Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԵՂԱԴՐԱՆՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                  ԵՇԴ/0002/01/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0002/01/11

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան

                       Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ մեղադրող                   Տ. Պողոսյանի

 

    պաշտպան                                   Ա. Ոսկանյանի

 

    2012 թվականի օգոստոսի 24-ին                     Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի, Տիգրան Ալբերտի Հարությունյանի, Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, Արթուր Սեդրակի Հարությունյանի, Արմեն Էդուարդի Պետրոսյանի և Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի մարտի 20-ի որոշման դեմ մեղադրող Տ. Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2010 թվականի հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 11114510 քրեական գործը` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումներով Տիգրան Հարությունյանը և Կարեն Հարությունյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի հոկտեմբերի 21-ին Արթուր Հարությունյանը և Էդգար Հարությունյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի հոկտեմբերի 22-ին Խաչատուր Ճաղարյանը և Գևորգ Ճաղարյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, Խ.Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Գ. Ճաղարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2010 թվականի նոյեմբերի 3-ին Գրիգոր Ճաղարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2010 թվականի նոյեմբերի 10-ին Անդրանիկ Աբրահամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի նոյեմբերի 15-ին Արմեն Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Գևորգ Ճաղարյանի, Խաչատուր Ճաղարյանի, Տիգրան Հարությունյանի, Կարեն Հարությունյանի, Արթուր Հարությունյանի, Էդգար Հարությունյանի, Արմեն Պետրոսյանի և Անդրանիկ Աբրահամյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Ամբաստանյալ Գրիգոր Ճաղարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով: Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի մարտի 20-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մարտի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Տ. Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2012 թվականի հունիսի 1-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալներ Գևորգ Ճաղարյանին, Գրիգոր Ճաղարյանին, Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան Հարությունյանին, Կարեն Հարությունյանին, Արթուր Հարությունյանին, Էդգար Հարությունյանին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին առաջադրվել են հետևյալ մեղադրանքները.

5.1 «Գևորգ Խաչատուրի Ճաղարյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր հոր` Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, եղբոր` Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի, պապու` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ միասին վեճի են բռնվել Տիգրան Ալբերտի Հարությունյանի, նրա որդիներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, եղբոր որդի Արթուր Սեդրակի Հարությունյանի, վերջիններիս ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար: Այդ ընթացքում Գևորգ Ճաղարյանը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակը որպես զենք գործադրելով, փորձել է հարվածել Տիգրան Հարությունյանին, սակայն նրա գործողությունները խափանվել են դեպքին միջամտած անձանց կողմից:

Այսինքն` Գևորգ Խաչատուրի Ճաղարյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով»:

5.2 «Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր հոր` Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, եղբոր` Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, պապու` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ միասին վեճի են բռնվել Տիգրան Ալբերտի Հարությունյանի, նրա որդիներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, եղբոր որդի Արթուր Սեդրակի Հարությունյանի, վերջիններիս ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար: Այդ ընթացքում Գրիգոր Ճաղարյանը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակը որպես զենք գործադրելով, հարվածել է Կարեն Հարությունյանին և գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

Այսինքն` Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով»:

5.3 «Խաչատուր Հրանտի Ճաղարյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի, որդիների` Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի և Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի հետ միասին վեճի են բռնվել Տիգրան Ալբերտի Հարությունյանի, նրա որդիներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, եղբոր որդի Արթուր Սեդրակի Հարությունյանի, վերջիններիս ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Խաչատուր Հրանտի Ճաղարյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

5.4 «Տիգրան Ալբերտի Հարությունյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր որդիներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, եղբոր որդի Արթուր Սեդրակի Հարությունյանի, վերջիններիս ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին վեճի են բռնվել Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, նրա որդիներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Տիգրան Ալբերտի Հարությունյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

5.5 «Կարեն Տիգրանի Հարությունյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր հոր` Տիգրան Ալբերտի Հարությունյանի, եղբոր` Էդգար Տիգրանի Հարությունյանի, հորեղբոր որդի Արթուր Սեդրակի Հարությունյանի, վերջիններիս ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին վեճի են բռնվել Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, նրա որդիներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Կարեն Տիգրանի Հարությունյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

5.6 «Արթուր Սեդրակի Հարությունյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր հորեղբայր Տիգրան Ալբերտի Հարությունյանի, հորեղբոր որդիներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի և ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին վեճի են բռնվել Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, նրա որդիներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Արթուր Սեդրակի Հարությունյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

