Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115-ՐԴ, 116-ՐԴ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԿԴ/0255/11/15
Գործ թիվ   ԵԿԴ/0255/11/15
Նախագահող դատավոր` Մ.Արղամանյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ս.Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե.Դանիելյանի
Հ.Ասատրյանի
Լ.Թադևոսյանի
Ա.Պողոսյանի
Ս.Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ.Ավագյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի մարտի 1-ի որոշման դեմ դիմող Լևոն Արժանիկի Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2015 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12148415 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Արմեն Արարատի Սարգսյանը և Վազգեն Սուրենի Գաբրիելյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի որոշմամբ դիմող Լևոն Զաքոյանը ճանաչվել է տուժող:

2. Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ.Գրիգորյանի (այսուհետ` նաև Քննիչ) 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ տարածքը, Երևանի Հին Երևանցու փողոցի 2-րդ շենքի 82-րդ և Երևանի Հյուսիսային պողոտայի 11-րդ շենքի 18-րդ բնակարանները ճանաչվել են իրեղեն ապացույցներ:

2015 թվականի հոկտեմբերի 24-ին Քննիչի կողմից իրականացվել է քննչական գործողություն` զննություն, որից հետո իրեղեն ապացույց ճանաչված Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքվել է:

Ի պատասխան դիմող Լևոն Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանի դիմումի` Քննիչը 2015 թվականի նոյեմբերի 3-ի գրությամբ հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ հասցեում գտնվող տարածքը ճանաչվել է իրեղեն ապացույց, որից հետո կատարվել է զննություն, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ, 117-րդ հոդվածների հիման վրա միջոցներ են ձեռնարկվել իրեղեն ապացույցի պահպանությունն ապահովելու ուղղությամբ:

Դիմող Լ.Զաքոյանը Քննիչի գործողությունների դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազին, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, որտեղից այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանը 2015 թվականի նոյեմբերի 30-ին կայացրել է որոշում` դատավարության մասնակցի միջնորդությունը հետաձգելու մասին:

3. 2016 թվականի դեկտեմբերի 17-ին դիմող Լ.Զաքոյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչ Լ.Գրիգորյանի` Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 44-րդ հասցեում գտնվող տարածքի կապարակնքումը և հնարավորություն տալ մինչև քրեական գործի ավարտը տիրապետելու իր սեփականությունը հանդիսացող գույքը:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 22-ի որոշմամբ դիմող Լ.Զաքոյանի բողոքը մերժվել է:

4. Դիմող Լ.Զաքոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թվականի մարտի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 22-ի որոշումը:

5. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Լ.Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանը:

Վճռաբեկ դատարանը 2016 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ դիմող Լ.Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է` տրամադրելով 15-օրյա ժամկետ` թերությունները վերացնելու, բողոքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու համար:

Դիմող Լ.Զաքոյանի ներկայացուցիչ Թ.Ալեքսանյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Գործում առկա` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` 2015 թվականի սեպտեմբերի 9-ին գնորդ Լևոն Զաքոյանի և վաճառող Արա Թադևոսյանի միջև կնքվել է պայմանագիր, որով վաճառողը պարտավորվել է պայմանագրի առարկան` Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 ոչ բնակելի տարածքը, հանձնել գնորդի սեփականությանը (տե՛ս նյութեր, թերթ 28):

6.1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15092015-01-0089 վկայականի համաձայն` Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցված է Լևոն Զաքոյանի սեփականության իրավունքը (տե՛ս նյութեր, թերթ 30):

