Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ Հ ...

 

 

020.1328.131216

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 13 դեկտեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի հոկտեմբերի 17-ին և 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված` «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է` Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ) կողմից 2016 թվականի հոկտեմբերի 17-ին, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից 2016 թվականի նոյեմբերի 11-ին:

2. Քննության առարկա Համաձայնագրի կողմերի կողմից ստորագրման նախապատմությունը հանգում է հետևյալին.

ա) 2014 թվականի օգոստոսի 15-ին ԱԶԲ Տնօրենների խորհուրդը հաստատել է, որ պաշտոնապես ավարտվել է Ասիական զարգացման հիմնադրամից (այսուհետ` ԱԶՀ) արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը վարկային միջոցների տրամադրումը, և որոշումն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից (1-ին կետ),

բ) նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության` մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը 2010-2014թթ. Գերազանցել է ԱԶԲ-ի կողմից սահմանված շեմը, ուստի 2006 թվականի հունվարի 1-ով թվագրված` ԱԶԲ Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետությունը` որպես Վարկառու, պետք է ԱԶՀ-ից ստացված վարկային միջոցները մարի արագացված ժամանակացույցով,

գ) 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշման արդյունքում 2016 թվականի փետրվարի 2-ին ԱԶԲ Տնօրենների խորհուրդը լիազորել է ԱԶԲ-ին` կատարելու Վարկառուին տրված կամ նրա կողմից երաշխավորված` ԱԶՀ չմարված վարկերի մարման պայմանների վերանայում`

կամ 100%-ով ավելացնելով այսուհետև վճարման ենթակա յուրաքանչյուր մարման գումարը` մինչև այդ վարկի մայր գումարի ամբողջական մարումը,

կամ էլ ԱԶՀ վարկից առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ գանձելով տարեկան տոկոսադրույքով տոկոսավճար այնպիսի եղանակով և այն չափով, որպեսզի ապահովվի նոմինալ և փաստացի արժեքների նույն տարբերությունը, որը կստացվեր մարման գումարի ավելացման հետևանքով (1-ին կետ),

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2016 թվականի ապրիլի 22-ին ԱԶԲ-ին հասցեագրված նամակով նախընտրել է չմարված վարկերի մարման հիշատակված տարբերակներից երկրորդը` տոկոսադրույքների ճշգրտման տարբերակը, և արդյունքում` ԱԶԲ-ն համաձայնել է փոփոխել Հայաստանի Հանրապետությանը տրված կամ նրա կողմից երաշխավորված` ԱԶՀ չմարված յուրաքանչյուր վարկի նկատմամբ կիրառելի տոկոսադրույքը:

3. Համաձայնագրով փոփոխություններ են կատարվում Առդիրում նշված թվով 11 վարկային համաձայնագրերում: Այսպես`

Ա) 2007թ. հոկտեմբերի 31-ին և 2007թ. նոյեմբերի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-724, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի փետրվարի 5-ին` Ազգային ժողովի Ն-038-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.93% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Բ) 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) վարկային համաձայնագրի (ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր) (ՍԴՈ-738, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի ապրիլի 10-ին` Ազգային ժողովի Ն-071-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.93% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Գ) 2008 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային պայմանագրի (գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր (լրացուցիչ) (ՍԴՈ-785, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2008 թվականի դեկտեմբերի 26-ի` Ազգային ժողովի Ն-119-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.93% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Դ) 2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագիր (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-820, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2009 թվականի սեպտեմբերի 16-ին` Ազգային ժողովի Ն-159-4 որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկային հաշվից ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված Ա Վարկի առնչությամբ` Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.85% տոկոսադրույքով: բ) Վարկային հաշվից ժամանակ առ ժամանակ առհանված և չմարված Բ Վարկի առնչությամբ` Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.96% տոկոսադրույքով»,

Ե) 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1095, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2013 թվականի հունիսի 20-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-073-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.18% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Զ) 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրի (հատուկ գործառնություններ) (ՍԴՈ-1183, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-134-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է տոկոսավճար տարեկան 2.90% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց»,

Է) 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի (հատուկ գործողություններ) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ԾՐԱԳԻՐ 1) (ՍԴՈ-861, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2010 թվականի փետրվարի 2-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-187-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.69% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Ը) 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-978, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2011 թվականի հունիսի 23-ին`Ազգային ժողովի ԱԺՈ-282-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.51% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Թ) 2012 թվականի մայիսի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1032, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2012 թվականի հունիսի 22-ին`Ազգային ժողովի ԱԺՈ-018-ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.31% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Ժ) 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի (հատուկ գործառնություններ) (ՍԴՈ-1182, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-135-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 3.14% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»,

