Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ, 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական քաղաքացիական                         Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԷԴ/0916/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0916/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանի և Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցիչ Արմինե Հարությունյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Հակոբյանի ընդդեմ Մկրտիչ Գրիգորյանի` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, և ըստ Մկրտիչ Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Աշոտ Հակոբյանի, Օլյա Մառոզովայի, Դավիթ և Դիանա Հակոբյանների, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) և Երևանի քաղաքապետարանի` բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աշոտ Հակոբյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշի 36-րդ փողոցի թիվ 29ա տան իր կողմից զբաղեցված բնակելի շինությունների և դրանցով զբաղեցրած հողամասի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մկրտիչ Գրիգորյանը պահանջել է Աշոտ Հակոբյանին, Օլյա Մառոզովային, Դավիթ և Դիանա Հակոբյաններին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Նոր Արեշի 36-րդ փողոցի թիվ 29ա հասցեից:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.05.2014 թվականի որոշմամբ Մկրտիչ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 25.02.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչը և Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մկրտիչ Գրիգորյանը:

 

2. Աշոտ Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատճառաբանել է, որ «Դատարանը վեճի առարկա անշարժ գույքը հայցվորի կողմից որպես սեփականը տիրապետելու վավերապայմանի առկայությունը հաստատված է համարել առանց համապատասխան ապացույցների» և արձանագրել, որ Դատարանի վճիռն իրավաչափ չէ: Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը չի բխում դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վերլուծությունից, քանի որ Աշոտ Հակոբյանն իր իրավանախորդների հետ ավելի, քան 10 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետել և օգտագործել է Երևանի Նոր Արեշի 36-րդ փողոցի թիվ 29ա հասցեում իր կողմից զբաղեցված տունը, միջոցներ է ձեռնարկել նշված գույքը պահպանելու համար, ինչպես նաև կատարել է գույքի կապիտալ վերանորոգում, բարելավումներ: Աշոտ Հակոբյանը կատարել է նաև կոմունալ վճարումներ, մասնավորապես վերջինս հանդիսանում է գազի, ջրի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի մատակարարման, աղբահանության առանձին բաժանորդ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Աշոտ Հակոբյանի կողմից զբաղեցված վերը նշված բնակելի տունը լիովին առանձնացված է Մկրտիչ Գրիգորյանի, ինչպես նաև նշված հասցեում գտնվող այլ ընտանիքների կողմից զբաղեցված բնակելի տներից, ունի առանձին մուտք: Ընդ որում, Աշոտ Հակոբյանի և Մկրտիչ Գրիգորյանի կողմից զբաղեցված բնակելի տան մուտքերը գտնվում են տարբեր փողոցների վրա, ինչը վկայում է, որ ի սկզբանե այն կառուցված է եղել առանձին բնակության համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքը հայցվորի և նրա իրավանախորդների կողմից տիրապետվել է որպես սեփական գույք, ինչն էլ հաստատվել է հարևանների` Լևոն Կիրակոսյանի, Էդուարդ Հակոբյանի, Էդուարդ Հարությունյանի ցուցմունքներով: Վերջիններս հաստատել են նաև այն փաստը, որ հայցվորի կողմից զբաղեցրած բնակտարածությունը կառուցել է հայցվորի պապը, այնուհետև այդտեղ շարունակել է բնակվել հայցվորի հայրը, իսկ հայցվոր Աշոտ Հակոբյանը 1972 թվականից բնակվել և այժմ էլ իր ընտանիքով բնակվում է վերը նշված հասցեի տանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2014 թվականի վճռին:

 

2.1. Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածը, 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասը չի համապատասխանում նույն որոշման պատճառաբանական մասին, քանի որ վերջինս որոշման պատճառաբանական մասում արդեն իսկ պատասխանել է գործի նոր քննությանն առաջադրված հարցադրումներին: Այսինքն Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասից բխում է, որ պետք է կայացվեր վճիռը բեկանելու և այն փոփոխելու մասին որոշում, մինչդեռ կայացվել է վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում, որով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, որպիսի խախտումներն էական են և հանգեցրել են գործի սխալ լուծման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2014 թվականի որոշման «եզրափակիչ մասը և այն փոփոխել` Աշոտ Հակոբյանի հայցը մերժել, իսկ Մկրտիչ Գրիգորյանի հակընդդեմ հայցը բավարարել»:

 

2.2. Մկրտիչ Գրիգորյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Աշոտ Հակոբյանի վճռաբեկ բողոքն ակնհայտ անհիմն է, քանի որ Մկրտիչ Գրիգորյանին հողամաս հատկացնելու վերաբերյալ Մոլոտովյան շրջսովետի գործկոմի 27.05.1955 թվականի թիվ 7 արձանագրության, 29.10.1955 թվականի թիվ 427 կառուցման նախագծի, հողամասի գլխավոր հատակագծի, Մկրտիչ Գրիգորյանի և Մոլոտովյան շրջսովետի գործկոմի միջև 23.11.1955 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված 15.12.1955 թվականի պայմանագրի հիման վրա Մկրտիչ Գրիգորյանին հատկացվել է նախկինում «գյուղ Արեշ նո 41 կվ N 1 հասցեի 15,4X34,0=523,6 քմ հողամասը` 44,8 քմ մակերեսով երեք սենյակ և 12,6 քմ մակերեսով օժանդակ հարմարություն կառուցելու համար»: Այսինքն` նշված հասցեում Մկրտիչ Գրիգորյանը հատկացված հողամասում իր ընտանիքի համար ի սկզբանե կառուցել է մեկ բնակելի տուն` բաղկացած 44,8 քմ մակերեսով երեք սենյակից և 12,6 քմ մակերեսով օժանդակ հարմարությունից, որն առանձին միավորների բաժանված չի եղել:

Հետևաբար, աղավաղված փաստական հանգամանքներով բերված վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածների կիրառման հիմք չեն: Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` կիրառելի չեն նաև վճռաբեկ բողոքում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, քանի որ այդ որոշումներում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերել հավակնող անձինք վիճելի բնակարանները տիրապետել են սեփականատիրոջը համապատասխան փոխհատուցում տալու միջոցով, իսկ սույն գործով կողմերը մոտ ազգականներ են, և բնակելի տան մասը զբաղեցնելը բխել է այդ հանգամանքից` առանց որևէ հատուցման:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում առկա ապացույցները և դրանք ճիշտ համադրելով վիճելի իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմերի պահանջների հետ, իրավացիորեն արձանագրել է, որ բնակելի տունը կառուցվել է միմիայն Մկրտիչ Գրիգորյանի կողմից, որպիսի փաստն ապացուցվում է գործում առկա փաստաթղթերով: Բացի այդ, սույն գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն հանգամանքի վերաբերյալ, որ Մկրտիչ Գրիգորյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածին համապատասխան, հրաժարվել է վերը նշված հասցեի տան նկատմամբ իր սեփականության իրավունքից. հայցվորի տիրապետումը հիմնված չի եղել այնպիսի փաստի վրա, որը վերջինիս բավարար հիմքեր է տվել ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետում է որպես իր սեփականը: Ավելին, գործում առկա վկաների ցուցմունքները, հարևանների հայտարարությունը բավարար ապացույց չեն, իսկ ինչ վերաբերում է կոմունալ ծառայություններից օգտվելու վերաբերյալ պայմանագրերին, ապա դրանք կնքվել են 2007 թվականից հետո: Հետևաբար նշված փաստական և իրավական հիմնավորումների հիմքով վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի Մոլոտովյան Ռայսովետի գործադիր կոմիտեի 27.05.1955 թվականի նիստի թիվ 7 արձանագրության համաձայն` որոշվել է Մկրտիչ Գրիգորյանին հատկացնել գյուղ Արեշում հողամաս` անհատական կարգով բնակարան կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 68).

2) 29.10.1955 թվականի թիվ 427 կառուցման նախագծի և հողամասի գլխավոր հատակագծի, ինչպես նաև 23.11.1955 թվականին Մկրտիչ Կնյազի Գրիգորյանի և Երևան քաղաքի Մոլոտովյան ռայսովետի գործկոմի կոմունալ բաժնի միջև կնքված պայմանագրի համաձայն Մկրտիչ Գրիգորյանին հատկացվել է գյուղ Արեշ թիվ 41 կվ թիվ 1 հասցեի 523,6 քմ մակերեսով հողամասը բնակելի տուն կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 56, 61-62, 64-67, հատոր 2-րդ, գ.թ. 8).