7. Քննիչի` իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը, ի թիվս այլնի, ճանաչվել է իրեղեն ապացույց հետևյալ հիմնավորմամբ. «(...) նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմեն Արարատի Սարգսյանը, ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքին տիրանալու վերաբերյալ հանցավոր համաձայնության գալով Վազգեն Սուրենի Գաբրիելյանի հետ, վերջինիս օժանդակությամբ` Արա Սմբատի Թադևոսյան անձի տվյալներով պատրաստված կեղծված անձնագիրն օգտագործելով, 2015 թվականի օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Կենտրոն նոտարական գրասենյակում Նշան Հակոբի Համբարձումյանի հետ կնքելով վերջինիս` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքն ամսական 717.000 ՀՀ դրամ գումարով վարձակալելու վերաբերյալ պայմանագիր և ձեռք բերելով օգտագործման իրավունք, վարձակալության պայմանագիրը փոխանցելով Վազգեն Գաբրիելյանին, կրկին ստացել է նրա օժանդակությամբ պատրաստված կեղծ նվիրատվության պայմանագիր, որից հետո 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում նշված կեղծ փաստաթղթերն օգտագործելու եղանակով հիշյալ տարածքն առքուվաճառքի պայմանագրով ձևակերպել է Լևոն Արժանիկի Զաքոյանի անվամբ և դրա դիմաց վերջինից Երևան քաղաքի Պարոնյան փողոցի 21/1 հասցեում խաբեությամբ ստացել 97.110.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար և հանցակիցների հետ հափշտակել այն:

(...) Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը (...) հանդիսանում է հանցավոր ոտնձգության առարկա և սույն գործով ունի կարևոր ապացուցողական նշանակություն» (տե՛ս նյութեր, թերթ 22):

8. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանի` դատավարության մասնակցի միջնորդությունը հետաձգելու մասին 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշման համաձայն` «Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ նշված տարածքի վերաբերյալ իրավունքը` խմբի հանցակիցների կողմից ձեռք է բերվել ոչ իրավաչափ և հանցավոր ճանապարհով, իսկ այնուհետև վաճառվել Լևոն Արժանիկի Զաքոյանին, և քանի որ դեռևս պարզված չեն գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ուստի նախաքննության տվյալ փուլում նպատակահարմար չէ լուծել իրեղեն ապացույց ճանաչված տարածքն ի պահ հանձնելու հարցը» (տե՛ս նյութեր, թերթ 25):

9. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 22-ի որոշման համաձայն` «(...) վարույթն իրականացնող մարմինն օրենքով սահմանված կարգով առարկան` գույքը, ճանաչելով իրեղեն ապացույց, դատավարական կարգի պահպանմամբ կապարակնքել է այն` ելնելով նախաքննության իրականացման լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից:

Սույն գործով դատարանը հաստատված է համարում նաև այն հանգամանքը, որ քրեական գործը գտնվում է մինչդատական փուլում, կատարվում է նախաքննություն:

Բացի այդ, դատարանը փաստում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի քննչական գործողությունների կատարման արդյունքում հայտնի է դարձել, որ Երևան քաղաքի Թումանյանի փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը (...) հանդիսացել է հանցավոր ոտնձգության օբյեկտ:

Դատարանն արձանագրում է, որ գործով մինչդատական վարույթը դեռևս ավարտված չէ, կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, որոնք ուղղված են ենթադրյալ հանցագործության բացահայտմանը: Այլ կերպ քրեական գործով ներկա պահին բացահայտված չեն մի շարք հանգամանքներ, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն գործի արդարացի ելքի համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հանգամանքները` դատարանը փաստարկված չի գտնում բողոքաբերի դիրքորոշումը` դատավարության տվյալ փուլում (մինչդատական վարույթ) լուծել իրեղեն ապացույցների տնօրինման հարցը և դրանք ի պահ հանձնել վերջինիս:

Դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքը, ի պահ հանձնելով Լևոն Զաքոյանին, այդ կերպ խախտվում են նրա առաջնային սեփականատիրոջ` Նշան Հակոբի Համբարձումյանի իրավունքները, քանի որ գույքը նախապես պատկանել է նրան, և ենթադրաբար կատարված հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով է, որ այն դուրս է եկել վերջինիս իրավազորությունից և Կադաստրում գրանցվել Լևոն Զաքոյանի անվամբ: Այլ խոսքով վիճարկվող գործողություններն ուղղված են մինչև հանցագործությունը դրա սեփականատիրոջ իրավունքների խախտում թույլ չտալուն:

