Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԿԴ3/0001/02/10
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0001/02/10 2011 թ.
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ` Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԷՅ-ԷԼ-ԹԻ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորայր Ասլանյանի ընդդեմ Ընկերության` աշխատանքային պայմանագրի լուծումն անվավեր ճանաչելու, ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի, հանգստյան օրերին աշխատած և օրենքով սահմանված կարգով չվճարված, արձակուրդային, արձակման նպաստի և վերջնահաշվարկի գումարների բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նորայր Ասլանյանը պահանջել է անվավեր ճանաչել 15.12.2009 թվականի գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը և վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև գործատուից բռնագանձել 1.017.789 ՀՀ դրամ, որից 598.000 ՀՀ դրամը` որպես ութ ամսվա պարապուրդի գումար, 262.789 ՀՀ դրամը` շաբաթ օրերին աշխատած և օրենքով սահմանված կարգով չվճարված գումար, 79.150 ՀՀ դրամը` արձակման նպաստի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2010 թվականի որոշմամբ Նորայր Ասլանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 17.03.2010 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2010 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Յու. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 12.04.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2011 թվականի որոշմամբ Նորայր Ասլանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 12.04.2011 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նորայր Ասլանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, որի արդյունքում կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 122-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը հանդիսանում է «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծող հումքի և նյութերի վերամշակման աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող գործատու, և Ընկերության ու աշխատողների միջև կնքված պայմանագրով կարգավորվել է ոչ գործատուի մեղքով պարապուրդի վճարման հարցը, մասնավորապես աշխատանքային պայմանագրով սահմանվել է, որ նման դեպքերում պարապուրդը չի վճարվում: Հետևաբար աշխատողի պարապուրդն Ընկերության կողմից չվճարելու հանգամանքը բխել է «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջներից:

Բացի այդ, Դատարանի 12.04.2011 թվականի վճռով հիմնավորվել է այն հանգամանքը, որ աշխատանքային պայմանագրի լուծումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.04.2011 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության և Նորայր Ասլանյանի միջև 08.01.2007 թվականին անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն` Նորայր Ասլանյանն Ընկերությունում նշանակվել է ենթահղկող (հ. 1-ին գ.թ. 6-7):

2. ՀՀ ֆինանսների նախարարության 27.07.2009 թվականի թիվ 688-Ա հրամանի համաձայն` Ընկերությանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 13.07.2005 թվականին տրված ««Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» թիվ ՊԼ-4024 լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած (հ. 1-ին գ. թ. 41):

3. Նորայր Ասլանյանին 15.10.2009 թվականին հասցեագրված ծանուցման համաձայն` Ընկերությունը հայտնել է Նորայր Ասլանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 113-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության, 115-րդ հոդվածի 1-ին կետի հիմքերով 15.12.2009 թվականից լուծելու մասին, իսկ Ընկերության 15.12.2009 թվականի թիվ 19 հրամանի համաձայն` Նորայր Ասլանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 113-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերության հիմքով 15.12.2009 թվականից համարվել է լուծված (հ. 1-ին գ. թ. 8, 58):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի թիվ 3-1843(ՎԴ) որոշումը): ՈՒստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սույն իրավահարաբերության կարգավորման ժամանակ առկա խմբագրությամբ` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծել, եթե աշխատողների թվաքանակի կրճատումը պայմանավորված է`

1. արտադրության ծավալների փոփոխման անհրաժեշտությամբ,

2. տնտեսական պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ,

3. տեխնոլոգիական պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ,

4. աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ,

5. արտադրական անհրաժեշտությամբ:

Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանվել է, որ վերը նշված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

Դատարանն Ընկերության և Նորայր Ասլանյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի լուծման և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը 20.01.2009 թվականից հետո գործունեություն չի ծավալել և աշխատողի կարիք չի ունեցել: Նման հանգամանքներում Ընկերությունը հնարավորություն չի ունեցել Նորայր Ասլանյանին առաջարկել այլ աշխատանք, ուստի ծանուցմամբ վերջինիս հայտնել է 15.12.2009 թվականին աշխատանքային պայմանագրի լուծման մասին:

Վերաքննիչ դատարանը Դատարանի 12.04.2011 թվականի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը հետազոտման առարկա չի դարձրել այն հարցը, թե Ընկերության որ մարմինն է լիազորված եղել Ընկերությունում կատարել կառուցվածքային փոփոխություններ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությանը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 13.07.2005 թվականին տրվել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման թիվ ՊԼ-4024 լիցենզիան, որը ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության 27.07.2009 թվականի թիվ 688-Ա հրամանով: Նորայր Ասլանյանին 15.10.2009 թվականին հասցեագրված ծանուցմամբ Ընկերությունը հայտնել է Նորայր Ասլանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 15.12.2009 թվականից լուծելու մասին, իսկ Ընկերության 15.12.2009 թվականի թիվ 19 հրամանի համաձայն` Նորայր Ասլանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 15.12.2009 թվականից համարվել է լուծված:

Այսպիսով` Ընկերության լիցենզիան 27.07.2009 թվականին ուժը կորցրած ճանաչելու պարագայում համապատասխան բնագավառում դադարել է Ընկերության գործունեությունը, Նորայր Ասլանյանը երկու ամիս առաջ ծանուցվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, այն է` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման մասին, ուստի Նորայր Ասլանյանի հետ կնքած աշխատանքային պայմանագրի լուծումը բխել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներից, ինչը հիմք է հանդիսանում արձանագրելու, որ աշխատանքային պայմանագրի լուծման մասին 15.12.2009 թվականի հրամանն անվավեր ճանաչելու և իրեն նախկին աշխատանքում վերականգնելու հայցն անհիմն է և ենթակա է մերժման, հետևաբար հայցապահանջի այդ մասի նոր քննության համար անհրաժեշտ հիմքեր չկան:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը հայցապահանջի այս մասով նոր քննության անհրաժեշտության վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության գործունեության դադարման պարագայում Ընկերությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու լիազորություն ունեցող մարմնի պարզումը հայցապահանջի լուծման համար որևէ նշանակություն չի կարող ունենալ:

Ինչ վերաբերում է Նորայր Ասլանյանի` ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի, հանգստյան օրերին աշխատած և օրենքով սահմանված կարգով չվճարված, արձակուրդային, արձակման նպաստի և վերջնահաշվարկի գումարների բռնագանձման պահանջներին, ապա Դատարանն այդ մասերով Նորայր Ասլանյանի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ վերջինս չի ներկայացրել ապացույցներ, որոնցով կհիմնավորեր իր պահանջները, բացի այդ, Ընկերությունը Նորայր Ասլանյանի աշխատանքից ազատման հրամանում կատարել է վերջնահաշվարկ:

Վերաքննիչ դատարանը պահանջի այդ մասով դատական ակտի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, մասնավորապես` «պարտավոր էր համակողմանիորեն վերլուծության ենթարկել աշխատանքային գրքերը, որտեղ գրառվել է վերամշակվող հումքի տեղաշարժը, ճշգրտեր դրանց շրջանառությունն ըստ ամիսների, ամսաթվերի, տարեթվերի և այն ստորագրած անձանց: Արդյունքում` ճշտեր այն, թե արդյոք առկա են եղել արտաժամյա և հանգստյան օրերի աշխատանքներ, որքան են դրանք կազմել և նոր լուծեր պահանջն այդ մասով բավարարելու կամ մերժելու հիմնավորվածությունը»:

Վճռաբեկ դատարանը նույնպես գտնում է, որ սույն գործի քննության ընթացքում Նորայր Ասլանյանի հայցապահանջի այդ մասի լուծման համար պետք է պարզվեր գործի քննության համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ հանգամանքները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 30.06.2011 որոշումը մասնակի բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011 թվականի որոշման` Նորայր Ասլանյանի հայցն աշխատանքային պայմանագիրը լուծելու և աշխատանքից ազատելու մասին 15.12.2009 թվականի հրամանն անվավեր ճանաչելու, իրեն նախկին աշխատանքում վերականգնելու պահանջներով նոր քննության ուղարկելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.04.2011 թվականի վճռին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2011 թվականի որոշման մնացած մասերը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ԿԴ3/0001/02/10
Որոշում