Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿ ...

 

 

020.1324.291116

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ` ՆԵՐԱՌՅԱԼ ՀԵՏՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 29 նոյեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված`Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների` ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների` ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին` Վիեննայում:

Համաձայնագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովը (Հանձնաժողով) նպատակ ունեն դյուրացնելու Հանձնաժողովի աշխատանքները`

- գոյություն ունեցող մշտադիտարկման կառույցների գույքագրման անցկացման,

- տեղանքի զննության կատարման,

- մշտադիտարկման կառույցների արդիականացման կամ հիմնադրման,

- Միջազգային մշտադիտարկման համակարգի ստանդարտներին կառույցների համապատասխանությունը հաստատելու գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հանձնաժողովը Համաձայնագրով սահմանված կարգով նպատակ ունեն նաև դյուրացնելու, ըստ անհրաժեշտության, Միջազգային մշտադիտարկման համակարգի շարունակական փորձարկումը, ժամանակավոր գործարկումը, սպասարկումը և արդիականացումը:

Հանձնաժողովի կողմից կամ նրա անունից Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք աշխատանքները սահմանված են Համաձայնագրին կից հավելվածում: Հավելվածում սահմանված յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրում է համապատասխան տեխնիկական աջակցություն, որը, Հանձնաժողովի կարծիքով, պահանջվում է Միջազգային մշտադիտարկման համակարգի կառույցի պատշաճ աշխատանքի համար:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները, համաձայն որոնց`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ անունից իրականացվելիք աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ծախսերով,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանձնաժողովին տեղեկություններ է հաղորդում Հայաստանի Հանրապետության համար պահանջվող այն փաստաթղթերի տրամադրման մասին, որոնք հնարավորություն կընձեռեն Հանձնաժողովի թիմին մուտք գործել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` Համաձայնագրով սահմանված նպատակներով և կարգով,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատշաճ կերպով տրամադրում կամ նորացնում է Հանձնաժողովի թիմի անդամների համար պահանջվող մուտքի համապատասխան արտոնագրերը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Հանձնաժողովի թիմի անդամներին տրամադրում է այնպիսի պաշտպանություն և ապահովում է այնպիսի պայմաններով, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապահովելու համար Հանձնաժողովի թիմի յուրաքանչյուր անդամի անվտանգությունն ու բարեկեցությունը,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու համար, որպեսզի տեղական մարմինները համագործակցեն Հանձնաժողովի թիմի հետ Համաձայնագիրն իրականացնելիս,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է Համաձայնագրով սահմանված կարգով զննել Հանձնաժողովի թիմի կողմից Հայաստանի Հանրապետություն բերված սարքավորումները` համոզվելու համար, որ այդ սարքավորումներն անհրաժեշտ են և նպատակահարմար Հանձնաժողովի թիմի կողմից կատարվելիք աշխատանքների համար,

է) Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետություն բերված` Հանձնաժողովի սարքավորումները և այլ գույքն ազատվում են մաքսային վճարներից,

ը) Հանձնաժողովը, նրա ակտիվները, եկամուտը և այլ գույքը Հայաստանի Հանրապետությունում ազատվում են ուղիղ հարկերից:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են արտակարգ իրավիճակների կառավարման և մեծ վթարների կանխարգելման բնագավառում համագործակցության ապահովմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վիեննայում ստորագրված`Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի համար միջազգային մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների` ներառյալ հետվկայագրման աշխատանքների իրականացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

29 նոյեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1324

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.11.2016
N ՍԴՈ-1324
Որոշում