Ի) 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագրի (ՍԴՈ-1245, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին` Ազգային ժողովի ԱԺՈ-193-Ն որոշմամբ) 2.02-րդ բաժինը նախատեսվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ. «ա) Վարկառուն ԱԶԲ-ին արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում և դրանից հետո վճարում է տոկոսավճար տարեկան 2.91% տոկոսադրույքով` ժամանակ առ ժամանակ Վարկային հաշվից առհանված և չմարված Վարկի գումարի դիմաց: Վարկառուն ընդունում է և համաձայնում, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի վերոնշյալ տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է»:

4. Համաձայնագրի 3-րդ կետը սահմանում է, որ` բացառությամբ վարկային համաձայնագրերի` սույն Համաձայնագրի առդիրում սահմանված և նախկինում համաձայնեցված փոփոխությունների` Վարկային համաձայնագրերը մնում են անփոփոխ:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացված 04/5-2/27290-16 թվակիր բացատրության բովանդակությունից հետևում է, որ` եթե ներկայիս մարման ժամանակացույցի համաձայն Հայաստանի Հանրապետությունն իր պարտքի մարումը պետք է ավարտեր 2044 թվականին, ապա.

1) վարկի մայր գումարի կրկնապատիկի չափով` մինչև վարկի ամբողջական մարման դեպքում, պարտքի մարումը ավարտվելու է 2032 թվականին` տոկոսավճարի գծով տնտեսումը կազմելով շուրջ 40.1 մլն ԱՄՆ դոլար,

2) յուրաքանչյուր վարկի համար սահմանված տոկոսադրույքի փոփոխման դեպքում` Հայաստանի Հանրապետությունը 2016-2044 թվականների համար պետք է վճարի լրացուցիչ տոկոսավճար շուրջ 61,5 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Միաժամանակ, նշյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի հետևյալ բացատրությունը, ըստ որի` «ՀՀ կողմից ընտրվել է երկրորդ տարբերակը, քանի որ առաջին տարբերակի ընտրության դեպքում առաջ կգան պարտքի վերաֆինանսավորման հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես`

1. Առաջիկա տարիներին ՀՀ կառավարության պարտքի մարման գծով վճարումները շեշտակիորեն աճելու են. ՀՀ կառավարության արտաքին պարտքի մայր գումարի մարումները սփռված են մինչև 2054 թվականը և 2020 թվականից մինչև 2030 թվականը մարումների տարեկան ծավալներն արդեն իսկ գերազանցում են 250 մլն ԱՄՆ դոլարը: Հիշյալ ժամանակահատվածում առկա են նաև մարումների պիկային տարիներ` 2020թ. և 2025թ., որոնք պայմանավորված են արտարժութային պետական պարտատոմսերի մարումներով: Մինչդեռ I տարբերակի ընտրության դեպքում` 2017-2029թթ. մայր գումարների մարումների տարեկան բեռը կավելանա միջին հաշվով մոտ 13 մլն ԱՄՆ դոլարով, այդ թվում 2020-2025թթ. համար` 17 մլն ԱՄՆ դոլարով:

2. Քանի որ տարիներ շարունակ Հայաստանը հանդիսանում է պարտք ներգրավող երկիր և այդ միտումն առաջիկա տարիներին կունենա շարունակական բնույթ, I տարբերակի ընտրության դեպքում ՀՀ կառավարությունը հարկադրված կլինի վերաֆինանսավորել նաև արագացված ժամանակացույցով մարվող պարտքը, որի վերաֆինանսավորման այլընտրանքային լավագույն աղբյուր կարող են հանդիսանալ Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի (ՎԶՄԲ) ու ԱԶԲ-ի Սովորական կապիտալ ռեսուրսների միջոցներից (ԱԶԲ/OCR) տրամադրվող վարկերը: Հաշվի առնելով, որ առ 31.12.2015թ. ձևավորված ԱԶՀ-ի վարկերի գծով պարտքի մինչև մարումը մնացած միջին ժամկետը կազմում է 12.8 տարի, ապա հիշյալ վարկատուների կողմից վերը նշված ժամկետայնությամբ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների ֆիքսման (17.02.2016թ. դրությամբ) պարագայում ՎԶՄԲ-ի և ԱԶԲ-ի Սովորական կապիտալ ռեսուրսների միջոցներից վարկերի տոկոսադրույքները կկազմեն համապատասխանաբար` մոտ 3,1% և 2,4%, մինչդեռ II տարբերակի ընտրության դեպքում` առ 31.12.2015թ. գործող ԱԶՀ-ի վարկերի միջին տոկոսադրույքը կկազմի մոտ 2,8%:

ԱԶՀ-ի վարկերի վճարման ժամանակացույցի վերանայման երկրորդ տարբերակի ընտրության դեպքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի սպասարկման ծախսերն էականորեն չեն շեղվի գործող վճարման ժամանակացույցով նախատեսված ծախսերից և չեն ծանրացնի ՀՀ կառավարության պարտքի սպասարկման բեռը պետական բյուջեի վրա առաջիկա տարիների ընթացքում»:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես, նախընտրելով 2006 թվականի հունվարի 1-ով թվագրված` ԱԶԲ Հատուկ գործառնությունների վարկային կանոնակարգի 3.05 կետով նախատեսված երկրորդ, այն է`տոկոսադրույքների ճշգրտման տարբերակը, համաձայնում է փոփոխություններ կատարել ԱԶԲ-ի հետ կնքված և Համաձայնագրի Առդիրում թվարկված թվով 11 վարկային համաձայնագրերից յուրաքանչյուրում, պարտավորվելով վարկային տոկոսները վճարել ԱԶԲ-ին նոր` փոփոխված տոկոսադրույքներով, ընդ որում, ԱԶԲ-ի Հատուկ գործառնությունների կանոնակարգի 3.05 կետի համաձայն.

ա) եթե Ասիական զարգացման բանկն իր տնօրենների խորհրդի որոշմամբ սահմանում է, որ (I) Վարկառուի` հինգ տարի անընդմեջ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը գերազանցում է ԱԶԲ-ի կողմից մեկ շնչի հաշվով ԱԶԲ հատուկ ֆոնդերի միջոցների առնչությամբ սահմանված օպերատիվ շեմը և (II) Վարկառուն հասել է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից վարկ վերցնելու ունակությանը, ԱԶԲ-ն տեղեկացնելով Վարկառուին` կարող է փոփոխել վճարման պայմանները` 100%-ով ավելացնելով այնուհետև վճարման ենթակա յուրաքանչյուր մարման գումարը` մինչև Վարկի մայր գումարի ամբողջական մարումը:

Այնուամենայնիվ, Վարկառուի խնդրանքով, ԱԶԲ-ն կարող է մարման գումարը նման կերպ ավելացնելու փոխարեն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ վարկից առհանված և չմարված մայր գումարի նկատմամբ գանձել Վարկառուի և ԱԶԲ-ի մինչև համաձայնեցված տարեկան տոկոսադրույքով տոկոսավճար այնպիսի եղանակով և այն չափով, որպեսզի ապահովվի գումարի այն չափը, որը կստացվեր մարման գումարի վերոնշյալ ավելացման հետևանքով,

բ) եթե ա) պարագրաֆի համաձայն վարկավորման պայմանների փոփոխությունից հետո ցանկացած պահի ԱԶԲ-ի տնօրենների խորհրդի կայացված որոշմամբ սահմանվի, որ Վարկառուի տնտեսական պայմաններն էականորեն վատթարացել են, ԱԶԲ-ն կարող է Վարկառուի խնդրանքով վերականգնել վարկավորման նախնական պայմանները Վարկի մայր գումարի մնացած չափի նկատմամբ:

Քննության առարկա Համաձայնագրով նաև նախատեսվում է, որ Առդիրի 7, 8, 9, 10 և 11-րդ կետերով Վարկառուն ընդունում և համաձայնում է, որ Վարկային կանոնակարգի 3.05-րդ բաժնի համաձայն` Վարկի նոր հաշվարկված տոկոսավճարը ենթակա է վերանայման այն դեպքում, երբ Վարկի որևէ գումար չեղարկվել է:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ԱԶԲ Տնօրենների խորհրդի 2014 թվականի օգոստոսի 15-ի որոշման ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում, երբ արդեն իսկ հաստատվել էր, որ պաշտոնապես ավարտվել է արտոնյալ պայմաններով Հայաստանի Հանրապետությանը վարկային միջոցների տրամադրումը, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել են թվով 3 վարկային համաձայնագրեր (3.10.2014թ., 5.09.2014թ. և 19.10.2015թ.), որոնցով նախատեսված վարկի տոկոսադրույքների չափերը ևս ենթակա են ավելացման: Սույն համաձայնագրի վավերացման նպատակահարմարության հարցը քննարկելիս այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա:

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները վերաբերելի են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:

Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն Համաձայնագրի առնչությամբ կարևորվում է այն հանգամանքը, թե ինչպես է կառավարության կողմից հիմնավորվում տարբերակների ընտրության նպատակահարմարությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թվականի հոկտեմբերի 17-ին և 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված` «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին (հատուկ գործառնություններ)» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 դեկտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1328

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
13.12.2016
N ՍԴՈ-1328
Որոշում