Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 112-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 112-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՇԴ3/0029/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՇԴ3/0029/01/16

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

    Դատավորներ`        Ս. Համբարձումյան

                       Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Լ. Թադևոսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Պետրոսյանի

                   մասնակցությամբ

                   դատախազ                    Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

2017 թվականի դեկտեմբերի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դավիթ Հովհաննեսի Փաշայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 18103216 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի մարտի 29-ի որոշմամբ Դավիթ Հովհաննեսի Փաշայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի մարտի 22-ին Դ.Փաշայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016 թվականի մայիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով ամբաստանյալ Դ.Փաշայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա ամբաստանյալ Դ.Փաշայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրող Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մարտի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մարտի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Ամբաստանյալ Դ.Փաշայանի պաշտպան Թ.Յայլոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Դ.Փաշայանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2016 թվականի մարտի 18-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փողոցի 7/5-րդ շենքի հետնամասում գտնվող ավտոտնակի դիմաց, Գյումրի քաղաքի Տ.Ճարտարապետ փողոցի 9/6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Հարություն Հրայրի Թովմասյանի քրոջը` Անետա Թովմասյանին սիրահետելու հարցով ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է Սերգեյ Արտավազդի Խաչատրյանի կրծքավանդակի ձախ կեսին` վերջինիս առողջությանը կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 150):

6. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելու և այն կրելու նպատակահարմարության հարցին, փաստել է. «(...) Դատարանը, Դավիթ Փաշայանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես նրա կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցագործության կատարման եղանակը` դանակի գործադրումը, պատճառված վնասվածքի տեղակայումը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները` այն, որ դատված չի եղել, բնակության վայրում բնութագրվում է դրական կողմերով (...):

Դատարանը (...) որպես Դավիթ Փաշայանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում այն, որ նա հանցանքը կատարել է անչափահաս տարիքում, փոխադարձ կռվի ընթացքում, կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, ինչն արտահայտվել է նրանով, որ մասնակցել է դեպքի վայրի զննությանը, որի ընթացքում մատնացույց է արել հանցանքը կատարելու վայրը, նկարագրել է հանցանքի կատարման եղանակը, մատնացույց է արել հանցագործության գործիք հանդիսացող դանակը նետելու վայրը, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տուժողը որևէ բողոք, պահանջ չունի:

(...) Դատարանն արձանագրում է, որ Դավիթ Փաշայանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...) Ամբաստանյալ Դավիթ Փաշայանը հանցագործությունը կատարել է անչափահաս տարիքում, տուժողի հետ հաշտվել են, և նա որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել, անկեղծորեն զղջացել է կատարվածի համար: Դատարանը նաև հաշվի է առնում, որ Դավիթ Փաշայանը զորակոչիկ է և պետք է մեկնի ՀՀ զինված ուժեր ծառայության: Այս հանգամանքները համեմատաբար նվազեցնում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և հիմք են եզրահանգելու, որ սույն գործով որոշ չափով վերականգնվել է սոցիալական արդարությունը և պատժի ենթարկված անձի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու: Բացի այդ, գնահատման է արժանի այն հանգամանքը, որ ամբաստանյալը դատված չի եղել, նա բնութագրվում է որպես օրինակելի, համեստ, շնորհքով, մեծերին հարգող և լսող, դաստիարակված երեխա, ինչը նույնպես վկայում է, որ նրա ուղղմանը կարելի է հասնել առանց պատիժը կրելու: Հանցանքը կատարելուց հետո Դավիթ Փաշայանի դրսևորած վարքագիծը, մասնավորապես այն, որ նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, մատնացույց է արել հանցագործության գործիք հանդիսացող դանակը նետելու վայրը, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, լինելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը: Այս հանգամանքները նույնպես կարող են վկայել, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Հիշյալ հանգամանքները համադրելով Դավիթ Փաշայանի անձին վերաբերող մյուս տվյալների ու նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության հետ` Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ անչափահաս տարիքում հանցագործություն կատարած Դավիթ Փաշայանի ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 82-83):

6.1. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքում մեղադրող Գ.Գրիգորյանը, անդրադառնալով պատիժ նշանակելու և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս որպես ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող` Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատված առանձին հանգամանքներին, փաստել է. «(...) Ստորադաս դատարանը հաշվի չի առել այն, որ`

- ամբաստանյալ Դավիթ Փաշայանը, թեև ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչություն, սակայն դա կատարել է դեպքից շուրջ 4 օր անց, երբ արդեն իրավապահ մարմիններին հայտնի է եղել նրա մասնակցությունը դեպքին,

