Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1125-Լ

 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 19-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հուլիսի 6-ի

N 1125-Լ որոշման

 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ԾՐԱԳՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` նաև ծրագիր) ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն:

 

2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով, և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող:

3. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով:

4. Սույն հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրս» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ:

5. Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության, ինչպես նաև միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման ծրագրերի շահառու չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները:

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

6. Սույն ծրագրի շրջանակներում կիրառվում են օժանդակության հետևյալ եղանակները`

1) պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն.

2) բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն.

3) միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցում:

Միևնույն շահառուն և իր հետ փոխկապակցված կազմակերպությունները սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված օժանդակության յուրաքանչյուր եղանակով կարող են ներկայացնել հայտ և օժանդակություն ստանալ միայն մեկ անգամ և մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներառյալ: Կազմակերպությունների փոխկապակցվածությունը որոշվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

4. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

7. Շահառուներին տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկված պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն` յուրաքանչյուր շահառուի համար մեկ անգամ, հետևյալ չափերով`

1) պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո շահառուին տրամադրվում է մեկանգամյա օժանդակություն` տեղաբաշխման անվանական արժեքի 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեսուն միլիոն դրամը.

2) պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով օժանդակություն առաջին երեք տարիների համար, սակայն ոչ ավելի, քան 45 միլիոն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար:

8. Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար միանվագ օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Հայտերի և պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Սույն կետով նախատեսված հայտը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

- հայտատուի անվանումը,

- հայտատուի գործունեության հասցեն,

- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,

- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,

- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,

- պարտատոմսի տեսակը և դասը,

- պարտատոմսի տարբերակիչ ծածկագիրը,

- պարտատոմսերի տեղաբաշխված ծավալը,

- պարտատոմսերի տեղաբաշխված քանակը,

- պարտատոմսերի անվանական արժեքը,

- պարտատոմսերի թողարկման ամսաթիվը,

- պարտատոմսերի մարման ամսաթիվը,

- պարտատոմսերի տեղաբաշխման սկիզբը,

- պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը,

- արժեկտրոնի եկամտաբերությունը,

- արժեկտրոնի վճարման պարբերականությունը,

- տեղեկատվություն յուրաքանչյուր արժեկտրոնի վճարման վերաբերյալ,

- ֆոնդային բորսայի անվանումը,

- ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ պարտատոմսը ցուցակված է,

- ցուցակման ամսաթիվը,

- ֆոնդային բորսայի կողմից պարտատոմսին շնորհված հապավումը,

- պարտատոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները):

9. Լիազոր մարմինը սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

10. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հայտը կամ հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը ներկայացնելու օրվանից հաշված 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին` նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ` հայտը էլեկտրոնային եղանակով վերադարձնելու օրվանից հաշվարկված առնվազն 10 (տասը) աշխատանքային օր: Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է հայտը ստանալու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

11. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին հայտի դիտարկման ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով սահմանվում են օժանդակության գումարի փոխանցման կարգն ու ժամկետները: Շահառուի կողմից սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման ժամկետում պայմանագիրը չկնքելու կամ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում օժանդակությունը չի տրամադրվում:

12. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հայտը մերժվում է, եթե`

1) սույն հավելվածով նախատեսված կարգով վերադարձված հայտի կամ կից ներկայացված փաստաթղթերի թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում կամ կրկին ներկայացված հայտը կամ կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական.

2) հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտատուն կամ թողարկվող պարտատոմսերը չեն համապատասխանում սույն ծրագրի պահանջներին:

13. Սույն հավելվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած շահառուին հայտի մերժման մասին` նշելով մերժման հիմքը:

 

5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՐՍԱՅՈՒՄ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

14. Շահառուներին տրամադրվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկված բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար միայն մեկ անգամ, ընդ որում, փոխհատուցվում են փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ը, սակայն ոչ ավելի, քան հիսուն միլիոն դրամը: Նշված ծախսերը ներառում են արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը` կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ:

15. Բաժնետոմսերի տեղաբաշխման միանվագ օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը: Հայտերի և պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Սույն կետով նախատեսված հայտը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

- հայտատուի անվանումը,

- հայտատուի գործունեության հասցեն,

- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,

- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,

- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,

- թողարկված բաժնետոմսերի տեսակը և դասը,

- թողարկված բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը,

- թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը,

- թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը,

- թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը,

- բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը,

- բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը,

- բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը,

- ֆոնդային բորսայի անվանումը,

- ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ բաժնետոմսը ցուցակված է,

- ցուցակման ամսաթիվը,

- ֆոնդային բորսայի կողմից բաժնետոմսին շնորհված հապավումը,

- բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները):

