Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԱԴԱՍ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ: ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵՇԴ/0121/01/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0121/01/12

Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

    Դատավորներ`        Կ. Ղազարյան

                       Գ. Մելիք-Սարգսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

                   

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ պաշտպան     Ա. Ալվանդյանի

 

2014 թվականի մայիսի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունվարի 14-ի որոշման դեմ ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի և տուժող Ա. Մկրտչյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. 2011 թվականի փետրվարի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 16105311 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թիվ 16105311 քրեական գործից անջատվել է վաշխառությամբ զբաղվելու մասը, որն առանձնացվել է առանձին վարույթում` շնորհելով թիվ 62209111 համարը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի նոյեմբերի 1-ին Տ.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012 թվականի նոյեմբերի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով Տ. Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 1-ին ենթակետի հիման վրա` Տ. Մարտիրոսյանն ազատվել է պատժի կրումից:

Տուժող Ա. Մկրտչյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության` վերջինիս իրավունք վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:

3. Ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի և տուժող Ա. Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է`օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանը և տուժող Ա. Մկրտչյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի և տուժող Ա. Մկրտչյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Տուժող Ա. Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի բողոքը վերադարձնել, իսկ տուժողներ Ա. Թոխյանը, Է. Դուլյանը դիմում են ներկայացրել` խնդրելով հաշվի առնել այն, որ Տ. Մարտիրոսյանի բողոքարկումների հետևանքով իրենք վերջնական որոշում չեն ստանում:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

 

5. Ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2009թ. սկզբներին տուժող Անաիդա Ժորժիկի Դոխոյանն իր մտերիմներ, տուժողներ Անահիտ Թոխյանի և Էռնեստ Դուլյանի հետ միասին որոշել են պարտքով գումար վերցնել: Այդ նպատակով Անաիդա Դոխոյանը դիմել է ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանին` պարտքով 40.000 ԱՄՆ դոլար տրամադրելու խնդրանքով: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը համաձայնել և նշել է, որ ինքը պարտքով գումարը տրամադրում է ամսական 5 տոկոս տոկոսադրույքով և բացի այդ, որպես գումարի հետ վերադարձման երաշխիք պետք է գումարին համարժեք անշարժ գույք ձևակերպել իր անվամբ: Քանի որ Անաիդա Դոխյանն իր անունով անշարժ գույք չի ունեցել, որոշել են Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրանցել Անահիտ Թոխյանին և Էռնեստ Դուլյանին պատկանող, Երևանի Նոր Նորք համայնքի Նորքի 1-ին մ/շ թիվ 40 շենքի (Նանսենի 21/1 շենքի) թիվ 16 բնակարանը: 2009թ. մարտի 12-ին Անահիտ Թոխյանի, Էռնեստ Դուլյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որից հետո Տիգրան Մարտիրոսյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում Անաիդա Դոխյանին է տվել 36.000 ԱՄՆ դոլար գումար` միանգամից վերցնելով 40.000 ԱՄՆ դոլարի երկու ամսվա տոկոսագումարը` 4.000 ԱՄՆ դոլարը: Հետագա ամիսների ընթացքում` մինչև 2009թ. հոկտեմբեր ամիսը, Տիգրան Մարտիրոսյանն իր տված 40.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց Անաիդա Դոխյանից որպես տոկոսագումար ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով ևս 10.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար` ընդհանուր ստանալով 5.180.000 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար:

Բացի դրանից, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4 տոկոսով, 2009 թվականի հունիսի 10-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում տուժող Արմեն Միշայի Մկրտչյանին է տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար, իսկ հունիսի 11-ին` 30.000 ԱՄՆ դոլար: Որպես գումարի վերադարձման երաշխիք` 2009թ. հունիսի 11-ին ձևականորեն կնքված առուվաճառքի պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրանցվել է Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 3-րդ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող, տուժող Արմեն Մկրտչյանի կնոջը` Նատալյա Ավագյանին պատկանող սեփական տունը: Նույն տոկոսադրույքով ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը տուժող Արմեն Մկրտչյանին է տրամադրել ևս 10.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձման երաշխիք` 2009թ. հուլիսի 10-ին ձևականորեն կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Գեղարվեստագործ» ԱԿ-ին պատկանող շինությունը: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանն իր տված ընդհանուր` 50.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տուժող Արմեն Մկրտչյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 7.584.500 ՀՀ դրամին համարժեք 19.700 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4.17 տոկոսով, 2009 թվականի հունիսի 10-ին տուժող Լաուրա Խաչատուրի Սարգսյանին է տրամադրել 22.200.000 ՀՀ դրամին համարժեք 60.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձման երաշխիք` ձևականորեն կնքված անշարժ գույքի հիպոթեքի (գրավի) պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Լաուրա Սարգսյանին պատկանող, Երևան քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի 3-րդ շենքի թիվ 34 բնակարանը: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանն իր տված 60.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2011 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում տուժող Լաուրա Սարգսյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 18.250.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով, 2010 թվականի մարտի 9-ին և 12-ին Շենգավիթ վարչական շրջանում Սուրեն Ֆատոյի Սադոևին է տրամադրել 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձման երաշխիք` ձևականորեն կնքված անշարժ գույքի հիպոթեքի (գրավի) պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Սուրեն Սադոևին պատկանող Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 70 շենքի թիվ 54 հասցեում գտնվող տարածքը: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանն իր տված 30.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2011 մարտն ընկած ժամանակահատվածում Սուրեն Սադոևից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 6.570.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումար» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 62-63):

6. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Անաիդա Դոխոյանի, Էռնեստ Դուլյանի, Անահիտ Թոխայանի, Արմեն Մկրտչյանի, Լաուրա Սարգսյանի, Սուրեն Սադոևի, վկաներ Նատալյա Ավագյանի, Հայկ Մանուկյանի, Փարվիզ Նոսրաթիալամդարիի ցուցմունքները, տուժող Անաիդա Դոխոյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Արմեն Մկրտչյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Լաուրա Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի առերես հարցաքննության արձանագրությունները և ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի մարտի 24-ի թիվ 15.3-06/000546Վ2 գրությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 62-66):

7. Տուժող Ա. Մկրտչյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումի (այսուհետ նաև` Հայցադիմում) ներածական մասում որպես տուժող նշված են Արմեն Միշայի Մկրտչյանի տվյալները, քրեական գործի համարը, որպես ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի տվյալները:

Հայցադիմումի եզրափակիչ մասի համաձայն` «1. Թիվ ԵՇԴ/0121/01/12 (...) քրեական գործով տուժող Արմեն Միշայի Մկրտչյանիս ճանաչել քաղաքացիական հայցվոր,

2. Մեղադրյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանից հօգուտ տուժող Արմեն Միշայի Մկրտչյանիս բռնագանձել հանցագործությամբ պատճառված վնասը` 19.700 (...) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 91, 98):

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «Քննարկելով քաղաքացիական հայցի և գույքային վնասի հատուցման հարցերը` դատարանը գտնում է, որ տուժող և քաղաքացիական հայցվոր Արմեն Մկրտչյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Սույն քրեական գործով տուժող Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված վերոհիշյալ հայցադիմումում նշված չէ, թե ով է հանդիսանում հայցվորը, ով է պատասխանողը: Հետևաբար Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը պետք է թողնել առանց քննության, ինչն արգելք չի հանդիսանում հայցը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 66):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով տուժող Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը, փաստում է, որ դրանում համապատասխան նշումներ չկան այն մասին, թե ով է հանդիսանում հայցվոր, ով` պատասխանող: (...) Հետևաբար, նշվածից բխում է, որ առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն այն մասին, որ Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը պետք է թողնել առանց քննության, ինչն արգելք չի հանդիսանում ներկայացված քաղաքացիական հայցը քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու համար, օրինական է և հիմնավոր (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 121-122):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Ամբաստանյալ Տ. Մարտիրսյանի պաշտպան Ա. Ալվանդյանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը վկայակոչել է Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունիսի 8-ին կայացված թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշումը, որտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի ուժով տոկոսի չափի խախտմամբ կնքված փոխառության պայմանագիրը համարվում է վիճահարույց գործարք, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը հնարավորություն է տալիս կողմերին նման գործարքը վիճարկել դատական կարգով և պահանջել կիրառել անվավերության հետևանքներ:

Ըստ բողոքաբերի` ամբաստանյալի և ենթադրյալ տուժողների միջև ըստ էության ծավալվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ և 46-րդ գլուխներով նախատեսված` գրավի փոխառության պայմանագրերով սահմանված իրավահարաբերություններ, որոնք ենթակա են կարգավորման քաղաքացիական դատավարության կարգով: Կողմերը փոխառության պայմանագրերը կնքելուց հետո շուրջ երեք տարի այդ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկել, իսկ Տ.Մարտիրոսյանի կողմից դատարան դիմելուց հետո հակընդդեմ պահանջ չեն ներկայացրել: Բացի այդ, փոխառության պայմանագրերը կնքվել են տուժողների նախաձեռնությամբ, և նրանց կամքին հակառակ որևէ գործողություն չի կատարվել: Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունիսի 8-ին կայացված թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշմանը:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Տ. Մարտիրոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, քանի որ Տ. Մարտիրոսյանի և տուժողների միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց` պայմանագիր, ստացական և այլ, որով կհիմնավորվեր Տ. Մարտիրոսյանի կողմից վերոհիշյալ հոդվածով նախատեսված արարքի կատարումը: Մինչդեռ ստորադաս դատարանները, Տ. Մարտիրոսյանի նկատմամբ կայացնելով մեղադրական դատական ակտեր, դրանց հիմքում դրել են միայն գործի ելքով շահագրգռված ենթադրյալ տուժողների հարազատներ հանդիսացող անձանց և տուժողների հակասական ցուցմունքները: Ընդ որում, վկաները դատաքննության ընթացքում նշել են, որ ոչ տոկոս տալն են տեսել, ոչ էլ վերցնելը: Տ. Մարտիրոսյանի կողմից պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու վերաբերյալ, բացառությամբ շահագրգիռ անձանց` տուժողների ցուցմունքներից, որևէ ապացույց, այդ թվում` ստացական, պայմանագիր առկա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշումը, ճանաչել և հռչակել Տ.Մարտիրոսյանի անմեղությունը և նրան արդարացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