Դատարանը փաստում է նաև, որ թեև տարածքը ներկա պահին կապարակնքված է, և փաստացի Լևոն Զաքոյանը չի կարողանում մուտք գործել այնտեղ, այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը կատարել է օրենքի պահանջից բխող գործողությունները` ձեռնարկել միջոցներ` տարածքը վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց զերծ պահելու ուղղությամբ: Բացի այդ, վերջինս իրացրել է նաև գույքի` մինչ հանցանքը կատարվելը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը կարող է վիճարկվել միայն քննվող քրեական գործից զատ` քաղաքացիադատավարական կարգով» (տե՛ս նյութեր, թերթեր 53-54):

10. Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի մարտի 1-ի որոշման համաձայն` «Քրեական հետապնդման մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների պահպանմամբ ձեռնարկված քննչական գործողություններն ուղղված են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, որոնց շրջանակում իրեղեն ապացույց ճանաչված Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44-րդ հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքելով` թեև տուժող Լևոն Զաքոյանի իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են, սակայն դա բխում է գործի օբյեկտիվ քննության պահանջից, և դրանով նրա իրավունքները և ազատությունները չեն խախտվում:

(...)

Քննիչ Լ.Գրիգորյանի կողմից 24.10.2015թ.-ին կայացված որոշումը հիմնավոր է, քրեական հետապնդման մարմնի կողմից Լևոն Զաքոյանի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվել, և այդ առթիվ Առաջին ատյանի դատարանը կայացրել է ճիշտ որոշում» (տե՛ս նյութեր, թերթ 105-106):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Քննիչը պարտավոր էր իրեղեն ապացույց ճանաչված անշարժ գույքն ի պահ հանձնել իրեն, մինչդեռ կապարակնքելով այն` արգելել է տիրապետել իր սեփական գույքը: Իսկ ստորադաս դատարանների որոշումներից անհասկանալի է սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքը կապարակնքելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, թե հիշյալ գույքն իրեն հանձնելը ինչպես կխոչընդոտեր գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը: Բացի այդ բողոքաբերը գտել է, որ իրավաչափ չէ ստորադաս դատարանների պատճառաբանությունն առ այն, որ գույքի կապարակնքումը նպատակ է հետապնդել նաև ապահովելու գույքի առաջնային սեփականատիրոջ իրավունքները:

12. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2016 թվականի մարտի 1-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույցի պահպանումն ապահովելիս անձի սեփականության իրավունքի երաշխիքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումը:

i

15. ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Վճռաբեկ դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումներն առ այն, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ (տե՛ս Արթուր Արարատի Հայրապետյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշման 19-րդ կետը): Սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև պետության պարտականությունը` սեփականության իրավունքը պաշտպանելու ցանկացած անօրինական ոտնձգություններից (տե՛ս Արամ Ատեփանի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0326/01/09 որոշման 20-րդ կետը):

16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:

Եվրոպական դատարանը, իր նախադեպային իրավունքում անդրադառնալով Կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի մեկնաբանմանը, նշել է, որ այն պարունակում է երեք առանձին կանոն.

- առաջին կանոնը, որը սահմանված է առաջին պարբերության առաջին նախադասությունում, ընդհանուր բնույթի է և հռչակում է գույքից անարգել օգտվելու սկզբունքը,

- երկրորդ կանոնը` սահմանված առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ, նախատեսում է սեփականությունից զրկելու հնարավորություն և ենթարկում այն որոշակի պայմանների,

- երրորդ կանոնը` նախատեսված երկրորդ պարբերությամբ, ճանաչում է հանրային շահին համապատասխան սեփականության օգտագործումը, ի թիվս այլնի, վերահսկելու պայմանավորվող կողմերի լիազորությունը:

Նշված երկրորդ և երրորդ կանոնները կապված են սեփականությունից անարգել օգտվելու իրավունքի միջամտության առանձին իրավիճակների հետ և այդպիսով պետք է մեկնաբանվեն առաջին կանոնում հռչակված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տե՛ս, ի թիվս այլնի, James and Others v. the United Kingdom գործով 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռ, գանգատ թիվ

