Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ թիվ ՎԴ/4315/05/14

    դատարանի որոշում                       2016թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4315/05/14

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Ա. Աբովյան

                       Ա. Բաբայան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ռ. Հակոբյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալեքսանդր Կարալովի ընդդեմ Քաղաքապետարանի` Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի (այսուհետ` Ծառայության պետ) 01.07.2014 թվականի թիվ Վ-26/1192 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալեքսանդր Կարալովը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության պետի 01.07.2014 թվականի թիվ Վ-26/1192 որոշումը (այսուհետ` Որոշում):

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 04.12.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2015 թվականի որոշմամբ Ալեքսանդր Կարալովի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 04.12.2014 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, չպարզելով Ալեքսանդր Կարալովի կողմից 29.03.2014 թվականին ժամը 16:16-ի և ժամը 16:25-ի միջակայքում, իրեն պատկանող տրանսպորտային միջոցն անընդմեջ 5 րոպեից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանած լինելու հանգամանքը, համապատասխան տեսագրության բացակայության պայմաններում, միայն բողոքում նշված պատճառաբանությունների հիման վրա, հաստատված է համարել նշված փաստի բացակայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խնդրո առարկա տեսագրությունը Դատարանին չի ներկայացվել ոչ թե Քաղաքապետարանի, այլ Դատարանի անգործության արդյունքում, քանի որ վերջինս չի պահանջել այդ տեսագրությունը, իսկ Քաղաքապետարանը չի կարող կրել Դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի անբարենպաստ հետևանքները:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր ստորադաս դատարան` նոր քննության` ապահովելով գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշման համաձայն` Ալեքսանդր Կարալովը վարչական տույժ նշանակելու մասին 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է 5.000 ՀՀ դրամ տուգանք այն բանի համար, որ «OPEL VECTRA 1.8 I» մակնիշի տրանսպորտային միջոցը 29.03.2014 թվականին` ժամը 16:16-ից մինչև ժամը 16:25-ը, կայանելով վճարովի ավտոկայանատեղում` չի կատարել կայանատեղի համար օրենքով սահմանված համապատասխան վճարում (գ.թ. 6-9).

2. Ալեքսանդր Կարալովը վարչական կարգով բողոքարկել է վարչական տույժ նշանակելու մասին 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշումը, որի քննարկման արդյունքում 01.07.2014 թվականին ընդունված «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշմամբ բողոքը չի բավարարվել և թիվ Վ-20/1059 որոշումը թողնվել է անփոփոխ (գ.թ. 6-9).

3. 20.08.2014 թվականին ներկայացված հայցադիմումի համաձայն` Ալեքսանդր Կարալովը պահանջել է «ամբողջությամբ վերացնել պատասխանող կողմի 01.07.2014 թվականի թիվ Վ-26/1192 վարչական բողոքի մասին միջամտող վարչական ակտը» (գ.թ. 3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

i

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը կարո՞ղ է արդյոք համարվել ապահովված այն պարագայում, երբ դատարանը չի կատարել այդ սկզբունքի բովանդակության մեջ ընդգրկվող` ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու առաջարկ ներկայացնելու, գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու, գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները պահանջելու դատավարական գործողությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետևյալին.

1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է`

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձևական սխալները,

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու` վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, վիճարկման հայցով դիմելով վարչական դատարան, հայցում են իրենց իրավունքներին ու օրինական շահերին միջամտող վարչական ակտի վերացում: Ընդ որում, եթե նախքան տվյալ վարչական ակտի վիճարկման հայցով վարչական դատարան դիմելն այն բողոքարկվել է նաև վարչական կարգով, ապա ներկայացված հայցն օրենքի ուժով ներառում է նաև այդ վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացման պահանջը կարող է հանդիսանալ վիճարկման հայցի ինքնուրույն առարկա միայն այն դեպքում, երբ հայցվորը, դիմելով դատարան, հետապնդում է ոչ թե սկզբնական միջամտող վարչական ակտի, այլ վարչական բողոքի քննարկման արդյունքում ընդունված միջամտող վարչական ակտի` դատական կարգով վերացման նպատակ: Այլ կերպ ասած, տվյալ պարագայում հայցվորը, իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, ցանկանում է հասնել ոչ թե սկզբնական միջամտող վարչական ակտի, այլ սկզբնական միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացմանը: Հետևաբար այն դեպքում, երբ վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ոչ թե անձի` իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի, այլ սկզբնական վարչական ակտի դեմ բերված վարչական բողոքի քննարկման արդյունքում կայացված միջամտող վարչական ակտի վիճարկումն է, իսկ հայցի հիմքում ընկած են բացառապես սկզբնական վարչական ակտի բողոքարկման վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումները, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացման պահանջը կարող է հանդիսանալ վիճարկման հայցի ինքնուրույն առարկա:

Մինչդեռ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը, դիմելով վարչական դատարան, պահանջում է վերացնել իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, սակայն հայցի հիմքում դնում է ոչ թե սկզբնական վարչական ակտի բողոքարկման վարույթի ընթացքում վարչական մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումները, այլ սկզբնական վարչական ակտի` նյութական կամ ընթացակարգային իրավական նորմերի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը: Այսինքն` քննարկվող պարագայում հայցվորը, իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, իրականում ցանկանում է հասնել իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի վերացմանը, սակայն սխալմամբ պահանջում է վերացնել ոչ թե սկզբնական միջամտող վարչական ակտը, այլ այդ վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից ակնհայտ է, որ հայցվորը, դիմելով դատարան, իրականում հետապնդում է սկզբնական միջամտող վարչական ակտի վերացման նպատակ, սակայն սխալմամբ պահանջում է վերացնել սկզբնական միջամտող վարչական ակտի բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, ապա սկզբնական միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վիճարկումն առանց սկզբնական միջամտող վարչական ակտի վիճարկման չի կարող ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանություն, քանի որ միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վերացման դեպքում անգամ սկզբնական միջամտող վարչական ակտը շարունակում է գործել` պահպանելով իր միջամտող ազդեցությունն անձի իրավունքների և օրինական շահերի նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում, երբ ներկայացվել է միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի վիճարկման հայցապահանջ առանց սկզբնական միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջի, սակայն հայցի հիմքում ընկած իրավական և փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ հայցվորն իրականում ցանկանում է դատական կարգով վերացնել ոչ թե միջամտող վարչական ակտի` վարչական կարգով բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտը, այլ իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտը, ապա վարչական դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով պարտավոր է առաջարկել հայցվորին ճշտել ոչ ճիշտ հայցապահանջը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող իրավիճակում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (»ex officio») սկզբունքի ուժով ոչ ճիշտ հայցապահանջը ճշտելու վերաբերյալ վարչական դատարանի կողմից հայցվորին առաջարկ ներկայացնելու և հայցվորի կողմից դատարանի նշված առաջարկն ընդունվելու դեպքում տեղի է ունենում ոչ թե հայցի առարկայի կամ հայցային պահանջների չափի փոփոխություն, այլ ներկայացված հայցապահանջի ճշգրտում և համապատասխանեցում հայցվորի իրական կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս վերջինիս հետապնդած իրական նպատակին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex օfficiօ») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Վարչական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Ըստ այդմ` գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցապահանջի (վիճարկման հայց) հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում այդ վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ըստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի, որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Հետևաբար միջամտող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված բոլոր ապացույցների հետազոտումից հետո տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում վարչական դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թեև վարչական դատավարությունում ապացուցման պարտականությունը կրում են կողմերը, սակայն վարչական դատարանը, կաշկանդված չլինելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր է գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Հետևաբար վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման կանոնները վճռորոշ նշանակություն են ստանում միայն այն դեպքում, երբ կողմերի ներկայացրած, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի իրագործման պայմաններում ձեռք բերված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ալեքսանդր Կարալովը 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1247-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակվել է 5.000 ՀՀ դրամ տուգանք այն բանի համար, որ Ալեքսանդր Կարալովն իրեն սեփականության իրավունքով պատկանող «06 OU 139» պետհամարանիշով «OPEL VECTRA 1.8 I» մակնիշի տրանսպորտային միջոցը 29.03.2014 թվականին` ժամը 16:16-ից մինչև ժամը 16:25-ը, կայանել է վճարովի ավտոկայանատեղում, սակայն չի կատարել կայանատեղիի համար սահմանված տեղական տուրքի վճարումը:

