծածկագրի սիմվոլիկայի տեխնիկական հատկորոշիչ» կամ դրան նույնական Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային ստանդարտի սիմվոլիկայի հստակեցում: Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերափոխելիս պետք է կիրառվի ECC 200-ի սիմվոլիկան` օգտագործելով FNC1 նշանը` որպես տվյալների համապատասխանության նշան GS1-ի կիրառման նույնացուցիչների (AI) տիպային ձևաչափին:

3. Մինչև սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետին նախորդող օրը ներառյալ ներկայացված` օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` դրոշմապիտակների տրամադրման հայտերի (այսուհետ` հայտեր) հիման վրա ստացված դրոշմապիտակներով` օրենսգրքով սահմանված կարգով դրոշմավորված լինելու դեպքում ջրերը կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ ջրերի համար չեն կարող կատարվել:

5. Ջրերի անհատական (սպառողական) փաթեթավորման թվային նույնականացման միջոցը ներառում է դրոշմավորման ծածկագիր` բաղկացած տվյալների 3 խմբից, որոնցից առաջինն ու երկրորդը ձևավորում են ջրի անհատական (սպառողական) փաթեթավորման նույնականացման ծածկագիրը, իսկ երրորդ խումբը` ստուգման ծածկագիրը: Ընդ որում`

1) առաջին խումբը բաղկացած է 14 թվանշանից (առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN)) և ներառում է ապրանքի ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (01), որը գեներացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված ազգային օպերատորի (այսուհետ` օպերատոր) կողմից` հիմնվելով տնտեսավարողի` վերը նշված արտադրանքի վերաբերյալ տրամադրած տեղեկատվության վրա.

2) երկրորդ խումբը բաղկացած է 13 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!»%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման անհատական սերիական համարը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (21), որը գեներացվում է օպերատորի կամ տնտեսավարողի կողմից (տվյալների այս խմբի եզրափակիչ նիշը հանդիսանում է նիշ-բաժանարարը, որն ունի «29» ծածկագիրը ASCII նիշերի աղյուսակում).

3) երրորդ խումբը բաղկացած է 4 նիշից (թվեր, լատինատառ այբուբենի մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև հատուկ նիշեր (!»%&'()*+,-./_:;=<>?)) և ներառում է ստուգման ծածկագիրը, որին նախորդում է կիրառման նույնացուցիչը (93) և որը գեներացվում է օպերատորի կողմից:

6. Նույնականացման միջոցը կիրառվում է անհատական (սպառողական) փաթեթավորման պիտակի կամ կպչուն պիտակի վրա այնպիսի մեթոդով, որը թույլ չի տալիս նույնականացման միջոցն առանձնացնել փաթեթից: Նույնականացման միջոցը չի կարող կիրառվել սպառողական փաթեթավորման այնպիսի մասերի վրա, որոնք առանց վնասվելու կարող են կառուցվածքային տարանջատվել: Անհատական (սպառողական) փաթեթավորման վրա նույնականացման միջոցը կիրառվում է փաթեթավորման ցանկացած հատվածի վրա, այդ թվում` խցանափակման միջոցի վրա, բացի փաթեթավորման ստորին հատվածից (հատակից):

7. Կախված յուրաքանչյուր դյույմի վրա տպագրության կետերի քանակից` նույնականացման միջոցի չափսը կարող է լինել համաձայն հետևյալ սանդղակի`

1) 200 կետ յուրաքանչյուր դյույմի վրա - 11.2x11.2 միլիմետր կամ 14.0x14.0 միլիմետր.

2) 300 կետ յուրաքանչյուր դյույմի վրա - 9.3x9.3 միլիմետր, 11.2x11.2 միլիմետր, 13.0x13.0 միլիմետր կամ 14.9x14.9 միլիմետր.

3) 450 կետ յուրաքանչյուր դյույմի վրա - 8.7x8.7 միլիմետր, 9.9x9.9 միլիմետր, 11.2x11.2 միլիմետր, 12.4x14.4 միլիմետր, 13.7x13.7 միլիմետր, 14.9x14.9 միլիմետր կամ 16.1x16.1 միլիմետր.

4) 600 կետ յուրաքանչյուր դյույմի վրա - 7.5x7.5 միլիմետր, 8.4x8.4 միլիմետր, 9.3x9.3 միլիմետր, 10.2x10.2 միլիմետր, 11.2x11.2 միլիմետր, 12.1x12.1 միլիմետր, 13.0x13.0 միլիմետր, 14.0x14.0 միլիմետր, 14.9x14.9 միլիմետր կամ 15.8x15.8 միլիմետր:

8. Անհատական (սպառողական) փաթեթավորման և (կամ) կպչուն պիտակի վրա կիրառվող նույնականացման միջոցը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի վրա: Պիտակի վրա չպետք է լինի մեկ այլ տեղեկատվություն, որը կխոչընդոտի նույնականացման միջոցի ընթերցմանը: Նույնականացման միջոցը պետք է տեղադրվի այնպես, որ չխախտվի արտադրանքի փաթեթավորման վրա կիրառված տեղեկատվության ամբողջականությունը` տեխնիկական կանոնակարգման ոլորտի նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:

9. Կիրառման պահանջներն են`

1) արտադրանքի անհատական (սպառողական) փաթեթավորման վրա կիրառելու համար պետք է օգտագործվի այնպիսի տեխնոլոգիա, որն ապահովում է փաթեթավորման վրա կիրառված նույնականացման միջոցների ընթերցումը կիրառելու պահից մինչև արտադրանքը սպառողին վաճառելու պահը.

2) չի թույլատրվում փաթեթավորման վրա տպել արտադրանքի փաթեթավորման որևէ տարր, որը ծածկում է մակերեսը և դժվարացնում նույնականացման միջոցների ընթերցումը:

10. Ջրերի փաթեթավորման վրա նույնականացման միջոցները կիրառելու համար օգտագործվում են մակնշման հետևյալ հիմնական եղանակները`

1) մակնշման ուղիղ եղանակ (ներառում է կիրառման տարբեր հնարավորություններ` լազերային կիրառում, ջերմային փոխանցում: Ծածկագիրը պետք է կիրառվի դրա համար պատրաստված մակերեսի վրա և ապահովի հակադրության ցանկալի մակարդակը, ծածկագրի շուրջ անհրաժեշտ ազատ գոտին).

2) պիտակավորում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2024
N 553-Ն
Որոշում