Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿ ...

 

07.07.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1369-Ն

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. օգոստոսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 18-ի

N 1369-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար բուժաշխատողի կրթության, շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ` ՇՄԶ) ընթացքում ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթացի` թեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Թեստավորումն անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ:

3. Թեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով` համապատասխան ծրագրով ապահովված համակարգչային տեխնիկայով կահավորված հատուկ քննասենյակում:

4. Թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբերով` տարբեր օրերի և (կամ) ժամերի` ելնելով թեստավորմանը մասնակցելու համար դիմած բուժաշխատողների թվից:

5. Թեստերում ընդգրկվող թեստային առաջադրանքները հրապարակման ենթակա չեն:

 

2. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

6. Թեստավորման կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` ԱԱԻ) Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (այսուհետ` ՄԳՀԱԿ), բուժաշխատողների ռեգիստրի միջոցով:

(6-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

7. Թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողների ռեգիստրում (www.hrh.am)` թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ:

(7-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

8. Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) թեստավորման անցկացման վայրը և ժամկետները.

2) թեստավորմանը մասնակցելու նպատակով դիմումի ներկայացման վերջնաժամկետը.

3) ՄԳՀԱԿ-ի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը).

4) թեստավորմանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայության մասին նշում:

(8-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

9. Թեստավորմանը մասնակցելու համար անձը (այսուհետ` դիմումատու) բուժաշխատողների ռեգիստրի իր անձնական հաշվից ներկայացնում է թեստավորմանը մասնակցելու վերաբերյալ դիմում (այսուհետ` դիմում):

(9-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

10. Եթե դիմումատուի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջներին, ապա համակարգը չի թույլատրում դիմումը լրացնել:

(10-րդ կետը փոփ. 11.08.2022 թիվ 1229-Ն, 27.06.2024 թիվ 966-Ն որոշումներ)

11. Ռեգիստրում դիմումը ձևավորվելուց հետո դիմումատուն հաստատում է այն, որից հետո դիմումը հասանելի է դառնում ՄԳՀԱԿ-ի աշխատակցին:

(11-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

12. ՄԳՀԱԿ-ի աշխատակցի կողմից, դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, դիմումը մերժվում է` դիմումատուի ռեգիստրի անձնական հաշվին ծանուցում ուղարկելով, եթե դիմումի ուսումնասիրության արդյունքում հայտնի են դառնում դիմումի և օրենքով սահմանված պահանջների միջև հակասություններ կամ ռեգիստրում առկա տվյալների անհամապատասխանություն:

(12-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

13. Դիմումը հաստատվելու դեպքում դիմումատուն թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ռեգիստրի իր անձնական հաշվին ծանուցում է ստանում` թեստավորման անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

(13-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

15. Թեստավորումն սկսելուց հինգ օր առաջ ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և ռեգիստրում հրապարակվում է թեստավորման մասնակիցների ցուցակը:

(15-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

16. Թեստավորման ընթացքը տեսանկարահանվում է:

17. Թեստավորմանը ներկա է գտնվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նշանակված անձը, ով դրա մասին տեղեկացվում է թեստավորումից մեկ օր առաջ և հանդես է գալիս որպես թեստավորման պատասխանատու:

18. Թեստավորման մասնակիցների թվից կախված` թեստավորման պատասխանատու կարող են նշանակվել մեկից ավելի անձինք:

19. Թեստավորման պատասխանատուն, անձը հաստատող փաստաթղթի միջոցով, ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրա մուտքը թեստավորման սենյակ:

20. Թեստավորման մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

21. Թեստավորումն անցկացվում է թեստավորման համար նախատեսված հատուկ սրահում (դահլիճ), որն ունի թեստավորման պատասխանատուի և թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիների թվին համապատասխան համակարգիչներ, որոնք միացված են միայն թեստավորման անցկացման համար պահանջվող կապուղիներին, ինչպես նաև տեսանկարահանող սարքեր:

22. Մինչև թեստի կազմումը` թեստավորման պատասխանատուն ամփոփ ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգը, բացատրում է թեստավորման անցկացմանը վերաբերող տեխնիկական հարցերը` պատասխանելով մասնակիցների բոլոր հարցերին:

23. Թեստավորման մասնակիցները չեն կարող`

1) իրենց հետ թեստավորման սենյակ բերել տպագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ.

