Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-25-Ն-10

2024 թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-ին կետը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված կանոնները տարածվում են 2024 թվականի հունվարի 3-ից մշտադիտարկման ենթակա գործերի քննության ողջամիտ ժամկետների նկատմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024 թ. մարտի 18

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2024 թվականի մարտի 18-ի

թիվ ԲԴԽ-25-Ն-10 որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների (այսուհետ` Դատարանի նախագահ) կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում (այսուհետ` Մշտադիտարկում) իրականացնելու վերաբերյալ կանոնները:

2. Սույն կարգի նպատակն է ապահովել առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, գործերի քննության տևողության կանխատեսելիությունը` հիմք ընդունելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածով ամրագրված դրույթներով սահմանված պահանջների վերաբերյալ միջազգային և ներպետական կառույցների կողմից արտահայտած իրավական դիրքորոշումները:

3. Սույն կարգով սահմանված կանոնների իրականացման ընթացքում պահպանվում են Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք) ամրագրված` արդարադատության իրականացմանը որևէ միջամտության արգելքի, դատարանների անկախության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովման, ողջամիտ ժամկետում գործի քննության և լուծման սկզբունքները:

4. Սույն կարգով սահմանված կանոնները պարտադիր են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների համապատասխան աշխատակիցների համար այնքանով, որքանով դրանք վերաբերելի են Մշտադիտարկման աշխատանքների իրականացմանը:

5. Մշտադիտարկումն իրականացնելիս` գործերի քննության ողջամիտ ժամկետները հաշվարկելու համար, հաշվի է առնվում օրենսդրությամբ սահմանված դատավարական ժամկետները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշմամբ սահմանված` գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները:

 

2. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

6. Յուրաքանչյուր տարվա կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, տվյալ դատարանի աշխատակազմի ղեկավարն ապահովում է նշված ժամանակահատվածում ստացված, փոխանցված, ինչպես նաև դատավորների միջև վերաբաշխված գործերի քննության ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը (այսուհետ` Տեղեկատվություն) Դատարանի նախագահին տրամադրելու աշխատանքները:

7. Տեղեկատվությամբ ներկայացվում են տվյալ դատարանի դատավորների և Դատարանի նախագահի վարույթներում առկա գործերի քննության ինչպես միջին տևողության ուղենիշային, այնպես էլ օրենսդրությամբ սահմանված դատավարական ժամկետները հատած գործերի վերաբերյալ տվյալներ:

8. Սույն կարգի 2.1-ին կետում նշված տեղեկատվությունը ստացվում է «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի միջոցով:

9. Տեղեկատվությունը պարունակում է առնվազն հետևյալ տվյալները.

1) գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետը հատած գործի համարը,

2) գործը քննող դատավորի անուն ազգանունը,

3) վարույթ ընդունելու օրը,

4) տվյալ գործով վերջին դատավարական գործողությունը,

5) տվյալ գործի քննության ընդհանուր տևողությունը` ի համեմատ գործերի քննության դատավարական կամ միջին տևողության ուղենիշային ժամկետների:

10. Տեղեկատվությունը ստանալուց հետո` գործի քննության ժամկետը հատած գործերը քննող դատավորը (այդ թվում` Դատարանի նախագահը)` 10 աշխատանքային օրվա ընթացքում, Դատարանի նախագահին է ներկայացնում յուրաքանչյուր գործի քննության ժամկետի հատման հիմքում ընկած հանգամանքների վերաբերյալ պարզաբանում:

11. Դատարանի նախագահը դատավորների (այդ թվում` Դատարանի նախագահի) կողմից ներկայացված պարզաբանումների հիման վրա կազմում է ամփոփ զեկույց (այսուհետ` Զեկույց), որում յուրաքանչյուր գործի քննության ողջամիտ ժամկետի հատման փաստը որակվում է հետևյալ չափորոշիչների հաշվառմամբ.

1) գործի իրավական և փաստական բարդությունը,

2) գործով դատավարության մասնակիցների վարքագիծը,

3) գործով դատարանի գործողությունների անբավարար լինելը,

4) գործով իրավասու այլ մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների անբավարար լինելը:

12. Սույն կարգի 2.5.-րդ կետով սահմանված պարզաբանմամբ ներկայացված տվյալներում Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված` դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելու, ինչպես նաև սույն կարգով սահմանված կանոնները չպահպանելու դեպքում Դատարանի նախագահը` Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված իր լիազորությունների սահմաններում, դիմում է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող Լիազոր մարմնին, որի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին:

13. Մշտադիտարկման արդյունքում կազմվում են կիսամյակային և տարեկան Զեկույցներ:

14. Մշտադիտարկման արդյունքում կազմված Զեկույցը Դատարանի նախագահն ուղարկում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին: Զեկույցը կարող է հրապարակվել դատական իշխանության պաշտոնական կայքում:

15. Զեկույցում նշված տվյալների լրացուցիչ ճշգրտման անհրաժեշտությամբ պայմանավորված` Դատական դեպարտամենտի իրավասու ստորաբաժանումը «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի միջոցով իրականացնում է ուսումնասիրություն, ինչպես նաև կարող է դիմել տվյալ Դատարանի նախագահին` Զեկույցում առկա տվյալներում անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:

16. Դատարանի նախագահի կողմից սույն կարգով սահմանված կանոնները չպահպանելը հանգեցնում է Օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման և առաջացնում է Օրենքով սահմանված համապատասխան իրավական հետևանքներ:

17. Զեկույցի ուսումնասիրման արդյունքներով` գործի քննության ժամկետը հատած գործը քննող դատավորի կողմից սույն կարգով սահմանված կանոնները չպահպանելը, ինչպես նաև վերջինիս կողմից Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված պահանջը չպահպանելու փաստն առաջացնում է Օրենքով սահմանված համապատասխան իրավական հետևանքներ:

18. Սույն կարգի 2.10.-րդ և 2.11.-րդ կետերով սահմանված կանոնների իրացումն ապահովում է Դատական դեպարտամենտը:

19. Գործերի քննության ողջամիտ ժամկետների մշտադիտարկման կիսամյակային արդյունքների վերաբերյալ Զեկույցը կազմվում և ներկայացվում է ոչ ուշ, քան ընթացիկ տարվա օգոստոսի 30-ը, իսկ տարեկան արդյունքների վերաբերյալ Զեկույցը` ոչ ուշ, քան հաջորդ տարվա փետրվարի 28-ը:

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 18 մարտի 2024 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մարտի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
18.03.2024
N ԲԴԽ-25-Ն-10
Որոշում