- ամբաստանյալ Դավիթ Փաշայանը, վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ դեպքի վայրի զննության ընթացքում այն նետելու վայրը մատնացույց անելը չի կարող դիտվել որպես պատիժը մեղմացնող հանգամանք,

- որպես պատիժը մեղմացնող հանգամանք չի կարող դիտվել նաև փոխադարձ կռվի ընթացքում դանակով որևէ մեկին դիտավորությամբ հարվածելը,

- ամբաստանյալ Դավիթ Փաշայանի 18 տարին լրացել է 2016 թվականի հունիսի 3-ին, դատաքննության պատճառով վերջինը բաց է թողել 2016 թվականի ամառային զորակոչը, հետևաբար բժշկական հետազոտությունների չի ենթարկվել, նրա` զինվորական ծառայության պիտանելիության հարցը չի որոշվել, ուստի փաստել, որ նա պետք զորակոչվի ՀՀ զինված ուժեր, առավելապես ենթադրություն է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 6):

7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «(...) Առաջին ատյանի դատարանի (...) եզրահանգումները հիմնավոր են, քանի որ դրանք բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ գործի փաստական հանգամանքներից ու տվյալներից:

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Դավիթ Փաշայանի նկատմամբ պատիժ նշանակելիս (...) բավարար չափով հաշվի առնելով ամբաստանյալի կողմից կատարված հանցագործության բնույթը, վտանգավորության և ծանրության աստիճանը, վերջինիս անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցում հանգել (...) է ճիշտ եզրահանգման (...):

Նման եզրահանգման հանգելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալ Դավիթ Փաշայանը, գտնվելով ազատության մեջ, զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, չի խոչընդոտել գործի քննությանը, ավելին` վերջինս շուտով պետք է զորակոչվի ՀՀ զինված ուժեր` զինվորական ծառայության (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 86):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալ, սխալ են կիրառել նյութական իրավունքի նորմերը, որն ազդել է գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով` դատարանները բավարար չափով ստուգման և գնահատման չեն ենթարկել Դ.Փաշայանի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները: Մասնավորապես` բողոքաբերը, մեջ բերելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներում (Դ.Հովհաննիսյանի, Գ.Մադաթյանի, Վ.Բեգյանի, Թ.Տեր-Գրիգորյանի, Ա.Շահբազյանի վերաբերյալ գործեր) արտահայտված իրավական դիրքորոշումները, նշել է, որ պատժի կրման հարցը լուծելիս հաշվի չի առնվել ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը, տեսակը, օգտագործված գործիքը, մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, վերջինիս հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և մեղքի ձևը:

Բացի այդ, բողոքաբերը, հիմնվելով առանձին գործերով Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, փաստել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն գնահատել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչն էլ արդյունքում հանգեցրել է նրա նկատմամբ նշանակված պատիժը կրելուց անարդարացիորեն ազատելուն:

8.1. Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանները հաշվի են առել իրավական նշանակություն չունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են լսող, մեծերին հարգող լինելը:

8.2. Վերոգրյալի հետ միաժամանակ բողոքի հեղինակը փաստել է, որ ստորադաս դատարանները Դ.Փաշայանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես մեղմացնող հանգամանք, ի թիվս այլոց, հաշվի են առել նրա կողմից դատապարտված չլինելը, քննությանը չխոչընդոտելը, մինչդեռ հիշյալ մեկնաբանությունը ոչ միայն ուղղակիորեն հակասում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշմանը, այլ նաև չի կարող բավարարել որպես մեղմացնող հանգամանք դիտվելու համար անհրաժեշտ օրենսդրական նվազագույն չափանիշներին:

9. Հիմք ընդունելով վերոնշյալը` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք ամբաստանյալ Դ.Փաշայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14, ԵԱԴԴ/0011/01/14, ԵԱՔԴ/0091/01/14, ԵԿԴ/0039/01/15, ԱՐԴ/0031/01/15 և այլն):

Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոններից մեղքի ձևի հետ կապված` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում նաև արձանագրել է. «(...) Մեղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործությունների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: (...) Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կողմից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը (...)» (տե՛ս Ա.Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-րդ կետը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը (...)

