ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵԿԴ/1769/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1769/02/14 2018թ.
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Մ. Հարթենյան
Գ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու, երրորդ անձ «Արարատ բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, բնակարանից վտարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, և ըստ Մարինա Հայրապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` հիմնական պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է լուծել իր և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ բնակարանից վտարել Մարինա Հայրապետյանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց` նրա հետ փաստացի բնակվող Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյաններին և Ամալյա Բագրատունուն, Մարինա Հայրապետյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 73.800.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` սկսած 03.09.2012 թվականից մինչև պարտավորությունների փաստացի մարման պահը, բռնագանձել 11.424.035,7 ՀՀ դրամ` որպես Ընկերության կողմից Մարինա Հայրապետյանի վարկային պարտավորությունների մարմանն ուղղված վճարումներ, վարկային պարտավորությունների մարմանն ուղղված վճարումների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները` ըստ վճարման անդորրագրերի` համապատասխան վճարման պահից մինչև պարտավորությունների մարման պահը, ինչպես նաև Մարինա Հայրապետյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարինա Հայրապետյանը պահանջել է հարկադրել Ընկերությանը Մարինա Հայրապետյանի հետ կնքել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի անշարժ գույքի հիմնական պայմանագիրը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` պայմանագիրը լուծելու և բնակարանից վտարելու պահանջների մասով: Քաղաքացիական գործի վարույթը` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Մարինա Հայրապետյանի` գումարի բռնագանձման պահանջի մասով, կարճվել է: Հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.06.2017 թվականի որոշմամբ Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.12.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինա Հայրապետյանը, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանները և Ամալյա Բագրատունին:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Վարդան Հայրապետյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Ընկերության ներկայացուցիչ Ե. Մինասյանը գրություն է ներկայացրել Մարինա Հայրապետյանին այն մասին, որ 11.07.2013 թվականին անհրաժեշտ է ներկայանալ Ընկերություն` «Վաղարշ և Որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-468-րդ հոդվածների հիմքով նոտարական կարգով լուծելու համար:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել Ընկերության ներկայացուցիչ Ե. Մինասյանին 15.03.2013 թվականին տրված լիազորագիրը, համաձայն որի` վերջինս իրավունք է ունեցել ներկայացնելու Ընկերության շահերը միայն ՀՀ դատական բոլոր ատյաններում, այլ ոչ թե Ընկերության և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը լուծելու արտադատական առաջարկ ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Բանկի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագրի համաձայն` կողմերը համաձայնվել են փոփոխել իրենց միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի բացման, դեբետավարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրի 1.1 կետով սահմանված քարտային հաշվի վարկավորման 0 ՀՀ դրամ սահմանաչափը` այն սահմանելով 180.000 ԱՄՆ դոլար, որից ստացված գումարները նույնպես ուղղվել են բնակարանը ձեռք բերելուն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 02.06.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը` պայմանագիրը լուծելու և բնակարանից վտարելու պահանջների մասով, մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Մարինա Հայրապետյանի փաստարկն առ այն, որ սահմանված ժամկետում կատարվել են վճարումները, հերքվում է այն պատճառաբանությամբ, որ գործում բացակայում են վերաբերելի և թույլատրելի ապացույցներ` նշված հանգամանքի վերաբերյալ: Հետևաբար Վերաքննիչ դատարանը ճիշտ է գնահատել գործում եղած ապացույցները և դրանց հիման վրա եկել է իրավաչափ եզրահանգման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին նոտարական կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 24.08.2014 թվականը Մարինա Հայրապետյանին վաճառել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի բնակարանը, իսկ Մարինա Հայրապետյանը պարտավորվել է գնել նշված բնակարանը 82.000.000 ՀՀ դրամով: Մարինա Հայրապետյանը պարտավորվել է պայմանագրի կնքման պահից տասն օրվա ընթացքում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին վճարել 73.800.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 8.200.000 ՀՀ դրամը` մինչև հիմնական պայմանագիր կնքելը (հատոր 1-ին, գ.թ. 28-30):
