Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/4647/05/15

    դատարանի որոշում                                               2017 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4647/05/15

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Գ. Ղարիբյան

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի

                                             Ս. Անտոնյանի

                                             Վ. Ավանեսյանի

                                             Ա. Բարսեղյանի

                                             Գ. Հակոբյանի

                                             Ռ. Հակոբյանի

                                             Տ. Պետրոսյանի

                                             Ե. Սողոմոնյանի

                                             Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդդեմ Էդգար Գևորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը պահանջել է Էդգար Գևորգյանից Երևան համայնքի բյուջե բռնագանձել 265.524 ՀՀ դրամ, որից 171.583 ՀՀ դրամը` ապառք, 93.941 ՀՀ դրամը` տույժ, ինչպես նաև 5.311 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 11.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 45.780 ՀՀ դրամ, որից ապառք` 29.583 ՀՀ դրամ, տույժ` 16.197 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 08.05.2015 թվականի թիվ 1226-Ա որոշմամբ 2012 թվականի համար գույքահարկի գծով առաջադրված պարտավորության գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 08.05.2015 թվականի թիվ 1226-Ա որոշումը մասնակիորեն` գույքահարկի գծով 2008-2011 թվականների համար 219.744 ՀՀ դրամ գանձելու մասով, ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.12.2016 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.03.2016 վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն իրավական հարցին, թե արդյոք 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն օրենքները տարածվում են մինչև 28.04.2012 թվականը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, և որն է հանդիսանում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված` վաղեմության ժամկետով պայմանավորված իրավահարաբերության ծագման պահը:

Ստորադաս դատարանները սույն գործով չեն կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և օրենսդրի կողմից սահմանված նորմերի վերլուծություն, ինչի հետևանքով կայացվել է սխալ դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել ամբողջությամբ կամ բեկանել որոշումը և հայցապահանջի մերժված մասով գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 10.03.2015 թիվ 185479361834134528 տեղեկանքի համաձայն` 10.03.2015 թվականի դրությամբ «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունը 2008 թվականի համար կազմում է 35.500 ՀՀ դրամ` ապառք, 19.436 ՀՀ դրամ` տույժ, 2009 թվականի համար կազմում է 35.500 ՀՀ դրամ` ապառք, 19.436 ՀՀ դրամ` տույժ, 2010 թվականի համար կազմում է 35.500 ՀՀ դրամ` ապառք, 19.436 ՀՀ դրամ` տույժ, 2011 թվականի համար կազմում է 35.500 ՀՀ դրամ` ապառք, 19.436 ՀՀ դրամ` տույժ, 2012 թվականի համար կազմում է 29.583 ՀՀ դրամ` ապառք, 16.197 ՀՀ դրամ` տույժ, ընդամենը` 265.524 ՀՀ դրամ, որից 171.583 ՀՀ դրամ` ապառք, 93.941 ՀՀ դրամ` տույժ (հատոր 1-ին, գ.թ. 6).

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 09.02.2015 թվականի թիվ 17/3-1179 գրության համաձայն` «BMW 525» մակնիշի 07ՕՏ147 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը 12.10.2004 թվականին հաշվառվել է Սամվել Կարապետյանի անվամբ, հաշվառումից հանվել է 03.10.2012 թվականին: Որպես նոր սեփականատեր նշվել է Էդգար Գևորգյանը, իսկ որպես մեքենայի նոր համարանիշ` 75NR555 հաշվառման համարանիշը (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

3. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 08.05.2015 թվականի «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 1226-Ա որոշմամբ Էդգար Գևորգյանից Երևան համայնքի բյուջե գանձվել է 265.524 ՀՀ դրամ` որպես «BMW 525» մակնիշ 75NR555 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի համար 2008-2012 թվականների համար գույքահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. 2008, 2009, 2010 և 2011 թվականներին կատարված հարկային օրենսդրության խախտումների համար կարող են արդյո՞ք առաջանալ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ, եթե տվյալ իրավախախտումները հայտնաբերվել են 2015 թվականին:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս (...):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրության համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, բացառությամբ «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի (...):

