26.04.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2022 թվական N 1236-Ա
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ) ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել`
1) հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա և 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1343-Ա որոշումները:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել հանձնաժողովի և հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները:
5. Առաջարկել «Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցչի տվյալները:
6. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել հանձնաժողովի և հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անհատական կազմերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2022 թ. հոկտեմբերի 20-ի
N 1236-Ա որոշման
ԿԱԶՄ
ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ) ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Վարչապետի օգնական
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
«Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող երեք հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ (համաձայնությամբ)
(1-ին հավելվածը փոփ. 17.11.2022 թիվ 1364-Ա, 03.08.2023 թիվ 802-Ա, 26.04.2024 թիվ 396-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2022 թ. հոկտեմբերի 20-ի
N 1236-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ (ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ) ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) իր իրավասության սահմաններում աջակցել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնողական ու վերադարձնելու աշխատանքներին.
2) մշտական կապ պահպանել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքների անդամների ու հարազատների, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ:
4. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան`
1) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում գտնվող գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց վերաբերյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից հավաքագրված տվյալների համադրումը, անճշտությունների հայտնաբերման դեպքում դրանք ստուգելու և ուղղելու նպատակով համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին.
2) իր իրավասության սահմաններում աջակցում է գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնման, հայտնաբերման ու վերադարձնելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, համագործակցում է այդ աշխատանքներին ներգրավված հասարակական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ.
3) համապատասխան մարմիններին առաջարկություն է ներկայացնում գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով քարոզչության, որոնողական ու փոխանակման աշխատանքների վերաբերյալ.
4) գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարազատներին հնարավորինս սեղմ ժամկետում հայտնում է ձեռք բերված հավաստի և թույլատրելի տեղեկատվությունը, ինչպես նաև նրանց կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ.
6) ըստ անհրաժեշտության` համագործակցում է գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ, կազմակերպում է հանդիպումներ ինչպես նաև մասնակցում է օտարերկրյա պետություններում անցկացվող համանման միջոցառումներին, մշտական կապ է պահպանում գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող մարմինների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց հետ:
5. Հանձնաժողովը կազմված է 22 անդամից, որից 4-ը` գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 1-ական ներկայացուցիչներ, այդ թվում` «Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը: Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` նաև ԱԱԾ) տնօրենը: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է ԱԱԾ տնօրենի հրամանով:
(2-րդ կետը փոփ. 17.11.2022 թիվ 1364-Ա, 26.04.2024 թիվ 396-Ա որոշումներ)
6. Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ ունենալու ցանկություն ունեցող` գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները (բացառությամբ «Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության) ԱԱԾ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության հիման վրա դիմում են ներկայացնում հանձնաժողովի նախագահին (հայտարարությունում նշված ձևաչափով և ժամկետներում): Հանձնաժողովն ընտրում է 3 կազմակերպության ներկայացուցիչ` նախապատվությունը տալով տվյալ բնագավառում առավել տևական աշխատանքային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնց անդամակցում են գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց առավել մեծ թվով հարազատներ: Ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչների տվյալները հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով ներկայացվում են ԱԱԾ-ի տնօրենի հաստատմանը:
7. Հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների (բացառությամբ «Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության) ներկայացուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում հանձնաժողովի նոր անդամի նշանակումն իրականացվում է սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով:
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկված պաշտոնատար անձի («Հայկական կարմիր խաչ ընկերություն» հասարակական կազմակերպության ներկայացուցչի) փոփոխության դեպքում համապատասխան մարմինը (կազմակերպությունը) 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձի (ներկայացուցչի) տվյալները:
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի որոշմամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստի վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և նիստին ներկա գտնվող անդամների կողմից:
11. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստին մասնակցելու անհնարինության մասին նիստից երեք օր առաջ, իսկ հրատապ դեպքերում` անհապաղ, ծանուցում են հանձնաժողովի նախագահին:
12. Հանձնաժողովի նախագահը`
1) կազմակերպում է հանձնաժողովի գործունեությունը.
2) ներկայացնում է հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում.
3) իրականացնում է հանձնաժողովի գործառույթներից բխող այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և իրագործման հետ կապված աշխատանքներին.
2) համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց հետ` գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնման, հայտնաբերման ու վերադարձնելու գործում:
14. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է ԱԱԾ-ն:
15. Հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքային մարմին է համարվում հանձնաժողովին կից գործող աշխատանքային խումբը` հետևյալ կազմով.
1) աշխատանքային խմբի ղեկավար` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ.
2) աշխատանքային խմբի անդամներ`
ա. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ,
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ,
գ. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ
դ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ,
ե. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ,
զ. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացուցիչ:
(16-րդ կետը փոփ. 03.08.2023 թիվ 802-Ա որոշում)
17. Աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվում է ԱԱԾ-ի տնօրենի հրամանով:
18. Աշխատանքային խմբի անդամի փոփոխության դեպքում պետական համապատասխան մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձի տվյալները:
19. Աշխատանքային խմբի ղեկավարն ի պաշտոնե հանձնաժողովի քարտուղարն է, որը հանձնաժողովի անդամ չէ:
20. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, ինչպես նաև նախապատրաստում է դրանց վերաբերող առաջարկություններ.
3) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.
4) հանձնաժողովի նախագահին է ներկայացնում աշխատանքային խմբի գործունեության արդյունքները.
5) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը:
21. Աշխատանքային խմբի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով:
22. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրա գործառույթները կատարում է աշխատանքային խմբի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի որոշմամբ:
23. Աշխատանքային խմբի խնդիրներն ու գործունեությունը բխում են հանձնաժողովի խնդիրներից և գործառույթներից:
24. Հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման նպատակով և հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները կատարելու նպատակով աշխատանքային խումբը կարող է գործուղվել Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության մարզեր: Գործուղումների համար ավտոտրանսպորտի ապահովումը և գործուղման ծախսերը (սնունդ, գիշերակաց) կատարվում են ԱԱԾ-ի միջոցների հաշվին:
25. Ըստ անհրաժեշտության` աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ (մասնագետներ):