Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ, 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ, 6-ՐԴ ԵՎ 46-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0011/04/12

    դատարանի որոշում                                               2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0011/04/12

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ի. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2013 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանի` 4.104.890 ՀՀ դրամ հարկային պարտավորության չկատարման համար սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը խնդրել է 4.104.890 ՀՀ դրամ հարկային պարտավորությունը չկատարելու համար անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա.Շահոյան) (այսուհետ` Դատարան) 18.09.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2013 թվականի որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վերաքննիչ բողոքը` Դատարանի 18.09.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասը և 46-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Բանկը 60-օրյա ժամկետում անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել դատարան: Այս պարագայում Բանկը կարող էր օգտվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով իրեն վերապահված համապատասխան պահանջ ներկայացնելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.02.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.09.2012 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 28.12.2010 թվականին տրված թիվ ՎԴ2/0311/05/10 կատարողական թերթի համաձայն` ՀՀ վարչական դատարանը 17.11.2010 թվականին վճռել է անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.253.792 ՀՀ դրամ, որից ապառք` 943.200 ՀՀ դրամ, ապառքի նկատմամբ հաշվարկված տույժ` 286.008 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրք` 24.584 ՀՀ դրամ: Նշված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 11-47/11 կատարողական վարույթը (հատոր 1-ին, գ. թ. 51-52):

2) 09.02.2011 թվականին տրված թիվ ՏԴ1/0361/02/10 կատարողական թերթի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ըստ Բանկի հայցի ընդդեմ Արտաշես Կառլենի Մատինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով 25.11.2010 թվականին վճռել է անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանից հօգուտ Բանկի բռնագանձել 6.045.025 ՀՀ դրամ, որից 5.642.464 ՀՀ դրամ` որպես վարկի գումարի պարտք, 370.353 ՀՀ դրամ` որպես կուտակված տոկոսագումար, 11.347 ՀՀ դրամ` որպես տուգանք, 20.861 ՀՀ դրամ` որպես տուժանք, 5.642.464 ՀՀ դրամ վարկի պարտքի գումարին, սկսած 16.07.2010 թվականից, հաշվեգրել տոկոսներ վճարման ուշացման յուրաքանչյուր օրվա համար ժամկետանց գումարների 0,1 տոկոսի չափով, ինչպես նաև բռնագանձել 120.901 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և մինչև պարտավորության դադարման օրը վարկի պարտքի գումարին հաշվարկված տոկոսների գումարի 2 տոկոսի չափով պետական տուրքի գումար, սակայն ոչ պակաս 1.500 ՀՀ դրամից: Բռնագանձումը տարածվել է Արտաշես Մատինյանի կողմից գրավադրված գույքի` ք. Իջևան, Արցախյան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող 0,00941 հա ընդհանուր մակերեսով հողամասի և նրա վրա գտնվող 76,5 քմ ընդհանուր մակերեսով ավտոտեխսպասարկման կետի վրա (հատոր 2-րդ, գ. թ. 16-17):

3) Ի կատարումն ՀՀ վարչական դատարանի կողմից 28.12.2010 թվականին տրված թիվ ՎԴ2/0311/05/10 կատարողական թերթի` 01.06.2011 թվականին ք. Իջևան, Արցախյան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, սակայն գույքի արժեքը նվազել է, ինչի հետևանքով գույքը հանվել է էլեկտրոնային աճուրդից: Այնուհետև 19.06.2012 թվականին թիվ 11-47/11 կատարողական վարույթը կասեցվել է 60-օրյա ժամկետով, և կողմերին առաջարկվել է սնանկության հայց ներկայացնել դատարան (հատոր 1-ին, գ. թ. 57):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի դեմ այլ պարտատիրոջ կողմից` որպես գործին մասնակից չդարձված անձ վերաքննիչ բողոք բերելու խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

