Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0656/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ/0656/05/10                                2011 թ.

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Աիդա Կիրակոսյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտը և դրա հիման վրա ընդունված վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 12.02.2010 թվականի թիվ 111596 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Կոմիտեի հակընդդեմ հայցի ընդդեմ Աիդա Կիրակոսյանի` 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աիդա Կիրակոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտը և դրա հիման վրա ընդունված Տեսչության պետի 12.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 111596 որոշումը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Աիդա Կիրակոսյանից 2.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աիդա Կիրակոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտում մանրամասնորեն նկարագրված են արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտումների կոնկրետ ժամանակը, ինչպես նաև հղում է կատարվել համապատասխան փաստաթղթերին:

Դատարանն անտեսել է, որ Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտը և Տեսչության պետի 12.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 111596 որոշումը պարունակում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով պահանջվող փաստական և իրավական հիմնավորումները, իսկ նշված ակտով արձանագրված իրավախախտումները փաստացի կատարվել են, ինչը և արձանագրել են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքում ըստ էության բացակայում է որևէ հիմնավորում այն մասին, որ Դատարանը նյութական կամ դատավարական իրավունքի որևէ նորմ է խախտել, քանի որ դրանով ընդամենը կրկնվում են հակընդդեմ հայցադիմումով ներկայացված առարկությունները, որոնց բոլորին էլ Դատարանն անդրադարձել է գործի քննության ընթացքում` պարզելով և օբյեկտիվորեն ապացուցելով Կոմիտեի կողմից կատարված խախտումները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 18.12.2009 թվականի թիվ 2601808 հանձնարարագրի հիման վրա Աիդա Կիրակոսյանի մոտ կատարվել է հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրություն` ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների ուսումնասիրման նպատակով, կանխիկ եղանակով (գ.թ. 28):

2) Նշված ուսումնասիրության արդյունքում Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրություն, որի համաձայն` 19.12.2009 թվականին ժամը 13:00-ին Աիդա Կիրակոսյանին պատկանող Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում (տաղավար ն29-ն30) գործող ոսկու մանրածախ առևտրի կետից կատարվել է հսկիչ գնում` 580 ԱՄՆ դոլար արժողությամբ, որի արժեքը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Գնվել է մեկ մատանի` ոսկյա, ադամանդի քարերով` 11,6 գրամանոց: Նշված արձանագրությունն Աիդա Կիրակոսյանը ստորագրել, ինչպես նաև մեկ օրինակը ստացել է 19.12.2009 թվականին և դրա վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել (գ.թ. 30):

3) Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304159 հանձնարարագրի հիման վրա Աիդա Կիրակոսյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում, որն ընդգրկել է 12.02.2009 թվականից մինչև ստուգման ավարտն ընդգրկող ժամանակաշրջանը (գ.թ. 9):

4) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 28.12.2009 թվականին կազմել է թիվ 1304159 ակտը, որի 2-րդ կետի համաձայն` 19.12.2009 թվականին ժամը 13:00-ին Աիդա Կիրակոսյանին պատկանող Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում (տաղավար ն29-ն30) գործող ոսկու մանրածախ առևտրի կետից կատարվել է հսկիչ գնում, որով կատարված գնման գումարը` 220.000 ՀՀ դրամ (ադամանդներով մատանի), չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Նույն ակտի 6-րդ կետի համաձայն` վերոգրյալ հսկիչ գնմամբ գնված ադամանդներով մատանու համար վճարվել է 580 ԱՄՆ դոլար (գ.թ. 33-34):

5) Տեսչության 03.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 121 արձանագրության համաձայն` Աիդա Կիրակոսյանը հաշվառումը վարել է այնպիսի խախտումով (հասույթը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա), որը կարող է առաջացնել հարկի նվազեցում, և չի կատարել Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը (գ.թ. 37):