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրության համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի վերոգրյալ փոփոխությունները կատարվել են 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքով:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը վերոգրյալ բովանդակությամբ 4-րդ մասով լրացվել է 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետները: Նշված իրավադրույթով օրենսդիրը սահմանել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման համար ելակետ է ընդունվում հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարին (ժամկետը հաշվարկվում է իրավախախտման կատարման տարվան հաջորդող տարվանից): Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված ընդհանուր կանոնը հետևյալն է. հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե հարկային օրենսդրության տվյալ խախտումը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ լրացած է եղել այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը: Այսինքն` հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետն ընդգրկում է տվյալ իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող երեք օրացուցային տարիները. այդ տարիներն անցնելուց հետո հայտնաբերված իրավախախտման համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ:

Հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերոգրյալ ընդհանուր կանոնից օրենսդիրը նախատեսել է բացառություն` ամրագրելով, որ նշված ժամկետը չի գործում «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դեպքերում: Ըստ այդմ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդիրը նախատեսել է գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ հատուկ իրավակարգավորում: Նշված իրավադրույթի համաձայն` գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետները հաշվարկելու համար հիմք է ընդունվում հարկային օրենսդրության խախտումը կատարելու պահը (ժամկետը հաշվարկվում է իրավախախտման կատարման պահից): Սակայն գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված հատուկ կանոնը հանգում է հետևյալին. գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե հարկային օրենսդրության տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելուց հետո տասը տարվա ժամկետը լրանալուց հետո:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1. որպես ընդհանուր կանոն` հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող տարին է,

2. որպես բացառություն ընդհանուր կանոնից` գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը տասը տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման պահն է,

3. հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ ժամկետների հաշվարկման անհրաժեշտությունը ծագում է հարկային իրավախախտման հայտնաբերման պահին, քանի որ հարկային պարտավորությունների առաջացումը պայմանավորված է վաղեմության ժամկետի` տվյալ իրավախախտման հայտնաբերման պահին լրացած լինելու կամ չլինելու հանգամանքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածում հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների` գույքահարկին վերաբերող բացառությունը սահմանվել է 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքով, իսկ գույքահարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետի վերաբերյալ հատուկ կանոններն ամրագրվել են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքով: Փաստորեն, գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ հատուկ իրավակարգավորումները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ են ներմուծվել 21.03.2012 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք իրավաբանական ուժի մեջ են մտել 28.04.2012 թվականին:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններում օրենսդրական փոփոխություններ նախատեսող իրավական ակտերի` ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ժամանակի մեջ գործողության հարցին:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների (...) գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ (...):

ՀՀ սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով ժամանակի մեջ իրավական ակտի գործողության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը: Միաժամանակ այս նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտն ընդունող մարմինը, իրացնելով իրեն Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու նպատակահարմարության դեպքում տվյալ ակտում ամրագրում է այդ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: Նշված հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն բխում է Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը: Այսինքն` ըստ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության համընդհանուր սկզբունքի` իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ եղած ժամանակահատվածում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ ասած` իրավական ակտի կիրառելիության հարցն ուղղակիորեն կապված է կարգավորման առարկան կազմող իրավահարաբերության ծագման պահի հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքները հետադարձ ուժ չունեն: Նշված օրենսդրական ակտերով նախատեսված գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության հատուկ ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները չեն կարող տարածվել այդ օրենքների ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից առաջ ծագած հասարակական հարաբերությունների վրա: Նշված դատողության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողության վերաբերյալ սահմանադրաիրավական այն սկզբունքը, որ ընդհանուր կանոնի համաձայն` իրավական ակտերը չեն գործում հետադարձ ուժով, իսկ անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը սահմանադրորեն արգելված է:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության հատուկ ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումները, որոնք ՀՀ իրավական համակարգ են ներմուծվել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքներով, կիրառվում են միայն այն հասարակական հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են նշված օրենքների ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից հետո: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` «»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և «»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ժամանակի մեջ գործողության հարցը լուծելիս անհրաժեշտ է պարզել հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններով կարգավորվող հասարակական հարաբերության ծագման պահը:

Հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրական նորմերի բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ այդ կանոնների կարգավորման առարկան հայտնաբերված հարկային իրավախախտումների համար առաջացող պատասխանատվությունը բացառող որոշակի հանգամանքների հետ կապված հասարակական հարաբերություններն են: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հարկային օրենսդրության այս կամ այն խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն սկսում են գործել իրավասու վարչական մարմնի կողմից տվյալ իրավախախտումը հայտնաբերվելու պահից: Այսինքն` հարկային օրենսդրության այս կամ այն խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ նորմերն իրավական հետևանքներ են առաջացնում միայն այն ժամանակ, երբ իրավասու վարչական մարմինը հայտնաբերել է տվյալ իրավախախտումը: Այլ կերպ ասած` եթե հարկային օրենսդրության խախտումը դեռևս հայտնաբերված չէ իրավասու վարչական մարմնի կողմից, ապա այդ խախտման համար հարկային պարտավորությունների առաջացումը բացառող հանգամանքները` վաղեմության ժամկետները, սահմանող իրավանորմերը չեն կարող որևէ իրավաբանական նշանակություն ունենալ: Այսպիսով, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` իրավասու վարչական մարմնի կողմից այս կամ այն հարկային իրավախախտման հայտնաբերումն է այն անհրաժեշտ իրավաբանական փաստը, որի հետ օրենսդիրը կապել է այդ խախտման համար հարկային պարտավորությունների առաջացումը բացառող հանգամանքները` վաղեմության ժամկետները, սահմանող իրավանորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունների ծագումը:

Վերոգրյալ փաստարկները հաշվի առնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններով կարգավորվող հասարակական հարաբերությունները ծագում են իրավասու վարչական մարմնի կողմից այս կամ այն հարկային իրավախախտման հայտնաբերման պահին: Մինչև հարկային իրավախախտման հայտնաբերումը հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոններով կարգավորվող հասարակական հարաբերություններ չեն կարող ծագել` անկախ այն հանգամանքից, թե երբ է այդ իրավախախտումը կատարվել: Հետևաբար հարկային օրենսդրության կոնկրետ խախտման համար հարկային պարտավորությունների առաջադրման հարցը լուծելիս վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման համար որպես ելակետ պետք է ընդունել տվյալ հարկային իրավախախտման հայտնաբերման պահը:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ վերոգրյալ ընդհանուր կանոնից պետք է կատարել մեկ բացառություն, որը վերաբերում է այն դեպքերին, երբ հարկային իրավախախտումը հայտնաբերվել է ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո, սակայն այդ օրենքների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ այդ իրավախախտումների կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել: Քննարկվող պարագայում հարկային օրենսդրության կոնկրետ խախտման համար հարկային պարտավորությունների առաջադրման հարցը լուծելիս վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման համար որպես ելակետ պետք է ընդունել ոչ միայն տվյալ հարկային իրավախախտման հայտնաբերման պահը, այլ նաև այն հանգամանքը, թե արդյոք վերոգրյալ օրենքների ուժի մեջ մտնելու պահին` 28.04.2012 թվականին, այդ իրավախախտումների կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելուց առաջ կատարված հարկային օրենսդրության խախտումն իրավասու վարչական մարմնի կողմից կարող էր հայտնաբերվել մինչև 28.04.2012 թվականը. այդ դեպքում տվյալ իրավախախտման համար հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ, եթե լրացած լիներ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված երեք տարվա ժամկետը: Ըստ այդմ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը պետք է տարածվի նաև 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված այն հարկային իրավախախտումների վրա, որոնց կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը «»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և «»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահին լրացած է եղել: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ բոլոր այն հարկային իրավախախտումների համար, որոնց կատարման տարվան հաջորդող երեք տարվա ժամկետը «»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և «»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահին լրացած է եղել: Այդ դեպքում հարկային օրենսդրության խախտում թույլ տված անձն իրավունք ունի ողջամտորեն ենթադրելու և ակնկալելու, որ իր կողմից կատարված իրավախախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետներն անցել են` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումների համաձայն:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների` ժամանակի մեջ գործողության իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա հետևյալ ուղղությամբ. նշված օրենքները տարածվում են դրանց ուժի մեջ մտնելուց` 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների նկատմամբ, և քննարկվող օրենքների` ժամանակի մեջ գործողության կանոնի բովանդակությունը հանգում է հետևյալին.

1. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է մինչև 28.04.2012 թվականը, ապա այդ դեպքում կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը.

2. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականից հետո, ապա այդ դեպքում կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը.

3. եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, ապա այդ դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ. այսպես`

- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը,

- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը (տե՛ս, Երվանդ Ոսկանյանն ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի թիվ ՎԴ/0721/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Էդգար Գևորգյանից հօգուտ Համայնքի բյուջեի բռնագանձել 265.524 ՀՀ դրամ` որպես գույքահարկի գծով 2008, 2009, 2010, 2011 և 2012 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար:

Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն և Էդգար Գևորգյանից հօգուտ Համայնքի բյուջեի բռնագանձել է 45.780 ՀՀ դրամ, որից ապառք` 29.583 ՀՀ դրամ, տույժ` 16.197 ՀՀ դրամ` որպես Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 08.05.2015 թվականի թիվ 1226-Ա որոշմամբ 2012 թվականի համար գույքահարկի գծով առաջադրված պարտավորության գումար: Դատարանը վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից բխում է, որ 21.03.2012 թվականին ընդունված և 28.04.2012 թվականին ուժի մեջ մտած ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքը տարածվում է միայն 28.04.2012 թվականին հաջորդող իրավահարաբերության նկատմամբ, իսկ մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ նշված օրենքը չի տարածվում, քանի որ 21.03.2012 թվականին ընդունված »»Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն ՀՀ օրենքով դրա հետադարձ ուժի մասին դրույթ նախատեսված չէ: Արդյունքում Դատարանը գտել է, որ մինչև 2012 թվականն (թիվ ՀՕ-96-Ն օրենքն ուժի մեջ մտնելը) ընկած հաշվետու ժամանակահատվածի համար հաշվարկված պարտավորությունների գծով իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է տվյալ ժամանակահատվածում գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկատեսակ է տեղական հարկ հանդիսացող գույքահարկը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում փոխադրամիջոցները, այդ թվում` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում` մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի նույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի նույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը նույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հարկեր, տուրքեր մուծելու և այլ պարտադիր վճարումներ կատարելու սահմանադրական պարտականությունը կրում է համընդհանուր բնույթ, այն տարածվում է բոլոր անձանց վրա: Սահմանադրությամբ նախատեսված այս պարտականության մեջ արտահայտված են հասարակության հանրային շահերը: ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված «յուրաքանչյուր ոք պարտավոր է» ձևակերպումից ակնհայտ է, որ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումները կրում են համապարտադիր բնույթ: Համապարտադիրությունը, որպես անվերապահորեն կատարման ենթակա պահանջ, տարածվում է բոլոր վճարողների վրա: Գործնականում համապարտադիրության պահանջը կյանքի է կոչվում սեփականատիրոջ գույքի մի մասի` հարկի կամ այլ պարտադիր վճարումների ձևաչափով, պետության օգտին փոխանցելու միջոցով: Համապարտադիրության պահանջն արտահայտվում է նաև նրանում, որ կամավոր մուծումներ չկատարելու դեպքում դրանք պետության կողմից հարկադրաբար են գանձվում (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Լիլիթ Բաբասիևայի թիվ ՎԴ/7537/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, իսկ կոնկրետ հարկատեսակները սահմանում է օրենսդիրը: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հարկատեսակ է գույքահարկը, որը որոշակի կատեգորիայի գույքի համար համայնքային կամ պետական բյուջե վճարվող և հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից չկախված ուղղակի հարկ է: Հայաստանի Հանրապետությունում գույքահարկ վճարող են համարվում նաև ֆիզիկական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկվող օբյեկտ համարվող որոշակի տեսակի գույք: Օրենսդիրը սահմանել է, որ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում նաև փոխադրամիջոցները` դրանց շարքում նախատեսելով նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ ֆիզիկական անձինք հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի տարեկան գումարը վճարում են իրենց հաշվառման վայրի համայնքի բյուջե, նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում` իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարում են փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 13-րդ հոդվածների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի վկայակոչված իրավանորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին, և վերջիններս պարտավոր են գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե վճարել մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հետևաբար գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով ֆիզիկական անձի հարկային պարտավորության խախտումը վրա է հասնում այն դեպքում, երբ տվյալ ֆիզիկական անձը մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ ամբողջությամբ չի վճարել տվյալ փոխադրամիջոցի համար համապատասխան բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը:

Օրենսդիրը վերոնշյալ կարգավորումից բացի նախատեսել է նաև հատուկ կարգավորում, այն է` ֆիզիկական անձը տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում է մինչև փոխադրամիջոցի` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Նշված դրույթի կառուցվածքային վերլուծությունից բխում է, որ այն կիրառվում է միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում.