Ալեքսանդր Կարալովը վարչական կարգով բողոքարկել է վարչական տույժ նշանակելու մասին 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշումը: Վարչական բողոքի քննարկման արդյունքում Ծառայության պետը 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշմամբ անփոփոխ է թողել 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշումը` Ալեքսանդր Կարալովի բողոքը թողնելով առանց բավարարման:

Դատարան ներկայացրած հայցադիմումով Ալեքսանդր Կարալովը պահանջել է վերացնել 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշման բողոքարկման արդյունքում Ծառայության պետի կողմից 01.07.2014 թվականին կայացված «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշումը:

Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «...23.03.2014 թվականին կատարված տեսագրության ուսումնասիրության ընթացքում վարչական մարմինը պարզել է, որ Ալեքսանդր Կարալովին պատկանող 06 OU 139 պետհամարանիշով «OPEL VECTRA 1.8 I» մակնիշի տրանսպորտային միջոցը 29.03.2014 թվականին` ժամը 16:16-ից մինչև ժամը 16:25 ընկած ժամանակահատվածում` ժամը 16:16:11-ից մինչև 16:22:16-ը բերված է անշարժ վիճակի ք. Երևան, Մոսկովյան փողոցի հատված 10-ում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում: Դրանով հաստատվել է այն հանգամանքը, որ Ալեքսանդր Կարալովն իրեն պատկանող 06 OU 139 պետհամարանիշով «OPEL VECTRA 1.8 I» մակնիշի տրանսպորտային միջոցով կատարել է 6 րոպե տևողությամբ կայանում: Անդրադառնալով հայցվորի վկայակոչած այն փաստին, որ նա դիմել է Երևանի քաղաքապետին ք. Երևան, Մոսկովյան փողոցի հատված 10-ում գտնվող վճարովի ավտոկայանման տեղի ժամը 16:16-ից մինչև 16:25-ի տեսաձայնագրությունը ստանալու խնդրանքով, սակայն մերժվել է, քանի որ ամբողջական նկարահանում առկա չէ, Դատարանը նշված փաստը հիմնավոր չի համարել դրա վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված չլինելու պատճառաբանությամբ»:

Վերաքննիչ դատարանը, որպես վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը բեկանելու հիմնավորում, նշել է. «(...) սույն գործի նյութերով չի հիմնավորվում Ալեքսանդր Կարալովի կողմից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1247-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստը: Մասնավորապես, սույն գործի նյութերով չի հիմնավորվում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Ալեքսանդր Կարալովի կողմից 06 OU 139 պետհամարանիշով «OPEL VECTRA 1.8 I» մակնիշի տրանսպորտային միջոցը ք. Երևան, Մոսկովյան փողոցի հատված 10-ում գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում 29.03.2014 թվականին` ժամը 16:16-ից մինչև ժամը 16:25 ընկած ժամանակահատվածում` ժամը 16:16:11-ից մինչև 16:22:16-ը (անընդմեջ առնվազն 5 րոպե) բերված է եղել անշարժ վիճակի, մինչդեռ հայցվորը Երևանի ավագանու կողմից օրենքի հիման վրա սահմանված դրույքաչափերով տեղական տուրքը չվճարելու համար կարող էր վարչական պատասխանատվության ենթարկվել 5 րոպեից ավելի համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստի հաստատված լինելու պարագայում: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 01.07.2014 թվականի թիվ Վ-26/1192 որոշման համար հիմք ծառայած փաստերի չապացուցման բացասական հետևանքները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով կրում է վարչական մարմինը, տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետարանը»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ Ալեքսանդր Կարալովի նկատմամբ 5.000 ՀՀ դրամ տուգանքը նշանակվել է 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշմամբ, որի վարչական կարգով բողոքարկման արդյունքում Ծառայության պետը 01.07.2014 թվականին կայացրել է «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշումը: Փաստորեն, Ալեքսանդր Կարալովի իրավունքներին միջամտող հիմնական վարչական ակտը 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշումն է: Մինչդեռ Ալեքսանդր Կարալովի ներկայացրած վիճարկման հայցի առարկան ոչ թե 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշման, այլ վարչական կարգով այդ ակտի բողոքարկման արդյունքում ընդունված վարչական ակտի` Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշման վիճարկման պահանջն է, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն գործով Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշման վիճարկումն առանց 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշման վիճարկման չի կարող ապահովել Ալեքսանդր Կարալովի առերևույթ խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, քանի որ վերջինիս կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակությունից ակնհայտ է, որ Ալեքսանդր Կարալովը, դիմելով դատարան, հետապնդել է ոչ թե Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշման, այլ իր իրավունքներին ու օրինական շահերին միջամտող սկզբնական վարչական ակտի` 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշման վերացման նպատակ: Փաստորեն, քննարկվող պարագայում Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշման վերացման դեպքում անգամ հիմնական միջամտող վարչական ակտը` 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշումը, շարունակելու է գործել` պահպանելով իր միջամտող ազդեցությունն Ալեքսանդր Կարալովի իրավունքների և օրինական շահերի նկատմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի ուժով պարտավոր էր առաջարկել Ալեքսանդր Կարալովին ճշտել ոչ ճիշտ հայցապահանջը: Մինչդեռ Դատարանը չի կատարել իր այդ պարտականությունը, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

