Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0601/02/08

    դատարանի որոշում                                               2012թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0601/02/08

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Իրավագարանտ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ինգա Մանդելի, երրորդ անձինք «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի, «Եվրո-Ֆինանս» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ինգա Մանդելից բռնագանձել 37.535.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած հայցադիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրվանից մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը:

Երևանի քաղաքացիական դատարանի (դատավոր` Խ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.04.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերության հայցը բավարարվել է, դադարեցվել է Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականի` պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը` համարելով այն չկնքված: Այսինքն` հաստատվել է այն հանգամանքը, որ 28.02.2008 թվականի` «Պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը ուժի մեջ չի մտել և չէր կարող պայմանագրային պարտավորություններ առաջացնել կողմերի համար»:

Հետևաբար, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքը որպես նոր երևան եկած հանգամանք հիմք է Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի` իրավահարաբերությունը դադարեցնելու պահանջի մասին, Ընկերության պահանջը բավարարվել է, վճռվել է դադարեցնել Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականին «կնքված» պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը` համարելով այն չկնքված:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը):

Սույն գործով բողոք բերած անձը ներկայացրել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վերոնշյալ վճռով բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի` իրավահարաբերությունը դադարեցնելու պահանջի մասին և վճռվել է դադարեցնել Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականին «կնքված» պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը` համարելով այն չկնքված: Սույն գործով Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշմամբ հենց այդ պայմանագրի` որպես իրավաչափ կնքված գործարքի ուժով է կատարվել հաշվանց, և Ընկերության հայցը մերժվել է: Այսպես` Վերաքննիչ դատարանն իր 03.04.2009 թվականի որոշմամբ գտել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 05.05.2008 թվականի պահանջի զիջման դեպքում պարտապան Ի.Մանդելը իրավունք ունի նոր պարտատիրոջ` «Իրավագարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահանջի դեմ հաշվանցել սկզբնական պարտատիրոջ` «Եվրո-ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պահանջի իրավունքը զիջելու մասին 28.02.2008 թվականի պայմանագրով իր հանդիպական պահանջը, ու քանի որ պատասխանող կողմը հայտարարել է հաշվանցի մասին, դատարանը գտնում է, որ 37.535.000 ՀՀ դրամ միատեսակ հանդիպական պահանջի հաշվանցով դադարում են պատասխանող Ի.Մանդելի պարտավորությունները հայցվոր «Իրավագարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ և նույն գումարի չափով «Եվրո-ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունները պատասխանող Ի. Մանդելի նկատմամբ: Հետևաբար, դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ, 428-րդ հոդվածների համաձայն` միատեսակ հանդիպական պահանջների հաշվանցմամբ պետք է հայցապահանջը մերժել»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված` Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականին «կնքված» պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը կնքված չլինելու հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2012
N ԵՔԴ/0601/02/08
Որոշում