5.7 «Էդգար Տիգրանի Հարությունյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր հոր` Տիգրան Ալբերտի Հարությունյանի, եղբոր` Կարեն Տիգրանի Հարությունյանի, հորեղբոր որդի Արթուր Սեդրակի Հարությունյանի և ընկերներ Արմեն Էդուարդի Պետրոսյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին վեճի են բռնվել Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, նրա որդիներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Էդգար Տիգրանի Հարությունյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

5.8 «Արմեն Էդուարդի Պետրոսյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր ընկերներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Արթուր Սեդրակի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի և Տիգրան Ալբերտի Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին վեճի են բռնվել Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, նրա որդիներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Արմեն Էդուարդի Պետրոսյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:

5.9 «Անդրանիկ Գագիկի Աբրահամյանը (...) մեղադրվում է նրանում, որ 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ, իր ընկերներ Կարեն Տիգրանի Հարությունյանի, Արթուր Սեդրակի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, Արմեն Էդուարդի Պետրոսյանի և Տիգրան Ալբերտի Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց հետ միասին վեճի են բռնվել Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, նրա որդիներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի և հոր` Հրանտ Հակոբի Ճաղարյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար:

Այսինքն` Անդրանիկ Գագիկի Աբրահամյանը կատարել է հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 230-246):

6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտի պատճառաբանական մասում նշել է. «(...) գործի նյութերի, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների ու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի վերլուծությունից դատարանը եզրահանգում է, որ Խաչատուր և Գևորգ Ճաղարյաններին, Տիգրան, Կարեն, Արթուր և Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքների ձևակերպումն անհատականացված չէ: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից, ինչպես նաև մեղադրական եզրակացությունից չի երևում, թե ամբաստանյալներ Խաչատուր և Գևորգ Ճաղարյանները, Տիգրան, Կարեն, Արթուր և Էդգար Հարությունյանները, Արմեն Պետրոսյանը և Անդրանիկ Աբրահամյանն ինչ գործողություններ են կատարել, կոնկրետ ո՞վ ո՞ւմ է քաշքշել, ձեռքերով, ոտքերով ո՞վ ո՞ւմ է հարվածել, հարվածելու համար ի՞նչ առարկաներ են օգտագործվել և ո՞ւմ նկատմամբ, բացի այդ չի երևում, թե այդ հարվածների հետևանքով կոնկրետ ո՞ւմ ինչ վնաս է պատճառվել, ի՞նչ բնույթ է կրել այդ վնասը, ինչո՞ւմ է արտահայտվել հայհոյանքների խուլիգանական բնույթը և այլն: Այսինքն, ամբաստանյալներ Խաչատուր և Գևորգ Ճաղարյաններին, Տիգրան, Կարեն, Արթուր և Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ բացակայում են նրանց մեղսագրված արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորող ապացույցները, այսինքն, գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ հիմնավորելու համար ամբաստանյալներին մեղսագրվող արարքների իրավաբանական որակման հիմքերը (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 322-335):

7. Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունն արտահայտելով Առաջին ատյանի դատարանի դատավճռում առկա պատճառաբանությունների հետ, նշել է. «(...) Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ հիմնավորումների պայմաններում վերաքննիչ դատարանն այդպիսիք գտն[ում է] օրինական և պատճառաբանված (...): Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ամբաստանյալներին արդարացնելու մասին Առաջին ատյանի հետևությունները բավարար են և մյուս պատճառաբանությունները չեն կարող հիմք հանդիսանալ դատավճիռը բեկանելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 101-119):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ, 258-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 17-րդ, 23-25-րդ, 127-րդ, 202-րդ, 270-րդ, 309.1-րդ, 358-րդ, 360-րդ, 366-րդ, 395-րդ, 396-րդ, 398-րդ հոդվածների պահանջները: Ըստ բողոքաբերի` սույն գործով առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռում շարադրված հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին: Դատարանն արդարացման դատավճռի հիմքում դրել է գործի փաստական հանգամանքներից չբխող և ոչնչով չհիմնավորված հետևություն այն մասին, որ Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան, Կարեն, Արթուր, Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին առաջադրվել են նույնաբովանդակ մեղադրանքներ, որոնք անհատականացված չեն, մեղադրանքների ձևակերպման մեջ բացակայում են նրանց մեղսագրված արարքների քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչի արդյունքում խախտվել են անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքները, ինչպես նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքը:

Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, իսկ դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը, անտեսել են օրենսդրի իմպերատիվ պահանջն այն մասին, որ մեղադրանքը ձևակերպելիս նախաքննության մարմինը, հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը նշելուց բացի, մյուս հանգամանքները նշում է այնքանով, որքանով որ դրանք պարզված են գործի տվյալներով: Տվյալ դեպքում, գործով նախաքննության ընթացքում պարզվել են խուլիգանության որոշակի հանգամանքներ, որոնք արտացոլվել են մեղադրանքների ձևակերպման մեջ և համապատասխանում են նյութական ու դատավարական օրենքի պահանջներին: Իսկ թե ով, ում, ինչ առարկայով է հարվածել, ով ինչ վնասվածք է ստացել, որևէ իրավական նշանակություն չունի, քանի որ հիշատակված անձանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված հանցագործություն կատարելու, այլ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Այն հանգամանքը, որ մի քանի անձանց կատարած արարքների օբյեկտիվ կողմը, հետևաբար նաև մեղադրանքի ձևակերպումները նման են միմյանց, որևէ կերպ չի կարող վկայել կոլեկտիվ պատասխանատվության առկայության կամ անձնական պատասխանատվության սկզբունքի խախտման մասին: Մեղադրանքի բովանդակության բաղկացուցիչ մասն է կազմում նաև մեղադրանքի ձևակերպման ամփոփիչ մասը, որտեղ արձանագրվել է, որ խմբի կազմում կոնկրետ անձը կատարել է նկարագրված կոնկրետ արարքը:

Դատավճռի ուսումնասիրությունից չի երևում նաև, թե ինչ հիմնավորմամբ է Առաջին ատյանի դատարանը հանգել այն հետևության, որ տեղի է ունեցել ամբաստանյալների պաշտպանության իրավունքի խախտում և քրեադատավարական առկա իրավակարգավորման պայմաններում քրեական հետապնդման մարմնի կոնկրետ որ գործողություններն են հանգեցրել պաշտպանության իրավունքի խախտման:

9. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Գևորգ Ճաղարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ արդարացնելու մասով, հիմնավորված չէ:

Քրեական գործով Գևորգ Ճաղարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և նույն մեղադրանքով գործն ուղարկվել է դատարան: Առաջին ատյանի դատարանում Գևորգ Ճաղարյանին առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կարգով նրան նոր մեղադրանք չի առաջադրվել: Այսինքն` Գևորգ Ճաղարյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Առաջին ատյանի դատարանը վերջինիս արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մինչդեռ նրան նշված հոդվածով մեղադրանք երբևէ չի առաջադրվել: Առաջին ատյանի դատարանը, իրեն վերապահելով քրեական հետապնդման մարմնի լիազորություն, Գևորգ Ճաղարյանի արարքը նախ դիտել է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված, ապա հենց այդ նույն արարքի կատարման մեջ էլ նրան արդարացրել է:

Բացի այդ, շարադրելով և վերլուծելով ամբաստանյալ Գևորգ Ճաղարյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները` բողոքաբերը եզրահանգում է արել առ այն, որ դեպքի պահին Գևորգ Ճաղարյանի մոտ դանակի առկայությունը և դրա գործադրման փաստը հավաստող ապացույցների բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն անհիմն են: Ըստ բողոքաբերի` Գևորգ Ճաղարյանի մեղավորությունը դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ հաստատված է ապացույցների բավարար ամբողջությամբ:

10. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը` Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ սահմանված պատժի և ընտրված խափանման միջոց գրավն անփոփոխ թողնելու մասերով, նույնպես օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն:

Ամբաստանյալ Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը, ինչի արդյունքում հանցավորի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը չվերացնելու և նրան դատարանի դահլիճում կալանքի չվերցնելու դեպքում էականորեն մեծանում է վերջինիս կողմից քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մարտի 20-ի որոշումը:

Գևորգ Ճաղարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և սահմանել կատարած հանցանքի բնույթին ու հասարակական վտանգավորությանը համաչափ պատիժ: Գևորգ Ճաղարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացնել և նրան կալանքի վերցնել դատարանի դահլիճում:

Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան, Կարեն, Էդգար, Արթուր Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ սահմանել կատարած հանցանքների բնույթին ու հասարակական վտանգավորությանը համաչափ պատիժ:

Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացման առումով փոփոխել: Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացնել և նրան կալանքի վերցնել դատարանի դահլիճում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքի ձևակերպումը որպես արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովման, ինչպես նաև հանցակիցների քրեաիրավական պատասխանատվության անհատականացման միջոց դիտարկելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Անդրադառնալով բողոքաբերի կողմից բարձրացված հարցերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք, ըստ էության, հանգում են մեկ հարցի, այն է` սույն գործով ամբաստանյալներ Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան, Կարեն, Արթուր, Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքների ձևակերպմանը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ձևակերպումն անհրաժեշտ է քննարկել երկու` դատավարական և նյութական ասպեկտներով: Մասնավորապես, քննարկել մեղադրանքի ձևակերպման համատեքստում արդար դատաքննության իրավունքի ապահովման, ինչպես նաև հանցակիցների քրեաիրավական պատասխանատվության անհատականացման հարցերը:

 

I. Արդար դատաքննության իրավունքի ապահովումը մեղադրանքի ձևակերպման համատեքստում

14. Մեղադրանք հասկացության օրենսդրական ձևակերպումը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետում: Նշված իրավանորմի համաձայն` մեղադրանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորումն է` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի նպատակների իրացման առումով մեղադրանքը բնորոշվում է որպես լիազորված պետական մարմնի կողմից անձին արված պաշտոնեական ծանուցում այն մասին, որ հիմքեր կան պնդելու, թե նա քրեական հանցանք է գործել (տե՛ս Eckle v. Germaոy, 1982 թվականի հուլիսի 15-ի վճիռը, կետ 73):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն`

«1. Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:

2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

3. Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են (...) մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի համաձայն`

«1. Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

2. Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները (...):

3. Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը` նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը (...)»:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծության են ենթարկվել Ա. Պապյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ և 270-րդ հոդվածների վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը երկու դեպքում էլ օգտագործել է «մեղադրանքի ձևակերպում» եզրույթը, որի կառուցվածքն իրենից ներկայացնում է.

ա) գործով հաստատված, հանրության համար վտանգավոր և հակաիրավական փաստերը, որոնք համապատասխանում են կոնկրետ հանցակազմի հատկանիշներին,

բ) քրեական օրենքի կոնկրետ նորմը, որի հատկանիշներին համապատասխանում են մեղադրյալի գործողությունները կամ անգործությունը կազմող փաստերը:

Վերոնշյալ դատողության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն» (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ կետը):

15. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքը հանդիսանում է քրեադատավարական այն ինստիտուտը, որի միջոցով ապահովվում է հանրային քրեական հետապնդման կառուցակարգի գործունեությունը: Մեղադրանքը հանցակազմը կոնկրետ հանցագործության հանգամանքների և այն կատարած անձի հետ կապող դատավարական միջոցն է և այդ պատճառով էլ մեղադրանքը կարելի է դիտարկել որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, որից ածանցյալ է նաև քրեական արդարադատության իրականացման գործառույթը:

Քրեական դատավարությունում մեղադրանքը բնորոշվում է որպես կոնկրետ անձին մեղսագրվող հանցավոր գործողության կամ անգործության նկարագրություն դատավարական փաստաթղթերում: Կառուցվածքային առումով մեղադրանքը բաղկացած է գործով հաստատված` հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքների ամբողջությունից և քրեական օրենքի կոնկրետ նորմից, որի հատկանիշներին համապատասխանում է նշված փաստական հանգամանքների ամբողջությունը: Այլ խոսքով` մեղադրանքի տարրեր են կազմում մեղադրանքի ձևակերպումը և դրա իրավաբանական որակումը:

16. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` «(...) Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում` նաև մեղադրանքի մասին (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

ա) իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին (...)»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.

ա) շտապ կարգով և մանրամասն, այն լեզվով, որը նա հասկանում է, տեղեկացվել իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ձերբակալվածի և կալանավորվածի անհապաղ հաղորդվում են (...) այն հանցագործության փաստական հանգամանքները և իրավաբանական որակումը, որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ հաստատվում է (...)»:

Մեջբերված դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ համապատասխան փաստաթղթերում մեղադրանքի ամրագրումը հանդիսանում է այն դատավարական միջոցը, որով ապահովվում է քրեական հետապնդման ենթարկվող անձի իրավունքը տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի իրավական և փաստական հիմքերի մասին: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքի ձևակերպմանը բովանդակային առումով ներկայացվող պահանջների բացահայտման հարցը պետք է քննարկել արդար դատաքննության հիմնարար իրավունքի համատեքստում:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից: Մասնավորապես, եվրոպական դատարանը բազմիցս շեշտել է, որ այն հարցը, թե արդյոք կոնկրետ գործով մեղադրյալին բավարար տեղեկատվություն տրամադրվել է առաջադրված մեղադրանքի իրավական և փաստական հիմքերի մասին, պետք է միշտ ուսումնասիրվի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` արդար դատաքննության իրավունքի համատեքստում (տե՛ս Deweer v. Belgiսm, 1980 թվականի փետրվարի 27-ի վճիռը, կետ 56, Artico v. Italy, 1980 թվականի մայիսի 13-ի վճիռը, կետ 32, Goddi v. Italy, 1984 թվականի ապրիլի 9-ի վճիռը, կետ 28, Colozza v. Italy, 1985 թվականի փետրվարի 12-ի վճիռը, կետ 26):

17. Արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման կարևորագույն երաշխիքներից են մրցակցության սկզբունքը և պաշտպանության իրավունքը: Մրցակցության սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով կայացված որոշման մեջ (mutatis mutandis տե՛ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ կետը):

Պաշտպանության իրավունքի, մասնավորապես, մեղադրական եզրակացության համատեքստում դրա իրացման ապահովման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Նալբանդյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նաև հիմնավորվում են քննիչի ենթադրությունները` մեղադրյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին: Մեղադրական եզրակացության կարևորության մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները: Մեղադրական եզրակացության նշանակությունն արտահայտվում է նաև նրանում, որ այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակներում» (տե՛ս Սուրեն Կարոյի Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 24-րդ կետը):

Մեկ այլ` Ա. Պապյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը: Ավելին, մեղադրական եզրակացության մեջ շարադրվող առանձին հարցեր (արարքի փաստական նկարագրության հիմքում դրված ապացույցների շրջանակը, դրանց տրված գնահատականը, դատակոչի ենթակա անձանց շրջանակը և այլն) էական նշանակություն ունեն անձի պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացման համար» (տե՛ս Արկադի Պատվականի Պապյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 19-րդ կետը):

18. Պաշտպանության իրավունքը` որպես մեղադրյալին վերապահված դատավարական իրավունքների ամբողջություն, հնարավորություն է տալիս վերջինիս հանդես գալ դատավարության ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակով, լրիվ կամ մասնակիորեն հերքել իրեն մեղսագրվող հանցանքը կատարած լինելու պնդումը, ինչպես նաև պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Ընդ որում` պաշտպանության իրավունքի իրականացման փաստացի հնարավորության ապահովման պարտականությունը կրում է վարույթն իրականացնող մարմինը:

Մրցակցության սկզբունքը և պաշտպանության իրավունքը կոչված են դատավարությունը համապատասխանեցնելու արդարության չափորոշիչներին և ապահովելու իրավունքների արդյունավետ վերականգնում, իսկ քրեական արդարադատության շրջանակներում վերոգրյալն առնվազն ենթադրում է տեղի ունեցած հանցագործության մանրամասների հաստատումը, դրանց ճշգրիտ իրավաբանական գնահատական տալը, հասարակությանը և առանձին անհատներին հասցված վնասի, ինչպես նաև հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի իրական մեղքի ամբողջական բացահայտումը:

19. Մրցակցային դատավարության ընթացքում պաշտպանությունը հանդես է գալիս որպես մեղադրանքի հակադրում` նպատակ ունենալով հերքել այն և պաշտպանել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքներն ու շահերը: Այս կարևորագույն գործառույթի արդյունավետ իրականացման համար պաշտպանության կողմն առնվազն պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու առաջադրված մեղադրանքի իրավական և փաստական հիմքերին, դրանց վերաբերյալ ներկայացնելու սեփական դիրքորոշումը և մասնակցելու ապացուցման գործընթացին: Պաշտպանության իրավունքի իրականացումը, ինչպես նաև մրցակցային դատավարության ապահովումն անհնար են, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում և ինչ ապացույցների հիման վրա:

Ինչպես արդեն նշվեց, մեղադրանքի ձևակերպումը միակ հնարավոր դատավարական միջոցն է, որով հնարավոր է դառնում իրացնել անձի իրավունքը տեղեկանալու իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին: Հետևաբար մեղադրանքի ձևակերպումը կարելի է բնորոշել որպես մեղադրյալի իրավունքների և օրինական շահերի ապահովմանն ուղղված երաշխիք, որը հնարավոր է դարձնում առաջադրված մեղադրանքից օրինական միջոցներով պաշտպանվելը և թույլ է տալիս հասնել քրեական վարույթի հիմնական` մեղադրյալի անմեղության կամ մեղավորության հարցի հստակ լուծմանը:

Վերոգրյալից Վճռաբեկ դատարանը հետևություն է անում այն մասին, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը: Ավելին, մեղադրական եզրակացության մեջ շարադրվող առանձին հարցեր, մասնավորապես, արարքի փաստական նկարագրությունը, այդ նկարագրության հիմքում դրված ապացույցների շրջանակը, դրանց տրված գնահատականը, վճռորոշ նշանակություն ունեն անձի պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացման համար:

20. Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրանքի ձևակերպման կարևորության հարցի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի («ա») ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաև այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, կետ 51): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (»բ») ենթակետի մասով բերված բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանը գտել է, որ (»ա») և (»բ») ենթակետերը կապված են միմյանց հետ, և որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո (տե՛ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, կետ 54):

