Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 195-ՐԴ 305-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 195-ՐԴ 305-ՐԴ, 436-ՐԴ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/0881/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0881/02/12             2014 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան  

                       Ի. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի     

                                              Ս. Անտոնյանի    

                                              Վ. Ավանեսյանի   

                                              Ա. Բարսեղյանի   

                                              Մ. Դրմեյանի     

                                              Գ. Հակոբյանի    

                                              Է. Հայրիյանի    

                                              Տ. Պետրոսյանի   

                                              Ե. Սողոմոնյանի  

                                              

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սերգեյ Սարգսյանի ներկայացուցիչ Գեղամ Այվազյանի և Արթուր Սարկիսյանի ներկայացուցիչ Անահիտ Աթոյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Սարգսյանի ընդդեմ Արա Սարգսյանի, Արփենիկ Բաբաջանյանի, Բորիս Սարգսյանի, Արթուր Սարկիսյանի, նոտար Էմմա Շաբոյանի,

վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` 05.04.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սերգեյ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել 05.04.2007 թվականին կնքված Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչելով Արթուր Սարկիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 26.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2014 թվականի որոշմամբ Արթուր Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 26.07.2013 թվականի վճիռը մասնակիորեն` Արփենիկ Բաբաջանյանի, Արա, Սերգեյ Սարգսյանի և Արթուր Սարկիսյանների միջև 05.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասով բեկանվել և փոփոխվել է` Արփենիկ Բաբաջանյանի, Արա Սարգսյանի, Սերգեյ Բորիսի Սարգսյանի և Արթուր Սարկիսյանի միջև 05.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել 1/4, այն է` Սերգեյ Սարգսյանի մասով ճանաչվել է Սերգեյ Սարգսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանի 1/4 մասի նկատմամբ. կիրառվել է անվավերության հետևանք` Սերգեյ Սարգսյանը պարտավորեցվել է Արթուր Սարկիսյանին վերադարձնել 500.000 ՀՀ դրամ: Արփենիկ Բաբաջանյանի, Արա Սարգսյանի և Բորիս Սարգսյանի մասով` 05.04.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասով, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Սերգեյ Սարգսյանի և Արթուր Սարկիսյանի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2. Սերգեյ Սարգսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ և 31-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ 305-րդ և 436-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը, 303-րդ և 316-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ 51-րդ 53-րդ և 130-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, մասնավորապես` հաշվի չի առել, որ Սերգեյ Սարգսյանը տեղյակ չի եղել կնքված գործարքի մասին, այն չի բխել վերջինիս կամքից, ինչի արդյունքում խախտվել են սեփականատիրոջ իրավունքները: Հետևաբար այդ գործարքի նկատմամբ պետք է կիրառվեին անվավեր գործարքին վերաբերող կանոնները:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ տվյալ իրավիճակում Սերգեյ Սարգսյանն առուվաճառքի գործարքի կնքման ընթացքում պետք է ունենար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի հիմքով երաշխավորված գնման նախապատվության իրավունք:

Բացի այդ, ուշագրավ է նաև այն, որ մի կողմից Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Սերգեյ Սարգսյանը տեղյակ չի եղել կնքված առուվաճառքի գործարքի մասին, իսկ մյուս կողմից, իր որոշմամբ կիրառելով անվավերության հետևանքներ` ոչ իրավաչափ պարտականություն է դրել վերջինիս վրա, այն է` Սերգեյ Սարգսյանին պարտավորեցրել է Արթուր Սարկիսյանին վերադարձնել 500.000 ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.07.2013 թվականի վճռին:

 

2.1. Արթուր Սարկիսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ 51-րդ և 109-րդ հոդվածները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ 331-րդ և 333-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ և 305-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով պետք է կիրառվեր հայցային վաղեմություն, քանի որ Սերգեյ Սարգսյանը որևէ ապացույց չի ներկայացրել առուվաճառքի պայմանագրի մասին իմանալու պահի վերաբերյալ:

Ավելին, գործում առկա է ՀՀ ազգային անվտանգության 07.02.2013 թվականի թիվ 2/71-152 գրությունը, որը պետք է դիտվեր որպես ոչ արժանահավատ և ոչ վերաբերելի ապացույց, քանի որ այն հաստատված չէ նշված մարմնի կնիքով, և դրանում ոչ մի նշում չկա հայցվորի` պայմանագրի մասին իմանալու ժամանակի մասին: Այսինքն` գործում առկա չէ հայցվորի` պայմանագրի մասին իմանալու պահի վերաբերյալ որևէ ապացույց, հետևաբար հայցվորն այդ մասին իմացել է հինգ տարի առաջ` պայմանագրի կնքման ժամանակ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշման` Սերգեյ Սարգսյանի հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2000 թվականին տրված թիվ 810640 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանը` բաղկացած 74,4 քմ ընդհանուր մակերեսից, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Արփենիկ Բաբաջանյանին, Բորիս Սարգսյանին, Արա Սարգսյանին ու Սերգեյ Սարգսյանին (հատոր 2-րդ, գ.թ. 134-135):

2) Սերգեյ Սարգսյանը 13.01.2007 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով մորը` Արփենիկ Բաբաջանյանին, լիազորել է իր անունից հանդես գալու ՀՀ նոտարական գրասենյակում` Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանի իր բաժնեմասն Արթուր Սարկիսյանին նվիրելու մասին նվիրատվության պայմանագիր կնքելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 1920):

3) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.01.2007 թվականի թիվ 2-247/2007 վճռով Արա Սարգսյանը ճանաչվել է անգործունակ, և նրա խնամակալությունը հանձնվել է մորը` Արփենիկ Բաբաջանյանին (հատոր 1-ին, գ.թ. 10):

4) Արփենիկ Բաբաջանյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա Երևան քաղաքի Դավթաշենի թաղապետի 05.04.2007 թվականի թիվ 17 որոշմամբ Արփենիկ Բաբաջանյանին թույլատրվել է վաճառել Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանը, որպեսզի նա կարողանա հոգալ որդու` Արա Սարգսյանի հետագա խնամքն ու բուժումը (հատոր 1-ին, գ.թ. 46):

5) Արփենիկ Բաբաջանյանի և Արթուր Սարկիսյանի միջև 05.04.2007 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Արթուր Սարկիսյանին է վաճառվել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 18):

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 09.04.2007 թվականին տրված թիվ 2162420 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանը գրանցվել է Արթուր Սարկիսյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 11):

7) Գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27 հասցեի բնակարանը վաճառելու մասին Արփենիկ Բաբաջանյանը տեղեկացրել է Սերգեյ Սարգսյանին և ստացել է նրա համաձայնությունը:

8) Գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Արփենիկ Բաբաջանյանը Սերգեյ Սարգսյանի կողմից լիազորված է եղել վաճառելու բնակարանը:

9) ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 07.02.2013 թվականին տրված թիվ 2/7/1-152 գրության համաձայն` 01.01.2006 թվականից մինչև 01.01.2013 թվականն ընկած ժամանակահատվածում Սերգեյ Սարգսյանը ՀՀ սահմանը հատել է հետևյալ օրերին. մուտք` 16.08.2006 թվականին, ելք` 05.09.2006 թվականին, մուտք` 24.12.2011 թվականին, ելք` 14.01.2012 թվականին, Ռուսաստանի Դաշնություն մուտք` 21.02.2012 թվականին, ելք` 04.06.2012 թվականին, (հատոր 2-րդ, գ.թ. 115):

10) Ըստ Սերգեյ Սարգսյանի անձնագրում առկա մուտքի կնիքի` վերջինս մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն միայն 2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք համատեղ սեփականության մասնակիցների կողմից կնքված` ընդհանուր համատեղ սեփականություն համարվող գույքի նկատմամբ իրավունքները փոխանցող գործարքն ամբողջությամբ կարող է անվավեր ճանաչվել համատեղ սեփականատերերից միայն մեկի պահանջով:

1) Քննելով Սերգեյ Սարգսյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել` սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով սեփականության ներքո գտնվող գույքի բաժնային և համատեղ սեփականության իրավունքի իրավական ռեժիմները, միաժամանակ ամրագրել է համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը մասնակիցների կողմից միասին տիրապետելու և օգտագործելու ընդհանուր կարգ, ընդ որում, ելնելով համասեփականատերերի հայեցողությունը հաշվի առնելու սահմանադրական պահանջից` հնարավորություն է վերապահել համասեփականատերերին` փոխադարձ համաձայնությամբ սահմանելու տիրապետման և օգտագործման այլ կարգ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետին` նշելով, որ համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման այլ կարգ նախատեսված չլինելու դեպքում նշված գույքը կարող է տիրապետվել և օգտագործվել բացառապես բոլոր մասնակիցների համաձայնությամբ, որը կոչված է ապահովել համասեփականատերերից յուրաքանչյուրի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գույքը միասին տիրապետելու և օգտագործելու իրավունքի իրացումը (տե՛ս, Գագիկ Սիսակունին ընդդեմ Սարգիս Գարուկյանի և այլոց թիվ ԵԱՆԴ/1628/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է` նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք), իսկ նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու պայմաններին` նշելով, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար պետք է միաժամանակ առկա լինեն երկու պայմաններ`

1. Համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը.