11. Տուժող Ա. Մկրտչյանը փաստարկել է, որ ստորադաս դատարանները քաղաքացիական հայցի մասով կայացրել են չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր: Այս կապակցությամբ բողոքաբերը փաստարկել է, որ Տ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարված հանցագործություններով անմիջականորեն գույքային վնաս է պատճառվել իրեն: Բողոք բերած անձը հավելել է, որ սույն քրեական գործի վարույթին զուգահեռ Տ. Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան իրենից 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջով, որի հիմքում դրվել է Ա.Մկրտչյանի կողմից 2009 թվականի հունիսի 10-ին գրված 20.000 ԱՄՆ դոլար պարտքով վերցնելու ստացականը: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Տ. Մարտիրոսյանի պահանջը, մինչդեռ ստորադաս դատարաններն իր քաղաքացիական հայցը թողնել են առանց քննության այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումում նշված չէ, թե ով է հանդիսանում հայցվոր և պատասխանող: Այս կապակցությամբ բողոքաբերը շեշտել է, որ դատարանները հաշվի չեն առել, որ քրեական գործի շրջանակներում հարուցված քաղաքացիական հայցը ներկայացվում է բացառապես ամբաստանյալի դեմ, իսկ հայց ներկայացնելու իրավունքը պատկանում է տուժողին, բացի այդ, հայցադիմումի եզրափակիչ մասում հստակ նշվել են թե՛ հայցվորի և թե՛ պատասխանողի ինքնությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է քաղաքացիական հայցի մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը և տուժող Ա.Մկրտչյանի քաղաքացիական հայցը բավարարել, այն է` ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանից հօգուտ տուժող Ա.Մկրտչյանի բռնագանձել հանցագործությամբ պատճառված վնասը` 19.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Ա.Ալվանդյանի կողմից փաստարկված` Տ. Մարտիրոսյանի արարքում վաշխառության հանցակազմի բացակայության առումով առկա է առերևույթ հակասություն սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի և Վճռաբեկ դատարանի` Քնարիկ Պետրոսյանի գործով կայացված որոշման միջև (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերոնշյալ դատական ակտերի միջև առկա հակասություններին և նախկինում ընդունված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների հիման վրա արտահայտել մոտեցումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տուժողի ցուցմունքի` որպես ապացույցի գնահատման, ինչպես նաև քրեական գործերով քաղաքացիական հայցին ներկայացվող ձևական պահանջների և դրանց չպահպանման իրավական հետևանքների կապակցությամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերը) առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի հակասությունը Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմանը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. սույն գործով կիրառման ենթակա՞ էին արդյոք Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները, և հետևաբար, առկա՞ է արդյոք հակասություն սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի և Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման միջև:

i

14. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն` «1. Վաշխառությունը պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալ[ն է], ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը (...):

2. Նույն արարքը`

(...)

2) որը կատարվել է որպես արհեստ,

(...)»:

Վաշխառության հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մաս) Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ք. Պետրոսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Օբյեկտիվ կողմից վաշխառության հանցակազմը նկարագրված է հետևյալ երկընտրելի արարքների միջոցով`

1) պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը,

2) անձի հետ` նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվում է մյուս կողմը» (տե՛ս Քնարիկ Նորիկի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշման 13-րդ կետը):

15. Ք. Պետրոսյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո մեկնաբանելով վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցակազմն առկա է այն դեպքում, երբ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված վաշխառությամբ զբաղվում է պարբերաբար, և դա հանդիսանում է նրա եկամտի աղբյուրը: Այլ խոսքով` վաշխառությունը որպես արհեստ կատարելն առկա է, երբ անձը.