21. Սույն որոշման նախորդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով մեղադրանքի ձևակերպմանը բովանդակային առումով ներկայացվող պահանջները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանում, բացի հանցավորի մասին տվյալներից, հանցագործության տեղից, ժամանակից և եղանակից, մանրամասնորեն և հստակ պետք է նշվեն արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը` հանցագործության դեպքի և դրա հետ կապված հանգամանքների մանրակրկիտ նկարագրությունը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվի միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: Նույն կերպ անընդունելի է, երբ հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարված լինելու դեպքում հանցակիցներին ներկայացվում է միևնույն մեղադրանքը` առանց հստակեցնելու նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ գործողությունները, հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու դեպքում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտա մեղադրյալին պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովվի կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Նշված սկզբունքներից ցանկացած շեղում կհանգեցնի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման:

 

II. Հանցակիցների քրեաիրավական պատասխանատվության անհատականացումը

22. ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:

2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար:

(...)»:

23. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածում ամրագրված հանցակցության դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծվել են Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով կայացված որոշման մեջ (տե՛ս mutatis mutandis Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-30-րդ կետերը):

ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածում ամրագրված դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից վերլուծվել են Հ. Սարգսյանի և այլոց գործով կայացված որոշման մեջ (տե՛ս mutatis mutandis Հակոբ Սարգսյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԼԴ/0136/01/10 որոշման 12-18-րդ կետերը): Նշված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «Նախնական համաձայնությամբ գործող անձանց պարագայում (ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս) հանցագործության մասնակիցները մինչև հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններն սկսելը պայմանավորվում են հանցանքը համատեղ կատարելու մասին: Ընդ որում, համաձայնությունը ձեռք է բերվում խմբի անդամների կողմից գործողությունների համատեղ կատարման ուղղվածության, հանցագործության կատարման տեղի, ժամանակի, եղանակի և միջոցների, ինչպես նաև խմբի անդամների միջև դերաբաշխման շուրջ (...)» (տե՛ս Հակոբ Սարգսյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԼԴ/0136/01/10 որոշման 18-րդ կետը):

24. Վերահաստատելով և զարգացնելով Ա. Մաթևոսյանի և Ռ. Հարությունյանի, ինչպես նաև Հ. Սարգսյանի և այլոց գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակիցներից յուրաքանչյուրի քրեական պատասխանատվության հարցը լուծելիս անհրաժեշտ է հաստատել, որ նա մասնակցել է այնպիսի հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը, որն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում և որի կապակցությամբ հաստատված է նրա մեղքը: Այլ խոսքով` հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս նրանցից յուրաքանչյուրի արարքը պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ մյուս բոլոր հանցակիցների հետ համակցության մեջ` պարզելով հանցակիցներից յուրաքանչյուրի արարքի հանրային վտանգավորությունն ու հակաիրավականությունը և հետևաբար նաև հանցակիցներից յուրաքանչյուրի արարքում հանցագործության հատկանիշների և քրեական պատասխանատվության հիմքերի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի և գնահատի հանցակիցների կողմից համատեղ կատարված բոլոր արարքները, ինչպես նաև այդ արարքների հետևանքները` արդյունքում ուրվագծելով հանցակիցներից յուրաքանչյուրի` քրեական պատասխանատվության ենթարկվելու սահմաններն ու ծավալները:

25. Սույն որոշման նախորդ կետում շարադրված դիրքորոշման լույսի ներքո համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածում ամրագրված` ըստ մեղքի պատասխանատվության և 10-րդ հոդվածում ամրագրված` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր, այդ թվում` համատեղ կատարված հանցավոր արարքն անհատական բնույթ ունի, ուստի հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանից և բացառել կատարված արարք(ներ)ի համար հանցակիցներին «հավասարաչափ», այսինքն` ոչ ըստ յուրաքանչյուր հանցակցի մեղքի քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

Իրականացնելով պատասխանատվության անհատականացում` վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր հանցակցի մասով պետք է պարզի, թե ինչպիսին է եղել նրա դերը հանցավոր վարքագծի դրսևորման ժամանակ, ինչ մասնակցության աստիճան է նա ունեցել, ինչ ձևով է դրսևորվել այդ մասնակցությունը` ակտիվ, թե` պասիվ:

26. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասում իր ամրագրումը ստացած` հանցագործությանը հանցակիցներից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը հաշվի առնելու պարտականությունն առկա է ոչ միայն հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու, այն է` գործով դատավճիռ կայացնելու փուլում, այլ նաև հանցակիցներից յուրաքանչյուրին մեղադրանք առաջադրելիս նրանց արարք(ներ)ին քրեաիրավական որակում տալու փուլում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակիցներից յուրաքանչյուրի նկատմամբ կոնկրետ հանցակազմի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է հաջորդաբար պարզել, թե`