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից 03.11.1998 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա բնակելի տան նկատմամբ գրանցված է Մկրտիչ Գրիգորյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 5-7).

4) Աշոտ Հակոբյանի` 04.09.2007 թվականին 009-ի կողմից տրված թիվ AH 046664 անձնագրի համաձայն` վերջինս 13.06.1989 թվականից հաշվառված է Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 21).

5) Աշոտ Հակոբյանի հարևանների Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 27ա հասցեի բնակիչ Էդուարդ Հակոբյանի, Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 32 հասցեի բնակիչ Լևոն Կիրակոսյանի, նույն հասցեի բնակչուհի Օլինկա Կիրակոսյանի, Նոր Արեշ 27-րդ փողոցի թիվ 35 հասցեի բնակիչ Էդուարդ Հարությունյանի, Նոր Արեշ 34-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան բնակիչ Հայկ Գալոյանի կողմից 28.06.2013 թվականին տրված Էրեբունու թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված գրավոր հայտարարության համաձայն` Աշոտ Հակոբյանը 1972 թվականից բնակվել և ներկայումս էլ իր ընտանիքի հետ բնակվում է Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա տանը (հատոր 1-ին, գ.թ. 7).

6) Դատաքննության ընթացքում վկաներ Լևոն Կիրակոսյանը, Էդուարդ Հակոբյանը և Էդուարդ Հարությունյանը ցուցմունքներ են տվել առ այն, որ Աշոտ Հակոբյանին և Մկրտիչ Գրիգորյանին ճանաչում են որպես հարևանների. Աշոտ Հակոբյանը ծնված օրվանից բնակվել է Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա տանը, որը պատկանել է նրա պապին, իսկ Մկրտիչ Գրիգորյանին պատկանել է դրա հետնամասում ընկած տունը: 1990-ական թվականներին Աշոտ Հակոբյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, սակայն պարբերաբար այցելել է Հայաստան: Հայաստանից բացակայելու տարիներին վթարվել է տան ջրատար խողովակը, որի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է Աշոտ Հակոբյանի քրոջ ամուսինը Աշոտ Հակոբյանի հանձնարարությամբ և ֆինանսական միջոցներով: Վկաները հայտնել են նաև, որ Աշոտ Հակոբյանն այդ ընթացքում իրականացրել է նաև տան վերանորոգման աշխատանքներ (հիմք` 13.12.2013 և 11.02.2014 թվականների դատական նիստերի արձանագրությունների կրիչը, հատոր 2-րդ, գ.թ. 11, 24, 31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքների վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության և անընդմեջ տիրապետելու պայմանների դրսևորման առանձնահատկություններին:

1) Քննելով Աշոտ Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ պայմաններից` գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանի գնահատման առանձնահատկություններին:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար կարևորվում են տիրապետման ժամկետը, այն է` տասը տարի, և այդ ժամկետի ընթացքում տիրապետման անընդմեջ լինելու հանգամանքը, այսինքն` տասը տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Ընդ որում, տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ` գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու նախապայմանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար էական է պարզել անշարժ գույքը տիրապետողի վարքագիծը և վերաբերմունքը, տիրապետվող գույքի նպատակային նշանակությունը, որակական և այլ հատկանիշները, տիրապետման նպատակն ու առանձնահատկությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը չի նախատեսել, թե ինչ եղանակով կարող է իրականացվել գույքի տիրապետումը` յուրաքանչյուր դեպքում այդ փաստի գնահատումը թողնելով իրավակիրառողի վրա: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի տիրապետման փաստի մասին կարող է վկայել ինչպես գույքի օգտագործումը, այնպես էլ դրա կառավարմանը մասնակցելը, այդ գույքի մասին հոգ տանելը կամ ցանկացած այլ եղանակ, որը հավաստում է գույքը տիրապետողի տնտեսական իշխանության ներքո գտնվելու փաստը (տե՛ս, Լուսյա Մարյանյանն ընդդեմ Վալերիկ Սողոմոնյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0333/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, իսկ հակընդդեմ հայցը մերժելով, պատճառաբանել է, որ «հայցվոր Աշոտ Հակոբյանն իր իրավանախորդների հետ ավելի, քան 10 տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետել և օգտագործել են Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա հասցեում իրենց կողմից զբաղեցված տունը, միջոցներ են ձեռնարկել գույքը պահպանելու համար, ինչպես նաև կատարել են վերանորոգում, կոմունալ վճարումներ: Աշոտ Հակոբյանի կողմից զբաղեցված բնակելի տունը լիովին առանձնացված է պատասխանողի, ինչպես նաև նշված հասցեում գտնվող այլ ընտանիքների կողմից զբաղեցված բնակելի տներից, ունի առանձին մուտք»: Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ «հայցվորը ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա տան` իր կողմից զբաղեցրած մասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով վերջինիս սեփականության իրավունքի ծագումը»: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ «հայցվորը ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ նրանից առաջ իր պապը, որպես սեփականություն, տիրապետել են կառուցված երկու սենյակները, տասնյակ տարիներ մշտապես բնակվել են այդ տանը, պատասխանողը երբևէ չի առարկել կամ խոչընդոտել նրանց բնակությանը, շինարարական աշխատանքներին, որպիսի պայմաններում հայցվորը համոզված է եղել, որ ինքն է հանդիսանում տան սեփականատերը»: Դատարանը փաստել է նաև, որ «Աշոտ Հակոբյանի փաստացի չբնակվելը վերը նշված հասցեում չի կարող խոչընդոտ հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառելիության համար և հիմք հանդիսանալ հայցի մերժման համար, քանի որ հիմնավորվել է նաև այն փաստը, որ 1996 թվականից մինչև 2007 թվականը Աշոտ Հակոբյանի կողմից կատարվել է Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա տան բնակելի շինությունների վերանորոգում, փոխվել են ջրատար խողովակները, ինչն էլ հաստատվել է վկաների ցուցմունքներով»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ «Աշոտ Հակոբյանն ի հիմնավորումն հայցապահանջի` ներկայացրել է հարևանների կողմից ստորագրված հայտարարությունն այն մասին, որ ինքը 1972 թվականից մինչ օրս իր ընտանիքի հետ բնակվում է Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա տանը, ինչպես նաև կոմունալ ծառայություններից օգտվելու վերաբերյալ իր և համապատասխան ընկերությունների միջև կնքված պայմանագրերը, էլեկտրաէներգիայի ծախսերի ու վճարումների մասին տեղեկանքը, որպիսի փաստաթղթերը չէին կարող հայցի բավարարման համար էական և բավարար հիմք հանդիսանալ, քանի որ վիճելի հասցեում գտնվող բնակարանի միակ սեփականատերը Մկրտիչ Գրիգորյանն է, իսկ տունն էլ կառուցվել է միայն նրա կողմից, որպիսի փաստն ապացուցվում է գործում առկա փաստաթղթերով: Բացի այդ, սույն գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն հանգամանքի վերաբերյալ, որ Մկրտիչ Գրիգորյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածին համապատասխան, հրաժարվել է վերը նշված հասցեի տան նկատմամբ իր սեփականության իրավունքից, իսկ հայցվորի կողմից վկայակոչված կոմունալ ծառայություններից օգտվելու վերաբերյալ պայմանագրերը կնքվել են 2007 թվականից հետո»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ հայցվորի կողմից ներկայացված կոմունալ ծառայություններից օգտվելու վերաբերյալ պայմանագրերը բավարար հիմքեր չեն կարող տալ ենթադրելու, որ վերջինս վիճելի հասցեում գտնվող գույքը տիրապետել է օրինական հիմքերով: Ընդ որում, վիճելի անշարժ գույքի օրինական հիմքերով տիրապետումը հիմնավորող բավարար ապացույցներ չէին կարող հանդիսանալ նաև Դատարանի կարևորած մյուս ապացույցները` վկաների ցուցմունքները, հարևանների հայտարարությունը, և եզրահանգել է, որ Դատարանը վեճի առարկա անշարժ գույքը հայցվորի կողմից որպես սեփականը տիրապետելու վավերապայմանի առկայությունը հաստատված է համարել առանց համապատասխան ապացույցների: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ հայցվորի կողմից վիճելի հասցեում գտնվող գույքը տասը տարի և անընդմեջ տիրապետելու վավերապայմանը ևս Դատարանի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձել:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը: Գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլև բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և՛ տիրապետողի, և` գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Սույն գործով առկա ապացույցներով, այն է` հարևանների գրավոր հայտարարությամբ, վկաների ցուցմունքներով հիմնավորվում է փաստն առ այն, որ հայցվորի իրավանախորդները, իսկ հետագայում նաև` հայցվորն ավելի քան տասը տարի բնակվել է վիճելի հասցեում, իրականացրել է շինարարական աշխատանքներ, ինչպես նաև դեռևս 1989 թվականից հաշվառված է նշված հասցեում:

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ պատասխանողը խոչընդոտել է վիճելի տարածքն Աշոտ Հակոբյանի, ինչպես նաև նրա իրավանախորդների կողմից տիրապետելուն և օգտագործելուն: Մասնավորապես` հանդիսանալով վիճելի հասցեի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող անձ` պատասխանողն անտարբեր վերաբերմունք է դրսևորել իր գույքի նկատմամբ մինչև սույն գործով հակընդդեմ հայցի հարուցումը, այն է` 21.10.2013 թվականը: Այսինքն` պատասխանողն իր անգործությամբ մեկուսացել է իր գույքի համապատասխան մասի տիրապետումից առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար իր վարքագծով հրաժարվել է վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները թույլ են տվել Աշոտ Հակոբյանի իրավանախորդներին, իսկ հետագայում նաև Աշոտ Հակոբյանին ենթադրելու, որ վիճելի մակերեսը տիրապետում է որպես սեփականը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Աշոտ Հակոբյանի և նրա իրավանախորդների գործողությունները, այնպես էլ գույքի` գրանցված սեփականատիրոջ հետագա վարքագիծը, տվյալ դեպքում` անգործությունը, վկայում են Աշոտ Հակոբյանի մոտ վիճելի մակերեսի տիրապետման բարեխղճության նախապայմանի առկայության փաստի մասին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ պատշաճ չգնահատելով գործում առկա ապացույցները, սխալ եզրահանգման է եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է նաև վեճի առարկա գույքն Աշոտ Հակոբյանի կողմից 10 տարուց ավելի անընդմեջ տիրապետելու և օգտագործելու փաստը: Մասնավորապես` գործում առկա ապացույցներով` վկաների ցուցմունքներով հիմնավորվում է փաստն առ այն, որ հայցվորը որոշակի ժամանակահատված` 1996 թվականից մինչև 2007 թվականը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, սակայն նշված փաստը չի կարող հավաստել տիրապետման ընդհատումը` նկատի ունենալով, որ վերը նշված ցուցմունքներով հիմնավորվում է նաև, որ իր բացակայության ընթացքում հայցվորը, այդուհանդերձ, միջոցներ է ձեռնարկել գույքի պահպանության ուղղությամբ: Մասնավորապես` վիճելի հասցեում ջրատար խողովակի վնասման ժամանակ հայցվորի հանձնարարությամբ և ֆինանսական միջոցներով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորի կողմից վիճելի հասցեում գտնվող գույքը տասը տարի և անընդմեջ տիրապետելու վավերապայմանը ևս Դատարանի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման առարկա չի դարձել, անհիմն է:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է բավարարման:

2) Քննելով Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ Դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցիչը վճռաբեկ բողոքով պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2014 թվականի որոշման «եզրափակիչ մասը և այն փոփոխել` Աշոտ Հակոբյանի հայցը մերժել, իսկ Մկրտիչ Գրիգորյանի հակընդդեմ հայցը բավարարել, այն է` Աշոտ Հակոբյանին ու նրա ընտանիքի անդամներին վտարել Երևանի Նոր Արեշ 36-րդ փողոցի թիվ 29ա տնից»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված կարգով վերը նշված անշարժ գույքի նկատմամբ Աշոտ Հակոբյանի սեփականության իրավունքի ձեռքբերման և Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման պայմաններում Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքն առարկայազուրկ է և ենթակա է մերժման:

Այսպիսով, Աշոտ Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մկրտիչ Գրիգորյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը մերժել, Աշոտ Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2014 թվականի վճռին:

2. Մկրտիչ Գրիգորյանից հօգուտ Աշոտ Հակոբյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ԵԷԴ/0916/02/13
Որոշում