2) թեստավորման ընթացքում` աղմկել, հուշել, խոսել.

3) օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից` բացառությամբ թեստավորման սենյակում տեղադրված համակարգիչների.

4) թեստավորման առաջադրանքների կատարման վերաբերյալ հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` թեստավորման պատասխանատուին` բացառությամբ տեխնիկական հարցերի.

5) մինչև թեստային առաջադրանքների կատարումն ավարտելը` դուրս գալ համակարգից կամ ապաակտիվացնել գործող ծրագրերը.

6) մուտք գործել համակարգչում տեղադրված այլ ծրագրեր.

7) անջատել կամ վերագործարկել համակարգիչը, կապուղիները կամ դրանց սնուցումը, կամ իրականացնել համակարգի կամ համակարգչի սովորական աշխատանքը խափանող այլ գործողություններ.

8) դուրս գալ սենյակից` մինչև թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:

24. Մասնակցի կողմից սույն կարգի 23-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում թեստավորման պատասխանատուն դադարեցնում է մասնակցի աշխատանքը` էլեկտրոնային եղանակով կազմելով արձանագրություն, որի արդյունքում համակարգն ինքնաշխատ եղանակով մասնակցին գնահատում է զրո միավոր:

25. Սույն կարգի 22-րդ կետի պահանջների կատարումից հետո թեստավորման պատասխանատուն մասնակիցներին թույլատրում է համակարգում մուտքագրել իրենց անունը, հայրանունը, ազգանունը:

26. Թեստավորման յուրաքանչյուր մասնակցի համար համակարգչային ծրագիրը համապատասխան մասնագիտության թեստերի բազայից, պատահականության սկզբունքով, ձևավորում է թեստի անհատական տարբերակ:

27. Թեստերը բաղկացած են մասնագիտական գիտելիքները և հմտություններն ստուգող 100 առաջադրանքից:

28. Թեստի ձևավորումից հետո յուրաքանչյուր մասնակից իր համակարգչի էկրանին ստանում է թեստը և անցնում թեստային առաջադրանքների կատարմանը:

29. Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 90 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

30. Թեստավորման մասնակիցը յուրաքանչյուր թեստային առաջադրանքի համար ընտրում է պատասխանի իր տարբերակը` կատարելով համապատասխան նշում:

31. Թեստավորման մասնակիցը, մինչև առաջադրանքի վերջնական պահպանումը, ընտրված պատասխանները կարող է փոփոխել և ավարտել աշխատանքը մինչև թեստի կատարման համար սահմանված ժամանակի ավարտը:

32. Թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ապաակտիվացնում է թեստը:

33. Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչև հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում թեստն ապաակտիվացնելու պահին համակարգում ինքնաշխատ եղանակով պահպանված տարբերակը:

34. Համակարգը, մուտքագրված տվյալների հիման վրա, ինքնաշխատ եղանակով գեներացնում է ճիշտ և սխալ պատասխանները` ձևավորելով թեստավորման գնահատականը:

35. Թեստային առաջադրանքների պատասխանների գնահատված տարբերակի միջոցով մասնակիցն անմիջապես տեղեկանում է թեստավորման իր արդյունքի մասին:

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

37. Թեստը համարվում է հանձնված, եթե մասնակիցը հաղթահարել է անցողիկ նվազագույն շեմը:

38. Անցողիկ նվազագույն շեմ է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 80-ին տրված ճիշտ պատասխանը:

39. Թեստը հանձնելու դեպքում արդյունքները մեկօրյա ժամկետում մուտքագրվում են ռեգիստր և հասանելի են դառնում դիմումատուի անձնական հաշվում:

(39-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

 

Ձև

 

(ձևն ուժը կորցրել է 27.06.2024 թիվ 966-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2021
N 1369-Ն
Որոշում