Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

   

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
ԵԿԴ/1320/02/14
2016թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԵԿԴ/1320/02/14

Նախագահող դատավոր`   Ա. Խառատյան

                    Դատավորներ`   Կ. Հակոբյան

                                                    Ա. Սմբատյան

    

ՈՐՈՇՈՒՄ
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
 և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                  

նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Գ. Հակոբյանի
  Ռ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
 Ե. Սողոմոնյանի
Ն. Տավարացյանի

                   

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Աթայանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Աթայանի ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ «Ռեգնում» լրատվական գործակալության (այսուհետ` Գործակալություն)` ի դեմս Հայաստանի ներկայացուցչության` պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Աթայանը պահանջել է պարտավորեցնել Մանվել Տեր-Առաքելյանին սույն քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «http://www.regnum.ru» կայքի միջոցով հրապարակայնորեն հերքելու 31.03.2014 թվականին «http://www.regnum.ru» կայքում տեղադրված հարցազրույցի ընթացքում հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից զրպարտության ու վիրավորանքի համար, Մանվել Տեր-Առաքելյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում վիրավորանքի հետևանքով իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար, 2.000.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում զրպարտության հետևանքով իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար, 1.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնաս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ.Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.08.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Մանվել Տեր-Առաքելյանից հօգուտ Վարդան Աթայանի բռնագանձվել է 800.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի համար փոխհատուցում: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2016 թվականի որոշմամբ Մանվել Տեր-Առաքելյանի և Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 20.08.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Աթայանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիրավորանքի դեպքում անձը դատական կարգով կարող է միաժամանակ ներկայացնել հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջներ: Դատարանն առաջին հերթին պետք է բավարարի ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասին պահանջը, և եթե պատասխանատվության միայն այդ միջոցն անբավարար է վիրավորանքի հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու համար, ապա պետք է սահմանի նաև նյութական հատուցում, մինչդեռ տվյալ դեպքում Դատարանը բավարարել է միայն նյութական հատուցման պահանջը:

i

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետին տված մեկնաբանությանը, քանի որ ստորադաս դատարանները թեև համարել են, որ վիրավորանքի փաստն առկա է, այդուհանդերձ կիրառել են բացառապես նյութական փոխհատուցման ձևը, իսկ ոչ նյութական փոխհատուցումը, որը պետք է կիրառվեր որպես առաջնահերթություն, առհասարակ չի կիրառվել:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ, 219-րդ և 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, մերժելով Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքը, բողոքում նշված որևէ հիմք և հիմնավորում քննության առարկա չի դարձրել, բողոքի որևէ փաստարկի չի անդրադարձել, ինչը միանշանակ ազդել է գործի ելքի վրա: Եթե Վերաքննիչ դատարանն անդրադառնար բողոքի բոլոր հիմքերին և քննության առարկա դարձներ այն փաստարկը, որ Վարդան Աթայանն իրավունք է ունեցել ներկայացնել ինչպես ոչ նյութական, այնպես էլ նյութական հատուցման պահանջ, իսկ Դատարանն էլ առաջին հերթին պետք է բավարարեր ոչ նյութական հատուցման պահանջը (ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասին), ապա կկայացներ Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին դատական ակտ:

i

Բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի և թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 11.01.2016 թվականի որոշումը` Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և փոփոխել` Վարդան Աթայանի պահանջը բավարարելով մասնակիորեն, այն է` պարտավորեցնել Մանվել Տեր-Առաքելյանին սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «http://www.regnum.ru» կայքի միջոցով վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել Վարդան Աթայանից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 31.03.2014 թվականին Գործակալության կայքէջում հրապարակվել է Մանվել Տեր-Առաքելյանի հարցազրույցը` «Կռվելու եմ մինչև վերջ» (Բուդու դռատսյա դօ կօնցա) վերնագրով: Հարցազրույցի շրջանակում արված «տխրահռչակ» արտահայտությունը, ինչպես նաև «պուդելի պահակի» աշխատանք առաջարկելը Դատարանը գնահատել է որպես Վարդան Աթայանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող վիրավորական արտահայտություններ և հայցը բավարարելով մասնակիորեն` վճռել է Մանվել Տեր-Առաքելյանից բռնագանձել 800.000 ՀՀ դրամ` մերժելով ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 13-14, 133-153):

i

2) Վարդան Աթայանի ներկայացուցիչը 24.09.2015 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում, ի թիվս այլնի, նշել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը և, մասնավորապես, հաշվի չի առել վիրավորանքի դեպքում ներողություն խնդրելուն պարտավորեցնելու փոխհատուցման ձևի առաջնահերթությունը (հատոր 2-րդ, գ.թ. 11-19):

