010.0086.170714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 74-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.4-րդ մասերով.
«4.1. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ` գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում է 5 անդամ` մեկը` իրավաբան գիտնական, մեկը` նախկին դատավոր, որի պաշտոնավարումը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը` առաջին ատյանի դատարանների դատավորներից, մեկը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` վճռաբեկ դատարանի դատավորներից:
4.2. Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով` բարձր կամ լավ գնահատական:
4.3. Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:
4.4. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ ընդգրկվել Դատավորների ընդհանուր ժողովի մեկ այլ հանձնաժողովի կազմում:».
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Նախկին դատավորը կամ իրավաբան գիտնականը կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ մասնակցի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ:».
4) 7-րդ մասի`
ա) առաջին նախադասության «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 4.1-ին» բառերով, «դատարանների» բառից հետո լրացնել «(գնահատման հանձնաժողովի դեպքում` նաև ըստ նախկին դատավորների և իրավաբան գիտնականների)» բառերով.
բ) երկրորդ նախադասությունը «դատավորների» բառից հետո լրացնել «(գնահատման հանձնաժողովի դեպքում` նաև նախկին դատավորների և իրավաբան գիտնականների)» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումների պատճենները.»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.
i
«ԳԼՈՒԽ 12.1
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 96.1. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո ենթակա է պարբերաբար գնահատման:
2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է`
1) բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.
2) նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը.
3) դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:
3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է գնահատման հանձնաժողովը:
4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը և ինքնագնահատման թերթիկի ձևը:
5. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր տարի քանակական չափանիշներին վերաբերող անհրաժեշտ տվյալները ուղարկում է դատավորին և գնահատման հանձնաժողովին:
ՀՈԴՎԱԾ 96.2. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա:
2. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի` գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:
3. Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա:
4. Գնահատումն անցկացվում է` սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:
5. Ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի` դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են`
1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը.
2) ըստ գործերի առանձին տեսակների` գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).
3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված` դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը գնահատվում են դատավորի անհատական աշխատանքային ծանրաբեռնվածության գործակցով: Այդ գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը բաժանելով տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականի գործակցին` ըստ դատավորների մասնագիտացման, իսկ վճռաբեկ դատարանում` ըստ պալատների:
7. Տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի ավարտած բոլոր գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատավորին հանձնված բոլոր նոր գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:
8. Տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականության գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատարանի դատավորների ավարտած գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված (բոլոր դատավորների մոտ առկա) գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատարան ներկայացված գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:
9. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննության միջին տևողությունը գնահատելու համար Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ` ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի առանձին տեսակների և բարդության, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշի հաշվարկման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
10. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են`
1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես`
ա) դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,
բ) դատական ակտի հստակությունը,
գ) գրավոր խոսքի մատչելիությունը,
դ) վերլուծական հմտությունները,
ե) դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.
2) մասնագիտական կարողությունները`
ա) դատավարության մասնակիցների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը,
բ) ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,
գ) դատական նիստը վարելու հմտությունները.
3) կազմակերպչական հմտությունները`
ա) արդարադատության արդյունավետությանն ուղղված նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար մարդկային ու նյութական ռեսուրսները կազմակերպելու ունակությունը,
բ) գործընկեր դատավորների և դատական ծառայողների հետ հարաբերությունների պատշաճ մակարդակն ապահովելու ունակությունը:
11. Վերաքննիչ և վճռաբեկ դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես զեկուցող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:
12. Կոլեգիալ կազմով գործերի քննության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես կոլեգիալ կազմով քննված գործերով դատական նիստը նախագահողը:
13. Յուրաքանչյուր դատավոր քանակական և որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարվա տվյալների հիման վրա:
14. Որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում` պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):
15. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեության գնահատման որակական չափանիշները պետք է առնվազն 20 տոկոսով գերակայեն քանակական չափանիշների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 96.3. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
1. Ինքնագնահատման թերթիկը ստանալու օրվան հաջորդող երեք շաբաթվա ընթացքում դատավորը գնահատման հանձնաժողով է ներկայացնում լրացված ինքնագնահատման թերթիկ:
2. Դատավորի ինքնագնահատման թերթիկի և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրամադրած` սույն օրենսգրքի 96.1-ին հոդվածի 5-րդ մասով և 96.2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված տվյալների հիման վրա գնահատման հանձնաժողովը իրականացնում է դատավորների գործունեության գնահատում:
3. Դատավորների գործունեության գնահատման ընդհանուր արդյունքները հաշվարկվում են սույն օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնահատման 4 տարվա և 96.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքների հիման վրա:
4. Գնահատման հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է`
1) բարձր.
