020.1148.180414
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՎՈՐԳ ՍԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 45.6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 ապրիլի 2014թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/`
դիմող Գ. Սլոյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,
հրավիրված` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը քաղաքացի Գևորգ Սլոյանի` 14.10.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, լսելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի պարզաբանումները, հետազոտելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2005 թվականի հունվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 22-ին:
Օրենքի` «Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակը» վերտառությամբ 45.6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»:
Վերոնշյալ դրույթը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-339-Ն ՀՀ օրենքով, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2011 թվականի դեկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2011 թվականի դեկտեմբերի 29-ին և ուժի մեջ է մտել 2012 թվականի հունվարի 19-ին:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 23.06.2012թ. դիմողը դիմում է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ` ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով:
17.07.2012թ. դիմողն ստացել է փաստաբանական դպրոցի ընդունելության հանձնաժողովի նախագահի 09.07.2012թ. որոշումը «Հավակնորդ Գևորգ Սլոյանի կարգավիճակից զրկելու և քննությանը թույլ չտալու մասին»:
Դիմողը վերոնշյալ որոշումը բողոքարկել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որն իր` 26.07.2012թ. որոշմամբ դիմողի դիմում-բողոքը մերժել է:
Դիմողը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի` խնդրելով դատարանին պարտավորեցնել պատասխանողին հաստատել դիմողի հավակնորդի իր կարգավիճակը և թույլ տալ մասնակցել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննություններին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/2103/02/12 քաղաքացիական գործով 27.02.2013թ. կայացրած վճռով դիմողի հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 29.05.2013թ. որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 31.07.2013թ. որոշմամբ վերադարձրել է դիմողի վճռաբեկ բողոքը:
3. Դիմողը գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 14.1, 32 և 39-րդ հոդվածներին:
Օրենքի վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների մի շարք դատական ակտեր` դիմողը գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար սահմանելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված բարձրագույն կրթության որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի /բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ/ առկայության պահանջը, առանց որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացման սահմանել է խտրական վերաբերմունք իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, և եթե նույնիսկ այդպիսի խտրականությունն ունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, ապա օրենքով կիրառվող միջոցները (տարբերակման, խտրականության) համարժեք չեն հետապնդվող նպատակներին, և կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև չկա համամասնության ողջամիտ հարաբերակցություն:
Օրենքի վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. ներկայացնելով ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածում ամրագրված` աշխատանքի ընտրության ազատության բովանդակության մեկնաբանությունը, դիմողը ներկայացնում է հետևյալ տեսակետը. «...դիմումատուն իր ունեցած որակավորմամբ համարվում է բարձրագույն իրավագիտական կրթություն ունեցող անձ, ինչը նշանակում է, որ նա ազատորեն կարող է ընտրել զբաղմունքի (գործունեության) տեսակ: Տվյալ պարագայում դիմումատուն, լինելով բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձ, ցանկանում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, իսկ մասնագիտություն (դրա շրջանակներում` մասնագիտացում) և որոշակի տեսակի աշխատանքի ընտրության ազատությունը բացառապես տվյալ անձի իրավունքն է: Մինչդեռ դիմումատուի նկատմամբ կիրառված օրենքը սահմանափակում է նրա իրավունքը` զբաղվել փաստաբանական գործունեությամբ, հետևապես` օրենքի այդ նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 32 հոդվածին, այնքանով որքանով արգելափակում է փաստաբանի աշխատանքն ազատորեն ընտրելու դիմումատուի իրավունքը»:
Միաժամանակ, վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախորդ խմբագրությամբ տեքստը և արձանագրելով, որ ի տարբերություն գործող իրավակարգավորման` նախկինում փաստաբանի արտոնագիր ձեռք բերելու համար նախատեսված էր բարձրագույն իրավաբանական կրթության, ներառյալ` իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը, դիմողը գտնում է նաև, որ գործող իրավակարգավորման հետևանքով խաթարվել են իր լեգիտիմ ակնկալիքներն այնքանով, որքանով ինքը, ստանալով բարձրագույն իրավաբանական կրթություն, ի թիվս այլնի, ակնկալել է նաև փաստաբանական գործունեության ազատ ընտրության հնարավորությունը:
i
