Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՇՎԱՊԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ1/0046/05/08

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0046/05/08

Նախագահող դատավոր` Լ. Սոսյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Հ. Բեդևյան

                              

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                            

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի և երրորդ անձ Կարեն Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն), երրորդ անձ Կարեն Այվազյանի` Տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և Տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի` 121.862.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 121.862.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի 22.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է «բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության»:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2011 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է, որոշվել է անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի հայցը մերժել, իսկ Տեսչության հակընդդեմ հայցը` բավարարել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը և երրորդ անձ Կարեն Այվազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 25-րդ, 26-րդ, 122-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված «Հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման» կանոնների 23-րդ կետի, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314-րդ որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգի պահանջները, սխալ է կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները, մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.10.2008 թվականի փորձագետի թիվ 08-1022 եզրակացությունը և այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) թիվ 92 գիրքը (այսուհետ` Թիվ 92 գիրք) հաշվառվել է Երևանի Վանտյան 61ա հասցեով, հետևաբար, Թիվ 92 գրքում ենթակա է գրանցման միայն այն ապրանքը, որն անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից կառաքվեր նշված հասցեում գտնվող պահեստից կամ առևտրի իրականացման վայրից: Մինչդեռ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից ՀՀ տարածք ներմուծված և մաքսազերծված ապրանքը Մեղրիի մաքսակետից առաքվել է և տեղափոխվել «Կապանի ՃՇՇ» և «Խաչհար» ՍՊԸ-ին պատկանող պահեստները ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշման պահանջներին համապատասխան:

Բացի այդ, անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված տուգանքը ենթակա չէ կիրառման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից 2008 թվականի մարտ ամսվա միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանում հարկային պետական ծառայություն են ներկայացվել հայտարարագրեր, որոնցում ցույց է տրվել ՀՀ ներմուծված բիտումի մաքսազերծման ժամանակ ՀՀ պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկի հաշվարկման բազան և ամբողջությամբ վճարված գումարը: Հետևաբար, հայտարարագրերը համարվում են իրացման շրջանառությունից բխող հարկային պարտավորություններն արտացոլող հաշվապահական փաստաթղթեր: Այսինքն` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նախատեսված տուգանքները ենթակա չեն կիրառման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է Վճռաբեկ դատարանի կողմից գործի հանգամանքների պարզումը, մասնավորապես ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.10.2008 թվականի թիվ 08-1022 փորձագիտական եզրակացությունը` որոշման մեջ որևէ կերպ չպատճառաբանելով այն, ավելին վարչական մարմնի կողմից վիճարկվող ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու պայմաններում, առանց որևէ փաստական և իրավական հիմնավորման, հաստատված է համարել անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտումը:

Բացի այդ, Տեսչությունը` որպես վարչական մարմին, կրելով վիճարկվող ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, չի ներկայացրել ակտի իրավաչափությունը հաստատող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, որպիսի հանգամանքն ընդհանրապես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը, հակադրելով Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշմամբ գործի քննության համար էական համարված հանգամանքներին, ակնհայտ անհիմն գտել է, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել ԱԱՀ-ի հաշվարկները` թույլ տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ, 33-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 3-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 02.06.2000 թվականի թիվ 102 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման մասին» կարգի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315-րդ որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի գնահատել ստուգման ակտի իրավաչափությունը հերքող փորձագիտական եզրակացությունը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, բացի այդ, Տեսչության կողմից չի ներկայացվել փորձագիտական եզրակացությունը հերքող, ստուգման ակտի իրավաչափությունը հաստատող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց, առանց որևէ փաստական և իրավական հիմնավորման հաստատված է համարել անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի խախտումը, որի արդյունքում հանգել է սխալ եզրակացության:

Բացի այդ, Դատարանը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված պարզման ենթակա հանգամանքները, սակայն գործի քննությունը չի իրականացրել սահմանված ծավալով: Վճռաբեկ դատարանը, բավարարելով ՀՀ վարչական դատարանի 22.05.2009 թվականի վճռի դեմ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի բերած բողոքը, վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի թվում նշել է Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշման մասին անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի իրազեկված չլինելու և նշված որոշումը վերջինիս կողմից ստացած չլինելու հանգամանքը և վճռաբեկ բողոքը համարել է հիմնավոր:

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հանձնարարագրով Տեսչությանը իրավունք է վերապահվել իրականացնելու միայն ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում: Մինչդեռ Տեսչությունն առանց համապատասխան նոր հրամանի կամ հանձնարարագրի, փոփոխելով ստուգման շրջանակները, իրականացրել է նաև ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) ստուգում:

Բացի այդ, Տեսչությունը կատարել է գույքագրում անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանին պատկանող թիվ 13, 14, 22 և 27 պահեստներում, կազմել է գույքագրման ակտեր` խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 02.06.2000 թվականի թիվ 102 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման մասին» կարգի պահանջները:

Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից 01.03.2008 թվականից մինչև 31.03.2008 թվականն ընկած միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանում շուտ փչացող և ապրանքային տեսքը կորցնող գյուղատնտեսական մթերքները, ինչպես նաև կիտրոնը, մանդարինը, նարինջը սահմանված կարգով մաքսազերծվելուց և համապատասխան վճարումները կատարելուց հետո ՀԴՄ-ի միջոցով անմիջապես Մեղրու մաքսակետից իրացվել է գնորդներին և ստացված հասույթն արտացոլվել է ՀԴՄ-ի շրջանառությամբ կամ ֆիսկալային հաշվետվություններում և 01.03.2008 թվականից մինչև գույքագրման կատարման օրը` 25.03.2008 թվականը, կազմել է 63.742.488 ՀՀ դրամ, որը ներառվել է հարկային գործում գտնվող դիտարկման ակտերում:

Ավելին, մանրածախ առևտրի վաճառքի կետերի համար կազմված դիտարկման ակտերում 01.03.2008 թվականից մինչև 31.03.2008 թվականն ընկած ժամանակաշրջանի համար ցույց տրված իրացման շրջանառության գումարը համապատասխանում է հերթափոխային հաշվետվություններում արտացոլված կանխիկ վաճառքից ստացված հասույթի գումարների հանրագումարին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.10.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 14.03.2008 թվականի թիվ 1102372 հանձնարարագրով Տեսչության աշխատակիցներին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի մոտ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 9):

2. Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշմամբ որոշվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 14.03.2008 թվականի թիվ 1102372 հանձնարարագրի համաձայն` անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի մոտ ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգման ժամանակ իրացման չհիմնավորված ծավալների և ապրանքների գների որոշման նպատակով կիրառել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «Գույքագրման և չափագրման տվյալների» և «օրենքով սահմանված կարգով 3-րդ անձից ստացված տեղեկությունների» դրույթները» (հատոր 1-ին, գ.թ. 28):

3. Տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ստուգման ակտով արձանագրվել են հարկային օրենսդրության խախտումներ, և անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանին առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ 60.931.500 ՀՀ դրամի չափով: Ակտով արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգը, 2008 թվականի մարտ ամսին ձեռնարկատիրական գործունեության առարկաները սահմանված կարգով չի գրանցել, ինչի հետևանքով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` հաշվարկվել է 33.506.300 ՀՀ դրամ տուգանք: Անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը, խախտելով ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգը, 2008 թվականի մարտ ամսին ապրանքները սահմանված կարգով չի գրանցել, ինչի հետևանքով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` հաշվարկվել է 27.425.200 ՀՀ դրամ տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 10):

4. Ակտով առաջադրված տուգանքի գումարը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով կրկնապատկվել և կազմել է 121.862.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 70):

5. Սույն գործում առկա են անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից ներկայացված 2008 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկները, մաքսային գանձման անդորրագրերը և հայտարարագրերը և մաքսային գանձումների բյուջե փոխանցման հանձնարարականները (հատոր 1-ին, գ.թ. 142, 144, 145, 152, 153, 154, 158, 159, 165, 166, 173, 175, 176, 191, 192, 200):

6. Անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը 2008 թվականի մարտ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը գրանցման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացրել ստուգման ակտը կազմելուց հետո` 25.04.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 173):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով:

Սույն գործով Վճռաբեկ դատարանն իր 25.12.2009 թվականի որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին և արձանագրել, որ ՀՀ վարչական դատարանն իրավացիորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանը խախտել է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգը:

i

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, գտել է, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից Դատարան են ներկայացվել 2008 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկները արտացոլող հայտարարագրեր, որոնք Դատարանի կողմից քննության առարկա չեն դարձվել (տես Աղավնի Չիլյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչության` 07.04.2008 թվականի թիվ 1102372 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ինչպես նաև հակընդդեմ հայցի` 121.862.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ1/0046/05/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշումը):

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից խախտվել է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգը, այնուամենայնիվ, պարզման է ենթակա նաև այն հանգամանքը, թե նշված կարգի խախտումը սույն գործով կարող է հանգեցնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված տուգանքի կիրառման:

Մասնավորապես, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե խախտումները կատարվել են այն հաշվետու ժամանակաշրջանում, որի համար սահմանված կարգով հարկ վճարողի կողմից ներկայացված են հաշվապահական հաշվետվություններ (հայտարարագրեր) կամ իրացման շրջանառությունից (համախառն եկամտից) բխող հարկային պարտավորություններն արտացոլող` հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է որոշման իրավական հիմնավորմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշմամբ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0026/02/08):

i

Սույն գործի տվյալներից հետևում է, որ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից խախտումները կատարվել են 2008 թվականի մարտ ամսին, իսկ այդ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի հաշվարկները տեսչություն է ներկայացվել 2008 թվականի ապրիլի 25-ին: «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնում են պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևով:

Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի 23 և 24 հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար: Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը` բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Տվյալ դեպքում Տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ստուգման ակտով արձանագրվել են հարկային օրենսդրության խախտումներ, և անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանին առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ, իսկ վերջինս ԱԱՀ-ի հաշվարկը գրանցման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացրել ստուգման ակտը կազմելուց հետո` 25.04.2008 թվականին:

Այսպիսով, սույն գործի փաստական հանգամանքներով հաստատվում է, որ 2008 թվականի մարտ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը Տեսչություն է ներկայացվել միայն ստուգման ակտը կազմելուց հետո: Իսկ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նորմը կիրառվում է այն դեպքում, երբ նման հաշվարկները ներկայացվում են սահմանված կարգով: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվել է ստուգման ակտը կազմելուց հետո և հետևաբար, այն չի կարող հիմք հանդիսանալ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը իրավացի կերպով տվել է իրավական գնահատական անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի կողմից ներկայացված 2008 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկներին և նշել է այդ ապացույցների մերժման հիմնավորումները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը քննարկվող մասով հիմնավոր է:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանն իր 25.12.2009 թվականի որոշմամբ անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին և արձանագրել, որ Դատարանը, մերժելով վեճի առարկա ակտն անվավեր ճանաչելու պահանջը, պատշաճ հետազոտությամբ չի գնահատել ստուգման հիմք հանդիսացող հանձնարարագիրը, Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշումը, չի փաստել Տեսչության մոտ նաև ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի պահպանվածության ստուգում իրականացնելու լիազորության առկայությունը կամ բացակայությունը (տես Աղավնի Չիլյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչության` 07.04.2008 թվականի թիվ 1102372 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ինչպես նաև հակընդդեմ հայցի` 121.862.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ1/0046/05/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշմամբ որոշվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 31.03.2008 թվականի թիվ 1102372 հանձնարարագրի համաձայն` անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի մոտ ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգման ժամանակ իրացման չհիմնավորված ծավալների և ապրանքների գների որոշման նպատակով կիրառել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «Գույքագրման և չափագրման տվյալների» և «օրենքով սահմանված կարգով 3-րդ անձից ստացված տեղեկությունների» դրույթները:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշմամբ որոշվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 31.03.2008 թվականի թիվ 1102372 հանձնարարագրի համաձայն` անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի մոտ ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգման ժամանակ իրացման չհիմնավորված ծավալների և ապրանքների գների որոշման նպատակով կիրառել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «Գույքագրման և չափագրման տվյալների» և «օրենքով սահմանված կարգով 3-րդ անձից ստացված տեղեկությունների» դրույթները»: Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ վերը նշված իրավական նորմերով սահմանված ստուգման նպատակը, ինչպես նաև ստուգման շրջանակը Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշմամբ չի փոփոխվել: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված նորմի կիրառման հիմքերը բացակայում են: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հնարավորությունն արդեն իսկ նախատեսված է նույն օրենքի 28-րդ հոդվածով, որպիսի պայմաններում նման իրավունքից օգտվելը չի կարող դիտվել որպես ստուգման նպատակի և շրջանակների փոփոխություն: Հետևաբար, Տեսչության պետի 31.03.2008 թվականի թիվ 443 որոշումը չի կարող դիտվել անձի իրավական վիճակը վատթարացնող անհատական իրավական ակտ: Նման պայմաններում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածը, որով կարգավորվում են վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը, տվյալ դեպքին չի վերաբերում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, որի համաձայն` սույն գործով պետք է փաստվեր Տեսչության մոտ նաև ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի պահպանվածության ստուգում իրականացնելու լիազորության առկայությունը կամ բացակայությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչության մոտ նաև ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի պահպանվածության ստուգում իրականացնելու ժամանակ պետք է պահպանվեն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որի պայմաններում սույն գործով ապրանքների գների որոշումը համարվում է ստուգման նոր նպատակ և ընդգրկում նոր շրջանակներ:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապրանքների գների որոշման ժամանակ ստուգում իրականացնելու լիազորության առկայությունը կարող էր հիմնավորվել նոր հանձնարարագրի առկայության դեպքում, մինչդեռ նման հանձնարարագիր սույն գործում առկա չէ:

3) Երրորդ անձ Կարեն Այվազյանի վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Տվյալ դեպքում Տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ստուգման ակտով արձանագրվել են հարկային օրենսդրության խախտումներ և անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանին են առաջադրվել լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսինքն, նշված ակտով երրորդ անձ Կարեն Այվազյանին որևէ պարտավորություն չի առաջադրվել, ուստի վերջինիս վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասամբ փոփոխելու, ինչպես նաև դատական ակտի մասին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն օրինական ուժ տալով և մասնակիորեն փոփոխելով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Կարեն Այվազյանի վճռաբեկ բողոքը մերժել:

2. Անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշման` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ակտը` ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի խախտման հիմքով անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 11.10.2010 թվականի վճռին:

Հակընդդեմ հայցի մասով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.04.2011 թվականի որոշումը բեկանել և փոփոխել. հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն. անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 67.012.600 ՀՀ դրամ` ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 314 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) մասին» կարգի խախտման հիմքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչության 07.04.2008 թվականի թիվ 1102372 ակտով արձանագրված տուգանքի գումարը: Մնացած մասով հակընդդեմ հայցը մերժել:

3. Անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչության բռնագանձել 1.340.252 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար` բավարարված հակընդդեմ հայցի մասով: Անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.010.378 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար, 550.000 ՀՀ դրամ, 550.000 ՀՀ դրամ և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար չվճարված պետական տուրքի գումարներ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ անհատ ձեռնարկատեր Աղավնի Չիլյանի բռնագանձել 2.000 ՀՀ դրամ և 10.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ` հայցի բավարարված պահանջների մասով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրիի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 450.000 ՀՀ դրամ, 450.000 ՀՀ դրամ և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի գումարներ` հակընդդեմ հայցի մերժված պահանջների մասով:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ՎԴ1/0046/05/08
Որոշում