Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 90-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/0283/05/10   

    դատարանի որոշում                                              2011 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/0283/05/10

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Լ. Սոսյան

                              

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                                  

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիք Չախալյանի, Նարինե Չախալյանի և Կլարա Ֆարմանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ավետիք Չախալյանի, Նարինե Չախալյանի և Կլարա Ֆարմանյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ Ֆելդերինա Չախալյանի` 18.02.2009 թվականի թիվ 874-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ավետիք Չախալյանը, Նարինե Չախալյանը և Կլարա Ֆարմանյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 18.02.2009 թվականի թիվ 874-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Ղարիբյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2011 թվականի որոշմամբ Ավետիք Չախալյանի, Նարինե Չախալյանի և Կլարա Ֆարմանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Բեկանվել է Դատարանի 11.10.2010 թվականի վճիռը և փոփոխվել` գործի վարույթն ամբողջությամբ կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ավետիք Չախալյանը, Նարինե Չախալյանը և Կլարա Ֆարմանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 90-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի գույքին առնչվող որոշմամբ հայցվորների իրավունքներն ու շահերը չէին կարող խախտվել, քանի որ հայցվորներից որևէ մեկը Ավետիք Չախալյանի մահից հետո չի ճանաչվել իրավահաջորդ (ժառանգ):

Վերաքննիչ դատարանը որպես կարճման իրավական հիմք նշել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված են այն գործերը, որոնք ընդդատյա չեն ՀՀ վարչական դատարանի քննությանը: Սույն գործով ներկայացվել է վիճարկման հայց, վեճը ծագել է հանրային իրավահարաբերությունից, ենթակա չէ ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը, չի բխում քրեական վարույթի ընթացքում սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից, չունի քաղաքացիաիրավական բնույթ, ուստի ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը:

Վերաքննիչ դատարանը գործով ներկայացված ապացույցների, մասնավորապես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի որոշումը և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2010 թվականի վճիռը որպես գործով ներկայացված ապացույցներ օբյեկտիվ և մյուս ապացույցների համակցության մեջ գնահատելու պայմաններում կհանգեր այլ եզրահանգման այն մասին, որ ներկայացված դատական ակտերի առկայությունը բավարար է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Երևանի քաղաքապետի 18.02.2009 թվականի թիվ 874-Ա որոշումն անվավեր ճանաչելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի թիվ 2-1242 վճռով բավարարվել է Ֆելդերինա Չախալյանի դիմումը, և Ֆելդերինա Չախալյանը ճանաչվել է Երևանի Անդրֆեդերացիայի 227 հասցեում գտնվող, Ավետիք Չախալյանին պատկանող անշարժ գույքի օրինական մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Ժառանգական գույքը, համաձայն վճռի, բաղկացած է Երևանի Անդրֆեդերացիայի 227 հասցեում գտնվող օրինական անշարժ գույքից` 200 քմ հողամասից և 118,90 քմ շինություններից, որից 79,30 քմ` բնակելի, իսկ 39,60 քմ` օժանդակ (հատոր 1-ին, գ.թ.11-12):

2) 19.08.2008 թվականին Ֆելդերինա Չախալյանը Քաղաքապետարան է ներկայացրել բնակելի տան և հողամասի օրինականացման մասին դիմում (հատոր 1-ին, գ.թ.28):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 26.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 08-1953 որոշմամբ Կլարա Ֆարմանյանի, Ավետիք և Նարինե Չախալյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է. բեկանվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի թիվ 2-1242 վճիռը և Ֆելդերինա Չախալյանի դիմումը թողնվել է առանց քննության: Նշված դատական ակտով պարզվել է, որ Ավետիք, Նարինե Չախալյանները և Կլարա Ֆարմանյանը հանդիսանում են Ավետիք Չախալյանի որդու` նույն գործով դիմողի եղբայր Ռաֆիկ Չախալյանի երեխաները և կինը, մշտապես բնակվում են Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցի թիվ 227 տանը և զբաղեցնում են այդ տան երկրորդ հարկը: Վերջիններս հայտնել են, որ ներկայացման իրավունքով հանդիսանում են ժառանգատուի առաջին հերթի ժառանգներ և փաստացի տիրապետման ուժով ընդունել են ժառանգությունը (հատոր 1-ին, գ.թ.11-12):

4) Երևանի քաղաքապետի 18.02.2009 թվականի թիվ 874-Ա որոշմամբ, որի հիմքում դրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի թիվ 2-1242 վճիռը, Աճեմյան (Անդրֆեդերացիայի) փողոցի թիվ 227 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ վերականգնվել է Ֆելդերինա Չախալյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ օրինական 200 քմ մակերեսով հողամասին կից 275,56քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 275,56 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անվավեր է առոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Տվյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում նաև այն վարչական ակտը, եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, տվյալ ակտի ոչ իրավաչափ` անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս ըստ հայցի «Յուպիտեր» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչության` 20.05.2009 թվականի թիվ 1000041 ստուգման ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ1/0073/05/09 որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ դատարանի քննությանը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը վարչական դատարանում, դրանով ամրագրել է նաև տվյալ դատարանում այդ իրավունքի իրականացման ձևը` հայց հարուցելը: Մասնավորապես, իրավունք է վերապահել յուրաքանչյուր անձի` օրենքով սահմանված կարգով դիմելու վարչական դատարան, եթե նա գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ հայցվորները չեն ճանաչվել Ավետիք Չախալյանի իրավահաջորդներ, հանգել է այն հետևության, որ նշված գույքին առնչվող որոշմամբ հայցվորների իրավունքներն ու շահերը չէին կարող խախտվել, հետևաբար հայցվորներն այդ որոշման իրավաչափությունը վիճարկելու իրավունք չեն ունեցել:

Նշվածից ելնելով` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ նշված վեճը ընդդատյա չէ Վարչական դատարանին, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթը ենթակա է կարճման:

Սույն գործի փաստերի համաձայն` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի թիվ 08-1953 որոշմամբ բեկանվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի թիվ 2-1242 վճիռը, որը դրվել է Երևանի քաղաքապետի 18.02.2009 թվականի թիվ 874-Ա որոշման հիմքում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ հարցադրումը.

Արդյո՞ք հայցվորներն իրավունք չունեն վիճարկելու Երևանի քաղաքապետի 18.02.2009 թվականի թիվ 874-Ա որոշումը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 26.11.2008 թվականի որոշմամբ քննելով գործին մասնակից չդարձված անձանց` Ավետիք և Նարինե Չախալյանների, Կլարա Ֆարմանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը, բեկանել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի թիվ 2-1242 վճիռը, ըստ դիմումի Ֆելդերինա Չախալյանի` փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին և դիմումը թողել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի թիվ 08-1953 որոշմամբ պարզվել է, որ Ավետիք, Նարինե Չախալյանները և Կլարա Ֆարմանյանը հանդիսանում են Ավետիք Չախալյանի որդու` նույն գործով դիմողի եղբայր Ռաֆիկ Չախալյանի երեխաները և կինը, մշտապես բնակվում են Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցի թիվ 227 տանը և զբաղեցնում են այդ տան երկրորդ հարկը: Վերջիններս հայտնել են, որ ներկայացման իրավունքով հանդիսանում են ժառանգատուի առաջին հերթի ժառանգներ և փաստացի տիրապետման ուժով ընդունել են ժառանգությունը:

«Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված այն անհատական բնակելի տները և դրանց կից օժանդակ շինությունները և հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել փաստաթղթերը և հողհատկացման հիմքերը, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում)` քաղաքացիներին պատկանող` բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և (կամ) բնակելի նշանակության օժանդակ շինությունները, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, որի (որոնց) սեփականությունը համարվող հողամասին կից է ավելի օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը տիրապետվող և նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա քաղաքացիներին պատկանող` բնակելի տան և հողամասերին կից ավելի օգտագործվող` մինչև 300 քառակուսի մետր սահմանազատված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) դրանց վրա կառուցված բնակելի տները և օժանդակ շինությունները նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձանց սեփականությունը, որոնց սեփականությունը համարվող հողամասին կից է ավելի օգտագործվող հողամասը և (կամ) շինությունները, և ովքեր տիրապետում են այդ գույքը` որպես սեփական գույք:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում, բացառությամբ, եթե նույն օրենքի ուժով ձեռք բերվող ընդհանուր սեփականության իրավունքի մասնակիցները գրանցված ամուսիններ են, և դիմումը ներկայացրել է ամուսիններից մեկը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում համայնքի ղեկավարի որոշումը կայացվում է սեփականության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Սույն գործով հայցվորները, որպես պահանջը հիմնավորող ապացույց վկայակոչել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի թիվ 08-1953 որոշումը:

Նշված որոշմամբ հայցվորները որպես գործին մասնակից չդարձված անձինք և փաստացի տիրապետող ժառանգներ բողոքարկել են Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.10.2007 թվականի թիվ 2-1242 վճիռը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի թիվ 08-1953 որոշմամբ բեկանվել է, և Ֆելդերինա Չախալյանի դիմումը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Ավետիք և Նարինե Չախալյանների, Կլարա Ֆարմանյանի վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ավետիք, Նարինե Չախալյանները և Կլարա Ֆարմանյանը հանդիսանում են Ավետիք Չախալյանի որդու` նույն գործով դիմողի եղբայր Ռաֆիկ Չախալյանի երեխաները և կինը, մշտապես բնակվում են Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցի թիվ 227 տանը և զբաղեցնում են այդ տան երկրորդ հարկը:

Նման հանգամանքների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի` գործի վարույթը կարճելու հիմնավորումները, քանի որ քաղաքապետի որոշումները վիճարկելու հայցերը ենթակա են քննության հենց վարչական դատարանում և սույն գործում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու որևէ հիմք:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի թիվ 08-1953 որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի ուժով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատվեր, քանի որ այդ փաստաթղթերի առկայության դեպքում Ֆելդերինա Չախալյանի նկատմամբ կարող էր ընդունվել այլ որոշում:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.02.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ՎԴ/0283/05/10
Որոշում