Օրենքի վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են հետևյալին. հղում կատարելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին, արձանագրելով, որ տվյալ օրենքի համաձայն` և՛ իրավագիտության բակալավրի, և՛ իրավագիտության մագիստրոսի, և՛ իրավագիտության դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք համարվում են բարձրագույն իրավագիտական կրթություն ունեցող անձինք, վկայակոչելով նաև նույն օրենքի` լրացուցիչ կրթության և դրա արդյունքում ավարտական փաստաթուղթ ստանալու վերաբերյալ համապատասխան դրույթները` դիմողը հանգում է այն եզրակացությանը, որ վիճարկվող նորմերի գոյության հետևանքով ինքը զրկվում է լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալու և համապատասխան ավարտական փաստաթուղթ ստանալու իր իրավունքներից, քանզի նրա նկատմամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմով դրսևորվում է չհիմնավորված խտրականություն /տարբերակում, ինչը չունի ողջամիտ և արդարացի հիմնավորում:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 14.1, 32 և 39-րդ հոդվածներին:
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` կրթական ծրագրի վերաբերյալ դրույթների, նույն հոդվածի 17.1, 20, 21 և 22-րդ կետերի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի դրույթների վերլուծության հիման վրա ներկայացնում է այն չափանիշները, որոնք հիմք են տալիս միմյանցից տարանջատել 1-ին և 2-րդ մակարդակի բարձրագույն կրթության որակավորման համակարգերը, այն է` այն հենքը, որի հիման վրա պետք է շարունակվի բարձրագույն մասնագիտական կրթությունը, այն ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է անձն ստանա համապատասխան կրթական համակարգին համապատասխանող ուսուցում, և այն կրթական ծրագիրը, որի հիման վրա իրականացվում է համապատասխան մակարդակի կրթության կազմակերպումը:
Վերը նշված չափանիշների հիման վրա պատասխանողը գտնում է, որ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսումնառությունը բարձրագույն կրթության տարբեր ձևերի համատեքստում կարող է դիտվել որպես «հիմնական» կամ «բազային» մասնագիտական կրթություն, որի հիման վրա անձը հետագայում կարող է շարունակել իր կրթությունը մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար, որից հետո` նաև հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում:
Վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնք բացահայտում են փաստաբանական գործունեության բովանդակությունը, ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններում արտահայտված այն դոկտրինալ դիրքորոշումը, համաձայն որի` պետությունը երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, պատասխանատու է դրա պատշաճ որակի համար և այդ առումով պարտավոր է սահմանել փաստաբաններին ներկայացվող մասնագիտական և բարոյական պահանջներն ու չափանիշները, արձանագրելով, որ փաստաբանական դպրոցի կողմից չի իրականացվում սկզբնական մասնագիտական գիտելիքների փոխանցում և առաջնային մասնագիտական կրթության կազմակերպում, պատասխանող կողմը բնական է համարում, որ փաստաբանական գործունեության իրականացման համար պահանջվի ոչ թե տվյալ ոլորտի բարձրագույն մասնագիտական կրթության առավել բարձր որակավորման աստիճանի առկայություն, օրինակ` մագիստրոսի կամ համապատասխան բնագավառի գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի առկայություն, այլ համապատասխան ոլորտի բարձրագույն մասնագիտական «բազային» կրթության առկայություն:
Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ յուրաքանչյուր իրավունքի իրականացման համար օրենքով կարող են և պետք է սահմանված լինեն որոշակի նախադրյալներ, չափանիշներ և պահանջներ, և որ իրավունքները և ազատությունները չեն կարող լինել բացարձակ և անվերապահ: Այս առումով պատասխանող կողմը գտնում է նաև, որ օրենքի վիճարկվող դրույթները չեն նախատեսում խտրականություն, չեն խախտում անձի` կրթության և աշխատանքի ազատ ընտրության իրավունքները:
5. Հաշվի առնելով դիմողի փաստարկները` սույն գործի քննության շրջանակներում հարկ է նախ բացահայտել ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական կրթություն պահանջող պաշտոնների հավակնորդներին ներկայացվող պահանջները:
Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ կետը, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությունը, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերությունը և դրանք համադրելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմի հետ` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատավորի, դատախազի, քննիչի պաշտոնների հավակնորդներին կամ որպես նոտար կամ փաստաբան աշխատելու համար անձին ներկայացնում է միասնական կրթական չափանիշ, այն է` բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճանի առկայությունը: Դա ինքնանպատակ չէ, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` «բակալավր», «դիպլոմավորված մասնագետ», «մագիստրոս» հասկացությունների բովանդակությունը սահմանող` համապատասխանաբար 20, 21 և 22-րդ կետերի դրույթների, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի` «բարձրագույն մասնագիտական կրթություն» հասկացության բովանդակությունը սահմանող 3-րդ հոդվածի և բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ սահմանող 9-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ ցանկացած բուհական մասնագիտության շրջանակներում մագիստրատուրան հանդես է գալիս որպես տվյալ մասնագիտության խորացման համակարգ: Մյուս կողմից` Հայաստանի Հանրապետությունում ներդրված Բոլոնյան կրթական համակարգը թույլ է տալիս այլ մասնագիտություն ունեցող բակալավրին կամ դիպլոմավորված մասնագետին ընդունվել մեկ այլ մասնագիտության մագիստրատուրա: Սակայն օրենքը նախատեսում է, որ տվյալ մասնագիտացման գծով ուսուցումը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն կրթություն:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Բոլոնյան գործընթացի արդյունքում ներդրված կրեդիտային համակարգը որոշակի կրթական ծրագրով համապատասխան մասնագիտական որակավորում ստանալու համար պահանջում է համապատասխան քանակությամբ կրեդիտների կուտակում: ՈՒստիև մագիստրոսի որակավորման աստիճանը պետք է համարել տվյալ մասնագիտությամբ առավել բարձր կրթական աստիճան միայն այն պարագայում, երբ առկա է այդ մասնագիտության համար նախատեսված անհրաժեշտ կրեդիտների կուտակումը: Միայն տվյալ պարագայում անձը կարող է համարվել համապատասխան կրթական ծրագրով տվյալ մասնագիտությամբ երկրորդ աստիճանի` մագիստրոսի որակավորման կրող:
Սակայն այս հիմնախնդիրը հստակ կանոնակարգված չէ ՀՀ օրենսդրությամբ, ինչը լայն հայեցողական մոտեցումների և մարդկանց իրավունքների խախտման մեծ ռիսկ է բովանդակում: Մասնավորապես` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունից բխում է, որ «Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն»: Մյուս կողմից` հիշյալ օրենքներում և տարբեր ենթաօրենսդրական ակտերում /հատկապես կրթության ընդհանուր չափորոշիչների հաստատման, կրեդիտային համակարգի ներդրման, կրթության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության` համապատասխանաբար 2001թ. հունվարի 16-ի թիվ 24, 2005թ. դեկտեմբերի 22-ի թիվ 2307-Ն, 2011թ. մարտի 31-ի թիվ 332-Ն որոշումներում, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ընդունված համապատասխան գերատեսչական ակտերում/ առկա չէ հստակ մոտեցում կրթության տարբեր աստիճանների իրավական բովանդակության, կրթության շարունակականության, կրեդիտային կուտակային համակարգի և համարժեք որակավորման ներդաշնակման, այս ոլորտում միասնական չափորոշիչների հաստատման վերաբերյալ: Նման պայմաններում մագիստրոսական կրթություն իրականացնող տարբեր հաստատություններում յուրովի մեկնաբանելով ՀՀ օրենսդրությունը` իրենց իսկ շահերից ու նպատակներից ելնելով, տարատեսակ կարգեր են սահմանել թե' մագիստրատուրայի ընդունելության և թե' մագիստրոսների որակավորման հարցերում: Նման պայմաններում անձն ընդհուպ պետական կրթական հաստատություններում նաև վճարովի կրթություն ստանալուց հետո անգամ տվյալ մասնագիտությամբ աշխատելու, ինչպես նաև հետագա մասնագիտական ուսուցման իրավունք չի ստանում:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրական անհստակությունները հանգեցրել են նրան, երբ, մի կողմից, անձն իրավաչափ ակնկալիքներով հանձնում է սահմանված քննությունները, ուսանում է մագիստրատուրայում, ստանում է պետական նմուշի դիպլոմ, սակայն հետագայում պարզվում է, որ տարբեր իրավական ակտերով նախատեսված սահմանափակումներով ինքը տվյալ մասնագիտությամբ աշխատել չի կարող, մյուս կողմից` նա մեկ կամ երկու տարում կարող է մագիստրատուրայի բարձրագույն մասնագիտական ծրագրով այլ մասնագիտություն ձեռք բերել, ստանալ պետության կողմից սահմանված նմուշի համապատասխան դիպլոմ` առանց անհրաժեշտ կրեդիտների կուտակման: Նման վիճակը պահանջում է համակարգային ու հետևողական օրենսդրական հստակեցումներ` առաջին հերթին «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների մակարդակում` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճանները ներդաշնակելով տվյալ մասնագիտության համար պետության կողմից սահմանված կրեդիտներին:
Սահմանադրական դատարանն ի գիտություն ընդունեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Ա. Աշոտյանի պարզաբանումն առ այն, որ մինչև 2014թ. վերջը վերոհիշյալ հարցերի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները կհստակեցվեն և կնախաձեռնվեն համապատասխան իրավական կարգավորումներ:
6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը: Փաստն այն է, որ վեճի առարկա իրավահարաբերությունների շրջանակում խախտվում է անձի օրինական ակնկալիքների իրավունքը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասում` ընդհուպ անհրաժեշտ կրեդիտների առկայության պարագայում, իրավակիրառ պրակտիկայի կողմից տրվող մեկնաբանությամբ, գործնականում արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական որակավորում ունեցող անձի /մագիստրոսի/` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը: Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում առկա` վերոշարադրյալ իրավական թերի ու համակարգային առումով անկատար լուծումներով: Դրա հետևանքով, մասնավորապես, պետական միասնական չափորոշիչների տեսանկյունից չի որոշակիացվել կապը բարձրագույն մասնագիտական համարժեք որակավորման ու դրա իրավական փաստը վկայող պետական նմուշի հավաստագրի /դիպլոմի/ միջև: Նման վիճակը, իր հերթին, հանգեցրել է նրան, որ, ինչպես նշվեց, վեճի առարկա իրավադրույթը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց է, չի համապատասխանում իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին, ինչպես նաև չի ապահովում իրավունքի էության անձեռնմխելիության սահմանադրաիրավական երաշխիքի իրացումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը` այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 43-րդ /2-րդ մաս/ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
18 ապրիլի 2014 թվականի
ՍԴՈ-1148