Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԼԱՆՔԸ ԳՐԱՎՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԼԱՆՔԸ ԳՐԱՎՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ՇԴ/0182/06/16
Գործ թիվ   ՇԴ/0182/06/16
Նախագահող դատավոր` Մ.Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Ավագյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գևորգ Աշոտի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ մեղադրյալ Գ.Գալստյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 68108216 քրեական գործը: 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Գևորգ Գալստյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Գ.Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2016 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

4. 2016 թվականի նոյեմբերի 15-ին մեղադրյալ Գ.Գալստյանի պաշտպան Ա.Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ պաշտպանի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Գրավի չափ է սահմանվել 500.000 ՀՀ դրամը:

5. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

6. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Գ.Գալստյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Գ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Գյումրի քաղաքի բնակչուհի Նունե Համազասպի Բաբաջանյանին բռնություն գործադրելու եղանակով, ամուսնության նպատակով առևանգելու վերաբերյալ իր ընկերներ Ռոման Մայիսի Գասպարյանի, Սերյոժա Խաչիկի Նազարյանի, Սերգեյ Ալբերտի Ղազարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2016 թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 08:50-ի սահմաններում, Ռոման Մայիսի Գասպարյանի «Օպել օմեգա» մակնիշի 35 AM 533 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, որը վարել է Ռոման Գասպարյանը, Նունե Համազասպի Բաբաջանյանի բնակության Գյումրի քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի 2-րդ շենքի մոտ սպասել են Նունե Բաբաջանյանի շենքից դուրս գալուն, իսկ վերջինիս շենքից դուրս գալուց հետո ավտոմեքենայով հետևել են նրան և, երբ Նունե Բաբաջանյանը դուրս է եկել շենքի բակից և միայնակ քայլել Անի թաղամասի թիվ 3 փողոցով, Ռոման Գասպարյանը կանգնեցրել է ավտոմեքենայի ընթացքը, Գևորգ Գալստյանը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել է Նունե Բաբաջանյանին, բռնել նրա ձեռքից և վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Նունե Բաբաջանյանին, նստեցրել «Օպել օմեգա» մակնիշի 35 AM 533 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետին նստատեղին և Նունե Բաբաջանյանի փախուստը կանխելու նպատակով ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած Սերգեյ Ալբերտի Ղազարյանի, առջևի աջ նստատեղին նստած Սերյոժա Խաչիկի Ղազարյանի օժանդակությամբ բացահայտ առևանգելով տեղափոխել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 22):

8. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը, նշել է. «(...) Գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` դատարանը գտնում է, որ մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

(...) Հաշվի առնելով խափանման միջոց ընտրելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն գործով արձանագրված հիմքը` տուժողի հաղորդման և ցուցմունքի մեջ նշված հակասությունների փաստը, քննիչի հայտնած` տուժողի և մեղադրյալների մինչև առերեսումը միմյանց հետ չշփվելու, առերեսման ժամանակ առաջինը տուժողի կողմից ցուցմունքներ տալու, սույն գործով ենթադրյալ մյուս հանցակիցների ազատության մեջ գտնվելու փաստը, մեղադրյալի հետ ամուսնանալու ցանկության մասին տուժողի կողմից դատարանին և քննիչին դիմում ներկայացնելու հանգամանքներն իրենց համակցության մեջ գնահատելով, միաժամանակ դրանք համադրելով Գ.Գալստյանին վերագրվող արարքի բնույթի և վտանգավորության աստիճանի, նրա անձին առնչվող տվյալների` դատապարտված և արատավորված չլինելու, մշտական բնակության վայրի առկայության փաստերի հետ, որպիսի հանգամանքները, դատարանի գնահատմամբ, իրենց համակցության մեջ գնահատելով էականորեն նվազեցնում են մեղադրյալի կողմից գործի քննությանն ու քրեական դատավարության խնդիրների իրագործմանը խոչընդոտելու հավանականությունը, իսկ տվյալ պարագայում գրավը նման հավանական գործողությունների վտանգը չեզոքացնելու գործուն երաշխիք է» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 26):

9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է. «Մինչև դատախազի վերաքննիչ բողոքին ըստ էության անդրադառնալը, հարկ է (...) անդրադառնալ այն հարցին, թե Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը բավարար են եղել արդյոք մեղադրյալ Գևորգ Գալստյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի թույլատրելիության հարցը քննության առնելու համար, թե ոչ:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0143/11/14 գործով որոշման 14-15-րդ կետերը, նշել է, որ թեև ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերաբերում է մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների կամ գործողությունների դատական ստուգմանը, այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո պետք է դիտարկվեն նաև Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդությունները, այդ թվում` գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանը (...) որոշման կայացման համար իր տրամադրության տակ ունեցել է հետևյալ նյութերը.