ա) պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ է ստացել, կամ

բ) անձի հետ` նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք է կատարել,

գ) (ա) կամ (բ) ենթակետերում նկարագրված գործողությունները կատարել է պարբերաբար, ինչի արդյունքում իր համար եկամտի աղբյուր է ձևավորել:

16. Ք. Պետրոսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել նաև այն մասին, որ «(...) [Մ]ասնավոր հետապնդման գործ հանդիսացող` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելու հնարավորության կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառությունը փոխառության պայմանագրի էական պայմաններից մեկի (տոկոսի չափի) խախտմամբ կնքված գործարք է (...), ուստի վերջինիս կապակցությամբ քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ պայմանագրային իրավունքից (մասնավոր իրավունքից) բխող վեճերի պարագայում հանրային շահն էապես ավելի փոքր է, քան մասնավոր շահը: ՈՒստի հանրային-իրավական գործիքակազմի ներգրավումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ բարձր ու համարժեք ապացուցողական չափանիշով հիմնավորվում է, որ տվյալ կոնկրետ դեպքում առկա է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահ:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է նաև այն հանգամանքի վրա, որ որպես տոկոսի չափի խախտմամբ փոխառության պայմանագրի կնքման նախաձեռնող շատ դեպքերում հանդես է գալիս վաշխառության ենթադրյալ տուժողը, ով հետագայում, փաստորեն, հնարավորություն է ստանում չարաշահելու իր իրավունքը, եթե հայտնվում է անբարենպաստ դրության մեջ, օրինակ` չի կարողանում կամ չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները» (տե՛ս Քնարիկ Նորիկի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշման 19-րդ կետը):

Մեջբերված դիրքորոշումից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելու հնարավորության կապակցությամբ հանրային-իրավական գործիքակազմի ներգրավումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ բարձր ու համարժեք ապացուցողական չափանիշով հիմնավորվում է, որ տվյալ կոնկրետ դեպքում առկա է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ դիրքորոշումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմին, քանի որ`

ա) ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմի վերաբերյալ քրեական գործ կարող է հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` մասնավոր մեղադրանքի գործ է),

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմը, ըստ էության, բխում է պայմանագրային իրավահարաբերություններից, իսկ պայմանագրային իրավունքից (մասնավոր իրավունքից) բխող վեճերի պարագայում հանրային շահն էապես ավելի փոքր է, քան մասնավոր շահը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմի վերաբերյալ գործով շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահի առկայության հարցի գնահատումն ուղղակիորեն կապված է կոնկրետ գործի հանգամանքներից:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Տ. Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի և տուժող Ա. Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները`օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ` ա) Տ.Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք. Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` վաշխառությունը որպես արհեստ կատարելը, բ) Տ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք. Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, հանդիսանում է հանրային հետապնդման գործ (հարուցվում և քննվում է տուժողի կամահայտնությունից անկախ), գ) Տ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք. Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, բնութագրվում է բարձր հանրային վտանգավորության աստիճանով, դ) Տ. Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք. Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, առավել մեծ հանրային շահ է շոշափում, քանի որ դրա հետևանքով ավելի մեծ չափով է խախտվում պետության ֆինանսական գործունեությունը, վաշխառուն ստանում է ավելի մեծ ծավալի չհաշվառված եկամուտ, ինչպես նաև ավելի մեծ նյութական վնաս է պատճառում քաղաքացիներին և իրավաբանական անձանց, քան վաշխառության հասարակ հանցակազմի առկայության դեպքում:

19. Ա. Սիմոնյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի Ս. Այվազյանի գործով որոշման 26-րդ կետում ամրագրված չափանիշներով, քանի որ դրանք վերաբերելի են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումների կիրառելիության հարցի լուծման շրջանակներին» (տե՛ս Անահիտ Սիմոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 15-րդ կետը):

Ս. Այվազյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը` եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն» (տե՛ս Սեյրան Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 26-րդ կետը):

20. Սույն որոշման 19-րդ կետում մեջբերված չափանիշների համատեքստում գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ք. Պետրոսյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը, իր բնույթով առավել կոնկրետ է, և դրա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն: Մինչդեռ սույն որոշման 18-րդ կետում շարադրված եզրահանգումներից երևում է, որ սույն և Ք.Պետրոսյանի գործով կայացված դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների ընդհանրությունը փոքր է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառման ենթակա չէին և հետևաբար, սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի և Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման միջև հակասություն առկա չէ:

 

II. Ապացույցների գնահատումը.

 

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես` տուժողի և վկաների ցուցմունքներով հաստատվո՞ւմ է արդյոք ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի արարքում վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցակազմի առկայությունը:

i

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ»:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որպես ապացույց թույլատրվում են` կասկածյալի ցուցմունքները, մեղադրյալի ցուցմունքները, տուժողի ցուցմունքները, վկայի ցուցմունքները, տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները, դատապարտյալի ցուցմունքները, փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները, այլ փաստաթղթերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մ. Հովհաննիսյանի և Ա. Մարտիրոսյանի, ինչպես նաև Ս. Սաքանյանի գործերով կայացված որոշումներում:

Մասնավորապես, Մ. Հովհաննիսյանի և Ա. Մարտիրոսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Ք]րեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.

