Սեղմել Esc փակելու համար:
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2008-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման շահառուների ուսման վարձի փոխհատուցման գործընթացը` ըստ անհրաժեշտության համապատասխան փոփոխություն կատարելով Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների պետական բյուջեներում:

(2-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 665-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 10-ի

N 2008-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՆՁԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂ ԱՄՈՒՍՆՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Միջոցառման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ` ԲՈՒՀ-եր) առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողներին, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են ՈՒՀ-ների ուսանողական համակազմում կամ սահմանված կարգով դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ` ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը:

(1-ին կետը փոփ. 29.04.2021 թիվ 665-Լ որոշում)

2. Միջոցառման շրջանակում շահառու է հանդիսանում սույն հավելվածի 1-ին կետում նշված այն սովորողը`

1) ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին.

2) ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին.

3) ում ամուսինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին:

3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում` զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա 1-ին կիսամյակի) ուսման վարձի 100% փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում): Ընդ որում, այն սովորողներին, որոնք`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում` զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) ստացել են պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում, սույն միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափով.

2) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում` զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) ուսման վարձը, այդ չափով կատարված վճարումը համարել 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի դիմաց կատարված վճարում.

3) մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում` զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) վարձը և 1-ին կիսամյակի արդյունքում ավարտելու են ուսումնառությունը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է սովորողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում):

(3-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 665-Լ որոշում)

4. Սահմանել, որ փոխհատուցումն իրականացվում է' հիմք ընդունելով ԲՈՒՀ-երի կողմից համապատասխան մասնագիտության համար սահմանված վարձի չափը, սակայն բուհերի դեպքում ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը:

5. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված սովորողներին 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար հովանավոր կազմակերպությունների կողմից հատկացված գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են ԲՈՒՀ-երի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ:

6. Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության` քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում` համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով` դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

7. Շահառուն փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմումը և սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան տեղեկանքը և այլ փաստաթղթեր (ամուսնության կամ ծննդյան վկայական) ու դրանց պատճենները ներկայացնում է ԲՈՒՀ-ին: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո վերադարձվում են:

8. ԲՈՒՀ-ն զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշման կամ սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված համապատասխան տեղականքի հիման վրա կազմում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն է տրամադրում սույն միջոցառման շահառուների անվանացանկը` նշելով շահառուների տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, կրթական աստիճանը, կուրսը, ուսման ձևը և այլն), կիսամյակի ուսման վարձի չափը կամ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի չափը, մարտական գործողությունների մասնակից լինելու կամ օրինական ներկայացուցչի կամ ամուսնու` մարտական գործողությունների մասնակից լինելու հանգամանքը: Անվանացանկերն ըստ անհրաժեշտության կարող են ճշգրտվել կամ լրացվել:

9. Փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները ԲՈՒՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների դեպքում` համաձայնագրերի) հիման վրա` հիմք ընդունելով յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացված` սույն հավելվածի 8-րդ կետում նշված անվանացանկերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.2020
N 2008-Լ
Որոշում