Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 53-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0313/02/09

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0313/02/09

 

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Մ. Դրմեյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդուհի Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նիկոլա Աբրահամյանի ընդդեմ Վարդուհի Մինասյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նիկոլա Աբրահամյանը պահանջել է բռնագանձել Վարդուհի Մինասյանից ԽՍՀՄ 5.000 ռուբլուն համարժեք 3.139.790 ՀՀ դրամ պարտքը, ինչպես նաև տոկոսներ` կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2009 թվականի վճռով պարտքի գումարի բռնագանձման մասով հայցը մերժվել է, իսկ տոկոսների բռնագանձման մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2009 թվականի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2009 թվականի վճիռը պարտքի գումարը բռնագանձելու հայցը մերժելու մասով բեկանվել է, և այդ մասով գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.04.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է «Վարդուհի Վարազդատի Մինասյանից հօգուտ Նիկոլա Միսակի Աբրահամյանի բռնագանձել 11.05.1990 թվականի փոխառության պարտավորագրով 5.000 (հինգ հազար) ԽՍՀՄ ռուբլուն համարժեք 3.139.790 (երեք միլիոն հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամը: Վարդուհի Վարազդատի Մինասյանից հօգուտ Նիկոլա Միսակի Աբրահամյանի 2009 թվականի հունիսի 30-ից մինչև սույն վճռով որոշված 3.139.790 ՀՀ դրամ գումարի լրիվ բռնագանձումը` այդ գումարի չվճարված մասի համար նաև բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները: Սույն վճռով սահմանված 3.139.790 ՀՀ դրամի բռնագանձումն օրենքով սահմանված կարգով տարածել Վարդուհի Վարազդատի Մինասյանի գույքի, այդ թվում նաև` բնակարանի և հողամասերի վրա»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.08.2010 թվականի որոշմամբ Դատարանի 20.04.2010 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է: Որոշվել է հայցը բավարարել` Վարդուհի Մինասյանից հօգուտ Նիկոլա Աբրահամյանի բռնագանձել 5.000 ԽՍՀՄ ռուբլուն համարժեք 3.139.790 ՀՀ դրամ: Քաղաքացիական գործի վարույթը Վարդուհի Մինասյանից հօգուտ Նիկոլա Աբրահամյանի 30.06.2009 թվականից մինչև վճռով որոշված 3.139.790 ՀՀ դրամ գումարի լրիվ բռնագանձումն այդ գումարի չվճարված մասի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձման մասով կարճել: Հայցապահանջը 3.139.790 ՀՀ դրամի բռնագանձումն օրենքով սահմանված կարգով Վարդուհի Մինասյանի գույքի, այդ թվում նաև բնակարանի և հողամասերի վրա տարածելու մասով մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդուհի Մինասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նիկոլա Աբրահամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 53-րդ, 130-132-րդ, 208-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 880-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով չի գնահատել վերաքննիչ բողոքի հիմքում դրված հանգամանքները, ուսումնասիրության չի արժանացրել գործում առկա փաստաթղթերը:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը, հաշվի չի առել, որ այդ նորմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ դատարանի կողմից վճիռ կայացնելիս սխալ նյութաիրավական նորմ է կիրառվում: Նշվածը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներից, այն է` դատարանի պարտականությունն է օրինական և հիմնավորված վճռի կայացումը, տվյալ գործով կիրառման ենթակա օրենքների ու այլ իրավական ակտերի որոշումը: Ընդ որում, դատարանը ոչ միայն պետք է ցույց տա նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու պետք է կիրառվի այդ նորմը:

Այսինքն, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատարանի այս պարտականության կատարումն օրենսդրի կողմից սահմանված է իմպերատիվ, չի պարունակում որևէ պայման կամ նախապայման դատավարության որևէ մասնակցի կողմից դիրքորոշման արտահայտմամբ:

Դատարանի վճռում, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է որևէ փաստական և իրավական հիմնավորում այն մասին, թե ինչու 1990 թվականին վերցված 5.000 խորհրդային ռուբլի գումարի փոխարեն (19.12.2008 թվականի հայտարարությամբ նշվել է նույն 5.000 խորհրդային ռուբլի չափը), որի վերադարձման պարտավորությունը ծագել է 30.05.2009 թվականին, պետք է վերադարձվի 3.139.790 ՀՀ դրամ գումար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ Դատարանի 05.08.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացվելիս որևէ նյութական կամ դատավարական իրավունքի խախտում թույլ չի տրվել: Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, ինչպես նաև որոշման մեջ նշել է այն փաստական հանգամանքները, իրավաբանական հիմնավորումները, որոնց հիման վրա կայացվել է արդարացի որոշում: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա դրանք որևէ պատշաճ և թույլատրելի ապացույցներով չեն հիմնավորվում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վարդուհի Մինասյանի 11.05.1990 թվականի հայտարարության համաձայն`»Ես Ապարանի շրջանի Երնջատափ գյուղի բնակչուհի Վարդուհի Վարազդատի Մինասյանս տալիս եմ սույն հայտարարությունն այն մասին, որ նույն գյուղի բնակիչ Նիկոլ Միսակի Աբրահամյանից 1990թ. մայիսի 11-ին պարտքով վերցրել եմ սովետական փող թվով 5.000 ռուբլի (հինգ հազար ռուբլի) տուն գնելու միտումով: Պատրաստվում եմ վերադարձնելու: (ստորագրություն) Վարդուհի Մինասյան (Հայտ. գր. իմ. ձեռք (ստորագրություն) 1990թ. մայիսի 11» (հատոր 1-ին, գ.թ. 36):

2. Վարդուհի Մինասյանի 19.12.2008 թվականի հայտարարության համաձայն`»Ես Ապարանի շրջանի Երնջատափ գյուղի բնակչուհի Վարդուհի Վարազդատի Մինասյանս տալիս եմ սույն հայտարարությունն այն մասին, որ նույն գյուղի բնակիչ Նիկոլ Միսակի Աբրահամյանից 1990թ. մայիսի 11-ին պարտքով վերցրել եմ սովետական փող թվով 5.000 ռուբլի (հինգ հազար ռուբլի) տուն գնելու միտումով Պատրաստվում եմ վերադարձնելու: չեմ զլանում: հայտարարությունը գրված է իմ ձեռքերով 19 դեկտեմբերի 2008 թվականին: (ստորագրություն) Վ.Վ.Մինասյան» (հատոր 1-ին, գ.թ. 35):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվի նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա:

Նույն օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերած անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում` գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն դիտելով այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնելու վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի խախտման, 432-րդ հոդվածի չկիրառման մասին վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկներին, արձանագրել է, որ որպես նշված իրավանորմերի խախտման հիմնավորում բողոքաբերը վկայակոչել է այն, որ Դատարանը չի հիմնավորել, թե ինչու 5.000 խորհրդային ռուբլու հաշվարկը կատարվել է ԱՄՆ դոլար արտարժույթով, այլ ոչ թե ՀՀ դրամով: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ տվյալ պարագայում բողոք բերած անձը, առաջին ատյանի դատարանում պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամանակի մասին, այլ կերպ ասած` զրկված չլինելով իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, չի իրացրել իր դատավարական իրավունքը և չի հայտնել նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում, որի հետևանքով Վերաքննիչ դատարանն այն քննության առարկա չի դարձրել:

Սույն գործում առկա 30.06.2010 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում որպես դատական սխալ դրվել է այն հանգամանքը, որ Դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է 5.000 խորհրդային ռուբլու հաշվարկը կատարվել ԱՄՆ դոլար արտարժույթով, որի հետևանքով սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածը և չի կիրառել նույն օրենսգրքի 432-րդ հոդվածը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը կոչված է ապահովելու գործի քննության այնպիսի պայմաններ, որ կողմը, առաջին ատյանի դատարանում նախապատրաստելով իր դատական պաշտպանութունը, դատարան ներկայացնի հայցի վերաբերյալ իր բոլոր փաստարկները: Հետևաբար, յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքում բերված փաստարկը քննության առնելիս դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված փաստարկի (դիրքորոշման) վերաբերելիությունը և այդ տեսանկյունից սահմանափակման ողջամտությունը: Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե որքանո՞վ էր հնարավոր տվյալ փաստարկի (դիրքորոշման) հայտնումն առաջին ատյանի դատարանում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում նշված և բողոք բերած անձի կողմից վկայակոչված փաստարկն ըստ էության վերաբերում է դատական ակտի հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը, այսինքն` այն հանգամանքին, որ դատարանը չի պատճառաբանել իր եզրահանգումները: Հետևաբար, տվյալ հանգամանքն այնպիսին է, որի մասին կարելի է խոսել, առավել ևս որևէ դիրքորոշում հայտնել միայն դատական ակտը կայացնելուց հետո, և առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում Վարդուհի Մինասյանը չէր կարող որևէ դիրքորոշում հայտնել ապագայում կայացվելիք դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված սահմանափակումը կիրառելի չէ:

 

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի անհիմն կիրառման հետևանքով Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և փաստարկներին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.08.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԱՐԱԴ/0313/02/09
Որոշում