2) Որպես «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ հանդես եկած Երվանդ Մինասյանը Մարինա Հայրապետյանին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ 11.07.2013 թվականին ժամը 11:00-ին անհրաժեշտ է ներկայանալ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրինություն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը նոտարական կարգով լուծելու համար (հատոր 1-ին, գ.թ. 83):
3) «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Նունե Նալբանդյանի կողմից 15.03.2013 թվականին Երվանդ Մինասյանին տրված լիազորագրով վերջինս լիազորվել է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը լինել «ՀՀ դատական բոլոր ատյաններում, ելույթ ունենալ` ներկայացնելով իմ շահերը բոլոր իրավունքներով, որոնք տրված են հայցվորին, պատասխանողին, երրորդ անձին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի: Իմ փոխարեն ստորագրել հայցադիմումը, գործը հանձնել միջնորդ դատարան, փոխել հայցի առարկան կամ դրա հիմքը, կնքել հաշտության համաձայնություն, փոխել հայցային պահանջների չափը, հրաժարվել հայցից, բողոքարկել դատական ակտը, դիմել իրավասու անձանց: Իմ փոխարեն տալ դիմումներ, ձևակերպել և ստանալ փաստաթղթեր, կատարել միջնորդություններ, տալ հայտարարություններ, հանդես գալ դատական ակտերի հարկադիր կատարման փուլում` այն բոլոր իրավունքներով, որպիսիք պատկանում են պահանջատիրոջը և պարտապանին, ստանալ և հանձնել կատարողական թերթը: Իմ փոխարեն բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները և որոշումները: Սույն լիազորագրի շրջանակներում կատարել իրավաբանական բնույթի այլ պահանջվող գործողություններ» (հատոր 1-ին, գ.թ. 84):
4) «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Դատարան ներկայացված հայցադիմումում նշել է հետևյալը. «Վերը նշված բնակարանի Երևանի Վերին Անտառային փողոցի, թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի ձեռքբերման համար պատասխանողը 24.08.2012 թվականին «Արարատ բանկ» ԲԲԸ-ի հետ կնքել է քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագիրը» (հատոր 1-ին, գ.թ. 7-16):
5) Բանկի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագրի համաձայն` կողմերը համաձայնվել են փոփոխել իրենց միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի բացման, դեբետավարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրի 1.1 կետով սահմանված քարտային հաշվի վարկավորման 0 ՀՀ դրամ սահմանաչափը` այն սահմանելով 180.000 ԱՄՆ դոլար (հատոր 1-ին, գ.թ. 26-30):
6) «Արարատբանկ» ԲԲԸ-ի, «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված երաշխավորության թիվ 015-12Խ/Ե պայմանագրի համաձայն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն պարտավորվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի առջև համապարտ պատասխանատվություն կրել «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված թիվ 004-12/ԽՕՍ քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագրով «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից և Մարինա Հայրապետյանին տրամադրված 180.000 ԱՄՆ դոլարի չափով վարկը վերադարձնելու և վարկի դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ինչպես նաև տույժերը վճարելու, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած` պարտատիրոջ այլ վնասները հատուցելու պարտավորությունների լրիվ ծավալով կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 31-33):
7) «Արարատբանկ» ԲԲԸ-ի, «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 006-12Խ/Գ պայմանագրի համաձայն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն պարտավորվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ին որպես գրավ հատկացնել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի բնակարանը` «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված թիվ 004-12/ԽՕՍ կրեդիտավորման պայմանագրով նախատեսված Մարինա Հայրապետյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար (հատոր 1-ին, գ.թ. 34-39):