ա) ապացույցները պետք է պարունակեն ոչ թե գնահատողական դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ,

բ) այդ փաստական տվյալները պետք է ձեռք բերվեն օրենքով նշված աղբյուրներից և վերաբերեն կոնկրետ տվյալ գործին և ապացուցման առարկային,

գ) ապացույցները պետք է ձեռք բերվեն, ամրագրվեն և օգտագործվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով:

Նշված պահանջների պահպանման հետ է անմիջականորեն կապված ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցի լուծումը, որն իր հերթին կազմում է ապացույցների գնահատման բաղկացուցիչ մասը:

(...) Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից ներկայացնում է մտավոր, տրամաբանական գործունեություն, որի արդյունքում եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին» (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 13-14-րդ կետերը):

Ս. Սաքանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում, (...) [ն]շված հանգամանքներն իրենց ամբողջության մեջ կազմում են ապացուցման առարկան, որն օրենքում ձևակերպված է ընդհանուր տեսքով և կիրառելի է բոլոր տեսակի հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ապացուցման առարկայի` օրենքում ամրագրված տիպական թվարկումը յուրաքանչյուր գործով ճշգրտվում և լրացվում է հանցագործության քրեաիրավական որակմանը համապատասխան: Սա նշանակում է, որ կատարված իրադարձությունը (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ նրա յուրաքանչյուր հանգամանքը առանձին վերցված) յուրաքանչյուր դեպքում պետք է հետազոտել` հաշվի առնելով քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշները:

(...) [Ա]պացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշում, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:

(...)

Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները`

1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,

2) դատավարական որոշումների հիմնավորվածություն և պատճառաբանվածություն,

3) անմեղության կանխավարկած:

(...)

[Ն]երքին համոզմունքը վարույթն իրականացնող մարմնի համոզմունքն է այն մասին, որ առկա ապացույցները բավարար են գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ հանգամանքները բացահայտված դիտելու համար:

[Ա]պացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է «ապացույցների համակցություն» հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`

1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,

2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,

3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում» (տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ և 17-րդ կետերը):

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի մարտ ամսին տուժող Ա.Դոխյանին է տվել 36.000 ԱՄՆ դոլար գումար` միանգամից վերցնելով 40.000 ԱՄՆ դոլարի երկու ամսվա տոկոսագումարը` 4.000 ԱՄՆ դոլարը, և մինչև 2009թ. հոկտեմբեր ամիսն իր տված 40.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց Ա. Դոխյանից որպես տոկոսագումար ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով ևս 10.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար` ընդհանուր ստանալով 5.180.000 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար:

Բացի այդ, ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4 տոկոսով, 2009 թվականի հունիս-հուլիս ամիսներին տուժող Ա.Մկրտչյանին է տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար, ապա` 30.000 ԱՄՆ դոլար, որից հետո ևս 10.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի արդյունքում ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանն իր տված ընդհանուր` 50.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2010 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածը տուժող Ա. Մկրտչյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 7.584.500 ՀՀ դրամին համարժեք 19.700 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4.17 տոկոսով, 2009 թվականի հունիսի 10-ին տուժող Լ. Սարգսյանին է տրամադրել 22.200.000 ՀՀ դրամին համարժեք 60.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի արդյունքում մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանը տուժող Լ. Սարգսյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 18.250.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով, 2010 թվականի մարտի 9-ին և 12-ին տուժող Ս. Սադոևին է տրամադրել 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի արդյունքում մինչև 2011 թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը, տուժող Ս. Սադոևից որպես որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 6.570.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Անաիդա Դոխոյանի, Էռնեստ Դուլյանի, Անահիտ Թոխայանի, Արմեն Մկրտչյանի, Լաուրա Սարգսյանի, Սուրեն Սադոևի, վկաներ Նատալյա Ավագյանի, Հայկ Մանուկյանի, Փարվիզ Նոսրաթիալամդարիի ցուցմունքները, տուժող Անաիդա Դոխոյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Արմեն Մկրտչյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Լաուրա Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի առերես հարցաքննության արձանագրությունները և ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի մարտի 24-ի թիվ 15.3-06/000546Վ2 գրությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

24. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված և 22-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի արարքում վաշխառությունը որպես արհեստ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) հանցակազմի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորվում են հետևյալ հանգամանքներով`