2. Գործարքի մյուս կողմի այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը (տես, Թագուշ Պետրոսյանի ընդդեմ Ժաննա Ղազարյանի թիվ 3-459(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով իր նախկին դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի տրամաբանությունից հետևում է որ գույքի տնօրինման հարցը լուծելու համար պարտադիր պայման է համատեղ սեփականության մասնակիցների կամքի առկայությունը, և նման պայմաններում էական չէ բոլոր մասնակիցների, թե միայն մեկ մասնակցի պահանջով գործարքը կարող է անվավեր ճանաչվել, քանի որ համատեղ սեփականության դեպքում գույքը տնօրինելու յուրաքանչյուր մասնակցի հայեցողությունը ստորադասված է մյուս բոլոր համասեփականատերերի կամքին: Նման պայմաններում ենթադրվում է, որ գույքի տնօրինման իրավունքը պետք է իրացվի բացառապես գույքի սեփականատիրոջ կամ բոլոր սեփականատերերի իմացությամբ և կամքով, բացի այդ, գործարքի վավերականության համար անհրաժեշտ է, որ գործարք կնքող սուբյեկտն իր կամքն արտահայտի ազատորեն, առանց հակաիրավական կամ կամքի դրսևորման վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող արտաքին ազդակների, և այդ կամահայտնությունը պետք է համապատասխանի գործարք կնքողի (տվյալ դեպքում լիազորողի) իրական ցանկություններին` ներքին կամքին, արտահայտված լինի ոչ թե ձևականորեն, այլ առաջացնի այն իրավական հետևանքները, որը վերջինս ցանկացել է:

Սույն գործի փաստերի համաձայն` Սերգեյ Սարգսյանը, նկատի ունենալով, որ բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից, 13.01.2007 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով իր մորը` Արփենիկ Բաբաջանյանին, լիազորել է իր անունից հանդես գալու ՀՀ նոտարական գրասենյակում` Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27-րդ հասցեի բնակարանի իր բաժնեմասն Արթուր Սարկիսյանին նվիրելու մասին նվիրատվության պայմանագիր կնքելու համար. Արփենիկ Բաբաջանյանը Սերգեյ Սարգսյանի բաժնեմասը վաճառելու լիազորություն չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս գտել է, որ սույն գործով հայցը պետք է բավարարել մասնակիորեն` Սերգեյ Սարգսյանի բաժնեմասի մասով պետք է գործարքն անվավեր ճանաչել, քանի որ Արփենիկ Բաբաջանյանը նման լիազորություն չի ունեցել, իսկ մնացած սեփականատերերի մասով գործարքը վավեր ճանաչելը համարել է օրինաչափ` պատճառաբանելով, որ նման պայմաններում մնացած սեփականատերերի կամքն առկա է եղել առուվաճառքի ձևով Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27-րդ հասցեի բնակարանն օտարելու համար:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սերգեյ Սարգսյանը, հանդիսանալով վիճելի գույքի համասեփականատեր և օգտվելով օրենքով իրեն վերապահված գույքի տնօրինման իր իրավունքից, Արփենիկ Բաբաջանյանին, լիազորել է իր անունից հանդես գալու ՀՀ նոտարական գրասենյակում և կնքելու Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի 5-րդ շենքի թիվ 27-րդ հասցեի բնակարանի իր բաժնեմասն Արթուր Սարկիսյանին նվիրելու մասին նվիրատվության պայմանագիր, սակայն Արփենիկ Բաբաջանյանը կնքել է առուվաճառքի պայմանագիր: Արփենիկ Բաբաջանյանն առուվաճառքի պայմանագիր կնքելիս չի ստացել վիճելի գույքի բոլոր համասեփականատերերի թույլտվությունը, քանի որ Սերգեյ Սարգսյանն իրեն լիազորել էր կնքելու միայն նվիրատվության գործարք:

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ մնացած սեփականատերերը և գնորդը իրական հնարավորություն են ունեցել իմանալու նշված փաստի մասին, քանի որ ներկա են գտնվել առուվաճառքի պայմանագրի կնքմանը, որի ժամանակ հրապարակվել և օգտագործվել է Սերգեյ Սարգսյանի տված լիազորագիրը, ուստի նշված առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով ամբողջությամբ հանդիսանում է անվավեր գործարք, քանի որ կնքվել է օրենքի, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու երկու հիմքերը` համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունները բացակայել են, և գործարքի մյուս կողմն էլ այդ մասին իմացել կամ այդ մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորություն ունեցել է:

Անդրադառնալով գործարքի անվավերության հետևանքների կիրառման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սերգեյ Սարգսյանի բաժնեմասը վաճառվել է օրենքի պահանջների խախտմամբ, այդ մասով վճիռը թողել է օրինական ուժի մեջ` հաստատելով, որ Սերգեյ Սարգսյանը հանդիսանում է համասեփականատեր, և վերջինիս պարտավորեցրել է վերադարձնել վիճելի բնակարանի արժեքի 1/4 մասը` 500.000 ՀՀ դրամի չափով` չունենալով նման պահանջը բավարարելու որևէ փաստական հիմք, քանի որ, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, սակայն սույն գործի փաստերի համաձայն` Սերգեյ Սարգսյանը ոչ միայն չի ստացել առուվաճառքի պայմանագրով սահմանված վաճառքի գումարը, այլ առհասարակ տեղյակ չի եղել նման գործարքի առկայության մասին, ուստի և նշված գործարքով Սերգեյ Սարգսյանն օբյեկտիվորեն չի կարող վերադարձնել այն, ինչը չի ստացել:

Ելնելով վերոգրյալից` վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերգեյ Սարգսյանի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է բավարարման:

 

2) Քննելով Արթուր Սարկիսյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ` ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը:

Սույն գործով Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու` պատասխանողի դիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվոր Սերգեյ Սարգսյանը տեղյակ չի եղել 05.04.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի մասին, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, միաժամանակ 2006 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանի Հանրապետություն երբևէ մուտք չի գործել, իսկ գործարքը կնքվել է ՀՀ նոտարական գրասենյակներից մեկում:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի` վերը նշված դիրքորոշմանը, գտել է, որ իր խախտված իրավունքների մասին Սերգեյ Սարգսյանի տեղեկանալու պահ պետք է դիտել Հայաստանի Հանրապետություն ժամանելու պահը` 24.12.2011 թվականը, որից մոտ չորս ամիս հետո` 19.04.2012 թվականին, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածով սահմանված ժամկետում խախտված իրավունքը վերականգնելու հայցով Սերգեյ Սարգսյանը դիմել է դատարան:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացրած կողմը, ի հակադրումն վերը նշվածի, չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Սերգեյ Սարգսյանն ավելի վաղ է տեղյակ եղել առուվաճառքի գործարքի մասին:

Անդրադառնալով ՀՀ ազգային անվտանգության 07.02.2013 թվական թիվ 2/71-152 գրությունը ոչ արժանահավատ ապացույց դիտելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, հետևաբար բողոքաբերը վերը նշված գրության արժանահավատության հարցը բարձրացնելիս պետք է հիմնվեր այնպիսի փաստարկների վրա, որոնք կապացուցեին տվյալ գրության` համապատասխան մարմնի կողմից տրամադրված չլինելու կամ համապատասխան մարմնի կողմից ընթացակարգային խախտումների միջոցով տրամադրված լինելու հանգամանքը: Նման փաստարկների բացակայության պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ նշված փաստաթուղթը տրամադրվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավասու պետական մարմինների լիազորությունների շրջանակում, հետևաբար սույն գործով ներկայացված նշված ապացույցը թույլատրելի է, և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դրա արժանահավատությունը, քանի դեռ համապատասխան միջոցներով և եղանակով չի ապացուցվել հակառակը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արթուր Սարկիսյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

Այսպիսով, Սերգեյ Սարգսյանի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արթուր Սարկիսյանի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Սերգեյ Սարգսյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2014 թվականի որոշման` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2013 թվականի վճիռը մասնակիորեն` Արփենիկ Բաբաջանյանի, Արա Սարգսյանի, Սերգեյ Սարգսյանի և Արթուր Սարկիսյանի միջև 05.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասով բեկանելու և փոփոխելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2013 թվականի վճռին: Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Արթուր Սարկիսյանից հօգուտ Սերգեյ Սարգսյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վերջինիս կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

Արթուր Սարկիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես իր ներկայացրած վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԵԿԴ/0881/02/12
Որոշում