3) Վերաքննիչ դատարանը 11.01.2016 թվականի որոշման նկարագրական մասում շարադրել է Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի խախտման վերաբերյալ հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումը, սակայն որոշման պատճառաբանական մասում որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքի այդ հիմքին և հիմնավորմանը (հատոր 2-րդ, գ.թ. 138-147):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությունը (արտահայտված Վերաքննիչ դատարանի գործողություններում) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի և թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումներով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

i

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ, 220-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք միայն նյութական փոխհատուցումը բավարար է վիրավորանքի կամ զրպարտության դեպքում անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման համար այն դեպքում, երբ հայցվորը ներկայացրել է ինչպես ոչ նյութական, այնպես էլ նյութական հատուցման պահանջ,

2) արդյո՞ք վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին:

 

i

1) 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

i

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

i

Համանման դրույթներ է պարունակում նաև 06.12.2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես` 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունն անխախտելի է, իսկ 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Նույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1.000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

i

Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

i

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2.000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը` նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից: Բացի այդ, նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար:

i

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մարդու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմնական աղբյուրն է, պետության գոյության հիմնական պատճառներից մեկը: Մարդու արժանապատվության մասին նշված է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը: ՀՀ Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը ենթակա է պաշտպանության պետության կողմից: Միաժամանակ ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում, այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը և 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 27-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են վերը նշված նպատակը: Սակայն ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ: Չպետք է անտեսել նաև այլ իրավունքները, մասնավորապես` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային` մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության և մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարևոր չեն ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքի բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է գտնել պարզ հավասարակշռություն սրանց միջև: Սրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված անձի արժանապատվության գործնականում ապահովման իրավական երաշխիք է (տե՛ս, Անիկ Դավթյանն ընդդեմ Տիգրան Վիրաբյանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրելով, որ քննարկման առարկա հարցի շրջանակներում գործ ունենք մի կողմից տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, ի թիվս այլնի, անհրաժեշտ է համարել նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը հնարավորություն են տալիս անձին նախատեսված մեկ կամ մի քանի միջոցների կիրառմամբ զրպարտող կամ վիրավորող սուբյեկտին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ դատարանները կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որևէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյոք անձը մինչև դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, և այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որևէ ընթացք տվել է, թե` ոչ: Բացի այդ, դատարանները քննարկվող հարցի վերաբերյալ գործեր քննելիս նախ պետք է ջանքեր գործադրեն գործը հաշտությամբ լուծելու ուղղությամբ, այնուհետև գործում առկա բոլոր ապացույցների գնահատմամբ անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք հնարավոր չէ վերականգնել անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը ոչ նյութական փոխհատուցում նշանակելու միջոցով, քանի որ օրենսդիրը մինչև նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաև պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրության և կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը):