- մեղադրյալ Գևորգ Գալստյանի պաշտպան Արգինե Հարությունյանի միջնորդությունը` մեղադրյալ Գևորգ Գալստյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին,

- Արգինե Հարությունյանի փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը,

- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 9-ի որոշման պատճենը, համաձայն որի` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանվել և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով թիվ 68108216 քրեական գործով մեղադրյալ Գևորգ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով,

- թիվ 68108216 քրեական գործով տուժող Նունե Բաբաջանյանի դիմումը, համաձայն որի` վերջինը խնդրել է Գևորգ Գալստյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ, քանի որ հուսով է, որ Գևորգ Գալստյանը չի դատապարտվի, և իրենք կամուսնանան:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, բավարարվելով իր տրամադրության տակ եղած վերոգրյալ նյութերով և դատավարության կողմերից չպահանջելով լրացուցիչ նյութեր, որոնք անհրաժեշտ են օրինական և հիմնավորված որոշում կայացնելու համար, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը: Ավելին` Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է, թե ինչպես է Առաջին ատյանի դատարանը միայն վերոգրյալ նյութերի առկայության պայմաններում քննարկել մեղադրյալ Գևորգ Գալստյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու հարցը, առավել ևս վերջինի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:

Ինչ վերաբերում է դատախազի վերաքննիչ բողոքի ըստ էության քննությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները ըստ էության քննարկելու և Առաջին ատյանի դատարանի որոշմանը իրավական գնահատական տալու հնարավորությունից:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը պետք է բեկանել և թիվ ՇԴ/0182/06/16 գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` այլ կազմով նոր քննության` դատավարության կողմերից, մասնավորապես` վարույթն իրականացնող մարմնից անհրաժեշտ նյութերը (քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի պատճենը, ինչպես նաև Գևորգ Գալստյանի նկատմամբ ընտրված բոլոր տեսակի խափանման միջոցների որոշումների պատճենները և այլն) պահանջելու և նոր միայն մեղադրյալ Գևորգ Գալստյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու հարցը քննության առնելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 31-33):

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև խախտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Կեմաշն ընդդեմ Ֆրանսիայի, Մանսուրն ընդդեմ Թուրքիայի, Յագսինն ու Սաժինն ընդդեմ Թուրքիայի, Լետելեն ընդդեմ Ֆրանսիայի գործերով վճիռներով և Վճռաբեկ դատարանի` Ա.Ճուղուրյանի վերաբերյալ թիվ ՎԲ-132/07 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանն ընդունել է այն փաստը, որ դատախազը վերաքննիչ բողոքին կից ապացույցներ չի ներկայացրել, և Վերաքննիչ դատարանը զրկված է եղել բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և Առաջին ատյանի դատարանի որոշմանն իրավական գնահատական տալու հնարավորությունից: ՈՒստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է մերժեր վերաքննիչ բողոքը, այլ ոչ թե մասնակիորեն բավարարեր և գործն ուղարկեր նոր քննության:

10.1. Բողոքաբերը նշել է նաև, որ դատարանում քննիչն իր միջնորդությունը պնդելու ժամանակ հայտնել է, որ մեղադրյալի թաքնվելու հավանականության վերաբերյալ գործի նյութերից բխող որևէ փաստական հանգամանք չի կարող ներկայացնել, այլ նման մտավախությունն առաջացել է բացառապես մեղադրյալին մեղսագրվող արարքի համար սահմանված պատժից: Իսկ գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասով քննիչը որևէ փաստ չի ներկայացրել դատարանին և միայն ենթադրություն է հայտնել, որ մեղադրյալ Գ.Գալստյանի կողմից նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է, քանի որ մեղադրյալները նրա ընկերներն են, իսկ գործով տուժողը` ընկերուհին, ուստի նրանք կարող են պայմանավորվել ցուցմունքների շուրջ: Հետևաբար դատախազն իր բողոքում չի ներկայացրել որևէ հիմք այն մասին, թե մեղադրյալ Գ.Գալստյանը, ազատության մեջ գտնվելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված ինչպիսի ոչ օրինաչափ գործողություններ կկատարի կամ ինչպես կխոչընդոտի գործի քննությանը:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդության քննության արդյունքում կայացված որոշման վերաքննիչ վերանայման սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցը քննարկելիս դատավարության կողմերից լրացուցիչ նյութեր չպահանջելով, սահմանափակել է իր կայացրած որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Դատարանը քննում է (...) անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը» վերնագրված 285-րդ հոդվածի համաձայն`

«(...)