6) Տեսչության պետի 12.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 111596 որոշման համաձայն` Աիդա Կիրակոսյանը հաշվառումը վարել է այնպիսի խախտումով (հասույթը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա), որը կարող է առաջացնել հարկի նվազեցում, և չի կատարել Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը: Արարքը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի և 169.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Նույն որոշման կայացման համար հիմք են հանդիսացել Տեսչության 03.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 121 արձանագրությունը և կից նյութերը` Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտը: Նույն որոշմամբ Աիդա Կիրակոսյանը ենթարկվել է 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ՀՀ վարչական դատարանին Աիդա Կիրակոսյանի կողմից տրված ցուցմունքները վկայում են այն մասին, որ վերջինիս կողմից չի խախտվել դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը, ինչը հիմնավորվում է 28.12.2009 թվականին կազմված թիվ 1304159 ակտի 2-րդ կետում ստուգումն իրականացնող տեսուչների կողմից կատարված արձանագրությամբ. «Աիդա Կիրակոսյանին պատկանող ոսկու մանրածախ առևտրի կետից կատարվեց հսկիչ գնում, կատարված գնման գումարը` 220.000 ՀՀ դրամ, չմուտքագրվեց հսկիչ-դրամարկղային մեքենա և չտրամադրվեց կտրոն»:

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության պետի 18.12.2009 թվականի թիվ 2601808 հանձնարարագրի հիման վրա Աիդա Կիրակոսյանի մոտ կատարված հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրության արդյունքում Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրություն, որի համաձայն` 19.12.2009 թվականին ժամը 13:00-ին Աիդա Կիրակոսյանին պատկանող Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում (տաղավար ն29-ն30) գործող ոսկու մանրածախ առևտրի կետից կատարվել է հսկիչ գնում` 580 ԱՄՆ դոլար արժողությամբ, որի արժեքը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Գնվել է մեկ մատանի` ոսկյա, ադամանդի քարերով` 11,6 գրամանոց: Նշված արձանագրությունն Աիդա Կիրակոսյանը ստորագրել, ինչպես նաև մեկ օրինակը ստացել է 19.12.2009 թվականին և դրա վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել: Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304159 հանձնարարագրի հիման վրա Աիդա Կիրակոսյանի մոտ կատարված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում Տեսչությունը 28.12.2009 թվականին կազմել է թիվ 1304159 ակտը, որի 2-րդ կետի համաձայն` 19.12.2009 թվականին ժամը 13:00-ին Աիդա Կիրակոսյանին պատկանող Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում (տաղավար ն29-ն30) գործող ոսկու մանրածախ առևտրի կետից կատարվել է հսկիչ գնում, որով կատարված գնման գումարը` 220.000 ՀՀ դրամ (ադամանդներով մատանի), չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն: Նույն ակտի 6-րդ կետի համաձայն` վերոգրյալ հսկիչ գնմամբ գնված ադամանդներով մատանու համար վճարվել է 580 ԱՄՆ դոլար: Տեսչության պետը, ուսումնասիրելով Տեսչության 03.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 121 արձանագրությունը և կից նյութերը` Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտը, 12.02.2010 թվականին կայացրել է «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 111596 որոշումը, որի համաձայն` Աիդա Կիրակոսյանը հաշվառումը վարել է այնպիսի խախտումով (հասույթը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա), որը կարող է առաջացնել հարկի նվազեցում, և չի կատարել Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը: Արարքը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի և 169.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին: Նույն որոշմամբ Աիդա Կիրակոսյանը ենթարկվել է 2.000.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը վերոնշյալ եզրահանգումը կատարել է ապացույցների ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման ճշտության խախտում և չմուտքագրված գումարը նշվել է ՀՀ դրամով, քանի որ Հայաստանի Հանրապետությունում արտարժույթով արտահայտված գումար հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրել հնարավոր չէ, և նշվել է այն հնարավոր գումարի չափը` արտահայտված ՀՀ դրամով, որը հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների պահպանման դեպքում պետք է մուտքագրվեր հսկիչ-դրամարկղային մեքենա: Այսպես, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները, ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կարգի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աիդա Կիրակոսյանն ապրանքի իրացման գործարքի դիմաց դրամական (փողային) վճարումն իրականացրել է ԱՄՆ դոլարով, ինչպես նաև վճարված գումարը չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ինչի արդյունքում հանգել է չպատճառաբանված ներքին համոզման, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ Տեսչության 28.12.2009 թվականի թիվ 1304159 ակտը և Տեսչության պետի 12.02.2010 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 111596 որոշումն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք, ինչից հետևում է, որ Կոմիտեի հակընդդեմ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.07.2010 թվականի վճիռը և այն փոփոխել. Աիդա Կիրակոսյանի հայցը մերժել: ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հակընդդեմ հայցը բավարարել` Աիդա Կիրակոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ:

2. Աիդա Կիրակոսյանից հօգուտ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ՎԴ/0656/05/10
Որոշում