Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 312-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 312-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0724/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0724/02/08

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարազդատ Եղոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Զուրունյանի ընդդեմ Դավիթ Քիթապսզյանի, Վարազդատ Եղոյանի` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Զուրունյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.12.2007 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը և Վարազդատ Եղոյանին պարտավորեցնել վերադարձնելու ավտոմեքենան կամ դրա արժեքը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 10.11.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Եղոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստեր համարելով Դավիթ Քիթապսզյանի կողմից 28.12.2008 թվականին Գևորգ Զուրունյանին տրված ստացականը, վերջինիս և բողոք բերած անձի միջև 27.12.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Դավիթ Քիթապսզյանի կողմից բողոք բերած անձին 20.12.2008 թվականին տրված ստացականը, այդ փաստերը որևէ կերպ չի համեմատել հայցադիմումի հետ, որում Գևորգ Զուրունյանն ուղղակի նշել է, որ ավտոմեքենայի արժեքը ստանալու է տարաժամկետ վճարմամբ: Գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է հանգեր այն համոզման, որ Գևորգ Զուրունյանն իմացել է պայմանագրի գնի տարաժամկետ վճարման մասին, համաձայնել է այդ պայմանին, գիտակցաբար է կնքել պայմանագիրը և գործարքի բնույթի վերաբերյալ մոլորություն չի ունեցել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գևորգ Զուրունյանի և Վարազդատ Եղոյանի միջև 27.12.2007 թվականին կնքված, նոտարական կարգով վավերացված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գևորգ Զուրունյանը վաճառել, իսկ Վարազդատ Եղոյանը գնել է «ԲՄՎ-318» մակնիշի 06 ՍՕ 675 պետհամարանիշի ավտոմեքենան: Պայմանագրի 4-րդ կետի համաձայն` նշված ավտոմեքենան վաճառվել է երկու միլիոն ՀՀ դրամով, որը վաճառողն ամբողջությամբ ստացել է գնորդից (գ.թ. 22):

2) 20.12.2007 թվականի ստացականի համաձայն` Դավիթ Քիթապսզյանը, հանդիսանալով միջնորդ, ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման համար Վարազդատ Եղոյանից ստացել է 6.200 ԱՄՆ դոլար, իսկ նշված գումարի դիմաց Վարազդատ Եղոյանին տվել է «ԲՄՎ-318» մակնիշի կանաչ մետալիկ մեքենան (գ.թ. 60):

3) 28.12.2007 թվականի ստացականի համաձայն` Դավիթ Քիթապսզյանը պարտավորվել է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 29-ը Գևորգ Զուրունյանին վերադարձնել վերջինիս ավտոմեքենան գնելու համար պարտք 6.200 ԱՄՆ դոլարից 1.000 ԱՄՆ դոլարը, իսկ 5.200 ԱՄՆ դոլարը պարտավորվել է վերադարձնել մինչև 2008 թվականի հունվարի 20-ը (գ.թ. 21):

4) Գևորգ Զուրունյանի 17.07.2008 թվականի հայցադիմումի համաձայն` Դավիթ Քիթապսզյանն առաջարկել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր կնքել, որի կապակցությամբ խոստացել է տալ ստացական, որով կպարտավորվի 1.000 ԱՄՆ դոլարը տալ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 29-ը, մնացած գումարը` մինչև 2008 թվականի հունվարի 20-ը: Դավիթ Քիթապսզյանը հավաստիացրել է, որ հետագայում ֆինանսական որևէ խնդիր չի ծագելու, և գումարը տալու են ըստ պայմանավորվածության` ստացականի համաձայն (գ.թ. 3-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:

Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ էական նշանակություն ունեցող մոլորություն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էությունը, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը նշանակում է, որ կողմերը կամ նրանցից մեկը նկատի է ունեցել ոչ այն առարկան, որին վերաբերում է կնքված գործարքը, այլ իր հատկանիշներով տարբերվող մեկ այլ առարկա:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ Գևորգ Զուրունյանը գտնվել է էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ` կապված գործարքի բնույթի հետ, քանի որ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրով ընդունել է գնորդից պայմանագրով նախատեսված գումարն ստանալու հանգամանքը, սակայն դատարան ներկայացված ստացականներով նախատեսվել է գումարը վճարել մինչև 20.01.2008 թվականը:

Մինչդեռ հայցադիմումով Գևորգ Զուրունյանն ընդունել է, որ Դավիթ Քիթապսզյանն իրեն առաջարկել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր կնքել, որի կապակցությամբ խոստացել է տալ ստացական, որով կպարտավորվի 1.000 ԱՄՆ դոլարը տալ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 29-ը, իսկ մնացած գումարը` մինչև 2008 թվականի հունվարի 20-ը: Դավիթ Քիթապսզյանը հավաստիացրել է, որ գումարը տրվելու է ըստ պայմանավորվածության` ստացականի համաձայն, իսկ նշված բովանդակությամբ 28.12.2007 թվագրված ստացականն առկա է սույն գործում:

Այսպիսով, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Գևորգ Զուրունյանի և Վարազդատ Եղոյանի միջև 27.12.2007 թվականին կնքված ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի 4-րդ կետով սահմանվել է, որ վաճառողը գնորդից ամբողջությամբ ստացել է պայմանագրի գնի գումարը, սակայն իրականում նախատեսվել է պայմանագրի գնի տարաժամկետ վճարում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 27.12.2007 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին Գևորգ Զուրունյանը գործարքի բնույթի կամ դրա առարկայի հատկանիշների վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ չի գտնվել, քանի որ հստակ գիտակցել է, որ կնքում է տարաժամկետ վճարմամբ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր: Այսինքն` կնքված գործարքն արտահայտել է Գևորգ Զուրունյանի իրական կամքը, հանգեցրել է այն իրավական հետևանքներին, որոնք նա ի նկատի է ունեցել գործարքի կնքման պահին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Գևորգ Զուրունյանի հայցը մերժել:

2. Գևորգ Զուրունյանից հօգուտ Վարազդատ Եղոյանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

96

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ԵՔԴ/0724/02/08
Որոշում