- տրանսպորտային միջոցը ենթակա է տեխնիկական զննության,

- տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն ամենամյա բնույթ է կրում,

- տրանսպորտային միջոցը ներկայացվել է տվյալ տարվա տեխնիկական զննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքահարկի գծով պարտավորությունը մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարելու կանոնից բացառություն նախատեսող նորմի գործողության նպատակը տրանսպորտային միջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորության պատշաճ կատարումն ապահովելն է: Այսինքն` փոխադրամիջոցի ամենամյա տեխնիկական զննությունը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ տվյալ տրանսպորտային միջոցի համար գույքահարկ վճարելու պարտավորությունը պատշաճ կատարվել է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքից բխում է, որ ոչ բոլոր տրանսպորտային միջոցներն են ենթակա ամենամյա տեխնիկական զննության: Մասնավորապես` տրանսպորտային միջոցները, բացառությամբ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ, տեխնիկական զննության ենթարկվում են յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` 6 ամիսը մեկ անգամ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունից հետևում է, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը ֆիզիկական անձի համար մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ գույքահարկի տարեկան գումարը վճարելու պարտավորությունից բացառություն սահմանել է միայն տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցի համար: Ավելին` տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցը տեխնիկական զննության չներկայացնելու հանգամանքը ևս չի կարող ազդեցություն ունենալ գույքահարկի գծով պարտավորության կատարման վրա, և այդ դեպքում գործում է պարտավորությունը մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ կատարելու ընդհանուր կանոնը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքահարկի գծով հարկային պարտավորությունն ամեն դեպքում խախտված կարող է համարվել, եթե տվյալ ֆիզիկական անձը մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ ամբողջությամբ չի վճարել փոխադրամիջոցի համար համապատասխան բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը 08.05.2015 թվականի «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 1226-Ա որոշմամբ Էդգար Գևորգյանից գանձել է սեփականության իրավունքով վերջինիս պատկանող «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 (հետագայում` 75NR555) հաշվառման համարի փոխադրամիջոցի համար գույքահարկի գծով 2008-2012 թվականների համար առաջացած հարկային պարտավորության գումարը: Նշված տարիների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների` գույքի սեփականատիրոջ կողմից թույլ տրված խախտումներն իրավասու վարչական մարմինը հայտնաբերել է 2015 թվականին. այդ հանգամանքը հաստատվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքով, որը կազմվել է 10.03.2015 թվականին:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 09.02.2015 թվականի թիվ 17/3-1179 գրության համաձայն` «BMW 525» մակնիշի 07ՕՏ147 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը 12.10.2004 թվականին հաշվառվել է Սամվել Կարապետյանի անվամբ, հաշվառումից հանվել է 03.10.2012 թվականին: Որպես նոր սեփականատեր նշվել է Էդգար Գևորգյանը, իսկ որպես մեքենայի նոր համարանիշ` 75NR555 հաշվառման համարանիշը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները («Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` ներկայումս գործող խմբագրությամբ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում փոխադրամիջոցների մասով բացառություն սահմանող դրույթն ընդունվել է 06.12.2013 թվականին, ուժի մեջ է մտել 23.12.2013 թվականին):

Այսինքն` գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող «BMW 525» մակնիշի ավտոմեքենայի 2008, 2009, 2010, 2011, 2012 թվականների համար չմարված հարկային պարտավորության կրողը վերը նշված իրավանորմի ուժով հանդիսացել է Էդգար Գևորգյանը:

Սույն գործով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված հայցով Էդգար Գևորգյանից հօգուտ Համայնքի բյուջեի պահանջվել է բռնագանձել գույքահարկի գծով 2008, 2009, 2010, 2011 և 2012 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումարը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոգրյալ տարիների համար հաշվարկվող գույքահարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների հարցին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի սեփականատերը պարտավոր էր իրեն պատկանող «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2008, 2009, 2010, 2011 և 2012 թվականների գույքահարկի տարեկան գումարը Երևան համայնքի բյուջե վճարել մինչև փոխադրամիջոցը տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Հետևաբար նշված փոխադրամիջոցի համար 2008, 2009, 2010, 2011 և 2012 թվականների գույքահարկի գծով գույքի սեփականատիրոջ հարկային պարտավորության խախտումը յուրաքանչյուր տարվա համար վրա է հասել տվյալ տարվա դեկտեմբերի 2-ին:

Փաստորեն, տվյալ դեպքում առկա է սույն որոշմամբ նկարագրված այն իրավիճակը, երբ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-96-Ն և »»Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելը` 28.04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է այդ օրենքների ուժի մեջ մտնելուց հետո: Ըստ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման` նման դեպքերում հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե` ոչ: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը փաստում է հետևյալը.