8793/79, կետ 37, Sporrong and Lonnroth v. Sweden գործով 1982 թվականի սեպտեմբերի 23-ի վճիռ, գանգատ թիվ 7151/75 7152/75, կետ 61):

Եվրոպական դատարանը կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված անձի իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական, բխի ընդհանուր շահից և լինի համաչափ (տե՛ս, ի թիվս այլնի, Beyeler v. Italy գործով Մեծ պալատի 2000 թվականի հունվարի 5-ի վճիռ, գանգատ թիվ 33202/96, կետ 107, J.A. Pye (Oxford) Ltd and J.A. Pye (Oxford) Land Ltd v. the United Kingdom գործով Մեծ պալատի 2007 թվականի օգոստոսի 30-ի վճիռ, գանգատ 44302/02, կետ 75): Վերջին պայմանի առնչությամբ Եվրոպական դատարանը Բորժոնովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռում մասնավորապես նշել է, որ պետք է լինի ողջամիտ հավասարակշռություն պետության կողմից կիրառվող, այդ թվում` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վերահսկելու հետ կապված միջոցների և այդ միջոցների կիրառման արդյունքում ակնկալվող նպատակների միջև: Այս պահանջն արտահայտվում է «արդարացի հավասարակշռություն» ձևակերպմամբ, որը պետք է առկա լինի հասարակության ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև (տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետ 59):

i

17. Սեփականության իրավունքի միջամտության իրավաչափության հիշյալ առաջին երկու պայմաններին (օրինականության և ընդհանուր շահից բխելու) համապատասխան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվել են մի շարք նորմեր, որոնք առնչվում են քննարկվող իրավունքի սահմանափակման հետ: Դրանց թվին են դասվում նաև իրեղեն ապացույցների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմերը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն`

«1. Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել, կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել:

2. Առարկան իրեղեն ապացույց է ճանաչվում քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

3. Դատարանն առարկային իրեղեն ապացույցի նշանակություն է տալիս միայն այն դեպքում, եթե դրա մանրամասն նկարագրությամբ, կնքելով և այն ձեռք բերելուց անմիջապես հետո կատարված այլ մանրամասն գործողություններով բացառվել է առարկան փոխելու, առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, կամ եթե դատարանում հետազոտվելուց անմիջապես առաջ այն ճանաչել են կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկա»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն`

«1. Իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ, իսկ մեծածավալության դեպքում` կարող են հանձնվել հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը:

(...)

3. Իրեղեն ապացույցները և առգրավված այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցների տնօրինման մասին որոշումը կարող է ընդունվել նախքան քրեական գործով վարույթի ավարտը:

4. Եթե գործին որպես իրեղեն ապացույց կցված առարկայի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, տվյալ առարկան պահվում է մինչև քաղաքացիական գործով վճիռն ուժի մեջ մտնելը»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առարկաները պահելիս և փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն`

«1. Նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձնում`

1) շուտ փչացող առարկաները.

2) առօրյա կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ այն առարկաները, որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել.

3) թռչունները և տնային կենդանիները, ավտոմեքենան կամ տրանսպորտային այլ միջոցը, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ:

1.1. Գրավի առարկա իրեղեն ապացույցները և գրավի առարկա առգրավված այլ առարկաները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հետ են վերադարձվում դրա օրինական տիրապետողին բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո, եթե դա չի վնասում պատշաճ ապացուցմանը»:

Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը նախատեսել է առարկան իրեղեն ապացույց ճանաչելու միջոցով անձի սեփականության իրավունքի սահմանափակման օրինական հիմք, որը բխում է հասարակության ընդհանուր շահից, այն է` հանցագործությունների բացահայտումը: Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է սեփականության իրավունքի մի շարք երաշխիքներ, որոնցից են այն առարկաների բնութագիրը, որոնք կարող են ճանաչվել իրեղեն ապացույցներ, առարկան իրեղեն ապացույց ճանաչելու դատավարական կարգի մանրամասն կարգավորումը, իրեղեն ապացույցների պահպանման կարգի սահմանումը:

18. Այսպես` իրեղեն ապացույցները, որպես կանոն, պահվում են քրեական գործի հետ միասին` մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ չի լուծվում դրանց տնօրինման հարցը: Միաժամանակ քրեադատավարական օրենքը.