8) Բանկի կողմից 26.08.2015 թվականին տրված թիվ 004-12/ԽՕՍ գրաֆիկով վարկային պայմանագրի հաշվի քաղվածքի համաձայն` հաճախորդ Մարինա Հայրապետյանին 10.09.2012 թվականին տրամադրվել է վարկ` 180.000 ԱՄՆ դոլարի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 32-34):
9) «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ն, համաձայն «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից տրված վճարման հանձնարարագրի անդորրագրերի բնօրինակների, որպես «Արարատբանկ» ԲԲԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված թիվ 004-12/ԽՕՍ կրեդիտավորման պայմանագրով նախատեսված պարտավորությունների մարում, «Արարատբանկ» ԲԲԸ-ին է վճարել ընդհանուր առմամբ 22.966.851,14 ՀՀ դրամ և 126.000 ԱՄՆ դոլար (հատոր 2-րդ, գ.թ. 30-31, 49-83):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պայմանագրի լուծման արտադատական կարգը պահպանելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագրի լուծման արտադատական կարգը պահպանելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին հիմնական պայմանագիր` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Ընդ որում, հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ նման ժամկետ սահմանված չլինելու դեպքում` մեկ տարվա ընթացքում: Ավելին, եթե նախնական պայմանագրով նախատեսված ժամկետում կողմերը հիմնական պայմանագիր չեն կնքում կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այն կնքելու մասին, ապա նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են: Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախնական պայմանագիրն ինքնին համարվում է պայմանագրի տեսակ, ապա դրա փոփոխման և լուծման վրա տարածվում են պայմանագրերի փոփոխման և լուծման կանոնները սահմանող ընդհանուր նորմերը: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որը զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:
Վերոգրյալ նորմից բխում է, որ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել ոչ միայն կողմերի համաձայնությամբ, այլև` մեկ կողմի պահանջով դատարանի վճռով հետևյալ դեպքերում`
1) կողմը թույլ է տվել պայմանագրի էական խախտում,
2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Ընդ որում, օրենսդիրը սահմանել է պայմանագիրը փոփոխելու և լուծելու կարգ, որը կողմերը պետք է պահպանեն պայմանագրի փոփոխման կամ լուծման գործընթացում:
Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ կողմերի փոխադարձ համաձայնության առկայության պարագայում պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կարող է կնքվել այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է կարգավորում այն դեպքերի համար, երբ կողմերի միջև առկա չէ համաձայնություն` պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ: Տվյալ պարագայում օրենսդիրը պայմանագրի կողմին, որը ցանկանում է այն փոփոխել կամ լուծել, վերապահել է դատարան դիմելու իրավասություն: Սակայն Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում չէ, որ կողմը իրավազոր է դիմել դատարան` պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու պահանջով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով պայմանագրի միակողմանի փոփոխման կամ լուծման պահանջով դատարան դիմելու պայմաններին, նշել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել կողմին պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջ ներկայացնել դատարան միայն հետևյալ դեպքերից հետո`
- պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց, կամ
- այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, կամ
