Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1111.100913

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 սեպտեմբերի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ն. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2013 թվականի հուլիսի 9-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին` Աշգաբատում, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի կողմից:

Համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը կատարել է վերապահում:

 

2. Համաձայնագրի նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների ինտեգրված արժութային շուկայում արտարժույթով փոխարկման գործարքների իրականացման գործում կողմերի ռեզիդենտ բանկերի իրավահավասար և փոխշահավետ մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը:

 

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) մյուս կողմերի ռեզիդենտ բանկերին, որոնք իրենց հաստատության պետության օրենսդրությանը համապատասխան իրավունք ունեն իրականացնելու արժութային գործարքներ, ապահովել մուտք դեպի իրենց ազգային արժութային շուկա` միջբանկային փոխարկման գործարքների իրականացման նպատակով, նրանց տրամադրելով ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան իր ռեզիդենտ բանկերին տրամադրվածն է.

բ) Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծել շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, կոչված են բարենպաստ պայմաններ ստեղծելու ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական ինտեգրման և ֆինանսական շուկաների արդյունավետ գործունեության զարգացման խթանման համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում (կից վերապահումով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 սեպտեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1111

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.09.2013
N ՍԴՈ-1111
Որոշում