2) լավ.
3) միջին.
4) ցածր:
5. Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված խնդիրները, ինչպես նաև առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:
6. Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի եռօրյա ժամկետում ուղարկում է նրա` սույն հոդվածի 4-րդ մասում նշված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաև այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը:
7. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան:
8. Գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում` սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
9. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:
ՀՈԴՎԱԾ 96.4. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին` սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:
Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի` վերապատրաստում անցնելու համաձայնության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է ուսումնական հարցերի հանձնաժողովին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:
3. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար` մինչև գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:
4. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք:
5. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է համապատասխանաբար բարձր և լավ, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանցից հետո ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, իսկ նրանցից հետո նախապատվության իրավունք ունեն այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է լավ:
6. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմել է ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու համար նախապատվության իրավունք ունեցող անհրաժեշտ քանակից ավելի թեկնածու, ապա Արդարադատության խորհուրդը նրանց վերաբերյալ անցկացնում է քվեարկություն` սույն օրենսգրքի 137-րդ և 138-րդ հոդվածներով նախատեսված կարգով, հաշվի առնելով`
1) ինքնագնահատման թերթիկը.
2) գնահատման հանձնաժողովի որոշումը.
3) գնահատման հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատավորի առարկությունը (առկայության դեպքում):
ՀՈԴՎԱԾ 96.5. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԳՈՐԾՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:
Հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:
2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված` հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը «ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «, Դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 135. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ, ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՇՎԻ ԱՌՆՎՈՂ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
1. Արդարադատության խորհրդի անդամը դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի, վճռաբեկ դատարանի պալատի դատավորի և նախագահի նշանակման վերաբերյալ քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում դատավորների գործունեության գնահատման արդյունքները:
2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման ժամանակ հաշվի են առնվում դատավորների գործունեության գնահատման վերջին երկու արդյունքները:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են`
1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.
2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.
3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.
4) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածի 3-րդ մասով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի իր համար սահմանված պարտականությունները չկատարելը.
5) սույն օրենսգրքով սահմանված կարգով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:»:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 153.1-ին և 153.2-րդ հոդվածներով.
«ՀՈԴՎԱԾ 153. 1. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`
1) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով` տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո` մեկ տարվա ժամկետում.
2) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով` այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.
3) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով` այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.
4) սույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով` այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:
ՀՈԴՎԱԾ 153.2. ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐՄՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՎ ԿՈՊԻՏ ԽԱԽՏԵԼԸ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԿԱՄ ԿՈՊԻՏ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՄԲ
1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:
3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:
4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:
5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:
6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:»:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատանքային կարգապահության կամ» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.»:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 155-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 12. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքի 4-րդ և 7-12-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի օգոստոսի 1-ից:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
5. Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորների գործունեության` Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին գնահատումը սկսվում է 2015 թվականի հունվարի 1-ից:
6. Դատավորների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է երեք տարիների տվյալների հիման վրա:
7. Գնահատման առաջին հանձնաժողովը ձևավորվում է մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
8. Գնահատման առաջին հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ:
9. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս հաշվի է առնվում դատավորների գործունեության գնահատման առաջին արդյունքը:
17 հուլիսի 2014 թվականի
ՀՕ-86-Ն