i

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սույն գործում համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում հաստատված է համարել, որ Ալեքսանդր Կարալովն իրականում չի կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը: Թեև սույն գործով Ալեքսանդր Կարալովին վերագրվող իրավախախտման փաստն ապացուցելու բեռը կրում է Քաղաքապետարանը, սակայն վերջինիս կողմից այդ պարտականությունը չկատարելու պարագայում Դատարանը պարտավոր էր ձեռնարկել համարժեք միջոցներ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ և պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, մասնավորապես` վարչական վարույթի բոլոր նյութերը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշման համար հիմք ծառայած փաստերը համարելով չապացուցված (հերքված), հաշվի չի առել, որ Դատարանն իր նախաձեռնությամբ չի ձեռնարկել համարժեք միջոցներ` սույն գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար և չի պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1. դիմելով դատարան` Ալեքսանդր Կարալովը պահանջել է վերացնել ոչ թե իր իրավունքներին ու օրինական շահերին միջամտող հիմնական վարչական ակտը` 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշումը, այլ այդ վարչական ակտի բողոքարկման արդյունքում կայացված վարչական ակտը` Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշումը, սակայն հայցադիմումում ներկայացված փաստական և իրավական հանգամանքները վերաբերում են իր իրավունքներին ու օրինական շահերին միջամտող հիմնական վարչական ակտի` 19.05.2014 թվականի թիվ Վ-20/1059 որոշման իրավաչափությանը,

2. Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակության մեջ մտնող հետևյալ դատավարական պարտականությունները.

- Դատարանը չի առաջարկել Ալեքսանդր Կարալովին ճշտել ոչ հստակ հայցային պահանջը` համապատասխանեցնելով այն դատական պաշտպանության դիմելիս վերջինիս հետապնդած նպատակին,

- Դատարանն իր նախաձեռնությամբ չի ձեռնարկել համարժեք միջոցներ` սույն գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- Դատարանը չի պահանջել, որ ներկայացվեն սույն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

3. Վերաքննիչ դատարանը, առանց հաշվի առնելու Դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումները, Ծառայության պետի 01.07.2014 թվականի «Վարչական բողոքի մասին» թիվ Վ-26/1192 որոշումն անվավեր է ճանաչել բացառապես այն հիմքով, որ սույն գործով էական նշանակություն ունեցող հանգամանքի` Ալեքսանդր Կարալովի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1247-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը կատարված լինելու փաստի ապացուցման բեռը կրում է Քաղաքապետարանը, մինչդեռ սույն գործի նյութերով չի հիմնավորվում Ալեքսանդր Կարալովի կողմից իրավախախտում կատարելու փաստը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատավարական նորմերի վերը նշված խախտումները շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.06.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ՎԴ/4315/05/14
Որոշում