Սեղմել Esc փակելու համար:
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐ ...

 

 

020.1274.310516

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 մայիսի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան 06.05.2016թ. մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 7-ին` Բուենոս Այրեսում: Համաձայնագրի նպատակն է հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցությունը:

Համաձայնագրով սահմանվում են.

- հարկային հարցերով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակման եղանակները և կարգը,

- համատեղ հարկային ստուգումների անցկացման, դրանց մասնակցելու կարգերը,

- փաստաթղթերի տրամադրման կարգը:

2. Համաձայնագրի դրույթները տարածվում են հետևյալ հարկատեսակների վրա.

- Հայաստանի Հանրապետության դեպքում` ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, գույքահարկ, հողի հարկ.

- Արգենտինայի Հանրապետության դեպքում` եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ, գույքահարկ, հաստատագրված նվազագույն եկամտի հարկ:

Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև նույնանման այլ հարկերի նկատմամբ, որոնք կնախատեսվեն Համաձայնագրի ստորագրումից հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* Արգենտինայի Հանրապետության իրավասու մարմնի հարցման հիման վրա փոխադարձության կարգով Համաձայնագրի դրույթների, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և ներպետական օրենսդրության համաձայն տրամադրել տեղեկատվություն, որն անհրաժեշտ է հարկերի հաշվարկման, գնահատման և հավաքագրման համար,

* ապահովել փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը` միաժամանակ չխոչընդոտելով տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Առանց հարցվող կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնության չտրամադրել համապատասխան տեղեկությունները ցանկացած այլ անձի, միավորի, մարմնի կամ այլ սուբյեկտի,

* ներպետական օրենսդրությանը համապատասխան ապահովել, որպեսզի տեղեկատվությունը բոլոր միջոցներով հավաքագրվի նաև այն դեպքում, երբ իրավասու մարմնի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը բավարար չէ հարցումը բավարարելու համար,

* ապահովել, որպեսզի իրավասու մարմինը Համաձայնագրի դրույթների համաձայն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության շրջանակներում տրամադրի տեղեկատվություն` վկաների ցուցմունքների և գրանցումների բնօրինակների հաստատված պատճենների տեսքով,

* որպես հարցվող կողմ` կրել աջակցության տրամադրման հետ կապված ընթացիկ ծախսերը, իսկ որպես հարցող կողմ` աջակցության տրամադրման ընթացքում կրած արտակարգ ծախսերը (ներառյալ դատական գործընթացների առնչությամբ արտաքին խորհրդատուների ներգրավմամբ պայմանավորված ողջամիտ ծախսերը),

* Արգենտինայի Հանրապետության իրավասու մարմնի հարցման դեպքում ՀՀ իրավասու մարմնի թույլտվության առկայության պարագայում ապահովել Արգենտինայի Հանրապետության իրավասու մարմնի ներկայացուցիչների ներկա գտնվելը հարկային ստուգումների ժամանակ:

4. Համաձայնագրին կից ներկայացված են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտագիրը և Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանության պատասխան հայտագիրը, որոնք, ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկության` համարվում են Համաձայնագրի անբաժանելի մասը` համաձայն 1969 թվականի մայիսի 23-ին ստորագրված` «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 79-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2014 թվականի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 մայիսի 2016 թվականի

ՍԴՈ-1274

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.05.2016
N ՍԴՈ-1274
Որոշում