Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/2068/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/2068/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 22.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Հրաչյա Քարամյանին քանդելու Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 38ա շենքի թիվ 10 բնակարանի պատշգամբին կից կառուցված ինքնակամ շինությունը և բռնագանձել 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքն ու վճարված պետական տուրքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.12.2008 թվականի վճռով ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է, իսկ 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչյա Քարամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 16.10.2007 թվականի թիվ 4227-Ա որոշմամբ ինքնակամ կառույցն օրինականացնելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ անձին վարչական պատասխանատվությունից ազատելու համար, քանի որ այն չի կարող բացառել պատասխանողի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում թույլ տալու հանգամանքը, իսկ ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին վարչական մարմնի որոշումը նույնպես հաստատում է վերոնշյալ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստը:

Նման պայմաններում կիրառելի չէ նաև «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի` 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման մասով, բեկանել Դատարանի 22.12.2008 թվականի վճիռը, փոփոխել այն և այդ մասով հայցը բավարարել:

 

2.1. Հրաչյա Քարամյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

Դատարանի վճիռը հիմնավոր է, քանի որ անձը վարչական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն իրավախախտում կատարելու դեպքում, հետևաբար, վարչական վարույթն իրականացնող մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել, թե արդյո՞ք առկա է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու բավարար հիմք, այն է` իրավախախտման դեպքը, արդյո՞ք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, այսինքն` առկա է վարչական իրավախախտման կազմ: Մինչդեռ սույն գործով Քաղաքապետն ինքնակամ շինություն կատարած լինելու փաստի հիման վրա Հրաչյա Քարամյանին ենթարկել է վարչական պատասխանատվության` անտեսելով իր իսկ կողմից 16.10.2007 թվականի թիվ 4227-Ա որոշմամբ արդեն իսկ այդ կառույցն օրինական ճանաչած լինելու հանգամանքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 05.10.2007 թվականին կազմված արձանագրության համաձայն` Գյուլբենկյան փողոցի թիվ 38ա շենքի թիվ 10 բնակարանի պատշգամբին կից կատարվում է մոտ 3.5 քմ ընդլայնում` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթի (գ.թ. 11):

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 24.10.2007 թվականի թիվ Վ-16/1 արձանագրության համաձայն` Քաղաքապետին է ներկայացվել առաջարկություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով Հրաչ Քարամյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (գ.թ. 9):

3) Քաղաքապետի 24.10.2007 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-16/1 որոշմամբ Հրաչ Քարամյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամի չափով տուգանքի (գ.թ. 6):

4) Քաղաքապետի 16.10.2007 թվականի «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» թիվ 4227-Ա որոշման համաձայն` որոշման հավելվածի ցանկում նշված հասցեների, այդ թվում` Գյուլբենկյան փողոցի թիվ 38ա շենքին կից ինքնակամ կառույցները ճանաչվել են օրինական (գ.թ. 109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն գործով Դատարանը, 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման մասով մերժելով հայցը, պատճառաբանել է, որ վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս` վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել նշված օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքների համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը և Հրաչյա Քարամյանի կողմից ինքնակամ շինություն կատարած լինելու փաստի հիման վրա վերջինիս ենթարկել է վարչական պատասխանատվության` անտեսելով իր իսկ կողմից 16.10.2007 թվականի թիվ 4227-Ա որոշմամբ արդեն իսկ այդ կառույցն օրինական ճանաչած լինելու հանգամանքը:

Նշվածի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ Քաղաքապետի 24.10.2007 թվականի թիվ Վ-16/1 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների պահանջների խախտմամբ, ուստի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն չի կարող իրավական հետևանքներ առաջացնել և հիմք հանդիսանալ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու համար:

Մինչդեռ, տվյալ դեպքում, վարչական ակտը չի վիճարկվել և չի վերացվել:

Հետևաբար, վարչական տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից: Իսկ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է նաև այն դեպքում, երբ վարչական պատասխանատվություն սահմանող ակտը վերացել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը մերժելիս որպես հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը, դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Քաղաքապետի 24.10.2007 թվականի թիվ Վ-16/1 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս, ըստ հայցի Էդուարդ Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին, թիվ 3-101 (ՎԴ) (2007 թ.) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշում):

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.12.2008 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, և այն փոփոխել` բռնագանձել Հրաչյա Քարամյանից հօգուտ պետական բյուջեի 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի և հօգուտ Երևանի քաղաքապետարանի` 4.000 ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2009
N ՎԴ/2068/05/08
Որոշում