Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ       Վարչական գործ թիվ ՎԴ2/0214/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0214/05/10                         2011 թ.

 

Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Ս. Անտոնյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.09.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Խուդավերդյանի` 544.817 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Արթուր Խուդավերդյանից բռնագանձել լիցենզիայի համար պետական տուրքի, պարզեցված հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարները չվճարելու հետևանքով առաջացած 544.817 ՀՀ դրամ պարտքը:

ՀՀ վարչական դատարանի 10.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Արթուր Խուդավերդյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 188.467 ՀՀ դրամ, որից որպես տույժ 184.767 ՀՀ դրամ (լիցենզիայի համար պետական տուրքի գծով` 31.875 ՀՀ դրամ, պարզեցված հարկի գծով` 5.985 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 146.907 ՀՀ դրամ), ինչպես նաև հայցի բավարարված մասի նկատմամբ համամասնորեն բաշխված նախապես վճարված պետական տուրք` 3.700 ՀՀ դրամ: Հայցը մնացած` 360.050 ՀՀ դրամ բռնագանձելու մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը, ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, հիմք ընդունելով ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքի 6-րդ հոդվածը, եզրակացրել է, որ մինչև 22.06.2006 թվականը չվճարված 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի նկատմամբ ժամկետանց օրերի տույժերը պետք է հաշվարկվեն մինչև 04.04.2007 թվականը, այսինքն` մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը: Սակայն Դատարանը հաշվի չի առել, որ նշված օրենքով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը չի փոփոխվել, գործում է մինչև այժմ, և այն հռչակում է առանց ժամկետների սահմանափակման` տույժերի հաշվարկման սկզբունքը: Դա նշանակում է, որ մինչև հիշյալ օրենքի փոփոխությունը պատասխանողին առաջադրված և մինչև 22.06.2006 թվականը չվճարված 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի նկատմամբ ժամկետանց օրերի տույժերի հաշվարկման համար օրենքը ժամկետային սահմանափակում չի նախատեսել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.09.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 22.07.2005 թվականին Արթուր Խուդավերդյանին տրվել է այլ սննդամթերքի արտադրության թիվ ՊԼ-4036 լիցենզիան (գ.թ. 19):

2) Տեսչության «Մնացորդների վերաբերյալ տեղեկանքի» համաձայն` Արթուր Խուդավերդյանը 17.06.2010 թվականի դրությամբ ՀՀ պետական բյուջեին պարտք է 544.817 ՀՀ դրամ, որից 203.125 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար (25.000 ՀՀ դրամն ապառք է, իսկ 178.125 ՀՀ դրամը` ժամկետանց օրերի տույժեր), 5.985 ՀՀ դրամը` որպես պարզեցված հարկի գումար, 335.707 ՀՀ դրամը` որպես պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով գումար (188.800 ՀՀ դրամը ապառք է, իսկ 146.907 ՀՀ դրամը` ժամկետանց օրերի տույժեր) (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18.8-րդ մասի համաձայն

(իրավահարաբերությունների ծագման ժամանակ գործող խմբագրությամբ)` այլ սննդամթերքի արտադրության համար տարեկան գանձվում է բազային տուրքի 25-ապատիկի չափով պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` լիցենզիաների, արտոնագրերի և թույլտվությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ժամկետներից շուտ դրանց գործողության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում` դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է, իսկ նույն օրենքի 6.1 հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած նախկինում չվճարված հերթական տարեկան պետական տուրքերի վճարման համար նույն օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար ժամկետանց օրերի տույժեր չեն հաշվարկվում:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում դրա նկատմամբ հաշվարկվում են տույժեր` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,5 տոկոսի չափով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրն այդ տույժերի հաշվարկի համար նախատեսում է որոշ կանոններ, մասնավորապես, այն դեպքում, երբ գործունեության որոշակի տեսակ օրենքով այլևս չի համարվում լիցենզավորման ենթակա և համապատասխանաբար անձի մոտ դադարում է դրա համար պետական տուրք վճարելու պարտավորությունը, այդ պահից սկսած դադարում է նախկինում հաշվարկված պետական տուրքի նկատմամբ ժամկետանց օրերի համար վճարման ենթակա տույժերի հաշվարկը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` այլ սննդամթերքի արտադրության գործունեությունը դադարել է համարվել լիցենզավորման ենթակա գործունեություն: Օրենքի նշված հոդվածն ուժի մեջ է մտել 05.04.2007 թվականին:

Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչությունն Արթուր Խուդավերդյանի նկատմամբ հաշվարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված պետական տուրքի գումարի 0,5 տոկոսի չափով տույժ, որի գումարը կազմել է 178.125 ՀՀ դրամ, ընդ որում, նշված տույժը հաշվարկվել է 05.04.2007 թվականից հետո ընկած ժամանակահատվածի համար:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ժամկետանց օրերի տույժեր չեն կարող հաշվարկվել: Հետևաբար, հիմնավոր է Դատարանի այն պատճառաբանությունը, որ Տեսչությունը պետք է պետական տուրքի գծով տույժը հաշվարկեր մինչև 04.04.2007 թվականը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժով 05.04.2007 թվականից այլ սննդամթերքի արտադրության գործունեությունը համարվել է այլևս լիցենզավորման ոչ ենթակա:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 10.09.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ՎԴ2/0214/05/10
Որոշում