16. Լիազոր մարմինը սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

17. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտը կամ հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը ներկայացնելու օրվանից հաշված 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին` նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ` հայտը էլեկտրոնային եղանակով վերադարձնելու օրվանից հաշվարկված առնվազն 10 (տասը) աշխատանքային օր: Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է հայտը ստանալու օրվան հաջորդող 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

18. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին հայտի դիտարկման ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով սահմանվում են օժանդակության գումարի փոխանցման կարգն ու ժամկետները: Շահառուի կողմից սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման ժամկետում պայմանագիրը չկնքելու կամ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում օժանդակությունը չի տրամադրվում:

19. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված հայտը մերժվում է, եթե`

1) սույն հավելվածով նախատեսված կարգով վերադարձված հայտի կամ կից ներկայացված փաստաթղթերի թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում կամ կրկին ներկայացված հայտը կամ կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական.

2) հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտատուն չի համապատասխանում սույն ծրագրի պահանջներին:

20. Սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած շահառուին հայտի մերժման մասին` նշելով մերժման հիմքը:

 

6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

21. Շահառուն կարող է ստանալ Ֆիթչ (Fitch), Ստանդարտ ընդ Փուրս (Standard and Poor's), Մուդիզ (Moody's) կամ Սքոփ Ռեյթինգզ (Scope Ratings) վարկանիշային գործակալություններից (այսուհետ` միջազգային վարկանիշային գործակալություններ) վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում 50%-ի չափով: Ընդ որում, փոխհատուցման ենթակա է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր վարկանիշը` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործակալության կողմից հրապարակված սուվերեն վարկանիշ առկա չէ: Արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են ծախսերի կատարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով: Շահառուի կողմից վարկանիշի ստացման օրվանից սկսած 18 ամսվա ընթացքում պարտատոմսերի կամ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում շահառուին կտրամադրվի վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 80%-ը (30%-ի հավելումը նախորդող 50%-ի), եթե պահպանվել են համապատասխանաբար սույն հավելվածի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված պահանջները:

22. Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցում ստանալու նպատակով ցանկացած շահառու, որը փաստացի ստացել է վարկանիշը և կատարել է դրա դիմաց անհրաժեշտ վճարումները, պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի լիազոր մարմին` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Հայտերի և պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով: Սույն կետով նախատեսված հայտը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

- հայտատուի անվանումը,

- հայտատուի գործունեության հասցեն,

- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,

- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,

- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,

- միջազգային վարկանիշային գործակալության անվանումը,

- վարկանիշավորման ամսաթիվը,

- ստացված վարկանիշը` կցելով հավաստող փաստաթուղթը,

- վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերը` կցելով հավաստող փաստաթղթերը:

23. Լիազոր մարմինը սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտը դիտարկում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

24. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտը կամ հայտին կցվող փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված ժամկետում հայտն էլեկտրոնային եղանակով վերադարձվում է հայտատուին` նշելով առկա թերությունները և սահմանելով թերությունների վերացման ժամկետ` առնվազն 10 (տասը) աշխատանքային օր: Սույն կետով նախատեսված կարգով վերադարձված հայտը սահմանված ժամկետում շահառուի կողմից կրկին ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիտարկվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

25. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտի բավարարման դեպքում լիազոր մարմինն այդ մասին հայտի դիտարկման ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է շահառուին, որից հետո շահառուի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է օժանդակության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով սահմանվում են օժանդակության գումարի փոխանցման կարգն ու ժամկետները: Շահառուի կողմից սույն կետով նախատեսված պայմանագրի կնքման ժամկետում պայմանագիրը չկնքելու կամ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում օժանդակությունը չի տրամադրվում:

26. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հայտը մերժվում է, եթե`

1) սույն հավելվածով նախատեսված կարգով վերադարձված հայտի կամ կից ներկայացված փաստաթղթերի թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում կամ կրկին ներկայացված հայտը կամ կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական.

2) հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են անարժանահավատ կամ կեղծ տեղեկություններ.

3) հայտատուն կամ թողարկվող պարտատոմսերը չեն համապատասխանում սույն ծրագրի պահանջներին:

27. Սույն հավելվածի 26-րդ կետով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտ ներկայացրած շահառուին հայտի մերժման մասին` նշելով մերժման հիմքը:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2023
N 1125-Լ
Որոշում