4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:

5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին:

(...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածով կարգավորվում է դատավարական հարկադրանքի միջոցներից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարաձգելու նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը: Մասնավորապես, հիշյալ կառուցակարգի շրջանակներում դատարանը միջնորդության և դրա կապակցությամբ ներկայացված նյութերի քննության արդյունքում կայացնում է այն բավարարելու կամ մերժելու մասին որոշում: Ընդ որում, միջնորդությունը հիմնավորող նյութերի բավարարության հարցը գնահատում է միջնորդությունը քննող դատարանը, որն անհրաժեշտության դեպքում իրավասու է պահանջելու լրացուցիչ նյութեր կամ բացատրություններ: Ընդ որում, լրացուցիչ նյութեր կամ բացատրություններ պահանջելը դատարանի հայեցողական լիազորությունն է (դատարանի հայեցողական լիազորությունների բնույթի մանրամասն վերլուծությունը, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի մայիսի 8-ի Հմայակ Դավթյանի վերաբերյալ գործով թիվ ՇԴ/0126/01/12 որոշումը): Հաշվի առնելով, որ գրավը կալանքի այլընտրանք հանդիսացող խափանման միջոց է, և դրա թույլատրելիության հարցը կարող է քննարկման առարկա դարձվել նաև կալանավորման մասին որոշման հետ միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի շրջանակներում պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա գրավի թույլատրելիության հարցը ենթակա է քննարկման կալանքի միջնորդության քննարկման ընթացակարգով: Այլ խոսքով` մինչդատական վարույթի շրջանակներում գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդության քննարկման ընթացակարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի կարգավորումները` անկախ այն հանգամանքից, թե տվյալ միջնորդությունը ներկայացվել է կալանքի միջնորդության քննության վարույթի շրջանակներում, թե` դրանից դուրս:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն`

«1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

(...)

3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և դատարանի որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`

«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:

(...)

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` «(...) Դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով»:

Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով սահմանված կարգով իրականացվում են, ի թիվս այլոց, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու, այդ թվում` կալանքը գրավով փոխարինելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը:

i

16. Հիշյալ հոդվածները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Գոռ Դուրյանի վերաբերյալ որոշման շրջանակներում` արձանագրելով` «(...) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայման սահմանները կանխորոշվում են առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաստատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնում օրենքով նախատեսված որոշումներից մեկը` կալանքը վերացնելու և անձին ազատելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս)» (տե՛ս Գ.Դուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 20-րդ կետը):

17. Վերահաստատելով Գ.Դուրյանի գործով որոշման մեջ արտահայտված և վերը մեջբերված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն պարտավոր է հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի կարգով քննության արդյունքում կայացված որոշումը դատական ստուգման ենթարկել այն նյութերում պարունակվող փաստական տվյալների շրջանակներում, որոնք հետազոտվել են ստորադաս դատարանում, և միայն դրանց հիման վրա գնահատական տալ համապատասխան միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությանը: Այլ խոսքով` առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի ստորադաս ատյանի դատարանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին: Գտնելով, որ դատարանի հետևությունները չեն համապատասխանում նրա տրամադրության տակ եղած նյութերին, կամ վերջիններս բավարար չեն համապատասխան խափանման միջոցի պայմանները և հիմքերը հաստատված գնահատելու համար` վերաքննիչ դատարանը պետք է արձանագրի դատարանի հետևության հիմնավորված չլինելու փաստը` կայացնելով օրենքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասով) նախատեսված համապատասխան որոշումը:

18. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ բավարարել է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին մեղադրյալ Գ.Գալստյանի պաշտպան Ա.Հայրապետյանի միջնորդությունը և Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատախազի վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերը քննարկման առարկա չդարձնելով, վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Իր որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նրանով, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է` գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին որոշում կայացնելիս բավարարվել է իր տրամադրության տակ եղած նյութերով և դատավարության կողմերից լրացուցիչ նյութեր չի պահանջել` զրկելով Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և Առաջին ատյանի դատարանի որոշմանը իրավական գնահատական տալու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնից պետք է պահանջի անհրաժեշտ նյութերը (քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագրի պատճենը, ինչպես նաև Գևորգ Գալստյանի նկատմամբ ընտրված բոլոր տեսակի խափանման միջոցների որոշումների պատճենները և այլն) և նոր միայն քննության առնի մեղադրյալ Գ.Գալստյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու հարցը (տե՛ս սույն որոշման 5-րդ և 9-րդ կետերը):