i

Ամփոփելով նշվածը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանները պետք է փորձեն գործում առկա ապացույցների գնահատմամբ մինչև նյութական փոխհատուցում սահմանելը քննարկման առարկա դարձնել խախտված իրավունքների վերականգնման օրենքով նախատեսված այլ միջոցների կիրառման հնարավորությունը, որը զանգվածային լրատվության միջոցների դեպքում չի խոչընդոտի նրանց հետագա բնականոն գործունեությանը` միաժամանակ բացառելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումը (տե՛ս, օրինակ, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը. հաշվի առնելով այն, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով օրենսդիրը դրանց հասցված վնասը հատուցելու առաջնահերթ ձևեր է սահմանել ոչ նյութական միջոցները` նյութական կամ ոչ նյութական հատուցման պահանջ ներկայացնելու ընտրության հարցը վերապահելով վիրավորանքի կամ զրպարտության ենթարկված անձին: Ընդ որում, անձը կարող է պահանջել օրենքով սահմանված հատուցման ձևերից մեկը կամ մի քանիսը: Դա նշանակում է, որ եթե անձը վիրավորանքի կամ զրպարտության համար պահանջել է միայն փոխհատուցման ոչ նյութական միջոց, դատարանը պարտավոր է բավարարվել միայն ոչ նյութական փոխհատուցման միջոց կիրառելով, իսկ եթե անձը պահանջել է հատուցման և՛ ոչ նյութական, և՛ նյութական միջոցներ կիրառել, ապա առաջին հերթին կիրառման է ենթակա հատուցման ոչ նյութական միջոցը և միայն դրա անբավարարության դեպքում դատարանը կարող է կիրառել նյութական փոխհատուցման միջոցը: Դատարանն իրավասու չէ հատուցման ոչ նյութական և նյութական միջոցներ կիրառելու պահանջներ ներկայացված լինելու պարագայում կիրառել միայն նյութական միջոցը, քանի որ դա կենթադրի նյութական հատուցման միջոցներ տրամադրելով ոչ նյութական բարիքների դեմ անարգել ոտնձգելու հնարավորություն, ինչը կհակասի մարդու արժանապատվության` բարձրագույն արժեք լինելու գաղափարին: Այլ կերպ ասած` ոչ նյութական արժեքին վնաս պատճառելու պարագայում միայն նյութական հատուցման միջոց կիրառելը չի կարող համարվել համաչափ պատասխանատվություն, եթե տուժողի համար իր ոտնահարված արժանապատվության վերականգնման համար որպես առաջնային փոխհատուցման ձև ներկայացվել է հենց ոչ նյութական հատուցման պահանջը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ երբ վնաս է պատճառվում ոչ նյութական արժեքի, վնաս պատճառողի կողմից ոչ նյութական հատուցում տրամադրելիս է, որ որպես կանոն ապահովվում է վնասի հատուցման համաչափությունը, քանի որ ոչ նյութական հատուցում տրամադրելիս (հրապարակայնորեն ներողություն խնդրելիս կամ հրապարակայնորեն հերքում հրապարակելիս) վնաս պատճառողը նույնպես որոշակի ոչ նյութական զրկանքներ է կրում` մասնավորապես ընդունելով իր կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելը: Դա հատկապես կարևոր է տուժող կողմի համար, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է հրապարակայնորեն: Այլ կերպ ասած, որպես կանոն, հենց ոչ նյութական հատուցման պայմաններում է, որ որոշակիորեն վերականգնվում են անձի ոտնահարված ոչ նյութական արժեքները: Դա է պատճառը, որ օրենսդրի կողմից որպես առաջնային փոխհատուցման ձև նախատեսվել են հենց ոչ նյութական հատուցումները` չբացառելով նաև միայն նյութական հատուցում ներկայացնելու պահանջ ներկայացնելու հնարավորությունը, որպիսի կարգավորումը բխում է հայցվորի տնօրինչականության սկզբունքի էությունից:

i

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 130.1 հոդվածով սահմանված պահանջները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե՛ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և դրանց գնահատական տալու պահանջն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի սահմանվել: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտի միջոցով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը կկրի զուտ ձևական բնույթ, եթե վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում կայացնի բողոքը մերժելու մասին` առանց գնահատման արժանացնելու բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմք և ըստ այդմ անձին զրկելով բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 31.03.2014 թվականին Գործակալության կայքէջում հրապարակված հարցազրույցի շրջանակում արված «տխրահռչակ» արտահայտությունը, ինչպես նաև «պուդելի պահակի» աշխատանք առաջարկելը Դատարանը գնահատել է որպես Վարդան Աթայանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող վիրավորական արտահայտություններ և հայցը բավարարելով մասնակիորեն` վճռել է Մանվել Տեր-Առաքելյանից բռնագանձել 800.000 ՀՀ դրամ` մերժելով ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ պահանջը` պատճառաբանելով, որ միայն 800.000 ՀՀ դրամ փոխհատուցման տրամադրումը համաչափ է թույլ տրված խախտմանը:

Վերաքննիչ դատարանը, 11.01.2016 թվականի որոշման ներածական մասում նշելով, որ քննվում է նաև Վարդան Աթայանի (ներկայացուցիչ Հայկ Հարությունյան) վերաքննիչ բողոքը, նկարագրական մասում նշելով այդ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, նույն որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին և, մասնավորապես, այն հարցին, թե Դատարանն արդյոք ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետը, այսինքն` Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում որևէ եզրահանգում չի կատարել ոչ նյութական փոխհատուցման միջոց կիրառված չլինելու հիմնավորվածության վերաբերյալ:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին և, մասնավորապես, վերաքննիչ բողոքում բարձրացված այն հարցին, թե արդյոք Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետը` ոչ նյութական փոխհատուցման միջոց չկիրառելով այն դեպքում, երբ հայցապահանջով ներկայացված է եղել նման պահանջ, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ և 220-րդ հոդվածների, արդյունքում նաև` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

i

Այսպիսով, Վարդան Աթայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 11.01.2016 թվականի որոշումը մասնակիորեն` Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանելու և գործը բեկանված մասով նույն դատարան նոր քննության ուղարկելու համար` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքը քննելու և, մասնավորապես, Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառումը գնահատելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է Վերաքննիչ դատարան` նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2016 թվականի որոշման` Վարդան Աթայանի վերաքննիչ բողոքը մերժելու մասը, և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2016
N ԵԿԴ/1320/02/14
Որոշում