ա) ինչ արարք է կատարվել և արդյոք դրանում առկա է հանցակազմ,

բ) արդյոք արարքի կատարմանը մասնակցել են երկու կամ ավելի անձինք և արդյոք նրանց գործողություններում (անգործությունում) առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հանցակցության ձևերից որևէ մեկը,

գ) հանցակիցներից յուրաքանչյուրը կոնկրետ ինչ գործողություն (անգործություն) է կատարել,

դ) հանցակիցներից յուրաքանչյուրը մասնակցության ինչ աստիճան է ունեցել հանցավոր արարքի կատարմանը,

ե) հանցակիցներից յուրաքանչյուրին ինչ ծավալով պետք է մեղսագրվի կատարված արարքը:

27. Ամփոփելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցությամբ կատարված արարքը որակելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղի է ունեցել հանցավոր արարք, որի կատարմանը մասնակցել են երկու և ավելի անձինք, ովքեր գործել են համատեղ, դիտավորյալ և կատարել են դիտավորյալ հանցագործություն: ՈՒստի, իրավախախտման փաստը պետք է կոնկրետացվի յուրաքանչյուր հանցակցի մասով, իսկ դրա հանգամանքները անհատականացվեն` հաշվի առնելով անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն այս հանգամանքների հստակ պարզման և դատավարական փաստաթղթերում ամրագրման դեպքում է հնարավոր լուծել այդ արարքները կատարած անձանց քրեական պատասխանատվության հարցը:

28. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան, Կարեն, Արթուր, Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, և նրանցից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը շարադրվել է հետևյալ կերպ. 2010 թվականի մայիսի 22-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Շարուրի փողոցի 27 շենքի մոտ մի կողմից Հրանտ, Խաչատուր, Գրիգոր և Գևորգ Ճաղարյանները, մյուս կողմից Տիգրան, Կարեն, Էդգար, Արթուր Հարությունյանները, Արմեն Պետրոսյանը, Անդրանիկ Աբրահամյանը և գործով չպարզված այլ անձինք վեճի են բռնվել, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խանգարելով շրջակա շենքերի բնակիչների հանգիստը և հասարակական օբյեկտների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ են տվել, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար (տե՛ս սույն որոշման 5.3-5.9-րդ կետերը):

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմինն ամբաստանյալներին` Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան, Կարեն, Արթուր, Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, չի հստակեցրել հանցակիցներից յուրաքանչյուրի կատարած արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը: Մեղադրանքի կողմն ամբաստանյալներին առաջադրել է բացարձակապես նույնաբովանդակ մեղադրանքներ` սահմանափակվելով նրանց կատարած արարքների ընդհանրական նկարագրությամբ, այն է` շուրջ 10 րոպե տևողությամբ տվել են խուլիգանական հայհոյանքներ, քաշքշել և ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են իրար, և չի կոնկրետացրել հանցավոր արարքի կատարման ժամանակ ամբաստանյալներից յուրաքանչյուրի կոնկրետ գործողությունների շրջանակը, մասնավորապես այն, թե կոնկրետ ո՞վ ո՞ւմ է քաշքշել, ձեռքերով, ոտքերով ո՞վ ո՞ւմ է հարվածել, հարվածելու համար ո՞վ ի՞նչ առարկա է օգտագործել և ո՞ւմ նկատմամբ, հարվածների հետևանքով կոնկրետ ո՞ւմ է վնաս պատճառվել, ի՞նչ բնույթ է կրել այդ վնասը և այլն:

29. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-27-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ձևակերպումից չի երևում, թե նրանցից յուրաքանչյուրին մեղսագրված արարքն ինչպես է դրսևորվել: Մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում չի ապահովվել քրեական օրենքով արգելված արարքի կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքը տեղեկանալու իրենց դեմ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերի մասին, հետևաբար չի ապահովվել նաև ամբաստանյալների պաշտպանության իրավունքի և մրցակցային դատավարության սկզբունքի անխափան իրականացումը, որպիսի պայմաններում արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջները բավարարող դատաքննությունն անհնար է:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրանքի նման ձևակերպման պայմաններում, երբ յուրաքանչյուր հանցակցի մասով իրավախախտման փաստը կոնկրետացված չէ, իսկ դրա հանգամանքներն անհատականացված չեն, հնարավոր չէ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության և արդարության ու պատասխանատվության անհատականացման սկզբունքներին համապատասխան լուծել հանցակիցների քրեական պատասխանատվության հարցը:

30. Սույն որոշման նախորդ կետում առկա եզրահանգման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքաբերի այն փաստարկին, որ սույն գործով որևէ իրավական նշանակություն չունի, թե ով, ում, ինչ առարկայով է հարվածել, ով ինչ վնասվածք է ստացել, քանի որ հիշատակված անձանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված հանցագործություն կատարելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խուլիգանությունը` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել[ն է], որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով զուգորդված խուլիգանության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը պատասխանատվություն է նախատեսում մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար:

Ինչպես երևում է շարադրված իրավանորմի վերլուծությունից, անձին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելու համար դեռ բավարար չէ, որ նա խմբի կազմում կատարած լինի խուլիգանություն: Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որակելու համար անհրաժեշտ նախապայման է, որ հանցավորի գործողությունները, ի թիվս այլնի, զուգորդվեն անձի նկատմամբ բռնության գործադրմամբ: Հետևաբար խմբի կազմում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրանք առաջադրելու դեպքում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է համապատասխան դատավարական փաստաթղթերում արտացոլել, թե հանցակիցներից յուրաքանչյուրն ինչպիսի բռնություն է գործադրել և ում նկատմամբ:

31. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ամբաստանյալներ Խաչատուր Ճաղարյանին, Տիգրան, Կարեն, Արթուր, Էդգար Հարությունյաններին, Արմեն Պետրոսյանին և Անդրանիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքներն անհատականացված չեն (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս առումով ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են և հիմնավորված, իսկ բողոք բերած անձի փաստարկները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) հիմնազուրկ են:

 

III. Բողոքաբերի բարձրացրած մյուս հարցերը

 

32. Անդրադառնալով բողոքի հեղինակի այն պնդմանը, թե ամբաստանյալ Գևորգ Ճաղարյանի մեղավորությունը դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ հաստատված է (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման ենթարկելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք իրենց համակցության մեջ գնահատելով, հանգել է հիմնավոր հետևության այն մասին, որ ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատված չէ, որ դեպքի ժամանակ Գևորգ Ճաղարյանը, դանակը որպես զենք գործադրելով, փորձել է հարվածել Տիգրան Հարությունյանին, սակայն նրա գործողությունները խափանվել են այլ անձանց կողմից:

Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ գործի փաստական հանգամանքների մասին դատարանների հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և Գևորգ Ճաղարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար հիմք չեն կարող հանդիսանալ դատական ակտերը բեկանելու համար:

33. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր Գևորգ Ճաղարյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, քանի որ նրան այդպիսի մեղադրանք երբևէ չի առաջադրվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը` այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ»:

Տվյալ դեպքում քրեական հետապնդումն իրականացնող մարմինն ամբաստանյալ Գևորգ Ճաղարյանին որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (տե՛ս սույն որոշման 1-ին կետը), մինչդեռ Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում ճանաչել և հռչակել է Գևորգ Ճաղարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը), ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Այդուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն որոշման մեջ շարադրված հիմնավորումների պայմաններում Գևորգ Ճաղարյանի անմեղությունը կասկած չի հարուցում, հետևաբար արձանագրված քրեադատավարական օրենքի էական խախտումն արդարացման դատավճիռը բեկանելու հիմք հանդիսանալ չի կարող:

34. Անդրադառնալով բողոքաբերի մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, կատարված հանցագործության, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատասխան, ամբաստանյալ Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար կարծելու, թե Գրիգոր Ճաղարյանին դատարանի դահլիճում կալանքի չվերցնելու դեպքում էականորեն մեծանում է նրա` քրեական պատասխանատվությունից խուսափելու հավանականությունը: Այդպիսիք բացակայում են նաև բերված բողոքում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր Ճաղարյանի նկատմամբ սահմանված պատժի և ընտրված խափանման միջոց գրավն անփոփոխ թողնելու մասերով ստորադաս դատարանների դատական ակտերի օրինական, հիմնավորված և պատճառաբանված չլինելու մասին բողոքաբերի փաստարկները հիմնազուրկ են:

35. Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված են, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի, Խաչատուր Հրանտի Ճաղարյանի, Գրիգոր Խաչատուրի Ճաղարյանի, Տիգրան Ալբերտի Հարությունյանի, Կարեն Տիգրանի Հարությունյանի, Էդգար Տիգրանի Հարությունյանի, Արթուր Սեդրակի Հարությունյանի, Արմեն Էդուարդի Պետրոսյանի և Անդրանիկ Գագիկի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մարտի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

pin
Վճռաբեկ դատարան
24.08.2012
N ԵՇԴ/0002/01/11
Որոշում