i

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

Նշված դրույթներից բխում է, որ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով սեփական նախաձեռնությամբ` կամավոր սնանկության դիմումի հիման վրա, կամ պարտատիրոջ պահանջով` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա: Կամավոր կամ հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու հիմքեր կարող են առաջանալ նաև կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի գույքի անբավարարության դեպքում: Նման դեպքերում հարկադիր կատարողն այդ մասին տեղյակ է պահում պարտատիրոջը և պարտապանին, որպեսզի նրանցից որևէ մեկը պարտապանին սնանկ ճանաչելու հայց ներկայացնի դատարան: Մի քանի պարտատերերի առկայության դեպքում միայն մեկի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու հայց ներկայացնելը չի զրկում մյուս պարտատերերին սնանկության վարույթի մյուս փուլերին մասնակցելու, մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան պահանջները դատարան ներկայացնելու իրավունքից: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարաբերությունների իրավակարգավորումը ենթադրում է այնպիսի կառուցակարգ, որն ուղղված է բոլոր պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը: Անկախ այն հանգամանքից` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը որ պարտատերն է ներկայացրել, մնացած բոլոր պարտատերերը պարտապանի գույքի հաշվին կարող են ստանալ հավասարաչափ բավարարում` սնանկության մասին հայտարարությունից մեկ ամիս հետո իրենց պահանջները դատարան ներկայացնելով: Սնանկ ճանաչելու դիմումի վարույթի քննության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վարույթի այս փուլում դատարանը քննում է պարտապանի դեմ դիմում ներկայացրած պարտատիրոջ պահանջը` անկախ այն հանգամանքից` առկա են արդյոք նույն պարտապանի նկատմամբ այլ պարտատերեր, թե ոչ: Միայն սնանկության հիմքերի առկայության դեպքում և սնանկ ճանաչելու վճիռ կայացնելուց հետո վարույթին ներգրավվում են սնանկ ճանաչված անձի մյուս պարտատերերը: Նման կարգավորվածությունը մի կողմից ապահովում է դիմումի քննության արագությունը և արդյունավետությունը, քանի որ դատարանը չի քննում բոլոր հնարավոր պարտատերերի պահանջները և չի անդրադառնում դրանցից յուրաքանչյուրի հիմնավորվածությանը, իսկ մյուս կողմից երաշխավորում է բոլոր հնարավոր պարտատերերի իրավունքների (պահանջի իրավունքի) պաշտպանությունը` նրանց հնարավորություն տալով գրանցելու իրենց պահանջները և այդ կերպ ներգրավվելու սնանկության վարույթին:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վարչական դատարանը 17.11.2010 թվականին վճռել է անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.253.792 ՀՀ դրամ, որից ապառք` 943.200 ՀՀ դրամ, ապառքի նկատմամբ հաշվարկված տույժ` 286.008 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքը` 24.584 ՀՀ դրամ: Նշված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 11-47/11 կատարողական վարույթը: 19.06.2012 թվականին կատարողական վարույթը կասեցվել է 60-օրյա ժամկետով, և կողմերին առաջարկվել է սնանկության հայց ներկայացնել դատարան: Տեսչությունը դիմում է ներկայացրել Դատարան` անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանին սնանկ ճանաչելու համար: Գործով հաստատված չէ փաստ, որ անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանին սնանկ ճանաչելու համար Բանկը դատարան է դիմել: Դատարանի 18.09.2012 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանը ճանաչվել է սնանկ:

Վերաքննիչ դատարանը, քննելով նշված վճռի դեմ Բանկի` որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության` պատճառաբանելով, որ Արտաշես Մատինյանը դրամային պարտավորություն ունի Բանկի նկատմամբ, որի հիման վրա պարտապանից Բանկի նկատմամբ ունեցած պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, ավելին, ի կատարում վերջինիս` հարուցված է կատարողական վարույթ, որը կասեցնելու հիմք է հանդիսացել բողոքարկվող դատական ակտը: Հաշվի առնելով այն, որ սնանկության վարույթի և Արտաշես Մատինյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի հետևանքներն ուղղակիորեն ազդում են բողոքաբերի իրավունքների և օրինական շահերի վրա, բողոքաբերը գործին մասնակից չի դարձվել, վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պարտապանի գույքային դրության վերաբերյալ ապացույցներ, որոնք էական նշանակություն ունեն պարտապանի սնանկության հարցը լուծելու համար:

Հաշվի առնելով սնանկության վարույթի մասնակիցների դատավարական կարգավիճակի առանձնահատուկ բնույթը, որով նրանք տարբերվում են քաղաքացիադատավարական այլ բնույթի գործերով մասնակիցների դատավարական կարգավիճակից, ինչպես նաև սնանկության վարույթի ընթացքում ծագող հարաբերությունների վերը նշված առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել նախկինում արտահայտած իր այն դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (ի թիվս այլոց տե՛ս ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը): Սույն գործով Բանկին գործի քննությանը մասնակից չդարձված անձ դիտարկելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ծանրակշիռ հիմնավորմամբ հաստատվեր, որ սնանկ ճանաչելու վճիռն ուղղակիորեն վերաբերում է Բանկի իրավունքներին և պարտականություններին: Այլ կերպ` պետք է հիմնավորվեր այն փաստը, որ Բանկի վրա այդ վճռով դրվել են պարտականություններ, կամ սահմանափակվել են Բանկի իրավունքները` առանց վերջինիս մասնակից դարձնելու գործի քննությանը:

Սնանկության վարույթի իրավակարգավորման վերաբերյալ վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս պարտատիրոջը (պարտատերերին) նշված հոդվածում շարադրված պայմանների առկայության դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան` այդպիսով իսկ ձեռք բերելով դիմողի կարգավիճակ: Բանկն իր այդ իրավունքից չի օգտվել` բաց թողնելով սնանկության վարույթի այդ փուլին մասնակցելու իր հնարավորությունը: Այդուհանդերձ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն է տալիս բոլոր պարտատերերին նույն հոդվածով սահմանված կարգով իրենց պահանջները ներկայացնելու դատարան:

 

Վերոնշյալից հետևում է, որ Դատարանում անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանին սնանկ ճանաչելու գործին Բանկին մասնակից չդարձնելը չի զրկում վերջինիս սնանկության վարույթի այդ փուլին հաջորդող համապատասխան այլ փուլում մասնակցելու և իր պահանջները ներկայացնելու իրավունքից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ անհատ ձեռնարկատեր Արտաշես Մատինյանին սնանկ ճանաչելու մասին Դատարանի 18.09.2012 թվականի վճիռն ուղղակիորեն չի վերաբերում Բանկի իրավունքներին և պարտականություններին, հետևաբար վերջինս չի կարող օգտվել գործին մասնակից չդարձված անձի իրավունքներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, սույն գործով կայացված վճռի դեմ գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2012 թվականի վճռին:

2. «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2013
N ՏԴ1/0011/04/12
Որոշում