- ժամկետի բացակայության դեպքում` առաջարկը ստանալուց հետո երեսնօրյա ժամկետում (տե՛ս, Արմեն Տիշինյանն ընդդեմ Հմայակ Խաչատրյանի թիվ ԵՇԴ/1103/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կողմին օրենքով նախատեսված դեպքերում իրավունք է վերապահել միակողմանի լուծել պայմանագիրը, սակայն կողմն իրեն վերապահված իրավունքի իրացման գործընթացում պետք է պահպանի օրենքով սահմանված կարգը, մասնավորապես` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում կողմի պահանջով պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել միայն դատարանի վճռով, ընդ որում` կողմը պարտականություն է կրում մինչ դատարան դիմելը պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին իր մտադրությունը հայտնել պայմանագրի մյուս կողմին (կողմերին): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին մտադրությամբ հանդես կարող է գալ ինչպես պայմանագրի կողմն իր անունից, այնպես էլ` լիազոր ներկայացուցչի միջոցով, պայմանով, որ ներկայացուցիչն ունի հստակ լիազորություն` հանդես գալու նման առաջարկով և լիազորված է պայմանագրի կողմի անունից մյուս կողմին կատարել նման առաջարկ: Այսինքն` պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջը դատական կարգով կարող է լուծվել միայն այն պարագայում, երբ շահագրգիռ կողմն ապացուցի, որ պահպանել է օրենքով սահմանված կարգը: Ընդ որում, պայմանագրի փոփոխմամբ կամ լուծմամբ շահագրգռված կողմը որպես հիմնավորում կարող է ներկայացնել պայմանագրի մյուս կողմի գրավոր մերժումը, կամ եթե բացակայում է առաջարկի պատասխանը, ապա ներկայացվում է համապատասխան գրավոր առաջարկը` ուղղված պայմանագրի մյուս կողմին, որի բովանդակությունից հստակ կարելի է հետևություն անել առաջարկը ներկայացրած կողմի` պայմանագրի փոփոխման կամ լուծման մտադրության մասին:
Այսպիսով ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի փոփոխման կամ լուծման պահանջով կողմը կարող է դատարան դիմել միայն օրենքով սահմանված արտադատական կարգը պահպանելուց հետո, որի պարագայում միայն կողմի մոտ կարող է ծագել դատարան դիմելու իրավունքը:
Սույն գործի փաստերի համաձայն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 24.08.2014 թվականը Մարինա Հայրապետյանին վաճառել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի բնակարանը, իսկ Մարինա Հայրապետյանը պարտավորվել է գնել նշված բնակարանը 82.000.000 ՀՀ դրամով: Մարինա Հայրապետյանը պարտավորվել է պայմանագրի կնքման պահից տասն օրվա ընթացքում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին վճարել 73.800.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 8.200.000 ՀՀ դրամը` մինչև հիմնական պայմանագիր կնքելը: Որպես «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ հանդես եկած Երվանդ Մինասյանը գրությամբ Մարինա Հայրապետյանին հայտնել է, որ 11.07.2013 թվականին ժամը 11:00-ին անհրաժեշտ է ներկայանալ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրինություն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը նոտարական կարգով լուծելու համար:
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Նունե Նալբանդյանի կողմից 15.03.2013 թվականին Երվանդ Մինասյանին տրվել լիազորագիր հետևյալ բովանդակությամբ. «Ես` ՀՀ քաղաքացի Նունե Նալբանդյանս, ... լիազորում եմ ՀՀ քաղաքացի Երվանդ Երեմի Մինասյանին... իմ ներկայացուցիչը լինել ՀՀ դատական բոլոր ատյաններում, ելույթ ունենալ` ներկայացնելով իմ շահերը բոլոր իրավունքներով, որոնք տրված են հայցվորին, պատասխանողին, երրորդ անձին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի: Իմ փոխարեն ստորագրել հայցադիմումը, գործը հանձնել միջնորդ դատարան, փոխել հայցի առարկան կամ դրա հիմքը, կնքել հաշտության համաձայնություն, փոխել հայցային պահանջների չափը, հրաժարվել հայցից, բողոքարկել դատական ակտը, դիմել իրավասու անձանց: Իմ փոխարեն տալ դիմումներ, ձևակերպել և ստանալ փաստաթղթեր, կատարել միջնորդություններ, տալ հայտարարություններ, հանդես գալ դատական ակտերի հարկադիր կատարման փուլում` այն բոլոր իրավունքներով, որպիսիք պատկանում են պահանջատիրոջը և պարտապանին, ստանալ և հանձնել կատարողական թերթը: Իմ փոխարեն բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները և որոշումները: Սույն լիազորագրի շրջանակներում կատարել իրավաբանական բնույթի այլ պահանջվող գործողություններ»:
Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Մարինա Հայրապետյանը թույլ է տվել 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի էական պայմանի խախտում, մասնավորապես` տասն օրվա ընթացքում չի վճարել 73.800.000 ՀՀ դրամ, որը բավարար է համարել նախնական պայմանագիրը լուծելու համար:
Վերաքննիչ դատարանը, Մարինա Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ սույն գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել Մարինա Հայրապետյանի կողմից նախնական պայմանագրով սահմանված գումարները վճարելու հանգամանքը, ուստի Դատարանի վճիռն իրավաչափ է:
Վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 24.08.2014 թվականը Մարինա Հայրապետյանին վաճառել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի բնակարանը, իսկ Մարինա Հայրապետյանը պարտավորվել է գնել նշված բնակարանը` 82.000.000 ՀՀ դրամով: Մարինա Հայրապետյանը պարտավորվել է պայմանագրի կնքման պահից տասն օրվա ընթացքում «Վաղարշ և որդիներ «ՍՊԸ-ին վճարել 73.800.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 8.200.000 ՀՀ դրամը` մինչև հիմնական պայմանագիր կնքելը: Այսինքն` կողմերը նախնական պայմանագրով համաձայնություն են ձեռք բերել մինչև 24.08.2014 թվականը կնքել հիմնական պայմանագիր, սակայն մինչ այդ ժամկետի ավարտը` 04.06.2014 թվականին, Դատարան ներկայացված հայցադիմումով Ընկերությունը պահանջել է լուծել իր և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ բնակարանից վտարել Մարինա Հայրապետյանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց` նրա հետ փաստացի բնակվող Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյաններին և Ամալյա Բագրատունուն: Այսպիսով մինչև նախնական պայմանագրով սահմանված ժամկետում հիմնական պայմանագրի կնքումը, Ընկերությունը պայմանագրի լուծման պահանջով դիմել է դատարան:
Ի հավաստումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգի պահպանված լինելու հանգամանքի` հայցվորը դատարան է ներկայացրել որպես «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ հանդես եկած Երվանդ Մինասյանի գրությունը, որով Մարինա Հայրապետյանին հայտնվել է, որ 11.07.2013 թվականին ժամը 11:00-ին անհրաժեշտ է ներկայանալ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրինություն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը նոտարական կարգով լուծելու համար:
Վճռաբեկ դատարանը տվյալ պարագայում գտնում է, որ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ հանդես եկած Երվանդ Մինասյանի լիազորությունները պետք է գնահատել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` լիազորագրի բնույթը կարգավորող իրավական նորմերի լույսի ներքո:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Վերոգրյալից բխում է, որ լիազորագիրը հանդիսանում է միակողմանի գործարք և լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը: Այսինքն` լիազորվողը ստանում է լիազորություն` լիազորողի անունից կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են լիազորագրով: Այլ կերպ ասած` լիազորվողը օգտվում է լիազորագրի շրջանակներում լիազորողի կողմից իրեն վերապահված գործողություններ կատարելու իրավունքից, որը հստակ ձևակերպվում է լիազորագրի բովանդակությունում և երրորդ անձանց հնարավորություն է տալիս հստակ եզրակացնել, թե լիազոր ներկայացուցիչն ինչպիսի իրավազորությամբ է օժտված:
Ընդ որում, լիազորագրի բովանդակության մեկնաբանումը պետք է կատարվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված` պայմանագրի մեկնաբանման կանոնները կիրառելով: Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը բխում է հետևյալից. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այն դեպքերում, երբ նույն օրենսգրքի 1-ին հոդվածում նախատեսված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենքի անալոգիայի կիրառումն այն միջոցն է, որով հաղթահարվում է օրենսդրական բացը: Վկայակոչված նորմի բովանդակությունից բխում է, որ օրենքի անալոգիա թույլատրվում է կիրառել այն պարագայում, երբ.
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածում նախատեսված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ,
2) բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը,
3) համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերի կիրառումը չի հակասում դրանց էությանը:
Տվյալ պարագայում օրենսդրի կողմից սահմանված չէ լիազորագրի բովանդակության մեկնաբանության հատուկ կանոններ, հետևաբար հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով, բացի այդ, բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում լիազորագրի բովանդակության մեկնաբանման վրա կարելի է տարածել համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված` պայմանագրի մեկնաբանման կանոնները, քանի որ տվյալ պարագայում դա չի հակասում իրավահարաբերության էությանը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, նշել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը` կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ առանձին դեպքերում, գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, պայմանագրի որևէ պայմանի մեկնաբանությունն իրականացնելիս չի բացառվում նաև վերը նշված կանոնների միաժամանակյա կիրառումը: Մասնավորապես` իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են դեպքեր, երբ պայմանագրի համապատասխան պայմանը թեև դրանում շարադրված բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ հստակ է, սակայն կողմերի կամ կողմի իրական կամքին չի համապատասխանում: Նման իրավիճակում միայն պայմանագրի մեկնաբանման տառացի կանոնը կիրառելով ոչ միայն կարող է սահմանափակվել շահագրգիռ անձի` գործի լրիվ և բազմակողմանի քննության իրավունքը, այլև պայմանագրի մեկնաբանման նպատակը կարող է ընդհանրապես չիրականացվել: Մինչդեռ պայմանագրի մեկնաբանումն ինքնանպատակ գործընթաց չէ և նպատակաուղղված է կողմերի իրական կամքի բացահայտմանը` որպես հիմք ունենալով քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը` բարեխղճության սկզբունքը (տե՛ս, Սամվել Մարտիրոսյանն ընդդեմ Գեղամ Մելիքսեթյանի թիվ ԵԱՆԴ/0976/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սույն գործով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրեն Նունե Նալբանդյանի կողմից 15.03.2013 թվականին Երվանդ Մինասյանին տրված լիազորագրի բովանդակության ուսումնասիրությունից բխում է, որ վերջինիս լիազորվել է «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը լինել ՀՀ դատական բոլոր ատյաններում և ներկայացնել վերջինիս շահերը բոլոր իրավունքներով` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի, ինչպես նաև հանդես գալ դատական ակտերի հարկադիր կատարման փուլում` այն բոլոր իրավունքներով, որպիսիք պատկանում են պահանջատիրոջը և պարտապանին: Միևնույն ժամանակ, Երվանդ Մինասյանը լիազորվել է «նույն լիազորագրի շրջանակներում կատարել իրավաբանական բնույթի այլ պահանջվող գործողություններ»: Այսինքն` Ընկերությունը Երվանդ Մինասյանին հստակորեն չի լիազորել իր անունից կատարելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ընթացակարգային բնույթի գործողություններ, սակայն Երվանդ Մինասյանը լիազորվել է նույն լիազորագրի շրջանակներում կատարել իրավաբանական բնույթի այլ պահանջվող գործողություններ: Հետևաբար նշված հանգամանքը հիմք է տալիս փաստելու, որ Ընկերության կողմից վերոնշյալ նորմով սահմանված ընթացակարգային գործողություններն ապահոված լինելու փաստը, մասնավորապես` կողմին պայմանագրի լուծման մասին իր մտադրությունը հայտնած լինելու հանգամանքը պետք է պարզել` հիմք ընդունելով լիազորագրի բովանդակության մեկնաբանությունը` այդպիսով բացահայտելով կողմի իրական մտադրությունը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է Երվանդ Մինասյանին տրված լիազորագրի բովանդակությունը և չեն ապահովել դրա բովանդակության մեկնաբանության կանոնները, ինչն էական նշանակություն ունեցող հանգամանք է սույն գործի լուծման համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
Սույն գործով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 24.08.2014 թվականը վաճառել Մարինա Հայրապետյանին Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի բնակարանը, իսկ Մարինա Հայրապետյանը պարտավորվել է գնել նշված բնակարանը 82.000.000 ՀՀ դրամով: Մարինա Հայրապետյանը պարտավորվել է պայմանագրի կնքման պահից տասն օրվա ընթացքում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին վճարել 73.800.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 8.200.000 ՀՀ դրամը` մինչև հիմնական պայմանագիր կնքելը: «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Դատարան ներկայացված հայցադիմումում նշել է հետևյալը. «Վերը նշված բնակարանի Երևանի Վերին Անտառային փողոցի, թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի ձեռքբերման համար պատասխանողը 24.08.2012 թվականին «Արարատ բանկ» ԲԲԸ-ի հետ կնքել է քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագիրը»: Բանկի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագրի համաձայն` կողմերը համաձայնվել են փոփոխել իրենց միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի բացման, դեբետավարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրի 1.1 կետով սահմանված քարտային հաշվի վարկավորման 0 ՀՀ դրամ սահմանաչափը` այն սահմանելով 180.000 ԱՄՆ դոլար: Բանկի կողմից 26.08.2015 թվականին տրված թիվ 004-12/ԽՕՍ գրաֆիկով վարկային պայմանագրի հաշվի քաղվածքի համաձայն` հաճախորդ Մարինա Հայրապետյանին 10.09.2012 թվականին տրամադրվել է վարկ` 180.000 ԱՄՆ դոլարի չափով:
Դատարանը, սկզբնական հայցը մասնակիորեն բավարարելով, իսկ հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ Մարինա Հայրապետյանը հայտնել է, որ իր կողմից «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ին վճարվել է նախնական պայմանագրով սահմանված 73.800.000 ՀՀ դրամը, մինչդեռ նշված հանգամանքի վերաբերյալ որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց դատարանին չի ներկայացրել, որպիսի պայմաններում Դատարանը գտել է, որ Մարինա Հայրապետյանի կողմից «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ին նախնական պայմանագրով սահմանված 73.800.000 ՀՀ դրամը վճարելու հանգամանքը սույն գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, նշել է, որ գործում բացակայում են Մարինա Հայրապետյանի կողմից վիճելի բնակարանը ձեռք բերելու նպատակով դրա սեփականատիրոջը նախնական պայմանագրով սահմանված կարգով և չափով գումարներ վճարելու վերաբերյալ ապացույցներ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ կողմերը չեն վիճարկել այն փաստը, որ Բանկի և Մարինա Հայրապետյանի միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագիրը կնքվել է «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ից բնակարան ձեռք բերելու նպատակով: Ավելին, հայցվորը հայցադիմումում ինքն է հաստատում այդ փաստը` նշելով. «Վերը նշված բնակարանի Երևանի Վերին Անտառային փողոցի, թիվ 144/3 շենքի 17-րդ հասցեի ձեռքբերման համար պատասխանողը 24.08.2012 թվականին «Արարատ բանկ» ԲԲԸ-ի հետ կնքել է քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագիրը»: Ընդ որում, 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի վարկավորման (օվերդրաֆտի) սահմանաչափի փոփոխման և վարկի տրամադրման վերաբերյալ թիվ 004-12/ԽՕՍ համաձայնագրով կողմերը համաձայնվել են փոփոխել իրենց միջև 24.08.2012 թվականին կնքված քարտային հաշվի բացման, դեբետավարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրի 1.1 կետով սահմանված քարտային հաշվի վարկավորման 0 ՀՀ դրամ սահմանաչափը` այն սահմանելով 180.000 ԱՄՆ դոլար, իսկ Բանկի կողմից 26.08.2015 թվականին տրված թիվ 004-12/ԽՕՍ գրաֆիկով վարկային պայմանագրի հաշվի քաղվածքի համաձայն` հաճախորդ Մարինա Հայրապետյանին 10.09.2012 թվականին տրամադրվել է վարկ` 180.000 ԱՄՆ դոլարի չափով: Այսինքն` Բանկի կողմից Մարինա Հայրապետյանին տրամադրվել է 180.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ, որն օգտագործվել է Մարինա Հայրապետյանի կողմից, հակառակ պարագայում` «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի մոտ` որպես վերոգրյալ վարկի նկատմամբ երաշխավորի, չէր առաջանա վարկային գումարը մարելու պարտականություն: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չի պարզել վարկի գումարի օգտագործման ուղղությունները, այսինքն` վարկավորման գումարները ստացվելուց հետո ու՞մ են փոխանցվել, ինչպես նաև դրա օգտագործման նպատակը` այդպիսով չիրականացնելով գործի բազմակողմանի և լրիվ քննություն, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Դատարանի 16.12.2016 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է նախնական պայմանագիրը լուծելու և բնակարանից վտարելու պահանջների մասով հայցը բավարարելու, ինչպես նաև հիմնական պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու մասով հակընդդեմ հայցը մերժելու մասերով, իսկ Վերաքննիչ դատարանի 02.06.2017 թվականի որոշումը` Դատարանի վճիռն այդ մասով օրինական ուժի մեջ թողնելու մասով, գտնում է, որ գործը նոր քննության պետք է ուղարկվի միայն այդ մասերով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2017 թվականի որոշումը և գործն` ըստ հայցի «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի ընդդեմ Մարինա Հայրապետյանի, Կարեն, Վարդգես, Ինա Եղիազարյանների և Ամալյա Բագրատունու, երրորդ անձ «Արարատ բանկ» ԲԲԸ-ի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, բնակարանից վտարելու պահանջների մասով, և ըստ Մարինա Հայրապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ «Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի` հիմնական պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
0 0§