1) Էդգար Գևորգյանին պատկանող` «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2008 թվականի գույքահարկի գծով հարկային պարտավորության խախտումը կատարվել է մինչև 28.04.2012 թվականը (02.12.2008 թվականին), և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության այդ խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել,

2) Էդգար Գևորգյանին պատկանող` «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2009, 2010 և 2011 թվականների գույքահարկի գծով հարկային պարտավորության խախտումները կատարվել են մինչև 28.04.2012 թվականը

(02.12.2009, 02.12.2010, 02.12.2011 թվականներին), և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության այդ խախտումները կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էդգար Գևորգյանին պատկանող` «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2008 թվականի գույքահարկի գծով հարկային պարտավորությունների խախտման նկատմամբ պետք է կիրառվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավակարգավորումը, քանի որ Էդգար Գևորգյանն իրավունք ունի ողջամտորեն ենթադրելու և ակնկալելու, որ գույքի սեփականատիրոջ կողմից 02.12.2008 թվականին կատարված իրավախախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետներն անցել են` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն: Նման պայմաններում Էդգար Գևորգյանին պատկանող` «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2008 թվականի գույքահարկի գծով հարկային պարտավորություններ այլևս չեն կարող առաջանալ, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել են ստորադաս դատարանները:

Անդրադառնալով Էդգար Գևորգյանին պատկանող` «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2009, 2010 և 2011 գույքահարկի գծով հարկային պարտավորությունների առաջադրման հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավախախտումների համար հարկային պարտավորությունների առաջադրման հարցը լուծելիս վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման համար որպես ելակետ պետք է ընդունել տվյալ հարկային իրավախախտման հայտնաբերման պահը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության այդ խախտումները կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել: Հետևաբար Էդգար Գևորգյանին պատկանող` «BMW 525» մակնիշի, 07ՕՏ147 հաշվառման համարի փոխադրամիջոցի համար 2009, 2010 և 2011 գույքահարկի գծով հարկային պարտավորություններ առաջադրելիս պետք է կիրառվի «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի` 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը:

Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, հայցը` 08.05.2015 թվականի թիվ 1226-Ա որոշմամբ 2009, 2010, 2011 թվականների համար գույքահարկի գծով առաջադրված պարտավորության գումարի` 164.808 ՀՀ դրամի (54.936 ՀՀ դրամ + 54.936 ՀՀ դրամ + 54.936 ՀՀ դրամ) մասով, մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, վճիռը` այդ մասով, օրինական ուժի մեջ թողնելով, կայացրել են գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտեր` անտեսելով այն հանգամանքը, որ այդ մասով ևս հայցը ենթակա էր բավարարման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` գույքային պահանջի գործերով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ` եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բավարարելիս ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, ինչի արդյունքում հայցը բավարարվում է նաև 164.808 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ենթակա է բռնագանձման 3.296 ՀՀ դրամ (164.808 ՀՀ դրամ * 2%)` որպես հայցադիմումի բավարարված մասի համար սահմանված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ենթակա է բռնագանձման 4.944 ՀՀ դրամ (164.808 ՀՀ դրամ * 3%)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը բազային տուրքի տասնապատիկից պակաս է, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի համար գանձման ենթակա պետական տուրքի գումարը գույքային պահանջով կազմում է 10.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը վճռաբեկ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի բողոք բերած անձի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Էդգար Գևորգյանի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոք բերելու համար Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից օրենքով պահանջվող պետական տուրքի չափից ավելի վճարված պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.12.2016 թվականի որոշման` ՀՀ վարչական դատարանի 11.03.2016 թվականի վճիռը` հայցը` գույքահարկի գծով 2009-2011 թվականների համար հաշվարկված 164.808 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով մերժելու մասն անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 164.808 ՀՀ դրամ` որպես 2009-2011 թվականների համար գույքահարկի գծով պարտավորության գումար, որից 106.500 ՀՀ դրամը` որպես ապառք, 58.308 ՀՀ դրամը` որպես տույժ:

Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բռնագանձել 3.296 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի բավարարված մասի համար սահմանված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բռնագանձել 4.944 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Էդգար Գևորգյանից հօգուտ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից օրենսդրությամբ պահանջվող պետական տուրքի չափից ավելի` 10.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2017
N ՎԴ/4647/05/15
Որոշում