- հնարավորություն է տալիս իրեղեն ապացույց ճանաչված առարկայի մեծածավալության դեպքում այն հանձնելու հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը,

- նախատեսում է այն առարկաների շրջանակը, որոնք նախքան քրեական գործով վարույթի ավարտը վերադարձվում են սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդված):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ իրեղեն ապացույց ճանաչված առարկայի մեծածավալության դեպքում այն համապատասխան անձանց պատասխանատու պահպանմանը հանձնելու հայեցողական լիազորությունն իրականացնելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ելնի պատշաճ ապացուցման ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից: Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից օգտվելու սահմանափակմամբ անձի վրա չափազանց ծանր բեռ դնելու ռիսկը և, հետևաբար, պետք է ապահովվեն համապատասխան դատավարական երաշխիքներ` համոզվելու համար, որ անձի սեփականության իրավունքի վրա առկա ազդեցությունը կամայական կամ ոչ կանխատեսելի չէ (տե՛ս Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60): Համաչափության սկզբունքը պետք է ապահովվի ոչ միայն անձի իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելիս, այլ նաև դրա աստիճանը որոշելիս: Վերջինս արտահայտվում է իր գույքն անարգել տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավազորություններից որևէ մեկը կամ բոլորը սահմանափակելու հարցի որոշմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված մեծածավալ գույքի դեպքում, եթե ողջամտորեն բացառվում է դրա առանձնահատկությունները, հատկանիշները, պարունակող հետքերն էապես փոփոխելու հնարավորությունը, վարույթն իրականացնող մարմինը պետք է քննարկման առարկա դարձնի այդ գույքը սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի պահպանմանը թողնելու հարցը: Վերջին պահանջից բխում է նաև սեփականատիրոջ պատասխանատու պահպանմանը վերոհիշյալ գույքը չթողնելու պարագայում պատշաճ հիմնավորում ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը, որպիսի դեպքում միայն կապահովվի սեփականության իրավունքի սահմանափակման համաչափությունն անձի կողմից վիճարկելու, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից այն գնահատելու հնարավորությունը:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2015 թվականի սեպտեմբերի 9-ին քրեական գործով տուժող Լ.Զաքոյանի և Արա Թադևոսյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, և Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 տարածքի նկատմամբ գրանցվել է Լևոն Զաքոյանի սեփականության իրավունքը (տե՛ս սույն որոշման 6-րդ և 6.1-րդ կետերը):

Վարույթն իրականացնող մարմնի 2015 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 տարածքը ճանաչվել է իրեղեն ապացույց այն հիմնավորմամբ, որ հանցավոր ոտնձգության առարկա է և գործով ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Այնուհետև իրականացվել է զննություն և տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքվել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանը 2015 թվականի նոյեմբերի 30-ի` դատավարության մասնակցի միջնորդությունը հետաձգելու մասին որոշմամբ գտել է, որ նախաքննության տվյալ փուլում նպատակահարմար չէ լուծել իրեղեն ապացույց ճանաչված տարածքն ի պահ հանձնելու հարցը` հաշվի առնելով գործի առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ նշված տարածքի վերաբերյալ իրավունքը խմբի հանցակիցների կողմից ձեռք է բերվել ոչ իրավաչափ և հանցավոր ճանապարհով, իսկ այնուհետև վաճառվել Լ.Զաքոյանին, և քանի որ դեռևս պարզված չեն գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմող Լ.Զաքոյանի բողոքը, արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը կատարել է օրենքի պահանջից բխող գործողությունները` ձեռնարկել միջոցներ` տարածքը վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց զերծ պահելու ուղղությամբ: Դատարանն արձանագրել է նաև, որ գործով մինչդատական վարույթը դեռևս ավարտված չէ, կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, որոնք ուղղված են ենթադրյալ հանցագործության բացահայտմանը, արդյունքում գտել է, որ բողոքաբերի դիրքորոշումը` դատավարության տվյալ փուլում (մինչդատական վարույթ) իրեղեն ապացույցների տնօրինման հարցը լուծելու և դրանք վերջինիս ի պահ հանձնելու վերաբերյալ, փաստարկված չէ: Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը «իրացրել է նաև գույքի` մինչ հանցանքը կատարվելը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը կարող է վիճարկվել միայն քննվող քրեական գործից զատ` քաղաքացիադատավարական կարգով» (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը մերժել է դիմողի բողոքը` պատճառաբանելով, որ իրեղեն ապացույց ճանաչված Երևանի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքի պահպանությունն ապահովելու նպատակով այն կապարակնքելով` թեև տուժող Լևոն Զաքոյանի իրավունքները որոշակիորեն սահմանափակվում են, սակայն դա բխում է գործի օբյեկտիվ քննության պահանջից, և դրանով նրա իրավունքները և ազատությունները չեն խախտվում (տե՛ս սույն որոշման 4-րդ և 10-րդ կետերը):