ա) ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանը տուժողներ Ս. Սադոևին, Լ. Սարգսյանին, Ա. Մկրտչյանին, Ա. Թոխյանին պարտք տված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ է ստացել,

բ) նախորդ ենթակետում նկարագրված գործողությունները Տ. Մարտիրոսյանը կատարել է պարբերաբար, ինչի արդյունքում իր համար եկամտի աղբյուր է ձևավորել:

25. Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Տ. Մարտիրոսյանի կողմից պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու վերաբերյալ, բացառությամբ շահագրգիռ անձանց` տուժողների ցուցմունքներից, որևէ ապացույց, այդ թվում` ստացական, պայմանագիր առկա չէ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`

ա) տուժողի ցուցմունքն օրենքով նախատեսված ապացույցի տեսակ է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ),

բ) տուժողի համար օրենքով սահմանված է իրեն հայտնի ամեն ինչ պատմելու պարտականություն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդված, 206-րդ հոդվածի 4-րդ մաս),

գ) հարցաքննությունից առաջ տուժողը նախազգուշացվում է ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդված, 206-րդ հոդվածի 4-րդ մաս, 343-րդ հոդված, 339-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ):

Տուժողն այն անձն է, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է կամ այդ արարքը կատարելն ավարտվելու դեպքում կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մաս): Նա քրեական դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբյեկտ և գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ և պարտականություններ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված), որոնցից է նաև ցուցմունք տալու իրավունքը և պարտականությունը:

Հետևաբար տուժողի ցուցմունքն իր բնույթով ոչ միայն ապացույցի ինքնուրույն տեսակ է, այլև վերջինիս իրավունքների և շահերի պաշտպանության միջոց: Ընդ որում, վերջին հանգամանքն ինքնին չի նսեմացնում տուժողի ցուցմունքի` որպես ապացույցի հատկանիշները (ապացուցողական ուժ, հավաստիություն): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի ուղղակի պահանջը, որի համաձայն` «(...) Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:

Վերոգրյալով պայմանավորված` օրենսդիրը, տուժողի ցուցմունքը նախատեսելով որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, հաշվի առնելով դրա անձնային բնույթի ապացույց լինելու հատկանիշը, նախատեսել է նաև դրա հավաստիությունն ապահովելու լրացուցիչ երաշխիք (տես սույն կետի (գ) ենթակետը):

26. Բողոքաբերի փաստարկներից երևում է նաև, որ բողոք բերած անձը, տուժողների ցուցմունքներն անթույլատրելի կամ ոչ հավաստի լինելու վերաբերյալ որևէ այլ հիմնավորում չի ներկայացրել` բացի նրանց շահագրգիռ լինելու վերաբերյալ փաստարկի (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Մինչդեռ տուժողներ Անաիդա Դոխոյանի, Էռնեստ Դուլյանի, Անահիտ Թոխայանի, Արմեն Մկրտչյանի, Լաուրա Սարգսյանի, Սուրեն Սադոևի ցուցմունքները բովանդակում են փաստական տվյալներ Տ.Մարտիրոսյանի կողմից պարտք տրված դրամի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու, դրա պարբերականության և տևականության, արդյունքում այդ գործողությունների հետևանքով Տ. Մարտիրոսյանի համար եկամտի լրացուցիչ աղբյուր գոյանալու վերաբերյալ: Ամբաստանյալի կողմից վկայակոչված գործողության կատարման պարբերականության մասին է վկայում նաև տուժողների բազմաթիվությունը, ինչպես նաև նրանց մի մասի` մյուսների և նրանց կողմից տրված գումարների հետ կապ չունենալը: Բացի այդ, տուժողներ Անաիդա Դոխոյանը, Արմեն Մկրտչյանը, Լաուրա Սարգսյանը, Սուրեն Սադոևն իրենց ցուցմունքները պնդել են նաև ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ:

27. Ինչ վերաբերում է տուժողների հարազատներ հանդիսացող վկաների շահագրգռվածության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկաների կողմից տրված ցուցմունքները նույնպես տեղեկություններ են պարունակում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին: Մասնավորապես, վկաները ցուցմունք տալիս նշել են իրենց կողմից հայտնված տվյալների ստացման աղբյուրը (համապատասխան տուժողները) (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մաս), հետևաբար նրանց կողմից տրված ցուցմունքները` որպես ածանցյալ ապացույցներ, գործում առկա մնացած ապացույցների հետ համակցությամբ կարող են օգտագործվել ապացուցման առարկան կազմող հանգամանքները հաստատված համարելու համար:

28. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողների և նրանց հարազատներ հանդիսացող վկաների ցուցմունքները յուրաքանչյուր դեպքում պետք է դատարանի կողմից պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատման ենթարկվեն գործում առկա բոլոր ապացույցների հետ համակցությամբ: Հետևաբար, սույն գործով ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգման ենթարկելով քրեական գործի հիմքում դրված ապացույցների ձեռքբերման աղբյուրները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Տ. Մարտիրոսյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում հաստատվում է, իսկ բողոքաբերի պատճառաբանությունները հերքվում են տուժողներ Ա.Դոխոյանի, Է. Դուլյանի, Ա. Թոխայանի, Ա. Մկրտչյանի, Լ. Սարգսյանի, Ս. Սադոևի, վկաներ Ն. Ավագյանի, Հ. Մանուկյանի, Փ. Նոսրաթիալամդարիի ցուցմունքներով, ինչպես նաև տուժող Անաիդա Դոխոյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Արմեն Մկրտչյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Լաուրա Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի առերես հարցաքննության արձանագրություններով և ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի մարտի 24-ի թիվ 15.3-06/000546Վ2 գրությամբ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Այսպիսով, ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի կատարած հանցանքն ապացուցված և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ առումով ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ բողոքաբերի փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար հիմք չեն կարող հանդիսանալ այդ մասով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

 

III. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցն առանց քննության թողնելը.

 

i

29. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք տուժող Ա. Մկրտչյանի քաղաքացիական հայցն առանց քննության թողնելը` դրանում հայցվորի և պատասխանողի վերաբերյալ տվյալներ նշված չլինելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մաս) հիմնավորմամբ:

30. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` «1. Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:

2. Քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին որոշումն ընդունում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:

2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:

3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաև պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` «Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել հայցադիմումն ընդունելուց, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն` «Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության դատական պրակտիկայի մասին» թիվ 100 որոշման 3-րդ կետի համաձայն` «Քաղաքացիական հայցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն կայացնում է որոշում` հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու մասին»:

Մեջբերված իրավական նորմերի, ինչպես նաև ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 100 որոշման վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի հարուցման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Վերջինս նախատեսում է քաղաքացիական հայցի օբյեկտիվ դրսևորման` հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող ձևական պահանջները: Մասնավորապես, հայցադիմումում նշվում է.

ա) որ քրեական գործով (քրեական գործի նույնականացման տվյալները),

բ) ով (քաղաքացիական հայցվորի վերաբերյալ տվյալներ),

գ) ում դեմ (քաղաքացիական պատասխանողի վերաբերյալ տվյալներ),

դ) ինչի հիման վրա (հայցի հիմքը),

ե) ինչ չափով է (բռնագանձման ենթակա գումարի չափը)

քաղաքացիական հայց հարուցում, ինչպես նաև նշվում է վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի (հայցի առարկան) բռնագանձման խնդրանքը:

31. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է նաև հայցադիմումի` նույն օրենսգրքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հետևանքը, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից այն ընդունելուց հրաժարվելը: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների տրամաբանությունից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմինը, ստանալով հայցադիմումը, իրավասու է կայացնել հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդված) կամ քաղաքացիական հայցվոր ճանաչելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդված) որոշում: Իսկ դատավճռով դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն կամ մերժում է դրա բավարարումը կամ այն թողնում է առանց քննության:

Այլ կերպ` դատավճռով դատարանը քննարկում է քաղաքացիական հայցի հիմքերի և չափի հիմնավորվածության հարցերը (հայցն ըստ էության) և դրա արդյունքում կայացնում համապատասխան որոշում, այդ թվում` հայցն առանց քննության թողնելու մասին: Դատավճռով չեն կարող քննարկման առարկա դարձվել հայցադիմումի ձևական պահանջների պահպանվածության հարցերը, ավելին, դրանք չեն կարող հանգեցնել հայցն առանց քննության թողնելուն, քանի որ այդ հարցերը քննարկման առարկա են դառնում դատավարության ավելի վաղ փուլերում և միայն դրական արդյունքի դեպքում է քաղաքացիական հայցի քննությունն անցնում ըստ էության քննության և լուծման փուլ: Ավելին, ձևական պահանջները պահպանված չլինելը կարող է հանգեցնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հայցադիմումն ընդունելուց հրաժարվելուն, այլ ոչ թե այն առանց քննության թողնելուն:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է նաև անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման պահանջի վրա: Չնայած քաղաքացիական հայցն առանց քննության թողնելիս անձը չի զրկվում քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, սակայն միևնույն ժամանակ պետությունը պարտավորված է ապահովել ողջամիտ ժամկետում անձի արդար դատաքննության իրավունքը և այս առումով իրավասու չէ ձևական նկատառումներով հրաժարվել արդարադատություն իրականացնելուց: Վերջին դեպքում չի ապահովվի արդարացի հավասարակշռությունը անձի արդար դատաքննության իրավունքի և դրա սահմանափակումների միջև, ինչն էլ կիմաստազրկի այդ իրավունքի բուն էությունը:

32. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տուժող Ա. Մկրտչյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումի (այսուհետ նաև` Հայցադիմում) ներածական մասում որպես տուժող նշված է Արմեն Միշայի Մկրտչյանի տվյալները, քրեական գործի համարը, որպես ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանի տվյալները:

Հայցադիմումի եզրափակիչ մասի համաձայն` «1. Թիվ ԵՇԴ/0121/01/12 (...) քրեական գործով տուժող Արմեն Միշայի Մկրտչյանիս ճանաչել քաղաքացիական հայցվոր, 2. Մեղադրյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանից հօգուտ տուժող Արմեն Միշայի Մկրտչյանիս բռնագանձել հանցագործությամբ պատճառված վնասը` 19.700 (...) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով» (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը տուժող Ա.Մկրտչյանի քաղաքացիական հայցը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ տուժող Ա.Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումում նշված չէ, թե ով է հայցվորը և պատասխանողը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի օրինականությունը և հիմնավորվածությունը, փաստել է, որ օրինական և հիմնավոր են տուժող Ա. Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումն առանց քննության թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետ):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ ներկայացված հայցադիմումում Ա.Մկրտչյանը նշել է, թե ով է հայցվորը և ով պատասխանողը: Ավելին, պահանջել է իրեն ճանաչել քաղաքացիական հայցվոր և ամբաստանյալ Տ. Մարտիրոսյանից բռնագանձել իրեն պատճառված վնասը: Նշվածից առավել քան ակնհայտ է, որ Ա. Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումում պահպանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն այն մասին, որ հայցադիմումում պետք է նշվեն` ով ում դեմ է ներկայացրել հայցը: Հետևաբար ստորադաս դատարանների պատճառաբանությունն այն մասին, որ Ա. Մկրտչյանը հայցադիմումում չի նշել թե ով է հայցվորը և ով պատասխանողը, չի հիմնավորվում գործի նյութերով: Հետևաբար, տուժող Ա. Մկրտչյանի քաղաքացիական հայցն առանց քննության թողնելը դրանում հայցվորի և պատասխանողի վերաբերյալ տվյալներ նշված չլինելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մաս) հիմնավորմամբ իրավաչափ չէ:

33. Վերոգրյալի հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու մասով ստորադաս դատարանները կայացրել են ըստ էության ճիշտ որոշում, քանի որ սույն գործով առկա են ներկայացված քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու այլ հիմքեր:

Մասնավորապես, առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով Ա. Մկրտչյանից հօգուտ ամբաստանյալի բռնագանձվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` իր կողմից 2009 թվականի հունիսի 10-ին գրված 20.000 ԱՄՆ դոլար պարտքով վերցնելու ստացականի հիման վրա (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`

. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված վաշխառության տարատեսակն ըստ էության ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված փոխառության պայմանագրի էական պայմաններից մեկի (տոկոսի չափի) խախտմամբ կնքված գործարք է,

. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի ուժով տոկոսի չափի խախտմամբ կնքված փոխառության պայմանագիրը համարվում է վիճահարույց գործարք,

. ըստ բողոք բերած անձի փաստարկների` առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով այդ գործարքի հիման վրա իրենից հօգուտ ամբաստանյալի բռնագանձվել է գումար:

Հետևաբար, ելնելով իրավական որոշակիության սկզբունքից, ինչպես նաև տուժող Ա. Մկրտչյանի հայցի լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու անհրաժեշտությունից` Ա. Մկրտչյանի կողմից ներկայացված հայցը պետք է քննարկման առարկա դարձվի ոչ թե քրեական դատավարության, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում Ա. Մկրտչյանի կողմից օրենքով սահմանված կարգով դիմելու դեպքում:

34. Հիմք ընդունելով սույն որոշման 14-28-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տ. Մարտիրոսյանի արարքի որակման մասով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի, Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի դատական ակտերն օրինական, հիմնավորված ու պատճառաբանված են, դրանք բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան, իսկ քաղաքացիական հայցի մասով դրանք պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները (տե՛ս սույն որոշման 30-33-րդ կետերը): ՈՒստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա` վճռաբեկ բողոքները պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Տուժող Արմեն Միշայի Մկրտչյանի և ամբաստանյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի պաշտպան Ա. Ալվանդյանի վճռաբեկ բողոքները մերժել: Ամբաստանյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

I. Սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի հակասությունը Ք. Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմանը. վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները`

III. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցն առանց քննության թողնելը.

 

 

pin
Վճռաբեկ դատարան
31.05.2014
N ԵՇԴ/0121/01/12
Որոշում