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քննարկել է կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը և դատարան ներկայացված նյութերի հետազոտմամբ գտել, որ դրանք բավարար են ներկայացված միջնորդությունը բավարարելու համար: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նյութերի անբավարարության և լրացուցիչ նյութեր պահանջելու անհրաժեշտության պատճառաբանությամբ բեկանելով և նոր քննության ուղարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, դուրս է եկել վերաքննիչ վերանայման սահմաններից: Այսպես` Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկել Առաջին ատյանի դատարանում ներկայացված նյութերի շրջանակներում և արդյունքում կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումներից մեկը, հետևաբար դատական ակտի բեկանման և նոր քննության ուղարկման հիմքում դրված Վերաքննիչ դատարանի փաստարկները չեն բխում քրեադատավարական օրենսդրության պահանջներից:

19.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Պ.Մուրադյանի գործով որոշման վկայակոչմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պ.Մուրադյանի գործի և սույն գործի փաստերի միջև տարբերությունը էական է, հետևաբար այն կիրառելի չէ սույն գործի փաստերի նկատմամբ: Այսպես, Պ.Մուրադյանի գործի փաստերի համաձայն` առաջին ատյանի դատարանը, հետազոտելով վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերը, կայացրել էր համապատասխան որոշում, այնուհետև վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերը հետ վերադարձրել, իսկ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարան չէին ուղարկվել կամ ներկայացվել առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը: Արձանագրելով, որ բողոքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած և առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված նյութերը վերաքննիչ դատարանի կողմից չէին հետազոտվել, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող գնահատվել որպես օրինական և հիմնավորված: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը, բողոքի կապակցությամբ կազմված նյութերին չկցելով և վարույթն իրականացնող մարմնին վերադարձնելով վերջինիս կողմից ներկայացված նյութերը, սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն ըստ էության քննարկելու և ստորադաս դատարանների որոշումներին իրավական գնահատական տալու հնարավորությունից:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Պ.Մուրադյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից քննարկման չեն ենթարկվել և իրավական դիրքորոշումներ չեն արտահայտվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության վարույթի շրջանակներում առաջին ատյանի դատարանի` լրացուցիչ նյութեր պահանջելու լիազորության իրավական կարգավորումները: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից լրացուցիչ նյութեր պահանջելու իր հայեցողական լիազորության չիրականացումը չի կարող մեկնաբանվել որպես միջնորդության (բողոքի) կապակցությամբ կազմվող նյութերին իր տրամադրության տակ եղած նյութերը չկցելու դրսևորում, հետևաբար նաև` Պ.Մուրադյանի գործով որոշմամբ արձանագրված պարտականության չկատարում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից չի արձանագրվել Առաջին ատյանի դատարանի հետազոտած նյութերը միջնորդության կապակցությամբ կազմված նյութերին կցված չլինելու, ինչպես նաև իր տրամադրության տակից բացակայելու վերաբերյալ փաստեր: Նման պայմաններում Պ.Մուրադյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները և Վճռաբեկ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ստորադաս դատարանը սահմանափակել է իր կողմից կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը, վերաբերելի և կիրառելի չեն սույն գործի փաստերի նկատմամբ:

20. Հիմք ընդունելով սույն որոշման 13-19.1-րդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը, կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հարցը քննարկելիս դատավարության կողմերից լրացուցիչ նյութեր չպահանջելով, սահմանափակել է իր կայացված որոշումը վերադաս դատական ատյանների կողմից վերանայելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ և 288-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

21. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ դատախազն իր բողոքում չի ներկայացրել որևէ հիմք այն մասին, թե մեղադրյալ Գ.Գալստյանը, ազատության մեջ գտնվելով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված ինչպիսի ոչ օրինաչափ գործողություններ կկատարի կամ ինչպես կխոչընդոտի գործի քննությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ դրան իրավական գնահատական տալու, քանի որ Վերաքննիչ դատարանն ըստ էության քննարկման առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ փաստարկը կարող է քննարկվել վերաքննիչ բողոքի ըստ էության քննության շրջանակներում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, որի ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնի գրավի թույլատրելիության հարցը և, ղեկավարվելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներով, կայացնի համապատասխան որոշում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Գևորգ Աշոտի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահությամբ` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
22.06.2017
N ՇԴ/0182/06/16
Որոշում