20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը, իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելով, չի ներկայացրել պատշաճ հիմնավորում այն մասին, որ առկա է նշված անշարժ գույքը, դրա առանձնահատկությունները, հատկանիշները փոփոխելու ողջամիտ հավանականություն:

Ինչ վերաբերում է քննիչ Հ.Հարությունյանի` դատավարության մասնակցի միջնորդությունը հետաձգելու մասին 2015 թվականի նոյեմբերի 30-ի որոշման պատճառաբանությունների այն մասին, որ նախաքննության տվյալ փուլում նպատակահարմար չէ լուծել իրեղեն ապացույց ճանաչված տարածքն ի պահ հանձնելու հարցը` «հաշվի առնելով գործի առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ նշված տարածքի վերաբերյալ իրավունքը խմբի հանցակիցների կողմից ձեռք է բերվել ոչ իրավաչափ և հանցավոր ճանապարհով, իսկ այնուհետև վաճառվել Լ.Զաքոյանին, և քանի որ դեռևս պարզված չեն գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ», ինչպես նաև ստորադաս դատարանների նմանաբովանդակ պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի` մինչդատական վարույթում գտնվելու հանգամանքն ինքնին չի բացառում իրեղեն ապացույց ճանաչված անշարժ գույքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը թողնելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է Առաջին ատյանի դատարանի նաև այն հետևությունը, որ «Վարույթն իրականացնող մարմինը իրացրել է նաև գույքի` մինչ հանցանքը կատարվելը սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը, ինչը կարող է վիճարկվել միայն քննվող քրեական գործից զատ` քաղաքացիադատավարական կարգով», քանի որ առարկան իրեղեն ապացույց ճանաչելը և դրա պահպանումն ապահովելը չեն հետապնդում տուժողին (սույն դեպքում` նախկին սեփականատիրոջը) պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակ: Իսկ գույքի նկատմամբ որևէ անձի պատասխանատու պահպանություն սահմանելը որևէ ձևով չի վտանգում հետագայում այդ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի քննությանը քաղաքացիադատավարական կարգով:

21. Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս, ինչպես նաև ստորադաս դատարանները դրա օրինականությունը ստուգելիս, պատշաճ չեն հիմնավորել ապացուցման ընդհանուր շահի և Լ.Զաքոյանի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռության առկայությունը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրեղեն ապացույց ճանաչված Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի թիվ 44 հասցեում գտնվող տարածքը Լ.Զաքոյանի պատասխանատու պահպանմանը չթողնելու հետևանքով վերջինիս սեփականության իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ:

Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 60-րդ, Եվրոպական կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածների խախտում: Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված գույքը դիմող Լ.Զաքոյանի պահպանությանը թողնելու մասին վերջինիս բողոքը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 22-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2016 թվականի մարտի 1-ի որոշումները բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Լևոն Զաքոյանի բողոքը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունվարի 22-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի մարտի 1-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.12.2016
N ԵԿԴ/0255/11/15
Որոշում