Սեղմել Esc փակելու համար:
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԴՈՒՇԱՆԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎ ...

 

 

020.1318.281016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 28 հոկտեմբերի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված` Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին` Դուշանբեում:

Համաձայնագիրը սահմանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների (Կողմեր) փոխգործակցության կարգը զինվորական և այլ կազմավորումների, շարժական գույքի, ռազմական նշանակության արտադրանքի` փոխադրումները պլանավորելիս և կատարելիս, Կողմերի տարածքներով և/կամ Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության տարածքով տարանցելիս, ինչպես նաև նշված փոխադրումների անվտանգության ապահովման կարգը, այդ թվում` համատեղ գործողությունների կամ հրամանատարաշտաբային և զորային վարժանքների անցկացման, խաղաղապահ գործողությունների մասնակցության, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, դրանց գործունեության և կենսագործունեության նպատակով մշտական կամ ժամանակավոր տեղակայման վայրեր փոխադրումների դեպքերում, Կողմերի համաձայնությամբ` այլ դեպքերում:

Փոխադրումները, տարանցումն իրականացվում են Կողմերի լիազորված մարմինների նախնական համաձայնեցումից և պլանավորումից հետո:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) փոխադրումները (տարանցումը) իրականացնել առաջնահերթ կարգով` ապահովելով գաղտնիությունը և ընդունելով տեղեկատվության չսանկցավորված տարածումը բացառող համապատասխան միջոցներ,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցում իրականացվելու պարագայում, զինվորական և այլ կազմավորումների, ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ապահովման համար անհրաժեշտ միջոցների և ծառայությունների, ինչպես նաև անշարժ գույքի (աերոդրոմներ, նավահանգիստներ, բեռնման կետեր) տրամադրումն իրականացնել սեփական փոխադրողներին տրամադրվող պայմաններով,

գ) Հայաստանի Հանրապետության տարածքով փոխադրումները (տարանցումը) իրականացվելու պարագայում, փոխադրումների (տարանցման) անվտանգությունն ապահովել այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,

դ) փոխադրող զինվորական և այլ կազմավորումներին, պահակախմբին, ինչպես նաև ընդունող, տարանցիկ կողմի ուղեկցող ծառայությունների ներկայացուցիչներին թույլատրել զենքի և ֆիզիկական ուժի գործադրում` Համաձայնագրին համապատասխան փոխադրվող բեռների պահպանությանը և սեփական անվտանգությանն ուղղված միջոցառումներ իրականացնելիս, եթե այլ միջոցներով հնարավոր չէ կատարել իրենց պարտականությունները,

ե) ապահովել, որպեսզի ուղարկող կողմի բեռների նկատմամբ մաքսային գործողություններն իրականացվեն առաջնահերթության կարգով` ընդունող, տարանցիկ Հայկական կողմի լիազորված մարմնի համապատասխան փոխադրումների (տարանցման) համաձայնեցված պլանի քաղվածքի հիման վրա` ազատելով բոլոր տեսակի մաքսավճարների, հարկերի և տուրքերի գանձումից,

զ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխելիս անձնական իրերը և թանկարժեք պարագաները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազատել մաքսային վճարների գանձումից,

է) միջոցներ ձեռնարկել Կողմերի միջև փոխադրումների իրականացման վրա բացասական ազդեցություն թողնող ցանկացած տեսակի խոչընդոտների բացահայտման, օպերատիվ քննարկման և վերացման ուղղությամբ:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են զինվորական և այլ կազմավորումների, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Կողմերի համագործակցության իրավապայմանագրային հիմքի ստեղծմանը` միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված` Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

28 հոկտեմբերի 2016 թվականի

ՍԴՈ-1318

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
28.10.2016
N ՍԴՈ-1318
Որոշում