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Շահբազյանի գործով որոշման շրջանակներում` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (...):

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել` իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով` հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում` գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

(...) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: (...)» (տե՛ս Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը):

13. Վերահաստատելով Ա.Շահբազյանի որոշմամբ արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում առանձնանում է իր առավել բարձր հանրային վտանգավորությամբ, ինչը պահանջում է համարժեք պատժողական քաղաքականության իրականացում: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող սույն հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, այդ թվում` հանցագործությանը նախորդող և ուղեկցող (տե՛ս, mutatis mutandis, Հրանտ Պարանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԷԴ/0132/01/13 որոշման 13-րդ կետը) եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն:

13.1. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը (տե՛ս, mutatis mutandis, Սարգիս Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14 որոշումների համապատասխանաբար 14-րդ, 13-րդ և 15-րդ կետերը, Սերգեյ Աբովյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշման 13.1.-րդ կետը):

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Դ.Փաշայանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տուժողի հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է տուժող Ս.Խաչատրյանի կրծքավանդակի ձախ կեսին` վերջինիս առողջությանը կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, ի թիվս այլոց, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արդյունքում եզրահանգել է, որ Դ.Փաշայանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մեղադրողն իր վերաքննիչ բողոքում վիճարկել է Առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող գնահատված առանձին հանգամանքների իրավաչափությունը` արդյունքում փաստելով, որ ստորադաս դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցում եկել է սխալ հետևության (տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռի օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է դատախազի վերաքննիչ բողոքը, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում, ըստ էության, որևէ անդրադարձ չի կատարել բողոքի փաստարկներին` բավարարվելով Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքները վերաշարադրելով: Արդյունքում իր անունից կրկին մատնանշելով Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ գնահատված առանձին հանգամանքները` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները համադրելով սույն որոշման 11-13.1.-րդ կետերում շարադրված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ստորադաս դատարանները Դ.Փաշայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ վերլուծության չեն ենթարկել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը: Մասնավորապես` ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել`

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ ամբաստանյալը ոտնձգել է առողջության և այն ապահովող այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ` ընդհուպ մինչև մահ,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- ամբաստանյալի մոտ դանակի առկայության և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելու հանգամանքը,

- պատճառված մարմնական վնասվածքի տեղակայումն ու բնույթը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարվածը հասցրել է կրծքավանդակի ձախ կեսին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

15.1. Վերոգրյալի հետ միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու առնչությամբ Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և այլնի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները (տե՛ս Մ.Պողոսյանի, Հ.Մարտիրոսյանի և այլնի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշումը): Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի վերաքննիչ բողոքի` սույն որոշման 6.1.-րդ կետում մատնանշված հիմնավորումները ողջամտորեն կարող են ազդել պատժի կրման նպատակահարմարության հարցի լուծման վրա: Նման պայմաններում դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքի նշված հիմնավորումները և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե որ իրավանորմերով ղեկավարվելու արդյունքում և/կամ ինչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության: Հետևաբար մեղադրողի վերաքննիչ բողոքում ներկայացված համապատասխան փաստարկները գնահատման չենթարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին:

15.2. Ինչ վերաբերում է ամբաստանյալի անչափահաս լինելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը նշում է, որ միայն այն փաստը, որ անձը հանցանք կատարելու պահին եղել է անչափահաս, չի կարող մեխանիկորեն հանգեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմանը, այլ այդ դեպքում նշյալ հոդվածի կիրառման հնարավորությունը պետք է քննարկվի գործում առկա մեղմացնող հանգամանքների համակցության, հանցագործության` հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի և այլ հանգամանքների համատեքստում (տե՛ս, mutatis mutandis, Նարեկ Մադյանի և Դավիթ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ2/0045/01/14 որոշման 14.1.-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերի` սույն որոշման 8.1.-րդ կետում բարձրացրած փաստարկին` արձանագրելով, որ այդպիսի հանգամանքներն իրենց բնույթով չունեն այնպիսի իրավական նշանակություն, որպեսզի դրվեն պատիժ նշանակելու կամ պատժի կրման նպատակահարմարության հարցի լուծման հիմքում:

Իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 8.2.-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանք անհիմն է համարում, քանի որ համապատասխան հանգամանքները ստորադաս դատարանների կողմից դիտարկվել են որպես ոչ թե պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, այլ անձը բնութագրող տվյալներ (տե՛ս սույն որոշման 6-րդ, 7-րդ կետերը):

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դ.Փաշայանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն:

17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ հոդվածների խախտումներ, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, օրենքով սահմանված կարգով պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դավիթ Հովհաննեսի Փաշայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Դավիթ Հովհաննեսի Փաշայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.12.2017
N ՇԴ3/0029/01/16
Որոշում