040.0266.170318
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2018 թվականի N 266-Ա
«ԱՐԱՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետին և 3-րդ մասին, 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել 80 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Գ. Նժդեհի փող., 37/8, պետական գրանցման համարը` 269.120.00957) լուծարումը` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցելով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում լուծարման մասին որոշման ընդունմանը.
2) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` առաջարկելով դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ առաջարկի դեպքում նաև` պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերին կամ նրանց կողմից նշանակված լիազոր ներկայացուցիչներին.
3) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
2. Սահմանել, որ`
1) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո պետությանը չպատկանող բաժնետոմսերի սեփականատերերի բաժնետոմսերի լուծարային արժեքը փոխհատուցվում է ընկերության գույքի վաճառքից գոյացած գումարներից, իսկ պետական բաժնեմասին համապատասխան գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